«Մորական պապս շատ խիստ բնավորության տեր էր: Նույնիսկ Կովկասում նրան դյուրաբորբոք մարդ էին համարում: Նրա հայացքից կինն ու երեխաները սսկված դողում էին: Երբ պապիս որևէ բան դուր չէր գալիս, նա խոժոռում էր հոնքերն ու բամբ ձայնով գոռում. ԱԲԱՆԱՄԱՏ:
-ԱԲԱՆԱՄԱՏ,- գոռում էր պապս: Եվ տունը սսկվում էր քար լռության մեջ: Ես էլ երկար ժամանակ չէի հասկանում: Բայց երբ ընդունվեցի համալսարան, անսպասելիորեն գուշակեցի: Մորս, սակայն, ոչինչ չասացի: Ինչո՞ւ ասեի…»։
«Մերոնք», Սերգեյ ԴՈՎԼԱԹՈՎ
ՔՍԱՆԱՄՅԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՂՐԱՄԻՍԸ
(հիվանդասենյակ թիվ 6)
Անկախության քսանամյակի ճռռոցն ու դղրդոցը առաջավոր ասիական հանդերից թավալվեցին մինչև գետը Հորդանան, հորդացան և հոխորտալից թմբկահարեցին Ալիև Իլհամի ու Սաակաշվիլի Միշիկոյի հոնքամեջն ու ստոծանին:
Տեսեք և ըմբռնեք, մենք ոչ միայն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՏԵՐՈԿ ենք, այլև ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄՈԼՈՐԵՑՄԱՆ-ՆԱԲԱԹ, հակիրճ ԶՄՈՆ: Ինչո՞ւ ՆԱԲԱԹ, դա որ հորս ցավն է, զայրանում է Իլհամը, զարզանդվում` Միշիկոն: Պարզաբանում ենք. որոգայթը հասկացաք, մոլորեցումն ու զանգվածայինը` ևս: Սակայն չէ՞ որ մեր փառապանծ և տառապած ԽԱԼԽԸ` Խալդի ուրարտական աստծո ժառանգորդն ու Մսրա Մելիքի պորտալարը քոքահան արած ՀԱՅԱՍԻՆ (չշփոթել ՀԱՅԱՍՏԱՆ հանրախանութի հետ) գենետիկ ուշիմության ահագին պաշար ունի ու նաև ժառանգական պարզամտության լեռնացած պահուստային ֆոնդ: Ահա ՆԱԲԱԹ-ով թմրեցնում ենք նրա դիմադրողականությունը:
Խոսքի օրինակ. «Խնդիրն ինչում ա. բիզնեսով զբաղվում է նա, ով որ հաստիքով այդ գործունեությունից աշխատավարձ է ստանում: Եթե աշխատավարձ չի ստանում, միայն սեփականության դիվիդենդներ է ստանում, ինքը ի՞նչ բիզնեսմեն»: Մեջբերումը ՀՀ իշխող քաղմարմնի` ՀՀԿ հիմնադիր անդամ Աշոտ Աղաբաբյանի պատասխանից է` «Իրատես de facto»-ի հարցախույզին: Նույն հաջողությամբ «հանճարեղ» այս միտքը կարող էր երկնել հայրենի մականունավոր երեսփոխաններից յուրաքանչյուրը։
Գլխի ընկա՞ք: Ո՞չ: Պարզաբանում ենք: Մինչև յոթ պորտը խորհրդարանական գործերում ծլած-ծաղկած (այսինքն` ընտրազանգվածի պատգամները նենգադուլի ենթարկած, օրենսդրական այբն ու բենն այդպես էլ չսերտած) մեծաքսակներն օվալաձև դահլիճում հայտավորվելու հեռանկարով մեզ էլ, իրենց էլ (ներեք, չներեք` պարզաբանելու եմ) գժի տեղ են դնում: ՈՒրեմն էսպես, կարագի ու գազի, շաքարավազի և այլ ավազանների և քարվանսարաների, ՀԷԿ-երի և մարզադաշտերի, շոգեբաղնիքների ու բառաչուն-մայուն գլխազանգվածների տերերը, պարզվում է, սեփականատեր չեն («ի՞նչ բիզնեսմեն են, որ»), այլ պարզապես շահաբաժին ունեն, ո՛չ աշխատավարձ: Եթե, զորօրինակ, գազ ես ներկրում, և քո ամսական «դիվիդենդը» 100 մլն դրամ է, դու բիզնեսով չես զբաղվում: Բայց, արի ու տես, թե մտքիցդ անցավ որևէ գործունեությունից աշխատավարձ ստանալ, ուրեմն, օրինախախտ ես և անարժան` երեսփոխանական կոճակները սեղմելու: Ասենք, եթե պաղպաղակավաճառ ես: Կամ մանրավաճառ։
