38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀՆՁԱՆԻ ԺՈՂՈՎԸ

ՀՆՁԱՆԻ ԺՈՂՈՎԸ
02.07.2010 | 00:00

Ըստ «Աշխարհացույցի»` Տուրուբերան նահանգի կենտրոնական գավառն է Տարոնը, որը մոտավորապես համընկնում է Մշո դաշտին։
Ավանդությամբ Տարոն անվանումը կապված է համաշխարհային ջրհեղեղից հետո այնտեղ բնակություն հաստատած Նոյի կրտսեր որդի Տարբանի անվան հետ։ Տարոնը հաճախ կոչվել է նաև Երկիր Մամիկոնյանց կամ Մամիկոնյան տուն։
Ագաթանգեղոսի խոսքերով, ավելի քան չորս միլիոն մարդ (301 թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո) մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում և Արածանի գետում։ Տարոն աշխարհի ծնունդ են Մեսրոպ Մաշտոցը, պատմահայր Մովսես Խորենացին, Եղիշեն, Դավիթ Անհաղթը, Մամբրեն, Բյուզանդիայի Վասիլ I կայսրը և, իհարկե, Մամիկոնյանները։ Տարոնը շրջապատված է բարձր լեռներով։ Արևելյան կողմում հառնում են Գրգուռը և Նեմրութը, հյուսիսային երկարությամբ` Բյուրակն (Բինգյոլ) լեռները` Հավատորիկ և Քարքե լեռնագագաթներով, հարավում` Տավրոսի լեռնաշղթան։ Արածանին և Մեղրագետը շենացնում են Տարոն աշխարհը։
Համաձայն ավանդության` Մուշ անվանումը կապված է դաշտի մշուշապատ լինելու հետ։ Ինչպես գրում է Րաֆֆին. «Աստղիկը` Տարոնի դիցուհին, դուրս գալով Աշտիշատի տաճարներից` շրջապատված իր նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան ստորոտներից` Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու և, որպեսզի երիտասարդ դյուցազունները չկարողանային տեսնել իր լոգարանը, նա դաշտը պատում էր մառախլապատ մշուշով»։ Ահա այս դաշտը եզերող Կորդուք և Ծիրնկատար լեռների փեշերին ընկած Մուշ քաղաքի մոտակա այգիների հնձաններում 1915 թ. մայիս-հունիս ամիսներին տեղի էին ունենում խորհրդակցական ժողովներ` Տարոնի և Սասունի բնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ։ Ժողովներին մասնակցում էին Ռուբեն Տեր-Մինասյանը` Հայ հեղափոխական դաշնակցության լիազոր ներկայացուցիչ, Վահան Փափազյանը` (Կոմս) Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ` Օսմանյան Թուրքիայի մեջլիսի երեսփոխան (ընտրված Վանի վիլայեթից), Հաջի Հակոբ Կոտոյանը` Անդրանիկի և Գևորգ Չավուշի զինակից ընկերը Մուշ քաղաքից, տարոնցի և սասունցի մի շարք ճանաչված հայդուկներ` Գոմսի Կորյունը, Կառնեցի Մկրտիչը, Սեմալցի Մանուկը և այլք։
Հաջի Հակոբ Կոտոյանը և մի քանի հայդուկներ ներկայացնում են հետևյալ տեսակետը.
