Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ ՈՐՊԵՍ ՀԱՎԻՏԵՆԱՐԺԵՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ ՈՐՊԵՍ ՀԱՎԻՏԵՆԱՐԺԵՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ
04.10.2011 | 00:00

Ինտեգրումը եվրոպական և արևմտյան միջազգային կառույցներին հայկական իրականության մեջ տեղի է ունենում որպես ծայրագավառային թերզարգացած երկրում, բայց ո՛չ երբեք որպես իրավահավասար մասում ընթացող պրոցես։ Այն սպառնում է, նախ և առաջ, երկրի բնական պաշարների շահագործմանը և ապա ազգի լավագույն գիտական ընտրանու, մշակութային հզոր պոտենցիալի և մտավոր գենոֆոնդի շարունակական և անդառնալի ոչնչացմանն ու արտահոսքին։
Պետական հայրենասիրությունը, պետություն և պետականություն հասկացություններն ու ազգ-հայրենիք, ազգայնականությունը որպես պատմաժառանգական և նախապատմական տրադիցիոնալ արժեհամակարգի տեսակ և նրա գաղափարաբանական մշակութային փիլիսոփայությունը, որի հիմնական կրողներն են պետական կառույցներից դուրս մղված և մեկուսացված տարբեր սերնդի ներկայացուցիչներ, առկա ինտեգրման պայմաններում պատմական ժամանակավրեպություն են դարձել։ Ազգային պետություն կերտելու սրընթաց գործընթացը կրում է միայն դատարկ ձևականության բնույթ։ Պետության սահմանած պաշտոնական «ազգայնականությունը» անհեթեթ է, ողորմելի և զավեշտ։
Նոր սերունդն այլևս դատապարտված է հայրենասիրության և ազգայնականության չգոյության, իսկ նրա մի զգալի` «քաղաքակրթված» և եվրոպական կեղծ արժեհամակարգը որդեգրած հատվածն աստիճանաբար դավանում է հայրենասիրության և ազգայնականության մի նոր պոստ մոդեռնիզմի որակական կատեգորիա, ինչը սահմանվում է ազգային գաղափարախոսության զուգորդմամբ ժամանակակից ճղճիմ ձգտումներին, հակումներին և համաշխարհային նյութապաշտ քաղաքակրթական մակարդակին։ Առողջ ազգայնականության նմանօրինակ կեղծումը, ձևախեղումը և որակական միջակության հասցնելը, առկա պետական գաղափարախոսության անորոշությամբ և հաճախ էլ ազգային գաղափարախոսության մերժմամբ, պահպանելով անկախ պետականության ձևը, էականորեն խեղաթյուրել են նրա բնույթն ու մշակութային փիլիսոփայությունը։ Ստեղծված քաղաքական, սոցիալական, կրթական, մշակութային ու բացարձակապես բոլոր խնդիրների լուծման քաղաքական վերնախավի անկարողությունը վերածվել է մի նոր ազգային սպառնալիքի։ Իշխանությունների անիմաստ փորձերի ձեռնարկումը հասարակությանը տրանսֆորմացնելու ստեղծված իրավիճակին և իր հետապնդած սեփական շահերին, ներքին հպարտության, էթնիկական մշակույթի և դրանից բխող ազգայնականության բացարձակ չգոյության արդյունքն է։ Պատկանելությունն ինտեգրված այնպիսի մի խմբի, որը զուրկ է ներքին հպարտությունից, բացարձակապես վնասակար է ինչպես անհատի, այնպես էլ խմբի ինքնաճանաչման, ինքնագնահատականի և մարդկային որակական տեսակի համար։
Ազգայնականությունն անհատի կամ իր էթնիկական մշակույթի տեսակը պահպանած խմբի անմնացորդ նվիրվածությունն ու սերն է սեփական ազգի հանդեպ։ Այն զարգանում է ազգային ինքնագիտակցության, ցեղային բարոյականի ու նրա ոգու իռացիոնալիզմի տարրերի կոդազերծման և դրանց վերհանման վրա, հիմնվելով գաղափարաբանության մշակույթի փիլիսոփայությանը, ինչն էլ գերագույն է համարում միայն սեփական ազգի տրադիցիոնալ արժեհամակարգերն ու շահերը, քաղաքական և մշակութային բոլոր զարգացումները դիտարկելով միայն հենց այս տեսանկյունից։ ՈՒստի հարկ է նշել, որ առողջ ազգայնականության եզրը սահմանվում է ազգային ինքնության, նրա ցեղային ոգու գիտակցության մակարդակով, որի գաղափարաբանությունն ու կոլեկտիվ միասնությունը կարևորագույն հիմքն են ազգային հանրության, ազգային տրամադրությունների և դրանց տարբեր դրսևորումների։ Հենց այսպես է ապահովվում էթնիկական բազմազանությունը, որը մարդկային էակի համար ներքին հպարտության և վերապրելու գերագույն արժեք ունի։
