Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՕՐՈՐՈՑՈՒՄ Ի ՍԿԶԲԱՆԵ ԱՐՔԱՅՈՐԴԻՆ Է ԵՂԵԼ, ՈՉ ԹԵ ԴԵՎԸ

ՕՐՈՐՈՑՈՒՄ Ի ՍԿԶԲԱՆԵ ԱՐՔԱՅՈՐԴԻՆ Է ԵՂԵԼ, ՈՉ ԹԵ ԴԵՎԸ
11.10.2011 | 00:00

Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ առասպելական մի դրվագ կա, որը մենք, այս էլ 1600 տարի, ուշադրության չենք արժանացնում։ Դա հայոց արքա Արտաշեսի որդու` Արտավազդի ծննդի մասին պատմող դրվագն է։ Այն մեր պատմության, բառիս լայն իմաստով, շրջադարձային, ես կասեի, ճակատագրական փուլն է եղել։
Ի՞նչ է գրում Խորենացին. «Երբ ծնվեց արքայորդի Արտավազդը, քաջքերը նրան գողացան և տեղը դև դրեցին»։
Թեև 2000 և ավելի տարիներ առաջ մարդիկ աշխարհընկալման այսօրվա մեր գիտելիքները չունեին և հավատում էին քաջքերի` մանուկ արքայազնին գողանալու և տեղը դև դնելուն, մենք, բնականաբար, չենք կարող դա ընդունել որպես պատմական իրողություն։ Այդ դեպքում ի՞նչ էր ակնարկում պատմահայր Խորենացին։
Նորագույն հայ պատմագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ հնագույն Հայաստանը տարածաշրջանում համարվել է «Աստվածային օրենքների երկիր»։ Երկիր, որտեղ ժողովուրդն ապրում էր աստվածային օրենքներով, այսինքն` արդար ու բարի, տիեզերական օրենքներին համահունչ։ Երկիր, որը ոչ թե ծավալապաշտական նկրտումներով էր տոգորված, այլ աստվածային օրենքներ էր «արտահանում»։ Երկիր, որի ժողովուրդն անվերապահորեն ապրում էր աստվածային օրենքներով։
Մենք` հայերս, պահպանել ենք մեր հավաքական հիշողության մեջ պատմական հին և նույնիսկ նախապատմական ժամանակներից հայերի` արդարության նախանձախնդիրը լինելու հիշողությունը. հայը քաղցած կմնա, բայց անարդարություն չի հանդուրժի։ Արդարամտության այդ հին հիշողությունն առայսօր արթուն է ամեն մի հայի հոգում, անգամ այն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքում և կենցաղում, ընկերների միջավայրում հաճախ են ոտնահարում արդարությունը, նրանք էլ արդարություն են ուզում, իհարկե, ուրիշների կողմից` իրենց հանդեպ։
Անդրադառնանք Արտավազդ արքայորդու ծննդի նկարագրությանը. «տեղը դև դրեցին»։
Աստվածային օրենքներով, այսինքն` ոգեղենի և հոգևորի գերակայության իրողությամբ ապրող հայ հասարակության մեջ ներմուծվել, թափանցել էր նյութապաշտությունը, որը բոլոր տեսակի անարդարությունների, դաժանության ու բռնության հիմքն է և շարժիչ ուժը։ Հայ հասարակության մեջ ոգեղենը և հոգևորն աննկատելիորեն իրենց տեղը զիջել են նյութական հարստության, բարեկեցության, ուրիշի հաշվին հարստանալու, հարստությունը որպես գերագույն արժեք ու արժանիք դարձնելու մտայնությանը։ Նյութապաշտությունն այնքան է խորանում Հայաստանում, որ քերթողահայր Խորենացին իր հայտնի «Ողբում» ցավով է արձանագրում հայ նախարարների, զինվորների, հոգևորականների «արծաթապաշտությունը»։ Հենց դա էլ հային հեռացրել է իր աշխարհընկալման ոգեղենությունից։
428 թվականին հայկական պետականության անկումից մինչև Բագրատունյաց մայրաքաղաք Անիի ծաղկումն ու կործանումը, ապա Կիլիկիայի թագավորության հզորացումն ու անկումը եղել են նյութապաշտության դժնդակ և կործանարար դարեր։ Նյութապաշտությունը հետագայում այնքան սովորական երևույթ էր դարձել, որ երբեմն նույնիսկ նյութական հարստություն դիզելը թուրք-սելջուկների և թաթար-մոնղոլների տիրապետության ժամանակ անհրաժեշտություն էր համարվում, անգամ գոյության երաշխիք` կաշառքով կյանքը փրկելու համար։
