38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իրաքում քրդական պետություն ստեղծելու սցենարը լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար

Իրաքում քրդական պետություն ստեղծելու սցենարը լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար
18.08.2009 | 00:00

«ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ»
Թեկուզ և աշխարհի քաղաքական քարտեզի վրա Քրդստան պետություն առայժմ գոյություն չունի, սակայն «քրդական հարցի» շուրջ խճողված զարգացումները շարունակում են լուրջ տեղ զբաղեցնել համաշխարհային մամուլում։ Համենայն դեպս, դեռևս երբեք իշխանության տարածաշրջանային մակարդակի ընտրություններն այդքան լարված ուշադրության առարկա չեն դարձել, ինչպես Իրաքյան Քրդստանում սպասվող հանրաքվեն և ընտրությունները։ Պատճառն ավելի քան հասկանալի է, որովհետև քրդական գործոնի օգտագործումով կարելի է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և իրականացնել նոր աշխարհաքաղաքական բաժանում։ Մանավանդ որ քրդական շրջանակներում ուժերի դասավորվածությունն արագ փոփոխվում է, իսկ հավակնություններն ու ախորժակները` միայն մեծանում։ Իսկ այդ ամենը միասին իրավիճակը դարձնում են բավականին պայթյունավտանգ։
Ոչ շատ վաղուց Իրաքի խորհրդարանի ընտրություններին զուգահեռ անցկացվեցին նաև Ինքնավար Քրդստանի օրենսդիր մարմնի ընտրություններ։ Ավելին` քրդական իշխանությունները գործնականում զուգահեռ իրականացրին Քրդստանի անկախության հանրաքվե։ Բնութագրական է, որ ամերիկյան օկուպացիոն իշխանությունները, փաստորեն, մատների արանքով նայեցին դրան, իսկ քրդերը միտումնավոր գնացին նրան, որ ձայների հաշվարկն իրականացվի մայրաքաղաք Բաղդադում։ Որոշ փորձագետների կարծիքով, դրանով իբր փորձ արվեց ցույց տալ, թե իրենք ընդունում են Բաղդադի գերակայությունը և անջատական տրամադրություններ չունեն։
Սակայն գլխավոր սենսացիան և բացարձակ անսպասելիությունը «Գորան» (փոփոխություններ) կոալիցիայի հաջողությունն էր, որն առաջին անգամ դարձավ իրական ընդդիմություն երկու խոշորագույն քրդական կուսակցությունների` Քրդստանի ժողովրդավարական կուսակցության և Քրդստանի հայրենասիրական միության դեմ։ Ինչպես նշում են բազմաթիվ վերլուծաբաններ, «Գորանն» աշխարհիկ ընդդիմություն է, իսկ նրա առաջնորդ Նուշիրվան Մուստաֆան իր մի խումբ համախոհների հետ միայն 2007-ին դուրս եկավ Քրդստանի հայրենասիրական միությունից, որն այսօր գլխավորում է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին։ Սակայն հիմնարար հարցերի շուրջ քրդերը հանդես են գալիս նախանձելի միասնականությամբ։ Ավելին` Քիրքուկի նավթով հարուստ շրջանների պատկանելության հետ կապված` նորահայտ ընդդիմությունը նույն տեսակետին է, ինչ իշխանությունը, և համարում է, որ այդ տարածքները Բաղդադը պետք է հանձնի Քիրքուկի վերահսկողությանը։ Նավթով հարուստ այդ շրջանն այսօր դուրս է իրաքյան քրդերի վերահսկողությունից, ինչը չի խանգարում անգամ Բաղդադի նկատմամբ լոյալ տրամադրված քրդերին` կենտրոնական իշխանությունից պահանջել հանրաքվեի անցկացում այդ քաղաքի պատկանելության հետ կապված և հանդես գալ հայտարարություններով, որ այս հարցում փոխզիջում երբևէ չի լինելու։ Քրդերի մտահոգությունը հասկանալի է, որովհետև առանց նավթադոլարների ապագա անկախ Քրդստանը հազիվ թե կարողանա ոտքի կանգնել։
