Օրերս հանրապետության նախագահի նստավայրում անցկացվեց խորհրդակցություն. քննարկման թեման էր ահագնացող արտագաղթը:
Իսկ խորհրդակցությանը հաջորդեցին միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի հեռուստաեթերային յուրօրինակ մեկնաբանությունները:
Վերջինս իր թվանկարչությամբ փորձում էր վստահեցնել, թե «զանգվածային, աղետալի արտագաղթ Հայաստանում չկա», և դա այն դեպքում, երբ Եգանյանի ղեկավարած ծառայությունը 2008-ից այս կողմ ոչ մի հետազոտություն չի անցկացրել: Հարց է ծագում. ոչ մի հետազոտություն չիրականացրած Եգանյանն ունի՞ իրավունք ապակողմնորոշելու հայ հանրությանը, թե մտահոգվելու կարիք չկա, որովհետև Հայաստանում արտագաղթ չկա: Միգրացիայի ծառայության պետի անլրջությունն անցավ բոլոր սահմանները, երբ վերջինս իր իսկ` «երկրում արտագաղթ չկա» հայտարարությունը մեկնաբանեց այս կերպ` որովհետև «հարևաններիցս ոչ ոք չի մեկնել արտերկիր»: Սրա նմանների համար, փաստորեն, Հայաստանն իրենց դռան շեմից էն կողմ չի անցնում: ՈՒ քանի որ Եգանյանի հարևանները մնացել են հայրենիքում, վերջինս կորցրել է իրականությունը տեսնել-գնահատելու ունակությունը: Գուցե նաև դա՞ է պատճառը, որ ծառայության կողմից հետին պլան է մղվել անգամ ոլորտի հայեցակարգի մշակումը: Երկու տասնամյակ Հայաստանը հայաթափվում է, իսկ միգրացիոն պետական ծառայությունն ընդամենը անցյալ տարի է մշակել «արտագաղթը կանխող հայեցակարգ»: Կնշանակի` սույն անհայեցակարգ կառույցը տարիներ շարունակ մատնված է եղել անգործության` մսխելով բյուջետային հսկայական գումարներ: Նորմալ երկրում նման երկարաժամկետ պարապուրդի համար ծառայության պետն իր մեծ ու փոքր աշխատակիցներով վաղուց պետք է հրաժեշտ տված լիներ զբաղեցրած պաշտոնին: Ցավոք, մեր երկրում անգործության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։
Իրականությունը գնահատելու անկարողությամբ տառապող Գագիկ Եգանյանին փոխանցում ենք ընդամենը մեկ փաստ` արտագաղթի ծավալները գոնե փոքր-ինչ պատկերացնելու համար: Այսպես, բելգիական աղբյուրների տարածած տեղեկության համաձայն, ըստ այդ երկրի պաշտոնական վիճակագրության, միայն 2010 թվականին Բելգիան ընդունել է Հայաստանից մեկնած 1000 ընտանիք, որոնք ոչ թե մեկնել են արտագնա աշխատանքի, ինչպես փորձում է փաստերը խեղաթյուրել ծառայության պետը, այլ հեռացել են հայրենիքից ընդմիշտ:
Իհարկե, Գագիկ Եգանյանը կարող է և չհավատալ Բելգիայի պետական վիճակագրությանը, բայց միայն մեկ դեպքում, եթե Բելգիայում ևս այն լինի «վերևների» սպասարկուն, ինչպիսին եգանյանական վիճակագրությունն է:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