Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

12 հազար դիմորդ դարձավ ուսանող

12 հազար դիմորդ դարձավ ուսանող
04.08.2009 | 00:00

ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐ
Օգոստոսի 1-ին հրապարակվեցին 2009 թվականի բուհական ընդունելության քննությունների անցողիկ միավորները։ Ինչպես ամեն տարի, իրականացվել է թափուր տեղերի վերաբաշխում։ Վերաբաշխումը կատարվել է մի քանի սկզբունքներով։ Պետպատվերի 80 տեղը հիմնականում տրվել է մարզային բուհերին` հաշվի առնելով մարզերի զարգացման պետական քաղաքականությունը, ինչը հնարավորություն է տալիս մարզերի դիմորդներին` մնալ ու կրթություն ստանալ ծննդավայրում, միաժամանակ թուլացվում է սոցիալական լարվածությունը, քանի որ մարզերում ուսանողները լուրջ դժվարություն են ունենում ուսման վարձավճարների հարցում։
Մյուս սկզբունքը հասարակության շրջանում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների գծով ձևավորված խիստ մրցույթը մեղմելու նպատակ է հետապնդել։ Տեղեր են հատկացվել նաև մշակութային բուհերին` հաշվի առնելով դիմորդների մեծ հետաքրքրությունն ու մշակութային կրթության կարևորությունը, ինչպես նաև վերաբաշխման ժամանակ ուշադրության կենտրոնում են եղել բնագիտական ու ճշգրիտ գիտություններով մասնագիտությունները։ Մոտեցումներից մեկն էլ եղել է դրական միավորներով բոլոր դիմորդներին հնարավորության սահմաններում մատչելի դարձնել բուհական կրթությունը, և եթե նրանք ընդունելության ժամանակ ինչ-ինչ պատճառներով բարձր միավորներ չեն վաստակել, բուհում կարող են ապացուցել հակառակը։
Հաշվի է առնվել ոչ պակաս կարևոր մի հանգամանք ևս. հայտնի է, որ հանրակրթության բարեփոխումներով պայմանավորված` 2011 թվականին դպրոցները շրջանավարտ չեն ունենալու։ Դիմորդների թվի աննախադեպ անկման հետևանքով բուհերի գործունեության վրա հնարավոր բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով էլ այս ու հաջորդ տարի քայլեր են կատարվելու` դիմորդների ընդգրկվածության մեծացման ուղղությամբ։
ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրի խնայողությունների հաշվին կկատարվի միասնական քննությունների վերլուծություն։ Այն, ըստ ամենայնի, կիրականացնի բրիտանական մի մասնագիտացված ընկերություն, և հոկտեմբերին համակարգի պատասխանատուները, ունենալով նրա եզրակացությունները, կպատրաստվեն նոր քննաշրջանի։
Իսկ անցողիկ միավորները մի շարք մոդայիկ մասնագիտությունների գծով այս տարի հետևյալն են. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ անվճար ընդունվելու համար պահանջվում է 59,1 միավոր, վճարովի տեղերի համար անցողիկ նվազագույն շեմը 53,4 է։ «Տնտեսագիտություն» մասնագիտության համար անվճարի նվազագույն շեմը 57,1 է, վճարովի տեղերի համար՝ 46,8, ԱՏ-ով տեղերի համար՝ 40,8։ «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ անվճար սովորելու համար անհրաժեշտ է հավաքել 58,4 միավոր, վճարովի տեղերի համար՝ 54,1, ԱՏ-ով տեղերի համար՝ 48,3։ Երևանի պետական բժշկական համալսարանում ամենաբարձր միավորները պահանջվում են «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով. անվճար տեղերի համար՝ 37,1, վճարովի՝ 31, ԱՏ-ով տեղերի համար՝ 16,8։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ամենաբարձր մրցութային միավորները «Ֆինանսներ» մասնագիտությունից է (անվճար՝ 56,3, վճարովի՝ 48,3, ԱՏ՝ 40,9)։
Նշենք, որ կենտրոնացված կարգով բուհեր դիմած ավելի քան 13500 դիմորդներից ուսանող են դարձել ավելի քան 12000-ը։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2479

Մեկնաբանություններ