Բնութագրական է և այն, որ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը մինչև վերջերս հերքում էր այն, որ քրդերի շարքերում անկախության ձգտում կա ։ Հիմա այլաբանությունը գործնականում մի կողմ է մղված, և հանրաքվեի կազմակերպումը, որքան էլ խճողված լինեն նրա ձևակերպումները, ըստ էության, նշանակում է, որ քրդերը երկար սպասված անկախության հայտ են ներկայացնում։ Բնորոշ է և այն, որ «քրդական դաշինքը» համապետական խորհրդարանական ընտրություններում ստացավ ձայների 25,4 տոկոսը կամ 69 մանդատ։ Այդպիսով, Իրաքի խորհրդարանում շիա մահմեդականներն ու քրդերն ունեն մեծամասնություն, իսկ սուննի մահմեդականների միավորումը, Իրաքի նախագահի գլխավորությամբ, պարտություն կրեց։ Նոր խորհրդարանը պետք է ընտրի երկրի նախագահին և երկու փոխնախագահներին, որոնք էլ հետո կհաստատեն վարչապետին և կձևավորեն կառավարություն։ Դժվար չէ կանխատեսել, որ Իրաքի ապագա կառավարությունը կլինի շիա քրդական։ Համենայն դեպս, վերլուծաբաններն ավելի հավանական են համարում այդպիսի կոալիցիայի ստեղծումը, որն էլ հետագայում կզբաղվի Իրաքի փաստացի բաժանմամբ։ Այդ համատեքստում իրական է դառնում այն հեռանկարը, որ քրդերը կհասնեն իրենց փայփայած երազանքին և, Իրաքի հյուսիսում հիմնավորվելով ու անկախ պետություն ստեղծելով, այնտեղ կկենտրոնացնեն 30-միլիոնանոց ժողովրդի ամբողջ ներուժը, այդ թվում` քրդական սփյուռքի։
Իսկ Իրաքի շիաները, երկար սպասված ռևանշին հասնելով, կաշխատեն Իրաքի հարավային ու կենտրոնական շրջաններում ստեղծել իսլամական պետություն` հիմնված շարիաթի օրենքների վրա։
Քրդերի նվազագույն ծրագիրն այսօր այն է, որ Իրաքի նոր սահմանադրության մեջ հստակ ամրագրված լինեն քրդական ինքնավարությունը և նրա իրավունքները, ընդ որում` Ինքնավար Քրդստանի տարածության ընդլայնումով։ Առավելագույն ծրագիրն անկախ Իրաքյան Քրդստանն է։ Ընդ որում, արդեն այսօր, 2003-ի ամերիկյան օկուպացիայից սկսած, քրդերն օգտվում են ամենալայն իրավունքներից։ Ինքնավար Քրդստանը գործնականում անկախ պետություն է, որն ունի իշխանության իր մարմինները, Բաղդադի կողմից չվերահսկվող զինված կազմավորումները, դրոշը, զինանշանը, օրհներգը։ Մամուլում նույնիսկ տեղեկություններ են եղել «քրդական վալյուտա» ստեղծելու փորձերի վերաբերյալ։
Հարևան երկրները և առաջին հերթին Թուրքիան, հասկանալի պատճառներով, պատրաստ են ամենալուրջ ջանքերը գործադրել, որպեսզի Իրաքը մնա միասնական պետություն իր ներկայիս սահմաններում։ Քրդստանի փաստացի ինքնորոշումը կտրականապես հակասում է Թուրքիայի շահերին։ Թուրքիայում բնակվող քրդերի պայքարն Արևելյան Անատոլիայում ընթանում է արդեն մի քանի տասնամյակ, և Իրաքում քրդական պետության ստեղծման սցենարը լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար։ Դա չի բացառում, որ նվազագույնը հնարավոր է Թուրքիայի նոր ներխուժում Իրաքի հյուսիսային շրջաններ և թուրք-քրդական նոր պատերազմ` տարածաշրջանային քաոսի խորացման հեռանկարով։ Ավելին, եթե