«Գողացան, տարան» մեզնից մեր ոգեղենությունը և տեղը դև դրեցին։ Խորենացին այդ մասին հիշեցնում է մեզ, զգուշացնում այլաբանորեն. ամենայն հավանականությամբ, նա չէր կարող բացահայտորեն խոսել այդ մասին այնպես, ինչպես չէր կարող քննադատաբար խոսել 301-ին քրիստոնեություն ընդունելու ժամանակ մեհենական (հեթանոսական տաճարների) գրականության ոչնչացման մասին։ «Հայոց պատմության» առաջաբանում նա ցավով գրում է, որ իր ձեռքի տակ չկան մեր անցյալի պատմության մասին բավարար գրքեր, որոնցից նա կարողանար օգտվել` գրելու մեր ազգի պատմությունը սկզբից մինչև իր օրերը, և նա դարձյալ այլաբանորեն է գրում. «Ցավոք, մեր նախնիները ուսումնասեր չեն եղել»։
Մինչդեռ 4-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսն, իր «Հայոց պատմության» մեջ` որպես ականատես գրում է Տրդատ թագավորի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու քաղաքական որոշման մասին, և թե ինչպես նոր հավատը ժողովրդի մեջ տարածելու և հինը մոռացության տալու համար այրում էին մեհյաններում և տներում եղած ողջ հայ գրականությունը։ Սա ևս ազգի աշխարհընկալման հոգևոր և ոգեղեն դրսևորման դեմ իսկական ասպատակություն է եղել։ Թերևս մեր առաջին քրիստոնյա հոգևոր հայրերը չեն պատկերացրել իրենց արածի վնասի ահռելի չափը։ Եվ ազգը, ասես ինքնապաշտպանական բնազդով ուղղորդվելով, հոգևորն ու ոգեղենը թաքցրել է իր էության խորքերում, իսկ նյութի ու ինչքի գերակայությունը դարձրել է գոյատևման միակ և անսխալ գրավական։
Մի մեկնաբանություն եմ ուզում անել Խորենացու այս խոսքերի շուրջ. «ՈՒսումնասեր չեն եղել» արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, այլաբանորեն ասված կամ մեզ` հետագա սերունդներիս, հղած ուղերձ է, քանի որ նա բացահայտորեն չէր կարող քննադատել առաջին քրիստոնյա հայ հոգևորականներին` ողջ գրական ժառանգությունը անհեռատեսորեն այրելով ոչնչացնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է հայերիս «ուսումնասեր չլինելուն», ապա կա դրա հակառակ փաստարկը. չի կարող ազգն իր դիցարանում դպրության աստված ունենալ, եթե չունի իր դպրությունը և չի կրում իր մեջ դպրության հանդեպ ակնածանք։ Խորենացու վկայությամբ` հայոց դիցարանում դպրության աստվածը եղել է Տիրը։
Ինչպես վերն ասվեց, Հայաստանը համարվել է «Աստվածային օրենքների երկիր»։ Այդպիսի բնութագիր նրան տվել են տարածաշրջանի այն ժողովուրդները, որոնք ապրել են նյութականության, գուցե նաև նյութապաշտության սկզբունքներով, սկզբունքներով, այլ ոչ օրենքներով, քանի որ օրենք բառը նշանակում է օրինի-օրինականի սահմաններում գործել։ Աստվածային օրենքներով և ոգեղենությամբ ապրող հայերին տարածաշրջանում որոշ ազգեր փորձել են ընդօրինակել, իսկ ոմանք` հակադրվել։ Եվ որպեսզի հակադրությունն ակնհայտ չլինի, հայերի մեջ ևս տարածել, ներարկել են նյութապաշտությունը` «Քաջքերը արքայորդուն գողացան և տեղը դև դրեցին»։
Ոչ ոք չի ժխտում մարդկայնորեն բարեկեցիկ ապրելու կարևորությունը։ Բարեկեցիկ, բայց ոչ ճոխ ու ցոփ։
