Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԿԵՑՑԵ՛ ԹԱՆԱՊՈՒՐԸ (պերճանքի և թշվառության զուգավորում)

ԿԵՑՑԵ՛ ԹԱՆԱՊՈՒՐԸ (պերճանքի և թշվառության զուգավորում)
23.12.2011 | 00:00

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ
«Չկա կաղին (երբեմն` օղի), մանդարին, կորչի՛ այսպես Նոր տարին»։
Նախաամանորյան հանրային հոխորտանք,
Խորհրդային Միություն, ՀԽՍՀ, 1970-1980-ականներ։

«-Լսի՛ր, Բոզիկյան, էս տարի կուսքարտուղար Չաթիկյանին ոչ մի անվճար ուղեգիր։
-Ինչո՞ւ։
-Ամանորին տուն էր հրավիրել։ ՈՒ պատկերացրու, որ էդ բանսարկուի սեղանին մի դյուժին «սև աղվես» կար։ ՈՒ դեռ բողոքում է վատ ապրուստից»։
Տնօրենի հրահանգը` փոխտնօրենին։ Երևան, 7 հունվարի, 1979 թ.,

«Թեմուրնոց» պանդոկ, զարթխում` ձյունասառն «Ժիգուլևյան» գարեջրով»

Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԵՎ ԱՂՎԵՍԻ
(Երկրորդ հանրապետության Ամանորը)

«Լճիցլիճյան» (ԼԼ) պարզաբանումներ հետխորհրդային սերնդի համար։ «Սև աղվես»-ը... լիմոնադն էր, օշարակը, որ նախաամանորյան Հայաստանում դեֆիցիտային լկտիության ռեկորդներ էր սահմանում։ Այսինքն` անհետանում էր խանութներից, ինչի շնորհիվ էլ նման քիչ խռովահույզ, քիչ էլ դիվական կոչում վաստակեց։ Ի դեպ, խորհուրդները դեֆիցիտ ստեղծելու մոլեգին հակվածությամբ էին տառապում։ Զորօրինակ, մեր արևաշող-կոնյակաշենշող հանրապետությունում նմուշային կոնյակ («Նաիրի», «Վասպուրական», «Դվին» և այլն) հայտնաբերելն ավելի անհավանական էր, քան եթե Սուխոյ Ֆանտան գյուղի «Սելմագում» ձեզ սպասարկեր գործակատար Սոֆի Լորենը, խանութում էլ բանվորություն աներ Իշտոյանը։ Կոնյակը, հասկացանք, պերճանքի առարկա էր։ Բայց չէ՞ որ դեֆիցիտային թռիչքուղում փոխնիփոխ հայտնվում էին ապխտած երշիկը, խտացրած կաթը, «Ֆուտբոլ-հոկեյ» շաբաթաթերթը, «Սալյուտ» սիգարետը, ընկույզով էսկիմոն, շվեդական դահուկները, հունգարական կալվադոսը, «Ղազարը գնում է պատերազմ» թատերգության տոմսը, «Մալյուտկա» լվացքի մեքենան, մոսկովյան սպիտակեղենը, «Էջմիածին» գինին, դասականների հատորները, «Բալթիկա» շոկոլադը և այլն, և այլն։ Բնականաբար, ավելորդ է խոսել այնպիսի «վարդագույն մղձավանջների» մասին, ինչպիսիք էին հարավսլավական ապուխտն ու մեղրը, «Ամերիկա» ամսագիրը, Ցեյլոնի թեյը, կասպյան թառափը, պետական գնով «Ժիգուլին», Հայաստանում արտադրվող, բայց բնօրինակներին գերազանցող «Շվեյցարական» և «Հոլանդական» պանիրը, իշխանը, անանասը և այլ բուրավետ ու շոյիչ երազախաբկանքներ։

Խորհրդային Ամանորը գինովցած ինքնախաբկանք էր։ Ինքնախաբված էին սկսած կենտկոմական ռուսահայ վերնակույտից մինչև Փակ շուկայի ավագ դռնապան եզդի Մրազը։ Ինչո՞ւ։ Զի պաշտոնապես երկու օրվա կյանք ուներ, ոչ պաշտոնապես` ձգվում էր մեկ զարթխումային շաբաթ։ Ընդ որում, եռաստիճան էր։ Առաջին աստիճանի սեղաններին (սրանք ի հայտ էին գալիս կոմկուսական-կոմերիտական վերնախավի, նախարարաց և տնօրինաց, ցեխավիկների, աջթևային ծաղկավաճառների, առաջապահ գրպանահատների մոտ) միայն և միայն արտասահմանյան ուտեստներ էին` սկսած կենգուրուի սուկիից և վերջացրած գորիլայի ապխտած ուղեղով, հնդկական լոտոսի մուրաբայով, իսպանական հալած պանրով և, անվերապահորեն` փուռը տված նորածին գառների տեղատարափով, ներկրված Քրդստանի լեռներից ու համեմած դարչինի հյութով։
Այստեղ մի երկու բան էր հայրենական։ Լավաշն ու «Վասպուրական» կոնյակը։

