Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«ՍԿՍԵԼ ԵՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ»

«ՍԿՍԵԼ ԵՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ»
30.09.2011 | 00:00

«Այս պահին բանդան ամբողջությամբ ձերբակալված է։ Այն տեղեկությունը, որին տիրապետում էինք մինչ օպերացիան, և դրանից հետո եղածը համապատասխանում են։ Քրեական գործի շրջանակներում բոլորը հարցաքննվել են, ապացույցները հիմնավորված են»,- ասաց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, երբ նրանից փորձեցինք ճշտել, թե սեպտեմբերի 29-ի դրությամբ բանդային առնչվող ի՞նչ նոր փաստեր կան։ Նկատենք, որ այս խոշոր օպերացիայի շրջանակներում մեծածավալ խուզարկություններ են իրականացվել, «տակնուվրա» են արվել ոչ միայն մայրաքաղաքը, այլև մարզերը։ Ոստիկանապետը նշեց, որ երբ բանդայի անդամներից մեկին «վերցնում» էին, նույն հասցեում կապ էր հայտնաբերվում։ Սակայն քանի որ ցանկացած հարց քաղաքականացվում է, այս օպերացիան ևս այդ առումով բացառություն չէր։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ոստիկանապետն ինչո՞վ է պայմանավորում լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե բանդայի անդամների մեջ կան պաշտոնյաների որդիներ, բարեկամներ։ «Այդ տեղեկատվության հետ կապված հարցերն ուղղեք ինքներդ ձեզ։ Երբ ձեզ մշտապես հորդորում եմ չշտապել և ավելորդ եզրակացություններ չանել ու շահարկումների տեղիք չտալ մամուլում, երևի թե այդ խորհրդին անլուրջ եք վերաբերվում։ Ինչը եղավ և այս անգամ։ Ոստիկանության ոչ մի աշխատակից պաշտոնյաների բարեկամների հետ կապված ոչ մի հայտարարություն չի արել։ Որևէ պաշտոնյա բանդայի կազմում ներգրավված չէ, առնչություն չունի»։ Ինչ վերաբերում է «Սուրիկի լավաշ» ընկերության ղեկավարի որդու ներգրավվածությանը, ապա գեներալ-լեյտենանտն այն հաստատեց և միևնույն ժամանակ բացառեց այն պնդումները, ըստ որոնց` միտումնավոր փորձ է արվում հարվածել ընկերության բիզնեսին։ Նկատենք, որ ոստիկանության պետին, որպես պաշտոնյայի և մարդու, զարմացրել էր նաև լրատվամիջոցներում բանդայի անդամների ծնողների PR-ը. «Առաջին ծիլերն եմ նկատում. սկսել են հերոսացնել բանդայի անդամներին, հետո կսկսեն խոսել մարդու իրավունքներից` բանդայի անդամը երեք օր ջուր չի խմել, կամ ջուրը մաքուր չէր։ Չեմ բացառում, որ հերոսացման մի ամբողջ շղթա գնա` բանդայի անդամը, լինելով մեծ ընտանիքի հայր, ծնված լինելով սառնորակ գետի... և այլն, այլն։ Իսկ երբ այդ նույն բանդիտները մարդկանց իրավունքներն էին ոտնահարում, նրանց հոգեբանական և ֆիզիկական ճնշման ենթարկում, սրա մասին մոռանում եք խոսել»։
Ի դեպ, շահարկումների հետ կապված գեներալ-լեյտենանտը բացառեց որոշ լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, ըստ որոնց` ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը մեղադրանք է ներկայացրել իր դեմ, սակայն երբ լրագրողներից մեկն ասաց, որ այդ տեղեկատվությունը տվել է Մարգար Օհանյանի դատապաշտպանը, ոստիկանության պետն ընդգծեց. «Տվյալ դեպքում դատապաշտպանը համարվում է պաշտոնյա անձ, և ես կարող եմ նրան հրավիրել ինձ մոտ ու պարզաբանում խնդրել»։ Նման կոնկրետ պատասխանից հետո հարցն այլ կերպ ձևակերպեցին. «Ձեզ այդ գործով հարցաքննե՞լ են»։ «Ոչ»,- ասաց Ալիկ Սարգսյանը և խոստացավ, որ երբ ինքը նշված գործով հրավիրվի հարցաքննության, դրանից հետո անձամբ ասուլիս կհրավիրի և տեղյակ կպահի հանրությանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