Ճոխությունը և ճոխության հասնելու մրցավազքը կործանեցին Հին Հունաստանը, Հին Հռոմն ու Բյուզանդիան։ Ճոխության մրցավազքի զոհ դարձան քաղաքամայր Անին ու Կիլիկյան թագավորությունը։ Խոսքն արտաքին մարտահրավերի մասին չէ, որոնք եղել են քաղաքական անկման պատճառը, այլ ժողովրդի և ամեն մի բնակչի հոգևոր նահանջի և սնանկացման մասին է։ Հենց դա էլ բերել է արտաքին վտանգների հանդեպ քաղաքացու զգոնության բթացմանը։ Ամեն մեկը մտածում էր միայն հարստությամբ և ճոխությամբ հետ չմնալ հարևանից կամ ընկերոջից։ Եկեղեցի էին կառուցում առանց հավատի և բարեպաշտության (Տիգրան Հոնենցի, Հովվի, Ղազանչեցոց եկեղեցիների անվանումները վկան են դրա)։ Եկեղեցի կառուցելը նույնպես հարստության և ճոխության վկայություն էր համարվել։ Այսօր էլ, կարծես, մեզանում են շատերն ընկել մրցավազքի խճուղի։
Թող ինձ ներեն ճոխ պայմաններում ապրող մարդիկ. ճոխության մեջ ապրող մարդն աստիճանաբար կորցնում է կյանքի բարոյական սահմանները (հազվադեպ բացառություններ լինում են)։ Մարդը ճոխության մեջ ապրելիս հեռանում է աստվածային հոգևոր դիմագծից, նա զրկվում է մտավոր, հոգևոր և բանաստեղծական թռիչքից։ Ճոխությունը մարդու մեջ մեռցնում է մարդուն։ Մինչդեռ գիտության և արվեստի պատմությունից հայտնի է, որ չքավորության և ժուժկալության (զսպվածություն անձնական պահանջմունքների հանդեպ) մեջ են ծնվել տաղանդավոր և հանճարեղ մարդիկ։ Տաղանդն ու հանճարն էլ ստեղծագործում են հոգևոր և ոգեղեն դաշտում, իսկ այս դաշտը ոչ մի աղերս չունի փողի և ոսկու հետ։ Սա ապացուցել է մարդկության պատմությունը։
Հայտնի իրողություն է, որ որոշ երկրներում թագավորական պալատում ապրում էր ծաղրածու-խեղկատակը` օժտված խոսքի ազատության անսահմանափակ իրավունքով։ Ճոխ և անհոգս ապրող միահեծան թագավորին խոսքով զգաստության ապտակ է հասցնում ծաղրածուն, որպեսզի նրա կուշտ, ճոխ և անպատիժ կյանքը չհեռացնի նրան մարդկային կերպարից։
Իսկ մենք այս էլ քանի դար իներցիայի ուժով, թե հմայվածի անգիտությամբ գնում ենք «արքայազնի փոխարեն դրված դևի» հետևից. երբեմն` կողք կողքի, երբեմն` ձեռք ձեռքի։
Մինչև ե՞րբ։ Մինչև ո՞ւր։
Երեք սերունդ ծնվեց ու մեծացավ խորհրդային իշխանության օրոք. երեք սերնդի միջից հետևողականորեն և նպատակամետ հանում էին փողասիրությունը, հարմարավետության և մանավանդ ճոխության ձգտումը։ Ավագ սերնդի միջից հարստություն դիզելու նկրտումները հանեցին բռնի ունեզրկման, կալանքի և աքսորի սարսափով, իսկ միջին և կրտսեր սերնդի միջից` գաղափարական, բարոյական և գեղագիտական դաստիարակության միջոցով։ Երկու մեթոդներն էլ գործեցին անվրեպ։ Արդյունքը եղավ այն, որ Հայրենական պատերազմի տարիներին ժողովուրդն ապրում էր նյութական ամենածանր պայմաններում, բայց իր օրապահիկից հաճախ հրաժարվում էր հօգուտ ռազմաճակատում կռվող զինվորների։ Միջին սերունդը շենացրեց ողջ Սիբիրն ու խոպան հողերը, կառուցեց նոր քաղաքներ, արդյունաբերական հսկաներ և գիտական կենտրոններ` ինքն ապրելով նյութական և կենցաղային նվազագույն պայմաններում։ Ի՞նչն էր առաջնորդում այդ մարդկանց հրաժարվելու փափուկ, հարմարավետ և բարեկեցիկ կյանքով ապրելու ձգտումից։ Գաղափարը, սեփական երկիրն ու հայրենիքը շենացնելու և հզորացնելու գաղափարը։ Իսկ գաղափարն իրականություն է դառնում դրան հավատացողների ջանքերի և զոհողությունների գնով, որը տասնապատիկ հատուցվում է` ի վայելումն գալիք սերունդների։
