Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԲԱՆԱԿՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱԿՆՀԱՅՏ Է»

«ԲԱՆԱԿՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱԿՆՀԱՅՏ Է»
24.01.2012 | 00:00

Հունվարի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության սահմանած ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նվիրված էր Բանակի օրվան: Արդեն հինգերորդ տարին է, ինչ ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակների, ինչպես նաև այլ նվերների: Այս տարի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սահմանել է նաև Հայկական բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական կրթաթոշակ: Կրթաթոշակներն ուսանողներին հանձնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը և ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Մրցույթում հաղթած վեց ուսանողներ մեկ տարում կստանան 20000 և 25000 դրամ կրթաթոշակ։
Միջոցառումից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Մեկնաբանելով վերջին շրջանում բանակի վերաբերյալ որոշ կազմակերպությունների հայտարարությունները՝ նախարարը նշեց. «Բանակի բարեփոխումների շրջանակներում բանակ-հասարակություն կապն օրըստօրե ամրապնդվում է։ Մենք հասարակական կազմակերպությունների և անհատների լայն շրջանակ ունենք, ում հետ համագործակցում ենք և նրանց առաջարկությունների, կարծիքների, կառուցողական վերաբերմունքի շնորհիվ բանակում տիրող իրադրությունն օրեցօր ավելի ենք բարելավում ու շտկում։ Ասել է թե՝ բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքը միշտ էլ դրական է եղել։ Կան մի քանի կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն ինչ շահարկել։ Չեմ ասում, թե բանակում ամեն ինչ իդեալական է, բայց բանակում բոլոր առումներով (մարտունակության պահպանում, այսօր մեր առջև դրված ամենակարևոր խնդրի՝ սահմանների պաշտպանության համար մարտական հերթապահության իրականացում, սպառազինությունների ձեռքբերում և այլն) առաջընթացն ակնհայտ է։ Նաև փաստ է, որ 2011 թվականը ՀՀ զինված ուժերի համար կարգապահության ամրապնդման ուղղությամբ ամենահաջող տարին էր. մենք ամենաքիչ կորուստներն ենք ունեցել։ Բայց նորից պետք է ասեմ, որ այս վիճակագրությունը մեզ համար մի կողմից` ընդունելի, մյուս կողմից` անընդունելի է։ Ցանկացած կորուստ ցավ է, և խիստ միջոցներ ենք ձեռնարկում։ Ոչ միայն հրամանատարության, այլև իրավապահ մարմինների և հասարակության տարբեր շերտերի հետ համատեղ աշխատանքով փորձում ենք այնպես անել, որ բոլորն իրենց արժանի տույժը ստանան, նաև բաց տեղեր չմնան մեր հետագա աշխատանքներն իրականացնելու համար»։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ վերջին օրերին ՀՀ կառավարությունում նշանակված պաշտոնյաները զինվորական ծառայություն չեն անցել, պաշտպանության նախարարն ընդգծեց, թե բանակից անօրեն ազատվող մարդիկ չկան։ Բանակից մարդիկ ազատվում են կա՛մ առողջական, կա՛մ կրթական խնդիրների թելադրանքով։ Ասպիրանտուրա ընդունվածներն օրենքով ազատվում են զինվորական ծառայությունից, նրանք չեն համարվում բանակից խուսափած անձինք։ Միևնույն ժամանակ, համապատասխան հավաքների շնորհիվ այս կամ այն կերպ մասնակցություն են ունենում տարբեր միջոցառումների։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