ա) քանի որ թուրքական բանակի հիմնական ուժերը կաշկանդված են ռուսական ճակատում, հետևաբար, դաշտի գյուղերում և Մուշ քաղաքում քիչ զինվորներ կան, ուստի անհրաժեշտ է Սասունում կուտակված զենքի և զինամթերքի որոշ մասը մշեցի տղաների հետ դաշտ փոխադրել, նախապես որոշված գիշերը հարձակվել դաշտի գյուղերում տեղակայված փոքրաթիվ թուրք ասկյարների և չեչենների վրա, դրանց զինաթափել, ապա միանալ Մուշ քաղաքում նախապես տեղակայված զինված երիտասարդությանը, զինաթափել քաղաքի փոքրաթիվ կայազորը, առգրավված զենքով զինել, կազմավորել նոր ջոկատներ և Մուշ քաղաքի ու դաշտի բնակչության, Սասունի զինված ուժերի և ժողովրդի հետ միասին կռվելով անցնել ռուսական ճակատը, որը Մուշից հեռու էր (8-10 ժամվա ճանապարհ)։ Նշվում էին անցնելիք ճանապարհները և ժամանակացույցը։
բ) Դաշտի ամբողջ ժողովրդին իր սննդով հավաքել Սասնա լեռների լանջերի հայ գյուղերում և սասունցի ու դաշտերի քաջերի հետ հարձակվել թշնամու վրա, արդյունքը կլինի փրկվելը կամ պատվով նահատակվելը։
Ռուբեն Տեր-Մինասյանի, Վահան Փափազյանի և այլոց տեսակետը հետևյալն էր. քանի որ Սասնա բոլոր գյուղերում բավականին պարեն և ռազմամթերք ենք կուտակել վերջին մի քանի ամիսների ընթացքում, ապա պետք է հնարավորինս արագ դաշտի և քաղաքի մնացյալ զենքն ու զինամթերքը մարտական տղաների հետ բարձրացնել Սասուն, կառուցել պաշտպանական ամրություններ և անցնել խուլ պաշտպանության` սպասելով ռուսական զորքին։ Բոլորս էլ գիտեինք, որ թուրքերը միշտ սկզբում հարձակվել են Սասունի վրա, իսկ հետո` քաղաքի և դաշտի գյուղերի վրա։ Պաշտպանելով Սասունը` մենք կապահովենք նաև դաշտեցիների անվտանգությունը։
Մինչև առաջարկությունները քվեարկության դնելը, Հաջին ձայն է խնդրում. «Ախր այս պահին մարդ պետք է կույր կամ համր լինի, որ չտեսնի կամ չլսի, որ հեռավոր և մոտակա շրջանների ամբողջ հայությունը սրի է քաշված, մեզ ամենամոտ Բիթլիս քաղաքի և շրջակայքի ամբողջ հայությունը կոտորված է, չնայած այդ ժողովուրդը երբեք հեղափոխական չի եղել, ինչպես Տարոնի և Սասնա ժողովուրդը։ Դաշտը և քաղաքն անպաշտպան գտնելով` բարբարոս թուրքն անխնա կկոտորի բոլորին, Դուք անպաշտպան եք թողնում քաղաքի և դաշտի շուրջ 90 հազար բնակչությանը և փորձում փրկել Սասունում հավաքված 30 հազարի կյանքը, թեև նրանցից յուրաքանչյուրի կյանքն իմ կյանքից թանկ եմ համարում։ Ես կարծում եմ, որ ձեզնից մի քանիսը ոչ թե ազգի կամ Սասունի ժողովրդի շահն են գերադասում, այլ իրենց անձնական շահը։ Դաշտը և քաղաքը սրի քաշելուց հետո, սասունցիների արյան գնով կջանաք ձեր մի քանիսի կյանքը փրկել։ Որքան կարողացան կռվել այդ քարաժայռերի մեջ` լավ, դուք այդտեղ եք, իսկ չդիմանալու դեպքում, ձեզ հետ մի քանի զինյալ վերցնելով և սասունցիներին անտեր թողնելով, կփորձեք անցնել արտասահման»։