Գաղափարախոսության կարևորագույն էլեմենտներն ու ակունքն ի սկզբանե դրված են ցեղային ոգու շտեմարանում, և նրա խթանիչ ուժն է մղում էթնոսին իր պատմության ամբողջ ընթացքում ապրելու, բազմանալու, արարելու և դրսևորվելու յուրովի։ Ցեղային ինքնաճանաչումի համար հարկ է, նախ և առաջ, ընդունել սեփական ոգու մեջ ջահի պես բոցկլտացող նվիրական կրոնն ու նրա տիեզերական էությունն ու կանոնակարգը և նոր միայն բացարձակի ու տիեզերական ամբողջության մեջ իր սրբագույն ցեղը։ Ցեղային ոգու ինքնադրսևորումը մշակութային, գիտական, բարոյական, քաղաքական, կրթական և բացարձակապես բոլոր ոլորտներում հնարավոր է միայն ամենայն բարձրյալի ու նրա տիեզերական կանոնակարգի միջոցով։
Հայը բացարձակի և հավերժության միջև ընկած տիեզերական արարչաստեղծության մասնիկն է։ Այն սահմանվում է հատկապես ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏԵՆՉ-ի, ՈԳԵՂԵՆ ԿԱՄՔ-ի և նրա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՕՐԵՆՍԴԻՐ-ի եզրույթով, որը, ի սկզբանե, դրսևորում է տիեզերակարգը որպես սեփական կամքի արտահայտություն։ Կամքի ճանաչումը, որը, ըստ էության, կյանքի և բնության ճանաչումն է, գերագույն ինքնաճանաչողության մեջ հատում է ինքնաժխտման գիտակցական ակտի սահմաններն ու հասնում է կյանքի մի նոր, ավելի բարձր որակական ձևի և բնության հաստատման։ Այն հատկանշում է հավիտենականացումը Հայի ոգու` հաղթահարելով բնության սահմանած մահը։ Մահով պիտի հաստատվի կյանքի հավերժ ընթացքը, որն արտացոլվելու է շատ ավելի բարձր բնության կյանքի` Հայրենիքի կյանքի։ Գիտակցական ինքնազոհումը, որպես գերագույն ակտ, պիտի լինի ոչ թե ինքնանպատակ, այլ որպես միջոց հայրենիքի կյանքի հաստատման։
Ցեղային աշխարհընկալման և ինքնաճանաչման գերագույն ակտով է միայն ընդունվում ազգային գաղափարախոսությունը, որն իր բազմաուղղվածության լոգիստիկայի մեջ կրում է ազգի նախանշված ուղին, աշխարհը յուրովի արտահայտելու ամբողջական խորհրդանիշներն ու համակարգը, որոնցով էլ արտահայտվում ու դրսևորվում են ազգային մշակույթն ու քաղաքակրթությունը։ Բացարձակապես չի կարող գոյություն ունենալ որևէ ազգի ընդհանուր մեկ աշխարհայացք, մեկ գաղափարախոսություն։ Աշխարհայացքը չի սահմանվում միայն տեսությամբ ու գիտական ձևակերպումներով, այն կենսական զգացում է, ազգային յուրովի զգացում։ Իսկ ազգը, որպես պատմասոցիալական սուբյեկտ, որն արտահայտությունն է ցեղի նախապատմական աստվածային ֆենոմենի, կրողն է միայն ու միայն մեկ գաղափարախոսության, այնպես, ինչպես կրողն է մեկ ցեղային ոգու։ ՈՒստի ազգային գաղափարախոսությունը ոչ թե ներկրվում է քաղաքակրթությունների կողմից, փոխառնվում է միջազգային կառույցներին ինտեգրման միջոցով կամ հանդիսանում է գիտամտավոր կառույց և կարող է ծրագրավորվել բարձր տեխնոլոգիաների միջոցով, այլ նրա եզրույթը սահմանվում է ցեղային ոգու ի վերուստ տրված աշխարհընկալումի իմաստավորմամբ։ Հայկական գաղափարախոսությունը հիմնվում է միայն պատմաժառանգականության և նախապատմական ցեղային ոգու ֆենոմենի վրա և արտահայտվում ու դրսևորվում է միայն հենց այդ ոգուն հարիր կենսական զգացումներով և որակական կատեգորիաներով։ Եվ հենց այս իրողությունն է, որ Հայկական լեռնաշխարհը դարերի խորքից ճանաչվել է որպես Սուրբ Օրենքների Երկիր, Մարդկության բնօրրան, Երկրային դրախտավայր։
