Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԵՐԲ ԼՖԻԿԸ ՋՈՅՍ ԷՐ ԿԱՐԴՈՒՄ... (օվալաձև մտավարժանք)

ԵՐԲ ԼՖԻԿԸ ՋՈՅՍ ԷՐ ԿԱՐԴՈՒՄ... (օվալաձև մտավարժանք)
11.11.2011 | 00:00

«Քանի դեռ հին բոլշևիկները ողջ էին, պատերազմի վետերանները ստվերի մեջ էին: Բոլշևիկներն իջան մութ գերեզման, վետերանների երեսը պայծառացավ:
«Կոմսոմոլսկայա պրավդան» տպագրում է ՌԴ մեծահարուստների լավագույն տասնյակը: Հայկական մամուլը հիշատակում է նաև Սփյուռքի ֆինանսական գագաթներին, որոնք ալպինիստական այս մարզաձևին ծառայություններ մատուցած լինելու համար Հայրենիքից ստանում են շքանշաններ»:

«Խոհերի արկածախնդրություն», Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«ՄԵՐ ՁԻԵՐԸ ՎՐՆՋԱՆ, ՄԵՐ ՍՐԵՐԸ ՊՍՊՂԱՆ»
(օվալաձև վազքուղիներ)

Նոյեմբերի 7: Կատաղի մարտեր «Լճիցլճերում»: Դոդոշներն ասպատակել էին կարմրախայտերի ննջարանները:
Դոդոշաց պարագլուխ տիկին Կիմզան (նախորդ կյանքում դեղին մամուլի դեղնախտավոր հոգնա) հանրահռչակում էր 2012-ի ԱԺ մարդաձևաչափը` համաձայն 131 նյութաֆինանսական հաստակողության: Առավելություն էր տրվում ա) մականունավորներին, բ) բարեգործական ճաշարանների թերմացքը սուպերմարկետում լիուբոլ սաղացնողներին և գ) օպերային թատրոնը մասնավորեցնելու հայտ ներկայացնողներին:
Կարմրախայտերի ջոկատավար օրիորդ Սաթոն (նախորդ կյանքում` Կառլ Մարքսի մորուքի սանիտար-ոջիլ) կողմ է խորհրդարանի գաղափարացմանն ու քամած մածնի արտադրության կազմակերպմանը օվալաձև դահլիճում:

Երևան, Ծիծեռնակաբերդ, մարզահամերգային համալիրի գլխավոր նախասրահ:
Նախասրահը բաժանված է երեք շրջանաձև վազքուղու, ուր արգելապատնեշներն են` մեկ շոգեբաղնիք, երկու խաչապուրային բլուր և երեք աշակերտական նստարան։
Առաջին վազքուղին սոցիալիստ-հայրենակարոտներինն է (ՍՀ)։
Երկրորդը` ազատական-ազնվաբարոններինը (ԱԱ)։
Երրորդը` պահպանողական-պետականաշնորհներինը (ՊՊ)։
Առաջին վազքուղու վրա ծածանվող հսկա պաստառին եռագույն դաջված է նշանաբանը` «Զնդան կամ մանդատ»
Երկրորդին` «Մանդատ կամ զրթ ու զիբիլ»
Երրորդին` «Կա՛մ ձեզ կարգին եք պահում, կա՛մ Սևաչերյանի մոտ բոզբաշ եք զխկտվում»:
Նախասրահի վերնահարկում վերաքննիչ-դատափետիչ օթյակն է (ՎԴՕ): Հասկանալի է, չէ՞, ում գլխադասությամբ:
2012-ին ԱԺ-ում արժանավայել նստոտելու և ննջելու հայտ են ներկայացրել հազար ու մի քաղգործիչներ, քաղգործիքներ և հակաքաղաքական-աքաղաղներ:
Մեկնարկից առաջ հայտատուներն ի հայտ են գալիս:
Առաջինը` ՍՀ-ականները: Այստեղ են սոցինտերնի նորհայկական ղոչերը: ՀՅԴ քաղակտիվը. Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Ալեքսանդրապոլի պայմանագիր:
Այստեղ է նաև Դավիթ Մարքսիստը: Նաև սոցինտերնին վերջերս անդամագրված Ալեքսանյանը` Սամվել:
Ընկեր Վահանի մարզահագուստի կոնքամասում ՀՅԴ մեկնարկային նշանաբանն է` «Մեր ձիերը վրնջան, մեր սրերը պսպղան»:
Դավիթ Մարքսիստի կրծքին` «Լֆիկն ու Դավոն, Մարքսն ու Վանոն»։
Ալեքսանյան Սամվելի դոշին` «Իմ կուռքերն են Ջոյսը, Իոնեսկուն և Թաթան»:
ՍՀ պահանջատիրական պահանջմունքներն են` խորհրդարանական մեկ խմբակցություն, հանրապետության մաքսակետերով անցնող ապրանքատեսականու (ներառյալ շաքարավազը, հավկիթն ու հիգիենիկ պարագաները) սոցզննումը, Արզաքանցյանի նախագահություն` մշակույթի, գիտության և գիտամշակութային գերխոշոր վաճառատների մշտական հանձնաժողովում և Դավիթ Մարքսիստին սադոյանական 4-րդ խոսափողի հանձնումն ու «Կապիտալի» մեկնաբանումներ` ընկեր Վահանի հետ տանդեմ կազմած:
Անզուգական է «Լֆիկ+Դավո» քաղաքական տանդեմը: Դավոն ուսուցանում է Լֆիկին ինտելեկտուալ մտավարժանքների, ասենք, կարդալ Ջոյս, Իոնեսկու, Մարքս և ինքնահաղթահարվել, բրոնզի դարից հայտավորվել Բյուրականում: Ամեն բան բարեհաջող է: Չհաշված, որ տևական ժամանակ տիար Ալեքսանյանին թվում էր, թե Ջոյսը ջեմերի արտադրության անգլիական սինդիկատ է, իսկ Իոնեսկուն` բազուկի սպիրտի թնդությունը չափող ինդիկատոր:
Ընկեր Վահանը մեկնարկային խմբի առաջատարն է: Ինչպես երբեք հույժ վեհապանծ է, ցնորական-մելամաղձոտ։
Այժմ դառնանք ԱԱ-ին։
Այստեղ է «Ժառանգությունը» (Րաֆֆի+Զարուհի), և այստեղ է գլխավորում շքերթն ու պարահանդեսը «Բարգավաճը»: Ոչինչ չես ասի, սրտաճմլիկ լայնք-երկայնք ունի սույն առաջապահը: Զի հայտավորված են «Իմ թագավոր ախպերը», «Ձեր պալատական հարճապետ Սիրուշը» և «Քո տնտեսագետ-վերլուծաբան, աթարագետ-տեսաբան Կարպիսը» անվանակարգերում։
Պահանջատիրական պահանջմունքներն են (ազատական-ազնվաբարո բլոկ).
ա) յուրաքանչյուր մանկապարտեզի վարիչի` մեկական պոնչիկ արտադրող սարք,
բ) յուրաքանչյուր դպրոցի տնօրենի` երկուական մանղալի թույլտվություն դպրոցական բուֆետում,
գ) բուհական ռեկտորների նշանակման և արտաբուհական կաշառաչափերի տնօրինման օրենսդրական և ժառանգական իրավունք:
Անհամեմատ համեստափայլ են «Ժառանգության» նկրտումները. ա) Րաֆֆին ցմահ արտգործնախարար և ՀՀ մշտական ներկայացուցիչ ամենուր, ուր հայ կա և չկա, Արմենն էլ` Մարտիրոսյանը, բնականաբար, ՀՀ վարչապետ, համատեղության կարգով էլ` Փոստանջյանի թիկնապահ:
Իսկ հայտնի քաղհսկայից ոչինչ չունեն պահանջելու, զի երկրի համախառն արդյունքի մեկ քառորդն է իրենցը, բարեգործական «Հոպ-զիլինա-զիլինա» համազգային նախագծի (այլևս միս ու միրգ ծամելու անընդունակ վետերանների պրոթեզավորումը, սարի չոբանների գինեկոլոգիական պարտադիր տեղազննումը կթի սեզոնից առաջ և արևային ակնոցների բաշխումը մանկուց կույր հորթերի լայն շրջանակներում) վերահսկիչ փաթեթն ու Կարապետիչի շոգեքարշի գործարկումը։
Բայց ահա ՊՊ-ն է ասպարեզում` հայ քաղաքական հարթավայրերի ու սարալանջերի առաջատարն անվիճելի: Եվ ահա քաղաքական սուզանավի սեղմագրով հստակեցվել են պատգամավորության թեկնածուներն ըստ խմբերի ու ենթախմբերի:
Առաջին խումբ. հիմնադիր կուսանդամներ:
Կից ենթախմբում բարեկիրթ-խելահայացներն են և «Հրազդան» տոնավաճառի` «Զանգի-զրնգի» կրպակի բարմեն Բաղդիկը:
Վերաքննիչ-դատափետիչ օթյակը նրանց վստահում, թե չի վստահում, անհայտ է: Համենայն դեպս, գուշակելն անհնար է և՛ օթյակապետի խորհրդավոր-բազմախոստում դիմախաղից, և՛ օթյակի դռնապահի մշտարթուն-աննկուն կիսաժպիտից: Հասկացաք, չէ՞, որ վերոնշյալ խռովահույզ, բայց և այնպես հայոց քաղաքական դաշտերում հրաշալի քաղհաններ կենսագործող տիարք են օթյակի անդամները (նրանց քարտուղարն է երդվյալ-աներդում կուսանդամ Դրաստամատը):
Խումբ երկրորդ: Մեկ գիշերվա մեջ գույնզգույն երազներ տեսած-չտեսած քրտնաթոր (երազախաբ եղած կամ չեղած) հանրածանոթ քաղդեմքերն են, ովքեր առավոտ կանուխ դոշաբով մխլու ճաշակելիս ներաշխարհային, ցնցակաթվածի ենթարկվեցին ու քաղաքական ամնեզիայի վարդագույն գոլորշիներով պատված (Թայչարուխի ռանչպարները տղայամիտ ախմախության էքստազի մեջ անդամակցեցին ճողվածք ստացած ԱԻՄ-ին և բարով-խերով շրջանցեցին աշնանացանը):
Իսկ ՀՀ քաղաքական դաշտում բոլորիս քաջ հայտնի այս բազմախոստում պարոնի պարագայում «բարդիները բխկացին, ընկուզենին մղկտաց»: Բայց դե, նա հույժ նշանակալից դեր կստանձնի խորհրդարանում, զի ունի ծպտյալ ազատական-արմատականի քսանամյա անցյալ: Մի՞թե հենց նա չէր, որ նշանավոր տիարք Աշոտի (Նավասարդյան) և Մովսեսի (Գորգիսյան) հետ Նուբարաշենում խրոխտ դիմագրավեց կարմրաբոսոր-արբեցած հրոսակների մուտքին մայր ոստան: ՈՒ նա՞ չէ միթե, որ գիտե գաղտնիքը վերին` ինչպես պետգանձարանի փորլուծը ապաքինել, եռապատկել կենսաթոշակները, թոշակավորել կաշառասուններին, հարթել ոմանց խառնիճաղանջ գանգուրները, գրքեր գրել և գորբաչովյան ժպիտով ճառագել:
Միով բանիվ, նրան եռանիվ մի հեծանիվ, ինչով պատվո շրջան է կատարելու օվալաձև խորտկարանում, հազար ու մի հինգ հարյուր գաղափարանենգ ներողագրեր, խորհրդարանում:
Ա՜յ թե ուր հասանք. քաղաճպարարության ինքնափքուն մագիստրոսն ու այլախոհության համբավավոր գայլաձուկը յուր (նաև մեր) պատմությունն է ձևախեղում, հանրության մտամոլոր ունկը հեղեղում, յուրայիններին էլ բռնակցում նորանկախության գարշապարին: Հավանաբար սույնն անպտուղ ձանձրույթի պտղակալած հորանջներում կամ պիտի ձորամերձ իր բոստանում համբերանքի չիբուխը մխեր կամ հրապարակ ելներ ու ինքնորոշվեր ինքնաբուխ` առ փողկապս և խոսափողս իշխանամետ: Է՜հ դու «մտքի հոգնա», բայց քեզ այդ ի՞նչ ճառագուն հեռատեսությամբ դեռ Պերմի գաղութում վերծանեցին որպես հտՌՐՈսՖ ԿՑՓՏՉրՍՌ: Եվ ահավասիկ պարուրվում ես հընթացս և փառակալում ինչպես երեք ձմեռ հոգատար տանտիրուհու շերեփ չտեսած դդմի մուրաբա: Կամ տավարի ցավի ղավուրմա:
Սույն ենթախմբում մարզային և գյուղական բդեշխիկներն են և սեպուհ-ֆելդֆեբելները: Սրանց բանը, իսկը որ ասենք, բուրդ է: Զի թավշապատ հովանու ներքո չափից շատ հակապետական բողկեր են ճաշակել: Առանց աղի ու պանրի: Համեմված ժամկետանց թթվասերով և անժամկետ տխմարավուն խոստումներով: Բայց դե, ոչինչ, գյուղական ու մարզային բդեշխաց և ֆելդֆեբելաց հարցը լուծվելիք է օթյակից հնչող թեթև մի փռշտոցով:

ՄՐՑՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ
(մերսման փուլ)

Դժվարին են Ոմնի գերխնդիրները, հիմնահարցերն ու հարցաշարերը: Ի՞նչ անել: Եվ ո՞ւր գնալ: Երկխոսության ընթացքն անսպասելի շեփորեց սպասելի վերջերգը, ինչպես եթե ելարանն ուսած ու ամրոցը գրավելու կազմ ու պատրաստ առաջապահ մարտիկն ամրոցի պարսպի տակ հանկարծ փորլուծի ահագնացող տագնապ ունենա: Ցավալի է, տխուր ու հուսաբեկ, զի «ավազակապետության կազմաքանդումը» շրջահյուսվեց վաղաժամկետ ընտրություններին ձոնված ժամկետանց բառահեղեղների ու կոչնակների շուրջպարի:
Ոմնը, անշուշտ, պահանջատեր է և իրավատեր: Պահանջելու է վերականգնել պատմաքաղաքական արդարությունը:
Այն է` դուք մեզանով հանգրվանեցիք իշխանական եռակայմ առագաստանավում, ու հասունացել է ժամանակը մեկ-երկու նավախուց էլ մեզ պատիվ անելու:
Գուցե թե մեկ-երկու նավախուց, իրոք, տրամադրվի Ոմնին: Եթե, անշուշտ, այն մանրէազերծվի ռևանշիստ մանրէներից և հրանոթի կրակոցի հեռավորության վրա պահի մեր անկախության արշալույսի վճիտ աղբյուրներն աղբոտած արհեստավարժ-բաշիբոզուկներին, պրոֆեսիոնալ-հացկատակներին և այլ քաղաքական անդիմություններին: Մի խոսքով, հուսամ, գլխի ընկաք, թե ինչ ավարտ ունեցավ օվալաձև վազքարշավը:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -ՄԱԿ-ը` յուր զարմանահրաշ առաջնորդով (զարմանահրաշ, զի Գուրգենը Արսենյան երկու մարտական զենք ունի` ֆինանսական կապիտալը և մտավոր գրոհները), հավակնում է ԱԺ ոսկե պահեստայինի կարգավիճակին։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Տիար Արսենյանը վառ երիտասարդության տարիներին հանրապետական էր, անգամ քաղխորհրդի անդամ։ Այսինքն, արմատական մի երկու բուռ ջուր, այնուամենայնիվ, խմել է։ Իսկ չէ՞ որ ջուրն արյուն չի դառնում։

Հ. Գ.
(շարունակություն) -Հայրապետիչը լրջորեն համոզված է, որ առաջին մանդատներից մեկն իրավամբ իրենն է` Ոմնի ընտրացուցակում։ Զի խոստովանել է հայտնի-անհայտ քաղխորհրդում, որ պատանեկան տարիներից Ոմնի գաղտնագրված ակտիվիստ էր և կայարանում բուռն գործունեություն ծավալելիս ծոցագրպանում (սրտի վրա) երկու նկար էր գուրգուրում` Լենինինը և Ոմն առաջնորդինը։

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