Սակայն այսքանով չեն ավարտվում մականունավոր-երեսփոխանական դեղատոմսերը` մեզ ու ձեզ հոգեխանգարմունքից զերծ պահելու իմաստով:
Կոչնակներ են հնչում «լճիցլճերում», զգոն եղեք, եղբայրներ ու քույրեր, օլիգարխիատը վերստին փորձում է խորհրդարան ներխուժել: Երբ նրա տեղը, եթե անկեղծ լինենք մինչև վերջ, ՀՀ քրեակատարողական հաստատություններն են: Զգոն լինենք և հնարավորություն տանք նրանց ճանապարհ բռնելու սույն անգեղաշեն բնակատեղիները: Ասենք, Կոշի գաղութ: Կամ` Սոմալիի արգելոցներ։ Իսկ այս գործընթացի հավաստագրերը պիտի վավերացնեն հենց այն հանրապետականները, բարգավաճներն ու օրինացները, ովքեր, իրոք, սրտով են կապված Ազատիչ-բարեփոխիչի բարեփոխումներին, ամենուր և ամենայն ժամ։ Այսինքն, պետականաշեն են հոգով և ոգով, երազում և արթմնի, խորհրդարանում, թե խորտկարանում։ Մի խոսքով, հասկանում ենք, բոլորս դեպի հակընդդեմ քայլարշավ։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ՍԻՐԱԿՍՏԻԿ»
(«Սերն աթարին էլ է կպչում» շարքից)
«Կորչեն այլևս կոմունիստական կերպարվեստի մնացուկները»: «Կեցցե՛ն թող ազատ կամքի և կիսաքրեական կայֆերի շեփորահարները»: Այս կարգախոսների ներքո ձևավորված եռյակ միությունը (ղեկավար` «Ալամ աշխարհի հայ նկարիչների միավորման» համանախագահ Միրզոյան Ղազար, ֆինանսանյութական հովանավոր` «Արմենտելի» տնօրեն տիար Կլիմկո, նաև` աշխարհիկ-հոգևոր տիարք պատվարժան) գործում է լայնաթափ, խորտակելով յուրաքանչյուր արգելապատնեշ։ Անշուշտ, ոչ Երկիր մոլորակում և ոչ էլ Տիեզերքում «ալամ-աշխարհի հայ նկարիչ» ասվածը գոյություն չունի:
Սակայն այն մոգոնել էր պետք։ Միրզոյան Ղ.-ն հեղաշրջման, գրոհի, կազմաքանդողի քաղցրանուշ-հոգեթով կերպար է: Նա, նախ, մի կերպ սողոսկում է ՀՀ նկարիչների միություն: Ամպագոռգոռ և հյութալի խոստումներ է շռայլում: Գրավում է առանձին նկարիչների հուզախռով սրտերը:
Մասնավորապես, խոստանում է Թալինում նկարիչների համար համաշխարհային կենտրոն ստեղծել (ի վերջո, միավորման անունը պարտավորեցնում է), խոստանում է Նիդերլանդների, Բրունեյի և Շրի Լանկայի իր ընկեր մեծահարուստներին «ներկրել» ՀՀ և նրանց միլիարդները ի մի բերել` ի նպաստ ազգային կերպարվեստի: Չի հաջողվում: Այլևս Ղ. Մ.-ն ազատ է իր նկրտումներում: Գրոհով փորձում է մրցակից միության (ՀՆՄ-ի) դահլիճներում անցկացնել «Ալամ-աշխարհականների» ցուցահանդեսը: Տապալվում է: Զի ձեռնարկն «վեհաշունչ» է և անհեթեթ: Մի խոսքով, Ղ. Մ.-ն հաշվետու է հայրենական և արտասահմանյան առկա և ապառիկ հովանավորների առջև: Իսկ նրանք պահանջում են անհապաղ գրավել Նկարչի տունը: Ղ.-ն փոխում է ռազմավարությունը: Անցնում ճակատային գրոհի: Ներխուժում է ստեղծագործական միության ընդհանուր ժողով և սկսում համակարգված «ռազբորկան»: Դե, նկարիչները կիրթ ու համբերատար մարդիկ են: Մի կերպ դիմակայում են ղազարապատումին: Վերջինս թևավորվում է ու հերթական բռնարարքը կիրառում Նկարչի տանը` ուղղակի հարձակվելով ստեղծագործական միությունների ղեկավարների խորհրդի անդամ, արժանապատիվ այր և նշանավոր երգահան Ռոբերտ Ամիրխանյանի վրա:
