Իրանի «Քուղեշ Դավթյան» և «Մարիամյան» հայկական դպրոցների` Լոս Անջելեսում բնակություն հաստատած մի խումբ շրջանավարտների նախաձեռնությամբ 1987-ին այստեղ ստեղծվեց «Դավթյան-Մարիամյան կրթական հաստատությունը», որի նպատակն էր Լոս Անջելեսի տարբեր քաղաքների շուրջ 30 ամերիկյան պետական տարրական դպրոցներում բացել հայկական դասարաններ, երեխաներին հայերեն գրել-կարդալ սովորեցնել, ծանոթացնել հայոց պատմությանը, հայ մշակույթին։ Գործունեության 25 տարիներին ինքնահաստատվելով, այսօր հաստատությունը սերտորեն համագործակցում է այդ քաղաքների կրթական խորհուրդների հետ, ինքնուրույն է լուծում դասագրքերի, նմուշօրինակային ուսուցողական թեստերի կազմման ու հրատարակության, հայերենի որակյալ ուսուցիչների ու բանիմաց մանկավարժների հավաքագրման հարցերը։ Իհարկե, այդ հրատարակությունները հղկման, համակարգման, լրամշակման կարիք ունեն, սակայն կատարվող աշխատանքը, միևնույն է, դրվատանքի է արժանի։
Բացի հայերենի ուսուցումից, կրթական հաստատությունը ստանձնել է նաև տարբեր միջոցառումների կազմակերպման հոգսը, որոնց նպատակը, վերջին հաշվով, դարձյալ հանգում է հայապահպանությանը։ Ահա այս շրջանակներում, սկսած 2005-ից, արդեն ութերորդ տարին անընդմեջ հաստատությունն անցկացնում է հայրենագիտական մրցույթ, որին մասնակցում են ամերիկյան պետական տարրական դպրոցների 4-6-րդ դասարանների հայ երեխաները։ Այս մրցույթը նպատակ է հետապնդում խորացնելու դպրոցականների հետաքրքրությունը Հայաստանի ներկայի, նրա պատմության, մշակույթի նկատմամբ, օգնելու նրանց ճանաչել հայրենիքը, հպարտանալու հայրենիքով, նրա դրոշով, զինանշանով, օրհներգով։
Այս տարվա մրցույթը տեղի ունեցավ մայիսի 6-ին։ Նախնական ընտրական փուլը, հայերենի ուսուցիչների հսկողությամբ, ավելի քան մեկ ամիս անցկացվում էր 20 դպրոցներում, իսկ շուրջ 250 աշակերտներից ընտրված 51 լավագույնները եզրափակիչ փուլում, գրավոր պատասխանելով առաջադրված 60 հարցերին, իրենց ծնողների ներկայությամբ պայքարեցին մրցանակային տեղերի համար։ Նույնիսկ ի զարմանս կազմակերպիչների, այս տարի հետաքրքրությունն այնքան մեծ էր, իսկ մասնակիցներն այնքան պատրաստված, որ ժյուրին, չնայած խիստ ընտրությանը, ստիպված էր փոփոխություն մտցնել մրցույթի կանոններում և 1-3 տեղերի համար, մեկականի փոխարեն, երեքական մրցանակ սահմանել։
ԼՈՒՍԻՆ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, ՌՈՆԻՔՍ ՄԿՐՏՉՅԱՆ, ԱՐՄԵՆ ՀԱՆՆԵՍՅԱՆ` ահա առաջին մրցանակ նվաճածների եռյակը, որոնք, շնորհագրերից բացի, ստացան նաև դրամական պարգև։ Համապատասխան շնորհագրերի ու դրամական պարգևների արժանացան նաև երկրորդ և երրորդ մրցանակների արժանացածները։ Եվ քանի որ եզրափակչին մասնակցելն արդեն բարձր գնահատական է, բոլոր 51 մասնակիցներն էլ ստացան «Գնահատագրեր»։
Ինձ համար հաճելի անակնկալ էր քաղաքային իշխանությունների ուշադրությունը «Դավթյան-Մարիամյան կրթական հաստատության» գործունեության նկատմամբ, և դա հոգածություն է աճող սերնդի նկատմամբ, ամերիկյան հասարակությանը ներդաշնակ քաղաքացիներ դաստիարակելու ձգտում։ «Գիտելիքի մրցույթին» իրենց մասնակցությունն էին բերել, ողջույնի խոսքով հանդես եկան և մինչև վերջ ներկա գտնվեցին Գլենդելի (մրցույթն անցկացվում է այս քաղաքի «Էդիսոն» տարրական դպրոցի հանդիսասրահում) կրթական խորհրդի նախագահ Քրիստինե Վալթերսը, փոխնախագահ Նաիրի Նահապետյանը։
Որպես փոքրիկ ուշադրության արտահայտություն, ուզում եմ կատարած մեծ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել «Դավթյան-Մարիամյան կրթական հաստատության» աշխատակազմին` ի դեմս հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանի, մասնավորապես հաստատության կրթական մասի պատասխանատու, մրցույթի հարցաշարի հեղինակ Նաիրա Մնացականյանին, ինչպես նաև առաջին մրցանակի արժանացած թոռնուհուս` Լուսին Ենգիբարյանի հայերենի ուսուցչուհի, համեստ ու ջանադիր մանկավարժ Անահիտ Քամալյանին, կրթական հաստատության հայերենի բոլոր ուսուցիչներին և հաջողություններ մաղթել իրենց այնքան կարևոր գործունեության ասպարեզում։
Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆ
Լոս Անջելես-Երևան