Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԹԵ ՏԱՆԸ ՄԵԾ ԿԱ, ՄԵԾԻՆ ՊԱՇՏԻՐ, ԹԵ ՄԵԾ ՉԿԱ, ՄԻ ՄԵԾ ՔԱՐ ԴԻՐ, ԴԱ ՄԵԾԻ ՏԵՂ ՊԱՇՏԻՐ

ԹԵ ՏԱՆԸ ՄԵԾ ԿԱ, ՄԵԾԻՆ ՊԱՇՏԻՐ, ԹԵ ՄԵԾ ՉԿԱ, ՄԻ ՄԵԾ ՔԱՐ ԴԻՐ, ԴԱ ՄԵԾԻ ՏԵՂ ՊԱՇՏԻՐ
09.09.2011 | 00:00

Վերջերս հեռուստատեսային լուրերով հայտնեցին, որ Եվրոպայում դպրոցների մուտքերը կահավորվելու են հատուկ սարքավորումներով: Եվ ինչպիսի՞: Առանց սարսուռի անհնարին է լսել այդ տեղեկությունը: Հաղորդավարը սովորական ձայնով տեղեկացրեց մի արտասովոր իրողության մասին: Բանն այն է, որ իշխանություններն ուզում են դպրոցի մուտքի առաջ տեղադրել մետաղորսիչ սարքեր, որ դպրոցականներն իրենց հետ դպրոց չտանեն զենք, ռումբեր և սպանության այլ պարագաներ: Հաղորդավարը սա հաղորդեց որպես շարքային մի նորություն, որպես սովորական մի իրողություն, կարծես այդպես էլ պիտի լիներ: Հաղորդեց ու գնաց, սակայն նրա ասածը մնաց իմ մեջ:
Ա՛յ լուսավորյալ Եվրոպա, ա՛յ քաղաքակիրթ Արևմուտք, էս ի՞նչ շան օրն եք ընկել: Էս ի՞նչ կրթական հաստատություններ եք հիմնել, որ սկսել եք բուծել իր նմանին խժռողների սերունդ: Եվ ամենավատն այն է, որ այդ կրթահամակարգը պարտադրվում է նաև մեզ: Մի արդյունքին նայեք, տեսեք, թե ինչ է ստացվում, նոր ընդօրինակեք: Ախր, բառի բուն իմաստով, այդ դպրոցներում իրար սպանում են ու գնդակահարում, բռնաբարում ու ծեծում: Ի՜նչ գեղեցիկ բաներ ուզում եք ասեք. նայեք արդյունքին: Նրանք, ի՞նչ է, միանգամի՞ց հասան այդպիսի «նվաճումների»: Իհարկե՝ ոչ: Սկզբում երեխայի իրավունքներ, ուսուցչի դերի նվազում, որքան հնարավոր է ազատություն, ներառական դավադիր կրթահամակարգի ներդրում, արժեքային համակարգի փարիսեցիական ներմուծում, երբ ամեն ինչի մասին խոսվում է լոկ, բայց ներքին պահանջ ու համոզմունք չի ձևավորվում: Ներառական կրթությունն ասում է, որ ապուշը, անմեղսունակը, իր արարքների համար անպատասխանատու երեխան նույն իրավունքներն ունեն և պե՛տք է սովորեն բոլոր երեխաների հետ: Կամաց-կամաց նրանց մեջ էլ է այդ համոզմունքն արմատավորվում, և մի օր էլ նրանք իրենց ներքին բարդույթը պարպում են՝ սպանելով, բռնաբարելով, խեղելով…
Հնարավոր չէ մարդկային բոլոր տեսակի հարաբերությունների համար օրենքներ սահմանել. երեխայի և հոր հարաբերությունները կարգավորել միա՛յն օրենքով, երեխայի և ուսուցչի հարաբերությունները կարգավորել միա՛յն օրենքով, մեծի ու փոքրի հարաբերությունները կարգավորել միա՛յն օրենքով: Այդ դեպքում պիտի մետաղորսիչ դնես յուրաքանչյուր տան առաջ, որ երեխան զենքով տուն չմտնի ու չսպանի իր ծնողներին:
Չպետք է խախտել չգրված օրենքները, որոնք հազարամյակի փորձության և հասարակության կազմակերպման լավագույն դրսևորումներ են՝ մեծի (ծնողների) նկատմամբ հարգանք, ուսուցչի նկատմամբ ակնածանք, ուսման նկատմամբ անսահման ձգտում: Այս օրենքները հայ հասարակության մեջ մտած են ավանդաբար՝ հեքիաթներով ու առասպելներով, դյուցազներգությամբ, առածներով ու ասացվածքներով, առակներով ու թևավոր խոսքերով:
Մի՞թե արժե այդքան հեշտությամբ հրաժարվել դարերի փորձության պտուղներից, ադամանդ դարձած իմաստություններից: Չէ՞ որ հարյուրավոր առածներ ունենք մեծի ու փոքրի փոխհարաբերությունների մասին, որոնք, ի վերջո, գործել են և տակավին գործում են մեր հասարակության մեջ: Օրինակ.
Հորթը որ կովի առաջն ընկնի, գելը կտանի:
Հոր ու մոր հարգը չիմացող զավակն Աստծո հարգն ի՜նչ իմանա:
Մեծի ասած, պստիկի լսած:
Խոսքը` մեծին, ջուրը՝ պստիկին:
Թե տանը մեծ կա, մեծին պաշտիր, թե մեծ չկա, մի մեծ քար դիր, դա մեծի տեղ պաշտիր: Եվ այլն, և այլն:
Ինչքան չորուցամաք օրենքներ ուզում ես դիր մեծի ու փոքրի միջև, դրանք այս մեկ առածի ներգործուն ուժը չեն ունենա: Այս առածներն ականջին օղ արած երեխաներն ու մեծերը այլ կերպ են նայում իրար, քան ամեն քայլափոխին ոստիկանին զանգող, ծնողին վախեցնող երեխան ու ծնողը:
Հիմա երիտասարդները չեն ամուսնանում, որովհետև առանձին տուն չունեն: Չեն ուզում ծնողների հետ ապրել: Առանց մտածելու, որ դա ավելի շատ իրե՛նց օգտին է: Ինչքան էլ գայթակղիչ է ազատությունը, սակայն ավելին է այդ ազատության բնականոն սահմանափակումը ծնողների ու մեծերի ներկայությամբ:
Եվրոպայի (նաև Ամերիկայի) դառը փորձը մեզ պետք է հուշի, որ երեխա-ընտանիք-ծնող-մեծ-դպրոց-ուսուցիչ հարաբերություններում չգրված օրենքները շատ ավելի զորեղ են և առաքինի, քան արտաքին կողմն ապահովող ու ներքինի վրա չազդող գրված հարյուրավոր օրենքները:
ՈՒրեմն՝ հարգանք մեծի նկատմամբ, սեր ծնողների նկատմամբ, ակնածանք ուսուցչի հանդեպ, նվիրվածություն ընկերոջը, ձգտում ուսմանը: Եթե այս հարաբերությունները կարգավորվեն միայն գրված օրենքներով, ապա իրար բարևելիս պետք է մետաղորսիչ սարքով ստուգենք դիմացինին՝ լինի ուսուցիչ, ծնող, ընկեր, թե անծանոթ մեկը:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