Մի խոսքով, նկարիչների բարեկրթության և համբերության վերջին բաժակները պռնկեպռունկ լցվում են, ու Ղ.-ն հեռացվում է ՀՆՄ-ից: Համաձայն ՀՀ օրենսդրության և ՀՆՄ կանոնադրության: Ի դեպ, կարծես թե հեռացումը Ղ. Մ.-ի կենսագրության անխախտելի մասն է: Տարիներ առաջ նրան, կարծես թե, օտարեց ՀՅԴ-ն: Մի խոսքով, թվում էր, թե սույն խիստ նախաձեռնող ծանրաքաշ այրը կհանդարտվի: Ինչ-որ առումով հանդարտվել է և կարծես ապաշխարության փուլում է: Բայց ահա նրա և հովանավորաց առջև հերթական անգամ լիասիրտ բացվում են Ազգային պատկերասրահի վեհաշունչ դարպասները, այցի են գալիս տիարք հովանավորները և ի ցնծություն աշխարհիս հայոց (ալամաշխարհականների) հայտարարում են կատալոգ հրատարակելու սուրբ ձեռնարկի մասին: Երկու խոսք առ կատալոգ: Ժամանակի հայ նկարիչները, ի նշանավորումն Անկախության 20-ամյա հոյասքանչ հոբելյանի, մեկական նկար են նվիրում Ազգային պատկերասրահին: Ակնթարթ անց ի հայտ է գալիս Ղ.-ն և տեր է կանգնում նախաձեռնությանը: Կեցցե՛ս, տիար Կլիմկո, սլավոնական արդար հոգի, բավ է, որ ալամաշխարհական Ղազարն անգամ թեթև հարբուխ ընկնի և անմիջապես հովանավոր աջդ մեկնում ես նրան: Պահպանե՛ք Ղազարին, նրանից է կախված արդի հայ կերպարվեստում թափ հավաքող խաշակրաց արշավանքը:
ՄԱՆՐԱԾԱԽ ԿՐՔԵՐ
(հուզախռով-հայրենակարոտ վերջաբան)
Մեր որոշ պետական այրերի ռազմահայրենասիրական արշավներն ավելի ու ավելի են բուրում կարտոֆիլահացահատիկային հոգեշահ բույրով: Թե բան է ու ԱԺ-ում նիստ, գյուղնախարարությունում էլ դիվանագիտական ընդունելություն կա ոչ, պետայրերը հայոց ռուսական սերմացուի հերթական վագոնն են բացում ու առաջին պարկն ուսած հասցնում ընչազուրկ գյուղացու օջախը: Կամ սահմանամերձ որևէ գյուղում կանգնում ոռոգման համակարգի գլխին, բաժակ բարձրացնում և, ի լուր աշխարհասփյուռ հայության և տեղիս բնակչության, հրովարտակում հերթական հաղթանակը: Իսկ թե բան է, ու սերմացուն առատ բերք տվեց, գնա՛, գալիս ենք, ԱԺ-ն, կառավարությունը, մարզպետարանը, գյուղապետարանը, լրագրողները, թամաշավորները, թոշակառուները և այլք (ասենք` ՀԲ-ի և ՄԱՀ-ի փորձագետները) սրընթաց գրոհում են դաշտ ու հանդ և երբեմն մոռանում, թե առհասարակ ինչ կա էս անտեր սարի գլխին: Նման հոգեվիճակում արգո պետ-այրերը և հարակից խամաճիկները հայտնվում են սովորաբար յոթերորդ թասից հետո:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Փնտրվում են Ախուրյանի շաքարի գործարանի շաքարն ու շաքարավազը: Գտնողին խոստանում ենք Սամվել Ալեքսանյանի անտիպ աշխատությունը` շաքարավազի գնային փոխակերպման նոր օրենքի մասին: Համաձայն վերջինիս, եթե անգամ ՀՀ յուրաքանչյուր մարզում, քաղաքում և շենում բացվի մեկական շաքարի գործարան, միևնույն է, շաքարավազի գինը բնավ չի նվազելու: Եվ էդ ո՞վ է ասում, թե բնաշխարհում անհնար է հավերժական շարժիչը։ Բա ալեքսանյանական շաքարալոխումային ժա՞ժքը։