Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՈՒ ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՅԼԱՍԵՐՎՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՈՒ ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՅԼԱՍԵՐՎՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ
03.11.2009 | 00:00

Հռետորական հարցերը պատասխան չեն ակնկալում, ամբողջ իմաստն այդ հարցերն առաջադրելու և հասարակության ուշադրությունը բևեռացնելու մեջ է: Բայց, դժբախտաբար, մենք ընտելացել ենք ոչ միայն հռետորական հարցերին, այլև ամեն ինչի: Շատ տարօրինակ «պատվաստում» է մեզ կատարվել` իմունիտետ ենք ձեռք բերել ամեն ինչի ու ամենքի նկատմամբ: Մեզ ոչինչ չի հետաքրքրում, մեզ ոչինչ չի վերաբերում, մեզ ոչինչ չի մտահոգում: Անտարբերության մեր պատյանի մեջ պարփակված` մենք նաև շատ տարողունակ արդարացում ենք հնարել` ի՞նչ կարող ենք մենք անել, մեզնից ի՞նչ է կախված, մի՞թե մենք կարող ենք ինչ-որ բան փոխել: Եվ երբ այսպես է մտածում մեզնից յուրաքանչյուրը կամ գոնե մեր գերակշռող մասը, հենց այդպես էլ լինում է:
Հետևանքը հասարակական արժեհամակարգի փլուզումն է, երբ սանդուղքը ոչ վեր, ոչ վար չի տանում, որովհետև չկան սանդղոտները` չափանիշներ չունեն մեր չափանիշները: Շատ ընդհանրական ու տարտղնված են մեր պատկերացումները բարու, գեղեցիկի ու հավերժականի մասին: Այնքան ընդհանրական, որ կարող են վերաբերել 0-20 ու 20-ից հետո բոլոր դարերին, բայց ոչ 21-ին, որովհետև մեր ժամանակում մենք աղճատել ու աղավաղել ենք այդ բարին, գեղեցիկն ու հավերժականը` բարին դարձնելով ձեռնտու, գեղեցիկը` շահավետ, հավերժականը` առօրեական:
Արժեհամակարգերի ոչնչացման ուղղակի ածանցյալը բարոյականության անկումն է: Բարոյականության պատկերացումների ու դրսևորումների: Չգիտես ինչու, անբարոյականության ըմբռնումը գերազանցապես հանգուցվում է ամուսնական դավաճանությանը` սկսվում ու վերջանում է այդ կետում: Կարևոր կետ է, բայց ոչ միակը: Անբարոյականությունը սկսվում է, երբ դավաճանում ես ինքդ քեզ` քո սկզբունքներին, կամ` ավելի վաղ, երբ այդ սկզբունքները դասդասում ես մի սկզբունքով` ամեն գնով հասնել հաջողության: Նպատակն արդարացնում է միջոցները: Նայած նպատակ: Երբ նպատակը սուտն է, զրպարտությունը, խաբեությունն ու ստորությունը, միջոցները ոչ թե արդարացվում են, այլ բումերանգի օրենքով հետհարվածի իրավունք են ստանում:
Մերկապարանոց բարոյախոսության ոչ մի ցանկություն չունենալով` պարզ մի հարց եմ ուզում տալ` ինչպե՞ս եք վերաբերվում «մերկացնող» լրագրային հրապարակումներին, հրապուրո՞ւմ են ձեզ այդ հրապարակումներին կից «մեկնաբանությունները»` լավ հայտնի մարդկանց լուսանկարային մոնտաժները, որոնց պատճառով նրանք ներկայանում են կամ մերկ, կամ անպարկեշտ կերպարանքով: Այդ «հանճարեղ հնարամտությունը» հարվածում է պատկերվողի՞ն, թե՞ պատկերողին: Ես չգիտեմ` պատասխանների ի՛նչ վիճակագրություն կստանամ արժեքները կորցրած ու իր կորուստը չգիտակցող հասարակության մեջ, բայց միանշանակ է` մամուլի բարոյականությունը չի որոշվում բարոյականության մասին առանձին լրատվամիջոցների ղեկավարների ու աշխատակիցների պատկերացումներով, որովհետև այդ պատկերացումները ձևավորվել են նրանց անձնական չկայացածության ու գռեհկության, ցինիզմի ու սեփական ամենակարողության-անպատժելիության մտացածին պատկերացումների հիման վրա:
Լրատվամիջոցների ազատություն ու անկախություն հասկացությունը բոլորովին չի ենթադրում ամենաթողության ու անկապության ամենօրյա շնորհանդես` հրապարակված համարի տեսքով: Անկախ լրատվամիջոցն իրականում ավելի շատ տաբուներ պիտի ունենա` մասնագիտական ճշգրտություն, բարոյականություն, հավաստիություն, գիտականություն, անաչառություն, որակներ, որ հնարավոր չէ գնել ու վաճառել: Սա, իհարկե, չի նշանակում, որ այլ արժեքներ դավանողները պետք է մնան ձեռնունայն` նրանց համար կա համապատասխան մամուլ, որտեղ ցանկացած մերկություն խրախուսվում ու գնահատվում է, և այդ մամուլում աշխատելը նվազ շահավետ ու պատվաբեր գործ չէ, ոչ էլ նվազ մասնագիտական որակներ է պահանջում: Վարձն էլ ավելի մեծ է:
Հակոբ Պարոնյանն ասում էր. «Հայհոյանքը փաստի սով է»: Նա չէր էլ պատկերացնի, թե իրենից տասնամյակներ անց իր «սոված» հայրենակիցներն ինչ գյուտեր կանեն հայհոյանքի տարատեսակների հայտնագործման ասպարեզում` միմյանցից առաջ ընկնելու նկատառումներով, որովհետև սկզբունքը կլինի մեկը` «Ով ավելի վատ, ով ավելի շատ` նրան ավելի լավ, նրան ավելի շատ»:
ՈՒղղակի վիրավորական է, որ անկախության երկրորդ տասնամյակում էլ, ի թիվս կայացած արժեքների, ոչ մի վերապահումով չես կարող գրանցել ո՛չ մամուլը, ո՛չ զանգվածային մյուս լրատվամիջոցները: Եվ շատ հեշտ է պատճառները միայն ֆինանսական համարել, նույնիսկ ինքնածախսածածկման ու շահույթի ապահովման դեպքում հազիվ թե գործող շատ լրատվամիջոցներ հրաժարվեն իրենց ավանդական «քննադատությունից» ու «փառաբանությունից», որի ընկալումը հավասարվում է ստացած վճարի չափին:
Վիրավորական ու ցավալի է, որ հասարակության մեջ այլասերվում է լրագրության ու լրագրողի մասնագիտական պատկերացումը, և քաղաքական առևտուրը շուկայի օրենքներով մտնում է այն ասպարեզը, որն իր գոյությամբ պիտի այդ առևտրի բացառումը լինի:
Ցավալի ու անհանդուրժելի է, որ ոմանց համար լրագրությունը վերածվել է նեյտրոնային զենքի` ոչնչացնում է մարդուն ու մարդկայինը, նյութական այլ վնասներ չպատճառելով, իսկ հոգեկանի ու բարոյականի կորուստն ամենաանհատույց ու անվերադարձ կորուստն է: Հրանտ Մաթևոսյանն ասում էր` «Մենք բոլորս անկրկնելի ենք»: Նա չէր ասում, բայց այդպես է` մենք բոլորս ոչ միայն անկրկնելի, այլև անփոխարինելի ենք, և միմյանց ոչնչացման այդ անհագուրդ կիրքն ուղղակի ինքնաոչնչացում է ու... ի վերջո, ծիծաղելի է` ոչ մեկին դեռ չի հաջողվել սպիտակը սև և սևը սպիտակ դարձնել: Անհեթեթ է մեր օրերում Ջորդանո Բրունոյին նորից ու նորից խարույկ բարձրացնել` ապացուցելու համար, թե աշխարհը տափարակ է, որտեղ ուժն է որոշում իրավունքը, օրենքներն արդեն սահմանել են, որ աշխարհը կլոր է, ընդունենք-չընդունենք, օրենքները մնում են օրենքներ: Աշխարհում շատ ավելի հետաքրքիր ու արժանի գործեր կան, քան միմյանց հոշոտելն ու միմյանց ոսկորների վրա խրախճանելը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