Ժամանակակից կլիմատոլոգիական, մարդաբանական, երկրաբանական, հնէաբանական և գիտական բավականին հարուստ տվյալներ փաստում են հենց Հայաստանի` որպես ասպնջական, մարդու փրկության ու վերածննդի երկրի իրողությունը։ Նախ, որ Հայկական լեռնաշխարհը դիտվում է որպես միջին երիտասարդության լեռներ, և ապա նրա ակտիվությունը բացատրվում է լեռնագոյացության միջին պրոցեսի մեջ գտնվելու փաստով։ Հայկական լեռնաշխարհի վիթխարի էներգետիկ պաշարների կուտակումը բացատրվում է լիթոսֆերիկ սալի և եվրասիական սալի հատման իրողությամբ, որի հանդիպման հատվածի վրա է նստած Հայկական լեռնաշխարհը։ Վերոնշյալ սալերի տեկտոնիկ ճեղքերի մեծ խտության արդյունքում էլ բավականին ակտիվ վիճակում է երկրային էներգիան, և հենց դրանով էլ բացատրվում է հայ ազգի բնածին ակտիվությունը։ Հենց Հայկական լեռնաշխարհի հատվածում են առաջացել զանազան կրոններն ու աղանդները` պավլիկյանականությունը, որը, հալածվելով, այնուամենայնիվ, միջնադարում տարածվել է բալկանյան երկրներում, որպես Բոգոմիլներ և Ֆրանսիայում` որպես կաթարներ, թոնդրակեցիները, որոնց գործունեությունը Եվրոպայում գրեթե ուսումնասիրված չէ, սակայն դրանք են հանդիսացել վերածննդի հիմքը, լյութերականության, բողոքականության և այլ առաջադեմ կրոնական համայնքների հիմքը։ Հայերը ճանաչվել են որպես օրենսդիր և հայտնվելով տարբեր աշխարհամասերում, ճշտել և կանոնակարգել են երկրագնդի վրա ապրելու ցեղերի, ազգերի ու ժողովուրդների մարդկային համակեցության օրենքները։ Օրենսդիրի այս արարչական առաքելությունը հայերը իրականացրել են դեռևս վաղնջական ժամանակներում։
Մինչդեռ եվրոպական կամ արևմտյան ներկայիս քաղաքակրթության հիմքում, որին արագ գործընթացներով ինտեգրվում է ժամանակակից Հայաստանը, բացարձակապես նյութապաշտական ու անձնապաշտական սկզբունքներն են։ Այն մեզ ներկայանում է գայթակղիչ նյութական ոլորտի անկրկնելի նվաճումներով և բարոյականի ու ոգեղեն արժեհամակարգի նենգափոխմամբ ու դատարկությամբ։ Բացարձակապես հնարավոր չէ քրիստոնեական կոչել այնպիսի մի քաղաքակրթություն, որը, բարձրագույն արժեք հռչակելով մարդկային կյանքը, շարունակական պատերազմների մեջ տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր է ոչնչացնում իր քաղաքակրթական առաջընթացի ճանապարհին։ Աստվածային բարոյականության հիմնարար սկզբունքներն աղճատելով, պետաիրավական արժևորում է տալիս ախտակիր արատներին, դրանք ամրագրելով մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների համակարգում, որով էլ օրենք ու արդարություն են համարում այլասերվածությունն ու անբարոյական նողկալի երևույթները։
Հայաստանն այսօր, երբ աստիճանաբար դարձել է կործանվող աշխարհակարգի և համաշխարհային տնտեսության կցորդը, պետության և ժողովրդի ճակատագրի պատրանքն է վերանայելու, վերարժևորելու անցած ուղին և առաջինը բացելու մի նոր ճանապարհ։ Մենք պարտավոր ենք ստեղծելու մի նոր որակի պետականություն` ընդունելով նախ և առաջ Միացյալ Հայրենիքի ստեղծման ու վերականգնման աշխարհայացքն ու ապա մեր հազարամյա ուսերին կրելով աշխարհի տարբեր ազգերի, ժողովուրդների մշակութային ու գաղափարաբանական, աշխարհայացքային ու տիեզերականոնակարգային օրենսդիրի ամբողջ բեռն ու կերտելու մի նոր աշխարհակարգ։ Սա է մեզ` հայերիս ի վերուստ տրված Օրենսդիրի ու Վերածննդի արարչական առաքելությունը, որը պիտի իրականացնենք նվիրական հավատով և Աստծո գոյության այն գիտակցումով, որը չի սահմանվում միայն հոգևոր, բարոյական և մշակութային բովանդակությամբ, այլև կարևորվում է հասարակական-քաղաքական հզոր գործոնով` նոր քաղաքակրթության արարման համար։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-Դրո գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