Այս խոսքերից հետո երկու առաջարկություններն էլ դրվում են քվեարկության։ Ձայների մեծամասնությամբ անցնում է Ռուբեն Տեր-Մինասյանի առաջարկությունը։
1915 թ. հունիսի 28-ին` Վարդավառի օրը (թուրքերը ծանոթ էին տվյալ ռազմավարությանը և կարծես թե իրենց ցանկությամբ էր դա արվում) բազմահազար թուրք խուժանը և քուրդ անկանոն հեծելազորը, Մուսա, Խազմ և Նհո Բեգերի առաջնորդությամբ, հարձակվեցին լիովին անպաշտպան մնացած դաշտի գյուղերի վրա և գազանաբար` գոմերում և մարագներում այրեցին, սրախողխող արեցին տասնյակ հազարավոր կանանց, ծերերի և երեխաների, չնայած բազմաթիվ գյուղերի համառ դիմադրությանը։
Հաջորդ օրը` հունիսի 29-ին (Մեռելոցի օրը), թուրքական կանոնավոր բանակը մի քանի թնդանոթներով (որոնց նշանառուն գերմանացի էր) հարձակվեց Մուշ քաղաքի հայ պաշտպանների դիրքերի վրա։ Հաջի Հակոբ Կոտոյանն իր փոքրաթիվ ուժերով 5 օր շարունակ քաջաբար դիմադրեց թուրք խուժանին` նրանց պատճառելով զգալի կորուստներ, ինչպես վկայում է Մ. Բդեյանը` թուրքերը տվեցին հարյուրավոր զոհեր։ Սակայն մարտն անհավասար էր։ Հուլիսի 3-ին Հաջին դիմում է իր քաջերին. «Իմ սիրելիներ, ես շատ լավ գիտեմ և կատարելապես վստահ եմ, որ դուք բոլորդ էլ քաջ և անձնազոհ կռվողներ եք, մեր դիրքերը հարմար են և կարող ենք երկար ժամանակ դիմադրել անարգ թշնամու թնդանոթների կրակին և զորքի հարձակումներին, սակայն մեր ունեցած փամփուշտը սպառվելու վրա է, յուրաքանչյուրիս մոտ կա 15-20 փամփուշտ, որը կբավարարի մի քանի ժամ դիմանալու։ Սասունից սպասվելիք օգնությունը չկա, նրանք մեզ հուսախաբ արին, ստեղծված իրավիճակից ելքը կռվելով հեռանալն է, մի խումբը Մեղրագետով դեպի ներքև Տաշոյենց կամրջով դեպի Քան լեռը, մյուսը գետակով դեպի վեր` Կրե կամրջով դեպի Սասուն»։ «Իսկ դո՞ւք»,- գոչեցին մարտիկները։ «Ես տարիքով եմ (նա ընդամենը 47 տարեկան էր), ես կմնամ մինչև վերջ»։
Նա գիտակցաբար մնաց, կռվեց մինչև վերջ, մինչև անմահանալը։
Հունիսի 28-ի և հետագա օրերի Մշո դաշտի համատարած կոտորածներից փրկված հիմնականում սարատակի ստորոտի բնակչության մեծ մասը, կանայք և երեխաներ պատսպարվել էին Ալվառինչ, Խասգյուղ, Բերդակ և Հավատորիկ գյուղերի անտառներում և Քանում։ Ականատեսների վկայությամբ` այդ փախստականների թիվը հասնում էր շուրջ 25-30 հազարի, որոնք իրենց հետ բերել էին նաև իրենց անասունների մեծ մասը, մասնավորապես ոչխարների հոտը։
Հուլիսի 1-ին Սասունից Հավատորիկ է վերադառնում Վ. Փափազյանը մի քանի զինյալ դաշտեցիների հետ, մի քանի օր մնալով` խմբով անցնում է Քան` փախստականների ապահովության հարցերը լուծելու։ Նա կարգադրում է, որ այդ հոծ բազմությունն անցնի Սասուն` թուրքերի և քրդերի հավանական հարձակումներից խուսափելու համար։ Կազմվում է երկու հարյուրյակ (հիմնականում զառամյալ մարդկանցից), և մի քանի զինյալների հետ ճանապարհվում դեպի