Երկրորդ աստիճանի սեղանները պճնվում էին «մենակ թե հարևանի ու խնամու աչքը դուրս գա» հեռանկարով։ Հասկանալի է, այս սեղանների տիրակալները ևս ստվերային եկամտով էին տարին բոլոր սնվում, ու նրանց սեղաններն ուղղակի դառնագին մղկտում էին ուտեստների ծանրությունից։ Սա մասնակի-ժողովրդավարական սեղան էր։ Սկզբունքը` միայն ընտիրն ու բոլ-բոլը։ Յուրաքանչյուր նման սեղան (ըստ հեղինակի բազմամյա դիտարկումների) տեղաբաշխում էր միջինը յոթ հնդկահավ, հինգ գոճի և քառորդ տոննա այլազան ակրատեղեն (իմա` զակուսկի)։ Այս սեղաններին շարքային-խորհրդային մահկանացուներս երբեմն մերձենում էինք։ Ամենատարբեր պատրվակներով, որպես ընտանիքի զավակի թասընկեր, դստեր հմայքների երկրպագու կամ էլ ապահովագրական գործակալ։ Այս հնարքն աննախադեպ էր, հունվարի 1-ի երեկոյան բարեկիրթ սողոսկում էի նման մի բնակարան և ապահովագրում տոնական սեղանը։ Մի օր, իհարկե, գլխի ընկան և ստիպեցին ձախ ոտքի վրա նախորդ տարվա մի ողջ հնդկահավ հուպ տալ։ Առանց հացի ու խմիչքի։ Տան ամենաթեթևսոլիկ արարածները` տատն ու թութակն էլ նստած գլխիս։

ՁՈՆ ԹԱՆԱՊՈՒՐԻՆ
Աննման էին ժողովրդի սեղանները։ Անպաճույճ և ավանդապաշտ։ Տոլմաների տեսականու հետ մրցակցում էր թանապուրը, չիր-չրոնքը համալրվում էին աղանձով ու փոխինձով։ Սա աշխատավոր հայի սեղանն էր։ Եվ կեցցե՛ այն։ Թեկուզ և երեքաստղանի կոնյակով ու առանց լիմոնադի։ Աննման թանապուր։ Ո՞Ւր ես, ո՞ւր։

ԴԵՊԻ ԱՄԱՆՈՐՅԱՆ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄՆԵՐ
(Երրորդ հանրապետության տոնածառը)

Չէ, կամ մենք ենք շեղված, կամ մեզ հրամցվող տեսականին։ Հավանաբար` մենք։ Ինչ-որ բան է խախտվել, խառնակվել ու խռովվել մեր նորանկախ ներաշխարհում։ ՈՒ ահա թե ինչ. Հայաստանում արտադրվող և Հայաստան ներկրվող զովացուցիչ ըմպելիքների բազմաբույր ողջ տեսականին զովացնելու փոխարեն կատաղի ծարավ է առաջացնում։ Գուցե փոխենք մակնշումը և ուղղակի գրենք` «Ծարավհարուցիչ ըմպելիք, ֆլան-ֆստան։ Հիմքը` լեռնային աղբյուրների անարատ ջուր և զանազան հարուցիչներ։ Մեկ բաժակ ըմպելուց հետո կամենում ես ըմպել մեկ շիշ, մեկ շշին հաջորդում է մեկ արկղը։ Այսպես դուք ակամա ապահովում եք մեր ֆիրմայի գերշահույթները»։ Կամ նշանավոր օղիները։ Նախաամանորյան ակցիայի շրջանակներում տեղի տալով ակցիան ծավալող կիսամերկ օրիորդիկների շանթարգելիչ ժպիտներին, ֆիրմային փառահեղ օղի ես գնում, բայց ըմպելիս պարզվում է, որ անփառունակ «յաթրջի» է։ Դե, փորձիր Ամանորի գիշերը գտնել խուժան ակցիայի կազմակերպիչներին։ Ավելի հեշտ է օրիորդաց հետ նախ մի-մի թաս գլորելով համոզվել, որ գնելիքդ, իրոք, «Սմիրնոֆ» է կամ «Բելուգա»։ Ոչ թե վիետնամական կրկնակոշիկի թուրմից ներքաշված օղի։ Ի դեպ, խորհրդային և ոչ մի լիմոնադ չէր ինքնորոշվում որպես զովացուցիչ-կազդուրիչ ըմպելիք։ Փոխարենը զովացնում էր։ Նաև կազդուրում։