Պատմության համար քսան տարին ակնթարթ է։ Հազարամյակներով չափվող հայ ժողովրդի` մաքառումներով լի պատմության հոլովույթում վերջին քսան տարիներն ասես դարերի խտացում ունեցան. երկրաշարժ, զոհեր, պատերազմ, բռնագաղթ, զոհեր, ցուրտ, մութ և սուգ, ապա արտագաղթ սեփական երկրից, որը նաև մեր պետությունն է։ Սեփական տնից, ծնողից և որդիներից խռոված գնում ենք, այս էլ քանի դար, օտարություն` փնտրելով արդարություն մեզ համար և հաց ու ապագա` մեր զավակների համար։ Հացը գտնում ենք, քանի որ բոլորանվեր աշխատում ենք (օտար երկրում «գլուխ պահել» չես կարող. դու տեղաբնիկից տասնապատիկ շատ ու լավ պետք է աշխատես հացդ վաստակելու համար)։
Գտնո՞ւմ ենք արդյոք արդարություն օտար երկրում։ Գտնում ենք մասամբ, բայց դա մերը չէ։ Իսկ անարդարության հանդիպելիս ասում ենք. «Բա ի՞նչ ես ուզում, իրենց երկիրն է, ինչ ուզում, անում են, դա իրենց գործն է, մերը մի կտոր հաց վաստակելն է»։
Այսպես նահանջել արդարություն փնտրելու ճանապարհին, կարծում եմ, գոնե մեզ` հայերիս, պատիվ չի բերում։ Օտար երկրում է միայն, որ հայը հացն ու արդարությունը դնում է կշեռքի նույն նժարին։ Մինչդեռ սեփական երկրում և սեփական իշխանությունների հանդեպ անհանդուրժողական է, և դա է ճիշտը, քանի որ մեր երկրի իշխանավորն էլ հայ է և ունի արդարության պահանջմունքի սեփական «չափաբաժինը», բայց արդեն աղավաղված և իր ընկալմամբ։ Մնաց ապագան, որ փնտրում ենք մեր երեխաների համար օտար երկրներում։ Ապագան ուծացումն է. հեռանում են լեզվից, հեռանում են հարազատներից, արմատներից, բարքերից և այլևս հայ չեն։ Գուցե կո՞ւշտ են։
Այո՛, գուցե որոշ ժամանակ և որոշակի թվով մարդկանց հաջողվում է անապահով ներկայից պոկվել և սլանալ բարեկեցության, երբեմն էլ հարստության վազքուղով։ Եվ որպես կանոն, օտար երկրում ապրող հայը, որքան էլ հարստանում է, սակայն հասարակության մեջ դրսևորում է չափավոր կենցաղավարություն, որովհետև ուրիշի երկրում ապրելիս պատշաճ չէ գրգռել տանտերերի նախանձը։ Հիշենք մեր սփյուռքահայ միլիոնատեր և միլիարդատեր հայրենակիցներին և համեմատենք մեր օլիգարխների և փողատերերի հետ։ Համեմատությունը թողնում ենք ձեր քննադատական մտքին։
Մեր երկրում ճոխության մրցավազքի մեջ են գրեթե բոլորը` անկախ տարիքից, սեռից, նյութական հնարավորություններից։ Բոլորը տրտնջում և բողոքում են, թե աշխատանք չունեն, փող չունեն, բայց բոլորի երեխաները` 7 տարեկանից սկսած, թանկարժեք հեռախոսներ ունեն, որոնք ամիսը գոնե 1000 դրամով պետք է լիցքավորել։ Բայց թատրոնի և գրքի փող չունեն։
Մեր քաղաքում հետիոտնից շատ են մեքենաները` բոլորն արտասահմանյան, շատերը` թանկարժեք։
Բոլորը դժգոհում և հայհոյում են օլիգարխներին հսկա խանութներ բացելու համար, ինչի պատճառով փակվում են փոքր խանութները, և հազարավոր մարդիկ դառնում են գործազուրկ, սակայն, ցուցադրաբար օգտվում են «սուպերմարկետներից»` դրանով իսկ նպաստում այդ օլիգարխի ավելի հարստանալուն։
Այսպես կարելի է թվարկել մեր կյանքում տեղ գտած նյութապաշտության բոլոր դրսևորումները, որոնք մեզնից յուրաքանչյուրին և բոլորիս դուր չեն գալիս, բայց ջրապտույտն ընկած խեղդվողի պես փոխանակ ճիգ անենք` հորձանքից փրկվելու համար, հիանում ենք ջրապտույտի փրփրաշատ օղակներով։
Մինչև ե՞րբ պետք է մեզ առաջնորդի արքայազնի տեղը դրված դևը։ Մենք հո գիտենք, որ օրորոցում ի սկզբանե արքայորդին է եղել, ոչ թե դևը։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