Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ա՜Խ, ՎԵՐՆԻՍԱԺ

Ա՜Խ, ՎԵՐՆԻՍԱԺ
27.03.2012 | 00:00

Խանջյան փողոցի կողմից չքնաղ տեսարան է։ Գունազարդ պաստառն ավետում է, որ այստեղ է Վերնիսաժը։ Մանրածախ արհեստագործության և արվեստի նմուշների անսկիզբ-անվերջ ցուցահանդես-վաճառքի համահայկական կենտրոնը։
Իսկ Սարյանի արձանի շրջակայքո՞ւմ։ Տոնահանդես է, կերպարվեստի նմուշների հրավառություն, մայրաքաղաքի գունագեղ արձագանքը։ Նաև կերպարվեստի վարպետներն են այստեղ շաբաթ-կիրակի օրերին, լուսաբացից արևամուտ։ Սա նաև զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, երևանաբնակների սիրած զբոսավայրը։ Իսկ ինչո՞ւ չէ, որ։ Նկարիչներն են, իրենց որևէ ստանդարտի մեջ չկաղապարվող խոսք-զրույցով, իրենց նորանկախական բոհեմով։ Ահա այն հեռավոր անկյունում դեռ Վարուժանի շունչն է պահպանվում։ Իր վերջին տարում նա մանրաքայլ հասնում էր Վերնիսաժ, մի թաս ընտիր կոնյակի և թունդ սուրճի շուրջ զրույցի բռնվում վրձնակիցների հետ։ Սարյանական Վերնիսաժն էապես տարբերվում է արհեստագործականից։ Սարյանի ազդու և ոգևորիչ հայացքի ներքո հավաքվում են պրոֆեսիոնալները։ Դեպի Վարդան Մամիկոնյանի արձանը ձգվող շարքերում արհեստավարժ վարպետների կողքին ցուցանվում է բացահայտ «խալտուրա»։ Ոչինչ, շուկայաշփոթ մեր իրականությունում այս տեսականին էլ իր գնորդն ունի։ Գավառային համախտանիշով տառապողներն այստեղ նախ հայիլ-մայիլ են լինում Սիս-Մասիսների, Գառնի-Գեղարդի և այլ կարոտաբաղձական սրտակեղեքության առջև։ Եվ քանի որ հայիլ-մայիլությունը ջերմ զգացում է, բավականին շոշափելի ազդեցություն է ունենում ծոցագրպանի և կոնքամասի վրա, գրպանները հուզախռով ուռչում են, դրամապանակները երկյուղից սառչում։ Եվ խալտուրային հերթական գլուխգործոցն իրացված է։
Բայց բավ է։ Անցնենք բուն խնդրին։ Այս երկու վերնիսաժներում ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում ինչ-որ ընկերություններ։ Շատ էլ լավ են անում։ Հասկանալի է, չուզողի աչքն էլ հանում են։ Բայց չուզողներ` չիք։ Զի բոլորս էլ ուզում ենք, որ դրանք գոյատևեն, ծլեն, ծաղկեն, այսինքն` բարգավաճեն։ Սակայն բարգավաճումը չի կայանում։ Գոյատևումը փթթում է որպես դասակարգային ապտակ, որպես մարտահրավեր տնտեսական բարեփոխումներին, որպես... և այլն։ Բարի։ Բայց և այնպես, մի հարց է մնում բաց։ Վերնիսաժներում բավականին մեծ գումարներ են ի մի գալիս, զի յուրաքանչյուր «վերնիսաժիստ», ով նկար կամ դեկորատիվ արվեստի նմուշ է վաճառում, ՀՀ դրոշ կամ էլ ընտանեկան մասունք հանդիսացող պատառաքաղներ, օրավարձ է վճարում ձեռնարկատերերին։ Գուցե ասեք, թե լա՞վ են անում։ Չասեք նման բան, պատվարժան իմ ընթերցողներ։ Զի այստեղ, ահա քսան անկախ և ազատ տարիներ «որսագողություն» է։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Վերնիսաժները գործում են խորհրդային խարխլված և անջուր ջրավազանների հարևանությամբ, որոնք, ի դեպ, այդպես էլ ջրի երես չտեսան կառուցումից հետո։ Խոտածածկը, իհարկե, «անկախական» է։ Անշուշտ, նաև օդը, ցուրտն ու քամին, անձրևն ու արևը։ Սակայն այս պարագայում ի՞նչ կարգի ձեռնարկումներ են ձեռնարկատերերն իրականացնում։ Որևէ քիչ թե շատ ուշադիր աչք այս ամենը տեսնում-հիասթափվում է։ Բոլորը, բացի պատկան կառույցներից։ Իսկ նրանք համառորեն աչք են փակում։ Այսպիսով, սեփականատեր կոչվածներն ինչի՞ դիմաց են գումարներ հավաքում։ Ի՞նչ կարգի ծառայություններ մատուցում։ Առայժմ քաթանե ծածկեր են տեղադրվել, և մասնակիորեն բարենորոգվել է շրջապատը։ Գուցե վճարովի արտաքնոցների տեղադրո՞ւմն է ծառայության կամ սպասարկումների մատուցման ոլորտից։ Դժվար թե։ Եվ, իհարկե, խնդրի պատասխանը մնում է քաղաքապետարանի «ողորմածությանը»։ Սպասենք և հուսադրենք հարգարժան վերնիսաժցիներին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