Հավատորիկ, ապա Սասուն, սակայն այդ խմբերը Սասուն չհասած գազանաբար ոչնչացվում են թուրքերի և քրդերի կողմից։ Այդ դեպքից հետո Փափազյանը հանձնարարում է փախստականներին մնալ իրենց տեղերում և դիմակայել թշնամուն։ Հավատորիկ և Մառնիկ գյուղերի բնակիչները դեռևս ապրում էին իրենց բնականոն կյանքով։ Հավատորիկ գյուղի բնակիչները, լինելով հավատացյալ բողոքականներ, հույս ունեին, որ թուրքական բանակի գերմանացիները թույլ չեն տա թուրքերին իրենց կոտորելու, սակայն նրանք չարաչար սխալվեցին։ Ահա այս վճռորոշ պահին Մուշ քաղաքի քաջամարտիկ Արամ Հակոբյանը` Պստիկ մականվամբ (1904 թ. Սասունի կռիվների մի քանի Արամների մեջ նա տարիքով ամենափոքրն էր, դրա համար նրան կոչեցին Պստիկ), հանդուգն առաջարկություն է անում։ Նա Փափազյանին ասում է, որ առկա 500 զինյալները բավարար չեն այս հոծ բազմության անվտանգությունը պահպանելու, ուստի անհրաժեշտ է այս բազմությունը բաժանել խմբերի, յուրաքանչյուր խմբին ամրացնել 40-50 զինյալ և հիմնականում գիշերը տարբեր ձորերով և կիրճերով ճանապարհվել դեպի հյուսիս, Քոսուբի լեռների կիրճերը, մինչև ռուսական զորքին հասնելը։ Ծրագիրը, իրոք, հանդուգն էր, անկասկած, այդ խմբերը հարյուրավոր զոհեր կտային, սակայն շատ շատերը կփրկվեին մահվան ճիրաններից։
Ի՞նչ է պատասխանում Վ. Փափազյանը. «Դուք գիտեք, որ երեք անգամ սուրհանդակ եմ ուղարկել ռուսական բանակ, սակայն նրանցից ոչ մեկը չի վերադարձել, այսինքն, նրանք բոլորն էլ նահատակվել են, այսինքն` այս հոծ բազմության գնալը լի է անկանխատեսելի հետևանքներով, այսպիսի հանդուգն գործ ձեռնարկելը վեր է իմ ուժերից։ Ցանկացողները կարող են գնալ։ Մինչև Ռուբենն իր խմբով այստեղ չգա, ես այստեղից չեմ մեկնի»։ Այս պատասխանը լսելով` Պստիկ Արամն իրեն համակիր 80 զինված և անզեն մարդկանցով առանց զոհերի անցնում է ռուսական ճակատը։
Հուլիսի 11-ին դաշտը լցվում է մեծ բազմությամբ, մարդիկ իրենց ընտանիքներով, սայլերով, անասուններով Չխուրի և Քոսուրի լեռների կողմից գալով Մուշ քաղաքով և դաշտով` գնում էին դեպի Գենչ և Ճապաբյուր։ Բոլորը հասկանում են, որ թուրքերն ու քրդերը նահանջում են ռուսական զորքի առջև, ուր որ է ռուսական զորքը պետք է երևա, սակայն երկու օր անցնելուց հետո ռուս զորքը չի երևում։ Խմբապետ Արո Շահիկյանը, Հաջի Հակոբի զինակիցը լինելով, դիմում է Փափազյանին` առաջարկելով փախստականների հետ անցնել ռուսական բանակ, սակայն Փափազյանն ընդդիմանում է, թե արդեն չորս օր է, որ պարոն Ավետիսը 10-հոգանոց խմբով ուղարկված է ռուսական բանակ, եթե ռուսական բանակը մոտ լիներ, ապա նա հիմա վերադարձած կլիներ, և երկրորդ` առանց Սասունի ուժերի և Ռուբենի հավանության ես չեմ կարող ստանձնել այդպիսի պատասխանատվություն։ Պետք է որ Սասունի կռվող ուժերը և ժողովուրդը ևս գան այստեղ և բոլորս միասին գնանք ռուսական բանակ։ Ձեր առաջարկության մասին ես տեղյակ կպահեմ Ռուբենին։ Որոշվեց նորից մարդ ուղարկել ռուսական բանակ։ Այս անգամ ճանապարհ է ընկնում Վարդենիս գյուղի վարժապետ Հարությունն իր երկու ընկերներով։ Ժողովուրդը երեք օր սպասում է Հարությունի վերադարձին, սակայն, իզուր, երեք օր անց Մշո դաշտը կրկին լցվում է մարդկանցով, սայլերով, անասուններով և զորքով։ Դա նշանակում էր, որ ռուսական զորքը նահանջել է։
Սասունի հերոսական ինքնապաշտպանությունից և ջարդերից հետո 24 հոգով Ռուբեն Տեր-Մինասյանը, փոքրաթիվ զինված խմբով, Սասունից ճողոպրել էր։ Այստեղ այդ խումբը, համալրվելով Վ. Փափազյանով և մի քանի զինյալներով, սեպտեմբերի 6-ին, այդ բազմահազար փախստականներին անտեր թողնելով` 36-հոգանոց զինված խմբով տալով երեք զոհ, անցնում է ռուսական ճակատը։ Այս հոծ բազմությունն անհավասար կռիվներում, թուրքական ու քրդական անընդմեջ հարձակումների, սովի և հիվանդությունների ճիրաններում շարունակեց գոյատևել մինչև սեպտեմբերի վերջը, և համարյա բոլորը Քանում կնքեցին իրենց մահկանացուն` Ռ. Տեր-Մինասյանի և Վ. Փափազյանի կամակորության, վախկոտության և անպատասխանատվության պատճառով։
Երիցս իրավացի էր Մշո Ալիջան գյուղի գյուղապետ հերոս Հարություն Սարուխանյանը, որը, դիմելով Փափազյանին, ասում էր.
-Պարոն, մենք` դաշտի և քաղաքի հայերս, տևական ժամանակ մեր կյանքը, հարստությունը և պատիվը ի սպաս ենք դրել ազգի և ձեր նմանների ազատության համար։ Մենք անցյալում շատ պատասխանատու գործիչներ ենք տեսել, բայց քեզ նման տմարդի և ստոր արարածի բնավ չէինք հանդիպել։ Մենք կփափագենք, որ դուք ողջ մնաք և ազգի առջև անարգանքի սյունին գամվեք։
Ռուբեն Տեր-Մինասյանը, Իգդիր հասնելուն պես, սեղան է պատրաստել տալիս իր և իր ընկերների ողջ մնալը նշելու համար։ Ահա թե ինչ է ասում Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից մեկը` ազնվագույն և իսկական հայրենասեր Ռոստոմը` Ստեփան Զորյանը.
-Ես գավաթ չեմ կարող բարձրացնել և դասալիք հեղափոխականի կենաց խմել, ես նրա կենացը կխմեի, եթե նա իր ժողովրդի հետ լիներ, Ռուբե՛ն, դու ինչո՞ւ եկար, ո՞ւր է քո պաշտպանությանը հանձնված Տարոնի և Սասունի ժողովուրդը։
Ռուբեն, չկրցա՞ր հոն նահատակվել։
Ահա այսպիսի ողբերգական վախճան ունեցավ Տարոնի շուրջ 150 գյուղերի և Մուշ քաղաքի շուրջ 90 հազար բնակչությունը։ Մեր տվյալներով` Տարոն աշխարհից փրկվեց 5-6 հազար մարդ, որոնց մի մասը գաղթեց ԱՄՆ, Հունաստան, Ֆրանսիա և այլուր։ Արևելյան Հայաստան գաղթածները հիմնականում բնակություն հաստատեցին Ախուրյանի, Թալինի, Աշտարակի, Անիի, Ապարանի շրջանների գյուղերում, ինչպես նաև Երևանում և Գյումրիում։
Գուրգեն ՂԱԶԱՐՅԱՆ
«Տարոն-Տուրուբերան հայրենակցական
միավորում» հասարակական կազմակերպության վարչության նախագահ

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