ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
«Նայեցեք երկնքի թռչուններին. ոչ սերմանում են, ոչ հնձում և ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, և սակայն ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց: Չէ՞ որ դուք Աստծու աչքին թռչուններից գերազանց եք»,- գրված է Ավետարանում:
«Երբ երեխան ծնվում է, նրա «ղսմաթն» էլ հետն է գալիս»,- ասում է ժողովուրդը:
Եթե խորհենք, ապա յուրաքանչյուրս մեր օրինակով կարող է համոզվել Տիրոջ ու ժողովրդական խոսքերի ճշմարտացիության մեջ. Արարիչը հոգում է արարածներիս մասին` որևէ կերպ ապահովելով մեր գոյության միջոցները:
Նմանապես, Արարիչը հոգում է արարածներիս հավաքական խմբերի` ազգերի մասին` որևէ ձևով յուրաքանչյուրին շնորհելով գոյության համար անհրաժեշտ միջոցներ: Նրանցից ոմանք այսօր օժտված են իրենց երկրների բնական հարստություններով, մյուսները` բարձր աշխատասիրությամբ ու կազմակերպվածությամբ:
Ինչպիսի՞ միջոցներով է օժտված հայ ժողովուրդն իր գոյությունն ապահովելու համար, և կա՞ն արդյոք մեր գոյությունն ամրապնդող թաքնված հնարավորություններ ու մինչ օրս չօգտագործված ռեսուրսներ:
ՀԱՅԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԸ
Հայությունը սփռված է աշխարհով մեկ` Հայաստանում, Արցախում, արտերկրի պետություններում, որոշ մասն էլ ծվարել է իր հայրենիքի կորուսյալ հատվածում:
Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և հարավկովկասյան իր երկու հարևան պետությունները, վերջին հարյուրամյակում թվով երրորդն է: Դրանք երեքն էլ միևնույն կարգավիճակով միաժամանակ ստեղծվում և միաժամանակ էլ դադարում են գոյություն ունենալուց, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանն իր կարևորությամբ գտնվում է հզոր ուժերի մշտական ազդեցության ներքո, և որ այս երկրների ճակատագրերի կայացման խնդրում նրանց ժողովուրդներից մինչ օրս այնքան էլ շատ բան կախված չի եղել: Հայաստանը, ինչպես երբևէ, գտնվելով մեծ տերությունների խաչմերուկում, շարունակում է օգտագործվել որպես բախարգելիչ պետություն: Նա ունի խնդիրներ իր չորս հարևաններից առնվազն երկուսի հետ, և որպեսզի կարողանա լուծել այդ խնդիրները` երրորդ ուժին բաժիններ է հատկացնում իր ինքնուրույնությունից ու ազգային հարստությունից: Մեր երկիրը հարուստ չէ բնական պաշարներով, իսկ ժողովուրդն աչքի չի ընկնում աշխատասիրության, չափավորության, կազմակերպվելու, օրինապահության, հանդուրժողականության բարձր ունակություններով: Այստեղ առկա են սոցիալական բարձրագույն բևեռվածություն, արդարության նկատմամբ հավատի սակավություն: Այս բոլորը ևս կարելի է պայմանավորել նույն ուժի ազդեցության գոտում երկարատև գտնվելու հանգամանքով, որի շահերից չի բխում ուժեղ Հայաստանի հեռանկարը: Մտածելու տեղիք տվող մի խնդիր. Կալիֆոռնիա գաղթում են հայեր աշխարհի տարբեր ծագերից, սակայն ճաղավանդակների հետևում հայտնվում են հենց հայաստանցիները:
Եվ այսպես, հարյուր հազարավոր հայեր գնում են համալրելու արտերկրի հայության (այն, ըստ իս, անընդունելիորեն դասակարգվում է իբրև սփյուռքահայություն) շարքերը: Գնում են, քանի որ, բոլոր հանգամանքները հաշվի առնելով հանդերձ, ի վերջո նրանց համար այստեղ փակ են դռները: Իսկ եթե մնային, ապա միայն կխորացնեին սոցիալական լարվածությունը հանրապետությունում: Մինչդեռ հայտնվելով արտերկրում` նրանք օգնում են իրենց հարազատներին, պետությանը: Այդուհանդերձ, Հայաստանի ժողովուրդը մնում է կառչած իր հայրենի հողից, իսկ մեր հայրենիքն արտերկրներում ապրող հայության մարդկային, դրամական ու քաղաքական օժանդակության պայմաններում շարունակում է դիմակայել նետված մարտահրավերներին: Եթե մի պահ պատկերացնենք, որ աշխարհի չորս ծագերից հայ ժողովրդի զավակները վերադառնան Հայաստան, ապա դժվար չի լինի կանխագուշակել նաև, թե ինչ է սպասում մեզ:
Աշխարհաքաղաքական ազդակներով պայմանավորված` գաղթելու ու սփռվելու հատկությունը մշտապես, իր ողջ պատմության ընթացքում է ուղեկցել մեր ժողովրդին. այն պայմանավորված չէ միայն ցեղասպանության հետևանքներով: Այն ներթափանցել է մեր էության մեջ, խառնվել արյանը` հայ ժողովրդին իր բնույթով դարձնելով աշխարհասփյուռ: Սա է պատճառը, որ համարվում ենք մոլորակի` օտարության մեջ գտնվող ամենակազմակերպված ազգերից մեկը: Եվ չնայած ձուլման հանգամանքին, դատելով պատմական փորձից, աշխարհասփյուռ ապրելաձևն արդեն գրված է մեր ճակատին ու մշտապես ուղեկցելու է մեզ:
ՈՒստի աշխարհասփռվածությունը պետք է համարել ոչ թե պատիժ, այլ ազգային գոյատևման նախապայման ու երաշխիք: Այսպիսով, հայ ժողովրդի գոյության միջոցը ազգային գիտակցության առկայության պայմաններում նրա զավակների աշխարհասփյուռ ապրելակերպն է:
Աշխարհում կան տասնյակ ժողովուրդներ, որոնք երազում են հայրենիք ունենալ: Եվ որքան երջանիկ ենք, որ ունենք մեր երկիրը, պետք է կարողանալ մեծապես գնահատել Աստծո այս պարգևն ու պահել այն աչքի լույսի պես: Սակայն դա չպետք է մեզ մոլորության մեջ գցի, որ կարևորենք միայն նրա նշանակությունը և գերագնահատենք մեր հայրենիքի հնարավորությունները համահայկական խնդիրներում: Մենք վերջապես հասկացել ենք, որ Հայաստանն ու արտերկրի հայությունը մեկ ամբողջություն են, տասը միլիոնանոց մեկ ընտանիք, և որ մեկն առանց մյուսի չի կարող լինել լիարժեք:
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ ժողովրդի ազգային գիտակցությունը սնուցող բաղադրիչներ կարող են հանդիսանալ եկեղեցին, հայրենիքը, լեզուն, գիրը, պատմությունը, սովորույթները, մշակույթը, ցեղասպանությունը, պահանջատիրությունը, Արարատ լեռը: Այդպիսի բաղադրիչ կարելի է համարել նաև հայ լինելու ենթագիտակցական տարրը. դա գիտակցության խորքում գտնվող այն զգացողությունն է, թե հայերս ինչ-որ առանձին տեսակ ենք, այլոց չնմանվող, որ մեր ակունքը կարծես կրում է ինչ-որ խորհուրդ, որ աշխարհում ունենք կարևոր դերակատարություն: Ահա այս բաղադրիչների, դրանց մի մասի կամ դրանցից նույնիսկ մեկի շնորհիվ է, որ տարասփյուռ մեր հայրենակիցները մնում են հավատարիմ իրենց ազգային ինքնությանը, հիշում են իրենց ծագումը: Իսկ ազգային ինքնության գիտակցման կամ հիշողության անշահախնդիր զգացողությունն անպայմանորեն ծնում է ազգային պարտավորություն, որն անխուսափելիորեն վերածվում է փոքր կամ մեծ հայանպաստ գործի: Այնպես որ, ազգային գիտակցությունը հայության ամենակարևոր ներուժն է, սակայն այն արթուն պահելու համար հարկավոր է գրգռել վերը թվարկված բաղադրիչների օգնությամբ:
