Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17.02.2012 | 00:00

Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են, կարծում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Պաշտոնական տվյալներով՝ ազգային փոքրամասնությունները ՀՀ բնակչության մոտ 3 տոկոսն են կազմում: ՀՀ-ում ինքնակազմակերպված գործում են 11 էթնիկ համայնքների 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնց գործունեության կարևոր ուղղվածություններից մեկը մայրենի լեզուների պահպանությունն ու զարգացումն է։ Ներկայումս գործում են ասորական, եզդիական, ռուսական, հունական, քրդական, ուկրաինական, հրեական, լեհական, վրացական, բելառուսական, գերմանական էթնիկ համայնքների հասարակական կազմակերպությունները։ Հայաստանի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների 11 համայնքներից ամենամեծը եզդիական համայնքն է:
«Եզդիխանա» թերթի խմբագիր, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի առաջին տեղակալ ԽԸԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ եզդիները Հայաստանում իրենց շատ լավ են զգում. «Այստեղ մենք մեծ հնարավորություն ունենք մեր ազգը, մշակույթը ներկայացնելու։ Հայաստանը համարում ենք մեր մշակութային կենտրոնը, որովհետև այստեղ է լույս տեսնում «Եզդիխանա» թերթը, հեռարձակվում են ռադիոհաղորդումներ, ստեղծվում դասագրքեր և այլն»։ Կան նաև խնդիրներ։ Մասնավորապես, Խըդր Հաջոյանն ընդգծում է, որ եզդիներին պետք չէ համեմատել ու շփոթել այլ ազգերի հետ. «Եզդին առանձին ազգ է՝ իր կրոնով, մշակույթով, և կապ չունի քրդերի հետ։ Կան մարդիկ, որ իրենց խոսքում նշում են, թե այս երկու ազգերի միջև նմանություններ կան, բայց ո՛չ. մեր առաջնային խնդիրն է մարդկանց տեղեկացնել, որ քրդերի հետ կապ չունենք։ Մենք հարգում ենք քրդերին, բայց էթնիկապես ոչ մի առնչություն չունենք նրանց հետ։ Դեկտեմբերին Իրաքի հյուսիսում քուրդ ազգայնամոլներն ակցիաներ կազմակերպեցին եզդիների դեմ։ Աշխարհը պետք է տեր կանգնի եզդի ժողովրդին. մենք չունենք պետականություն և մեր իրավունքները պաշտպանելու հույսերը կապում ենք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ։ Եզդիների ազգային միությունն այսօր բազմաթիվ դիմում-խնդրանքներով դիմում է միջազգային հանրությանը, որպեսզի կարողանանք տեր կանգնել եզդի ժողովրդի իրավունքներին և նպաստենք եզդիների մշակութային զարգացմանը»։
Նշենք, որ 2001 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանում բնակվում է 40620 եզդի` ՀՀ բոլոր ազգային փոքրամասնությունների ընդհանուր թվի 73 տոկոսը: Ընդ որում, եզդիներից 33207-ն ապրում են ՀՀ գյուղական, 7413-ը՝ քաղաքային բնակավայրերում: Գյուղական բնակավայրերում ապրող եզդիները ցրված են Արագածի, Թալինի տարածաշրջանի, ինչպես նաև Արմավիրի մարզի Ֆերիկ, Արտաշար, Զարթոնք (նախկին Ղամշլու), Նալբանդյան և Կոտայքի մարզի Զովունի գյուղերում: Հայաստանում գործում են եզդիական մի շարք հասարակական կազմակերպություններ։
Հրեական համայնքը ներկայացնող ՀԱՍՄԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ իր հերթին նշեց, որ Հայաստանում հրեական համայնքն ուրույն տեղ ունի թե՛ իր խնդիրներով, թե՛ առաջարկներով, ինչը սոցիալական և պետական մակարդակներում համապատասխանում է հրեաների ցանկություններին ու սպասումներին։ «Հրեական համայնքի ներկայացուցիչները, որոնցից մեկն էլ ես եմ, Հայաստանի լիիրավ քաղաքացի են, և վստահ եմ, որ նույն կերպ ընդունվում ենք Հայաստանի հասարակության կողմից»,- ասում է Հասմիկը։
Լիանա Սամադալաշվիլին վրացուհի է, ամուսինը` հայ, և նա իր կյանքը կապել է Հայաստանի ու հայերի հետ։ «Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Հայաստանում, տեղին է հիշել Համո Սահյանի խոսքերը. «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ»։ Եթե այսօր ցանկացած ազգային փոքրամասնության ներկայացուցչի հարցնեք, նույն պատասխանը կստանաք։ Մենք շատ լավ ենք զգում Հայաստանում։ ՀՀ կառավարությունը հոգում է մեր որոշակի հարցեր, մասնավորապես գումար է տրամադրում մշակույթի պահպանման, «Իվերիա» ամսաթերթի հրատարակման համար։ Կազմակերպվում են դասընթացներ վրացիների համար»,- ասում է վրացուհին։
Վրացական համայնքը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ։ Լիանա Սամադալաշվիլին վրացի երեխաների համար դասընթացներ է կազմակերպում, որոնց այցելում են նաև հայ պատանիներ ու երիտասարդներ։ Վրացական համայնքն այսօր Երևանում ավելի քան 200 անդամ ունի։ Ինչպես Լիանան է ասում, ունեն սոցիալական, կենցաղային խնդիրներ, որոնք ընդհանուր են ամբողջ երկրի համար։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2796

Մեկնաբանություններ