ԱՄՆ-ը, այնուհանդերձ, դիմի Իրաքի տարածքում քրդական պետություն ստեղծելու քայլին, ինչն առանց Վաշինգտոնի հնարավոր չէ, ապա դա արմատապես կփոխի իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում։ Շատ բնութագրական է, որ Իսրայելը նույնպես պաշտպանում է քրդական պետության ստեղծման նախաձեռնությունը։ Ըստ այդմ, իզուր չէ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը կրկին հանդես է եկել ամերիկյան քաղաքականության կտրուկ քննադատությամբ` հայտարարելով, թե Վաշինգտոնն առայսօր հասկանալի պատասխան չի տվել Անկարայի լուրջ մտահոգություններին։ Իբրև թուրքական կողմի հնարավոր քայլերից մեկը, Էրդողանը չխուսափեց մատնանշել միջամտությունը Հյուսիսային Իրաքում ստեղծված իրավիճակին։ Միաժամանակ Թուրքիան հասկանում է, որ քրդական գործոնին դիմակայել հնարավոր է միայն Իրանի և Սիրիայի հետ համագործակցությամբ, որոնց համար ևս ցանկալի չէ քրդական պետության ստեղծումը, թեպետ քրդերը վայելում են Անկարայի երբեմնի մերձավոր դաշնակիցներ Թել-Ավիվի և Վաշինգտոնի աջակցությունը։ Միաժամանակ Թուրքիան, իրար խառնված, նախապատրաստվում է այն բանին, որ ամերիկացիները, այնուհանդերձ, դուրս կգան Իրաքից, և իրավիճակն այնտեղ կդառնա անվերահսկելի ու անկանխատեսելի։
Այդքանով հանդերձ, տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղերին մասնակցելու ցանկություն դրսևորողների ցանկը միայն ընդլայնվում է։ Այսպես. ռուսական փորձագետների մեծամասնությունը հուսով է, որ Ռուսաստանն էլ տարածաշրջանի բազմաթիվ մահմեդական պետությունների համար կարող է դառնալ այլընտրանքային դաշնակից։ Կանխատեսումներ են արվում Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա-Իրան հնարավոր դաշինքի վերաբերյալ, որը կարող է դառնալ ամերիկացիների իրաքյան կամպանիայի տրամաբանական արդյունքը։ Այս «հեռանկարներով» ոգևորված` ռուսական առանձին կայսերապետականներ հայտարարում են, թե ԱՄՆ-ի կողմից ազատագրված լինելով, Քրդստանի ներկա ռեժիմը, հասկանալի պատճառներով, ամերիկամետ է, սակայն կառավարող էլիտան ընդհանուր առմամբ ռուսամետ է, բազմաթիվ քրդական ղեկավարների երակներում ռուսական արյուն է հոսում և այլն։ ՈՒ, ընդհանրապես, ի դեմս քրդերի, Ռուսաստանը գործ ունի ռուսներին նույնքան լավ վերաբերվող ժողովրդի հետ, ինչպես հայերը, և նույնիսկ ավելի լավ, քան սերբերը։ Մինչև իսկ կարծիքներ են հնչում, թե «Քրդստանը կարող է դառնալ նույնքան կարևոր տարածաշրջանային դաշնակից, ինչպես բարեկամ Հայաստանը»։
Կարելի էր լուրջ չվերաբերվել այս ամենին, սակայն քրդերի ու հայերի միջև միություն ստեղծելու ռուսական քաղաքական մտքի փայլատակումներն ուղղակի լուրջ չեն, որովհետև դա բացարձակապես անհեռանկար գործ է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ պատմական կտրվածքով։ Քրդստան կոչվելիք նոր պետության հայտնվելը տարածաշրջանի քարտեզի վրա Հայաստանի համար շատ հակասական է։ Համապատասխանաբար, Հայաստանում հազիվ թե գտնվեն բազմաթիվ ու լուրջ քաղաքական գործիչներ, որոնք կպաշտպանեն այդպիսի արկածախնդրական գաղափարները, եթե անգամ իրենց կողմնորոշումներով ռուսամետ են։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