Վերջին տասնամյակներում տեղի է ունենում ազգապահպանման համար բարենպաստ երկրներից, ինչպիսիք են Հայաստանը, Մերձավորարևելյան և Փոքր Ասիայի պետությունները, մեր ազգակիցների շարունակական բնույթ կրող արտահոսք դեպի ազգապահպանման համար անբարենպաստ, սակայն զարգացած ու ազդեցիկ երկրներ: Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում, մի կողմից` սպասվում է արտերկրի հայության համաշխարհային ազդեցության ուժգնացում, մյուս կողմից` ծառանում է ուծացման ահագնացող վտանգը: Արևմտյան քաղաքակրթության լարված ապրելակերպի պայմաններում առանձնապես կարևորվում են ազգային գիտակցության այնպիսի բաղադրիչները, որոնց պահպանումը մեր հայրենակիցներից չի պահանջում լրացուցիչ ջանքեր կամ ժամանակ: Այստեղ կարևոր դերակատարություն կարող է ունենալ հայ լինելու ենթագիտակցական տարր-բաղադրիչը, ինչին դեռ կփորձենք անդրադառնալ այս նյութի շրջանակներում:
Ազգային գիտակցության որոշ բաղադրիչների հասանելի քարոզչությունը նպատակահարմար է նաև խառնամուսնությունների ծնունդ` իրենց հայ չհամարողների նկատմամբ: Այդպիսիք, լինեն հասարակ մարդիկ, թե ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայությանը վերաբերող հարցերում կարող են հաշվի առնել իրենց երակներում հոսող հայի արյան հանգամանքը, եթե, իհարկե, չկա որևէ հակասություն նրանց հիմնական շահերի միջև: Աշխարհասփյուռ մեր ազգի մի մասի շարունակական ձուլման պայմաններում հայի արյան գործոնը նույնպես պետք է համարել հայօգուտ ներուժ:
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Փորձենք հասկանալ, թե ինչն է ի զորու նպաստելու աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդմանը: Միգուցե մի նոր կենտրոնի ստեղծո՞ւմը Հայաստանում կամ արտերկրներից մեկում, սակայն օտար ուժերի միջամտության կամ երկրի որևէ իշխանության մարդկային հնարավոր գայթակղության հանգամանքները կասկածի տակ են դնում այդպիսի կենտրոն ունենալու նպատակահարմարությունը: Նման կենտրոնը չի կարող լինել հուսալի, հեռանկարային և ի հայտ է բերում այն վտանգը, որ կարող է ծառայեցվել ազգի շահերին չհամապատասխանող նպատակների: Պարզվում է, որ համակենտրոնացումը, հատկապես ոչ մեծ ազգերի պարագաներում, միշտ չէ, որ կարող է բխել ազգային շահերից:
Հիշենք միասնականության պատրվակով արտերկրի կաթողիկոսությունն իր կցորդը դարձնելու խորհրդային վարչակարգի անհաջող փորձերը, որն իրականանալու դեպքում, ճիշտ է, երկուսի փոխարեն ստեղծվելու էր մեկ կառույց, սակայն այս փոփոխությունը չէր նպաստելու հոգևոր կամ ազգային նպատակներին: Համանման կարծիքներ շարունակում են հնչել նաև այսօր, որպես օրինակ բերվում են ռուսական եկեղեցում տեղի ունեցող միավորման երևույթները` մոռանալով, որ ռուս ժողովրդի ամբողջ ուժն ու զորությունը կենտրոնացված են իրենց հզոր պետության մեջ, մինչդեռ մեր ժողովրդի պարագայում այդ ուժն ու զորությունը սփռված են աշխարհով մեկ: Եվ մի՞թե միասնական կամ միաբան չեն վարչականորեն միմյանցից անկախ առաքելական միադավան զույգ կաթողիկոսությունները, ազգային ո՞ր խնդիրների ու նպատակների շուրջ են տարաձայն ու չեն գործել կամ գործում ի շահ դրանց իրագործման, հայության այդ ո՞ր ցավին են եղել անտարբեր, ո՞ր կանչին` անպատասխան: ՈՒ եթե ինչ-որ բան փոթորկում է այս միաբանությունը, ապա դա առաջին հերթին հենց հաճախակի խոսակցություններն են, ըստ իս, իրականում գոյություն չունեցող անմիաբանության մասին: ՈՒստի համաձայնենք, որ երկուսն էլ միավորված են ազգային ճշմարիտ արժեքների շուրջ: Եվ յուրաքանչյուրիս թող առաջնորդի շատերին հարազատ ու երջանկացնող այն զգացողությունը, որ զույգ կաթողիկոսությունները, պատրիարքությունները կամ կաթոլիկ միաբանության հրաշալի եկեղեցիներն ու հաստատությունները հավասարապես մեզնից յուրաքանչյուրինն են, մեր ազգի հարստությունը:
Հայ եկեղեցին համարվում է ազգային ինքնության պահպանման ամենահուսալի միջոցը, քանի որ, ինչպես ցույց է տալիս կյանքը, իրենց մայրենի լեզուն իսպառ մոռացած արտերկրում ապրող մեր բազում հայրենակիցներ շարունակում են իբրև հայ համախմբվել նրա շուրջը: Ահա թե ինչու միասնության հարցը շոշափվեց հենց այս պարագայում:
Եվ այսպես, ո՞րն է այն կարող ուժը, որը կոչված է համախմբելու և միավորելու ողջ հայ ժողովրդին: Մտորումների արդյունքում կարելի է եզրահանգել, որ այդ ուժը ձևավորվում է ազգային գերակա երկու արժեքների ազդեցությամբ: Առաջինը Հայ եկեղեցին է, որին մեր ժողովուրդը պարտական է իր ազգային դիմագծի կերտման ու մինչ օրս գոյության համար: Երկրորդ գերակա ազգային արժեքն այսօրվա ու վաղվա մեր հայրենիքն է: Թերևս այս երկու արժեքներին կարելի է ավելացնել նաև երրորդը, որը քողարկված է մեզնից և բացահայտման կարիք ունի, թեև բնակվում է հայի գիտակցության մի անկյունում ու առնչվում է նույն երկու արժեքներին: Սա կարող է վերաբերել հայությանը վերապահված առաքելությանը` աշխարհում նրա գալիք դերակատարությանը:
Ահա այս երեք միաձույլ արժեքները կարող են լինել անշոշափելի ու հոգեղեն գերագույն այն հրամանատարը, որը կոչված է առաջնորդելու հայ ժողովրդի սփռված հատվածները, նշված արժեքների հաղորդած ազդակների ուժգնությամբ պայմանավորելու ազգի համախմբման ու զորացման աստիճանը:
Այսպիսով, մեր ժողովրդի միասնության կատարելաձևը նրա աշխարհասփյուռ զավակների և զանազան կառույցների ապակենտրոն գոյությունն է ազգային գերակա արժեքների շուրջ: Այստեղ, իհարկե, խոսքը չի վերաբերում հայրենի պետական կառույցներին:
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ
Գոյություն կունենա՞ր այսօր հայ ժողովուրդը, եթե չընդուներ քրիստոնեական կրոնը, եկեղեցու ծոցում չստեղծվեր հայոց այբուբենը, չգրվեին հայալեզու առաջին գրքերն ու ազգային ինքնության խորհրդանիշ հայատառ Աստվածաշունչը: Կգոյատևեի՞նք, արդյոք, եթե եկեղեցին դարերի ընթացքում չհամախմբեր ու չառաջնորդեր իր ցաքուցրիվ զավակներին: Համաձայնենք, որ պատասխանն այստեղ չի կարող լինել դրական: Դեռ ավելին, հետ նայելով մեր պատմական անցյալին, կարելի է նկատել, որ հայ ժողովրդի ձևավորման ավարտը պայմանավորված է հենց այս կրոնով: Կարելի է ասել նաև, որ հայությունը վերածնվել, վերստեղծվել է քրիստոնեությամբ: Ազգային մշակութային ողջ անցյալը նույնպես հայ եկեղեցու շնորհիվ միախառնված է Հիսուս Քրիստոսի հավատքին:
ՈՒրեմն պետք է անել այն հետևությունը, որ այս կրոնի արժեհամակարգից հեռացումը կնշանակի ազգային դիմագծի ձևախեղում, հայությունից աստիճանական հեռացում: Եվ ընդհակառակը, այդ արժեհամակարգին մերձենալը կզորացնի մեր ազգային ինքնությունը:
Քրիստոնեական արժեհամակարգն ունի կարևոր նշանակություն նաև հայկական պետության համար. չսպանելու, չբռնանալու, չգողանալու քարոզչությունը կարող է միայն սատարել առողջ և ամուր հասարակություն կերտելու գործին: Բավական է մարդը հավատա Աստծո գոյությանը, ով պատվիրել է հանցանք չկատարել, որ չբռնի հանցագործ ուղին: Ասածիս օգտին է խոսում խորհրդային անաստվածության պայմաններում այդ երկրի տարածքում ձևավորված և մեր կենցաղից մինչ օրս անբաժան` աշխարհում իր նախադեպը չունեցող «գողական գաղափարախոսության» ֆենոմենը:
Հայաստանում չի գտնվի մի հայ, որն իրեն քրիստոնյա չհամարի, սակայն պետք է խոստովանել, որ լայն հասարակությունը պարզապես անտեղյակ է այս կրոնի բովանդակությանը և սահմանափակվում է խաչ կրելով ու եկեղեցում մոմավառությամբ ինչ-որ բան խնդրելով: Իսկ Տերունական աղոթք ասողներին կամ սուրբ պատվիրաններով առաջնորդվողներին հասարակությունը, փաստորեն, մերժում է` որակելով այդպիսիներին աղանդավոր կամ հավատացյալ, քանի որ վերջինն այսօր ձեռք է բերել բացասական իմաստ: Այսպիսով, մենք կարող ենք հայտնվել ինքներս մեզ քրիստոնյա համարող հեթանոսների դերում: Հայաստանում հոգևորականությունը նույնպես, կարծես թե, մոռանում է իր հիմնական դերակատարությունը և կենտրոնանում միայն անդրանցական նպատակների, ծիսական արարողությունների կամ եկեղեցական տոնակատարությունների վրա:
Հայտնի է, որ քրիստոնեությունն աշխարհը դարձրել է մարդասեր ու ավելի բարի, նրա ազդեցությամբ է դարերի ընթացքում ձևավորվել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային օրենսդրությունը: Այն առավել ևս կոչված է գործնականորեն նպաստելու հայ ժողովրդի զորացման, օրինապահ և բարոյապես առողջ հասարակություն կառուցելու գործին: Հետևաբար, կարելի է պնդել, որ այս կրոնի ներգործությամբ միայն եկեղեցին չէ, որ պետք է շահագրգռված լինի:
ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ` ԴԱՐՁՅԱԼ ՄՏՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շատերի համար գաղտնիք չէ, որ հայերիս հոգեհարազատ են պարսկական, արաբական ու հրեական քաղաքակրթությունները, և պատճառը սա է, որ հայերը բնավորվել են հենց այդ երկրներում, այնտեղ ստեղծել իրենց ազգային-կրոնական հաստատությունները: Ընդունելի է նաև այն միտքը, որ այս տարածաշրջանում թշնամանքն ու հակամարտությունները մեղմելու գործում կարող է մեծ դերակատարություն ունենալ կրոնական գործոնը, քանի որ Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում ողջ բնակչությունը պատկանում է Աբրահամական կրոնական խմբին, որի երեք կրոններն ունեն գաղափարական, բարոյական, մարդասիրական ընդհանրություններ: Կրոնական հողի վրա երկխոսության ծավալումը կարող է ստանձնել նաև Երուսաղեմի հայոց պատրիարքությունը:
Խորհրդանշական չէ՞, արդյոք, կրոնների համաշխարհային մայրաքաղաքի չորս թաղամասերից մեկի հայկական անվանվելն ու մեր ազգային հարստություն հանդիսանալը այն պարագայում, երբ մյուսները (հրեական, քրիստոնեական, մուսուլմանական) ներկայացնում են հենց նույն Աբրահամական երեք կրոնները:
Գուցե երկխոսությունը հետագայում կհավակնի վերածվելու եռախոսությա՞ն։
Որոշ սրբակենցաղ մարդիկ կանխատեսել են, որ ներկա դարում աշխարհում տեղի է ունենալու կրոնական և հոգևոր արժեքների զարթոնք: Տրամաբանորեն սա իրականանալու է նյութական արժեքների գերհագեցվածության հետևանքով: Թվում է` մոլորակի վրա կան ազդեցիկ ուժեր, որոնք սկսում են մտածել այս ուղղությամբ, սակայն, հավանաբար, ապագայի անորոշությունից ելնելով, վճռական չեն իրենց երկրներում կրոնական հասարակություն կառուցելու գործում: Հնարավոր է, որ նշված ուժերը շահագրգռված լինեն որևէ երկրում քրիստոնեական հասարակության կայացման համար, որպեսզի այնուհետև հետևեն այդ օրինակին, իսկ մեր երկիրը, հայտնի հանգամանքների առումով, կարող է ամենահարմարը լինել` ստանալով մոլորակի մեծակարող ուժերի աջակցությունը: Կարծում եմ` արդյունքում հասարակությունը միայն կշահի, կվերագտնի իր բարոյական նկարագիրը, կզորացվի ու կհամախմբվի աշխարհասփյուռ ամբողջ հայությունը: Հայաստանի Քրիստոնեական Հանրապետության կայացումը կարող է օրինակ հանդիսանալ աշխարհի այլ երկրների համար: Չպետք է նաև վախենալ իսլամադավան երկրների հակազդեցությունից, ընդհակառակը, ինչպես պարզվում է, այդ կրոնի գաղափարախոսությունը շատ ավելի մոտ է քրիստոնեական արժեքներին, քան Աստծո գոյությունն անտեսող արևմտյան կենցաղավարությունը: Տվյալ պարագայում պետք է միայն մտավախություն ունենալ մեր նշած արժեքների աղավաղման կամ շահարկման սարսափելի հետևանքներից:
ՀԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՆ ՓՈՐՁ
Ինչո՞ւ է մեր գիտակցության մի անկյունում բույն դրել այն զգացողությունը, թե այն ազգությունը, որին պատկանում ենք մենք, յուրահատուկ է ու կարևոր իր նշանակությամբ: Դրա արտահայտչաձևերից չէ՞ արդյոք հանրաճանաչ անհատներից մինչև փարավոնական դինաստիաներ հայացնելու մեր վարքագիծը: Գենետիկորեն ժառանգվող այս ենթազգացողությունը հասկանալու համար պետք է ինքներս մեզ լավ ճանաչենք և կարողանանք ժամանակի միջով հետընթաց ուղևորություն կատարել դեպի մեր ժողովրդի ծագման ակունքները: Պատմագրությունն իր վրա որևէ ժամանակաշրջանի քաղաքական ազդեցության հետքը միշտ է կրել, պետք է հաշվի առնել այս հանգամանքը, և, կարծում եմ, ժամանակն է, որ անաչառ ու բարձրակարգ մասնագետները զբաղվեն մեր վաղ շրջանի պատմության ուսումնասիրությամբ: Մտորելու համար միայն ասեմ, որ Պատմահայրը հայոց երկրի գոյացումը պայմանավորում էր Արծրունիների ու Բագրատունիների տներով, որոնցից առաջինը սերում էր Ասորեստանի թագավորական տոհմից, իսկ երկրորդի կապակցությամբ հիշատակում է Աբրահամին, որին Տերը, համաձայն Աստվածաշնչի, խոստացել էր, որ իրենից թագավորներ պիտի ծնվեն: Իսկ պարթևների մասին, որոնցից սերում են հայոց Արշակունիները, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սահակ Պարթևը և ուրիշներ, պատմիչը գրում է, որ նրանք ծագում են դարձյալ Աբրահամի երրորդ կնոջից (համարվում է, որ առաջին երկուսից սերել են հրեաներն ու արաբները- Ա. Վ.): Միգուցե հենց Սուրբ Գրքի հետ է առնչվում մեր այդ ենթազգացողությունը: Գուցե, իրոք, հայությանն ի վերուստ մի առաքելություն է վերապահված, օրինակ, այսպիսին. իբրև առաջին քրիստոնյա, վերադառնալով քրիստոնեական արժեքներին, լինել մարդկության հոգևոր փրկագործության առաջնեկը, ինչպես Արարատը խորհրդանշեց մարդկության ֆիզիկական փրկագործությունը:
Հավատք` Աստծո երկրային գործերին մասնակցելու համար ընտրված լինելուն. ահա թե ինչը կարող է լինել միաբանող, ազգապահպան, ոգեշնչող ու զորացնող ամենակարող ուժը. այն ունակ կլինի նաև ստիպելու մարդկանց վերագտնելու և մինչև իսկ կերտելու իրենց հայությունը:
ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ
Իհարկե, կարող են գտնվել այնպիսիք, որոնց համար ընդունելի կլինեն վերն արտահայտված մտքերը, կլինեն նաև հայրենակիցներ, ովքեր դրանք կընդունեն միայն մասամբ: Իսկ հարգարժան այն ընթերցողներին, ովքեր արդեն կայացրել են սույն հոդվածը դատապարտող որոշում, կխնդրեի, այնուամենայնիվ, փորձել այնտեղ փնտրել խորհելու թեկուզ մի փոքր նյութ. հենց այդ նպատակն է հետապնդում ողջ շարադրանքը:
Բոլոր դեպքերում, արծարծված մոտեցումները, միտված լինելով լրացնելու հայապահպանության, ազգի միասնականության, հայի ինքնության զորացման աշխարհասփյուռ նախաձեռնությունները, կարող են միայն օգտակար լինել ինչպես օտարության պայմաններում ապրող յուրաքանչյուր հայի, այնպես էլ, անկախ խավից, հայրենիքի ցանկացած քաղաքացու համար:
Աշոտ ՎԱՎՅԱՆ