Մեր անկախական դեկտեմբերները ցնորական են։ 11 ամիս շարունակ հայկական տնտեսությունը փոխկապակցված է համաշխարհային տնտեսությանն ինչպես պնդերես նորափեսան ունևոր զոքանչի հողաթափերին, մարզպետի սֆինքս քարտուղարուհին` վերջինիս ֆիրմա բազմոցին, որոշ-անորոշ քաղմարմիններ` կոալիցիային, իրավախախտումները` իրավապահներին, ճագարային բազմացումը` աղանդավորներին, երկնքից կախված մի կտոր հացը` տաղանդավորներին և այլն։ Այսինքն` համաշխարհային տնտեսության թեթև հարբուխը մեր իրականությունում արձագանքվում է որպես շաքարի ճակնդեղի տարերային համաճարակ, մասնակի ջերմությունը` համամասնական զառանցանք և այլն։
Բայց ահա դեկտեմբերին մեր տնտեսությունը նիրվանայի մեջ է խորասուզվում։ Ինչպես Ռոբինզոնն իր կղզի-տիրակալությունում։ Կամ ինչպես շնագայլ-ենթասպան «Եղնիկներ» զորամասում։
Մի խոսքով` տարվա վերջին համաշխարհային տնտեսությունը գների հանդարտ նվազում է արձանագրում։ Մերը` մարմանդ վերընթաց։ Եվ սա աննախադեպ առաջընթաց է։ Զի 2010-ին հայոց ինքնիշխան շուկան, եթե հիշում եք, Շեր-խանի և Շակալախմբի «օրհնանքի ներքո» էր, և գները վրաերթի էին ենթարկում մեր դրամապանակները` ժամ առ ժամ։ Այսօր` ընդամենը օր-օրի։ Եվ կանխատեսելի։ Զի համազգային-հանրային աններելի ախմախություն կլինի, եթե, զորօրինակ, նույն կոնքամսին տաս նույն գինը Ամանորին, ինչը վճարում ես մարտի 8-ին կամ մայիսի 1-ին։ Սեղանդ կզրկվի իր տոնական գրգռիչ հմայքից։ ՈՒ կնմանվի հարևան երեսփոխանի կոճակն անվերջ փնտրող պատգամավորի դեմքի արտահայտությանը։

ՆԱԽԱԱՄԱՆՈՐՅԱՆ ՇՏԿՈՒՄ
Բանը բանից անցավ Ազնավուրի հրապարակում։ Զի նախորդ մեր հրապարակման մեջ նշել էինք միամտաբար, որ Նկարիչների միության նորակառույցը, որ «մթության քողի ներքո» վաճառվեց 1996-ին, և որի հիմքի վրա ներկայումս իրանցի գործարար տիար Ռադը 50 (կամ 25)- հարկանի երկնաքեր է փորձում «շշել», այնքան էլ մթության քողի տակ չէր։ Այն, չզարմանանք, վաճառվեց ՀՆՄ 1996-ի վարչության առանձին անդամների և նախագահի նախաձեռնությամբ և, հավանաբար, նրանց նվերն էր բարձրահարկերի սիրահար տիար Ռ-ին և այլոց։
Իսկ «ԼԼ»-ում նախաամանորյան բարիկադներ են կառուցվել։ Ծիրանագույն ծովախորշերում կարմրախայտերը զարդարել են աստղացոլք եղևնին և ծոմադուլ հայտարարել։ Ընդդեմ ամանորյան գնաճերի։ Նրանց մակույկ-սեղաններին ազգային ուտեստների գունազարդ պատկերներով զարդարված պաստառներ են։ Այստեղ են պատկերված հրաբորբոք փախլավան ու արևաբույր ալանին, փուռը տված ոչխարի կարմրաբոսոր թիակն ու փշատի համադամ, քիչ էլ թեթևամիտ չիրը, ծիրանի ոսկեօղ օղին և կարասի ճերմակափրփուր գինին։ Եվ ամեն բան ընթանում է հանդարտ ու խոհական, հուզիչ և խոլական։ Կեցցե՛ք։
Մոխրադեղին ծովախորշերում թնդուն շարժեր են և շարժուն թմբկահարումներ։ Պաստառներ են ձգված, վրաները դաջված` «Ողջ տարին հընթացս խաբում ենք, Ամանորին սրընթաց լափում»։ Դոդոշները Խոսրովի արգելոցից և Մռավի լանջերից եղևնիներ են ներկրել և պճնել դրանք Բրունեյի սուլթանի հարեմը զարդարող փուչիկներով։
Դոդոշասեղանները ինքնաբավ ու փքուն են, ինչպես ճարպամսատու խոզը` մորթից առաջ։ Այստեղ առանձնակի շուքով է փայլատակում հայրենի-վայրենի տնտեսության քառանիշ աճը։ Զորօրինակ, մեղրաթաթախ կաղամբ է սեղաններին (գլխի ընկաք, անշուշտ, Արմավիրի կաղամբը), ձկնկիթով լցոնված Պրիմա-հղփերշիկ (սարդելկա, ծանոթ.` «ԼԼ»-ի), Սևանի սիգ` թաթախված ադամանդի փոշով և Շուստովի կոնյակների տեսականին։ Ձեզ էլ անուշ։ Բայց և այնպես` դուք չկեցցեք։
Զեղում միջանկյալ։ Պայթուցիկները վերացնելու ցնորական պայքարս անավարտ մնաց։ Երկրիս պաշտոնական ատյանների բումերանգի հետագծով «ԼԼ» մակերևույթը շաղափեցին պատվական գրություններ ՀՀ ֆիննախից, ՀՀ ոստիկանությունից, արտակարգ իրավիճակների նախարարությունից (դարձյալ ՀՀ), ՀՀ կառավարական տնից (անխափան ընթացք Կառավարական տան ժամացույցին և ջրամատակարարմանը), վերջապես Երևանի քաղաքապետարանից և գրբաց Գրեզետայից։ Գրություններն ուղղամիտ-անգութ էին տողաշարում, գթասիրտ-ծածկամիտ` տողատակում։ Տողաշարերը վստահեցնում են, որ հրթիռների, պայթուցիկների և այլ հրահեղուկ այլևայլումների գործածումը կարգավորվելու է օրենսդրորեն։ 2012-ին արդեն դրանք որոտալու և հանրապետությունը դիվադադար են անելու միայն ու միայն օրենքի սահմաններում։ Շատ ավելի խոսուն էր տողատակը։ Չէ՞ որ պայթուցիկների որոտները խիստ բարերար են ազդում ախորժակի վրա։ Դիցուք, օրվա յոթերորդ այցելության ժամանակ ախորժակդ քարկապվում է։ Իսկ դու, դիցուք, օձ խուզող Վարդևանի տանն ես և հարկ է «պատվազրկել» նրա սեղանը։ Իսկ ախորժակ` չիք։ ՈՒ մեկ էլ որոտ պատուհանի տակ։ ՈՒ ի՜նչ ախորժակ է բացվում։ Ի դեպ, Չինաստանից ներկրվող ավտոբուսների սպասումով որոշ տանջահար երթուղիների (զորօրինակ` թիվ 46, 67, 114) ուղևորներն արդեն չինարեն են ժպտում։ Հույսը, էն էլ նախաամանորյան, երևելի բան է։

ԱՄԱՆՈՐԸ, Ա՜Յ ԻՄ ՍԻՐԵԼԻՔ, ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՉԷ
(կայտառ վերջաբան)

Էնպես որ մեզ չկոտորենք։ ՈՒ ակամա չենթարկվենք շուկայական դավերին։ Ի դեպ, տեղյա՞կ եք արդյոք, որ հայրենական արտադրողների առօրյա, առավել ևս ամանորյան սեղանին անհնար է հայտնաբերել իրենց արտադրած սննդամթերքը։ Խոսքը վերաբերում է այն տեսականուն, որը մեզ` սպառողներիս է հրամցվում։
Սա իր հերթին։ Նաև չմոռանանք, որ ինքնակեղեքմամբ սեղան փքելը բնավ հայեցի չէ։ Չէ՞ որ բուն հայկական Ամանորը հատկանշվել է օտար հետազոտողների կողմից մի յուրահատկությամբ. հայերն Ամանորի գիշերն առաջին այցելությամբ պատվում են տարվա ընթացքում մարդկային կորուստ ունեցած ընտանիքներին։ Հետո տոհմի ավագներին (չշփոթել քաղաքային ավագանու հետ, վտանգավոր է) և, առհասարակ, նեղյալներին։ Հետո միայն սեղան նստում։
Էնպես որ, ամենից կարևորը չմոռանանք, Ամանորին հաջորդում է թագակիր տոնը` Սուրբ ծնունդը։ Ցնծուն հոգով և մաքրակենցաղ մարմնով ելնենք տոնական արշավի։ Բազում ոսկեաստղ կարմրախայտեր ձեր սեղաններին և բարեկեցիկ բազում օրեր 2012-ին, իմ բոսորամիտ ընթերցողներ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