Վերջին 107 օրվա ընթացքում լրատվամիջոցներում ամենաթեժ քննարկվող թեմաներից կարելի է առանձնացնել գլխավոր ճարտարապետ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ շուրջ ծավալված քննադատությունները և կառավարության շենքի թմբուկի լինել-չլինելու խնդրի թմբկահարումը։
Ի վերջո, անցած շաբաթ գլխավոր ճարտարապետը, պաշտոնավարման 100 օրը լրանալուն պես, ասուլիս տվեց` ներկայացնելով քաղաքաշինության առաջիկա երեք տարիների ծրագիրը։ Սակայն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ծրագրերին անդրադարձ չեղավ, ինչը, մի կողմից, բնական է, քանի որ կուտակված ասեկոսեները շատ ավելի էին հետաքրքրում ներկաներին։ Ինչպես և բնորոշ է Նարեկ Սարգսյանին, ասուլիսն անցավ առանց ժամանակի սահմանափակման, առանց նախապես պատրաստված հարցադրումների և, ամենակարևորը, հրավիրված էին ոչ միայն «ընտրյալ» լրատվամիջոցները։ Լրագրողներն իրենց հարցադրումներով հասան այն բանին, որ Նարեկ Սարգսյանն առաջին անգամ բարձրաձայնեց իր արած գործերն ու կոչումները։ Ասուլիսի ավարտից հետո 15-20 րոպե լրագրողները շարունակեցին ոտքի վրա իրենց հարցախույզը, և գլխավոր ճարտարապետը հրաժեշտ տվեց լրագրողներին, երբ նրանք իրեն «բաց թողեցին»։ Կարելի է ասել, որ նման հարգալից վերաբերմունքը լրագրողներիս հանդեպ փաստեց նաև, որ գլխավոր ճարտարապետը խույս չի տալիս ցանկացած ընդդիմադիր հարցից։ Իսկ հարցերն ու մեղադրանքները շատ էին. «Ճարտարապետների խորհրդի անդամները նշում են, որ ճնշում եք գործադրում իրենց վրա, միանձնյա որոշումներ կայացնում։ Ինչո՞ւ են գլխավոր և կարևոր նախագծերը վստահվում միայն Նարեկ Սարգսյանին, արդյոք դա չի՞ նշանակում, որ դաշտը մենաշնորհված է։ Ինչո՞ւ թմբուկի կառուցման հարցը չի դրվում հանրային քննարկման և այլն»։ Ի դեպ, չանտեսվեց նաև Հյուսիսային պողոտայի խնդիրը։ Այլ կերպ ասած, հարցեր, որոնք մամուլի էջերից չեն իջել այն պահից սկսած, ինչ գլխավոր ճարտարապետ նշանակվեց Նարեկ Սարգսյանը։ Հետաքրքրական է, որ հանրային քննարկման կամ քննադատության չարժանացավ այն փաստը, որ, մինչև Նարեկ Սարգսյանը, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակվեց անփորձ Միքայել Հասրաթյանը։ Արդյո՞ք եթե նա մնար գլխավոր ճարտարապետ, նույն թմբուկի հարցն այսքան կթմբկահարվեր` բացասական նոտաներով։ Ինչևէ։
Վերը նշված բոլոր հարցերին գլխավոր ճարտարապետը պատասխանեց. «Ավելի դեմոկրատ, ավելի ազատ և ստեղծագործական միջավայր ապահովող խորհուրդ, քան քաղաքաշինականն է, չկա։ Հինգ տարի եղել եմ Երևանի գլխավոր ճարտարապետ, և այդ տարիներին քաղաքաշինական խորհրդի նիստերը գումարվել են բացարձակ բաց ռեժիմով, լրատվամիջոցների մասնակցությամբ։ Քաղաքաշինության խորհուրդը նորմալ աշխատող մարմին է, և նրա քննարկումները պրոֆեսիոնալ հարթակի քննարկումներ են։ Ի դեպ, խորհրդում կան նաև իմ կարծիքի հետ չհամընկնող կարծիքներ ունեցող մարդիկ, որոնք իմ ընկերներն են»։ Տեղեկության կարգով ասենք, որ ճարտարապետական խորհրդի նիստը բոլոր ժամանակներում և այժմ էլ գլխավորում է քաղաքապետը։ Բոլոր դեպքերում, թե որքան են ազատ խորհրդի անդամները, կարծում ենք, իրենք կարող են ասել. «Նիստերի և, ընդհանրապես, աշխատանքային գործընթացը շատ ազատ է անցնում, գլխավոր ճարտարապետը մեծ տեղ է տալիս նոր առաջարկներին և նախաձեռնություններին։ Ավելին, մենք հեշտությամբ կարող ենք չհամաձայնել ներկայացված տեսակետի հետ»,- մեզ հետ զրույցում նշեցին խորհրդի անդամները և հաստատեցին, որ իրենք են առաջարկել ձևավորել խորհրդի նոր կազմ, ինչն էլ ընդունվել է։ Ինչ վերաբերում է կարևոր նախագծերն իրեն վստահելուն և դաշտը մենաշնորհելուն, Նարեկ Սարգսյանն ասաց. «Հարցի առաջին հատվածն ինձ չի ուղղված։ Ինչ վերաբերում է մենաշնորհին, ապա եթե ուսումնասիրեք դաշտը, կտեսնեք, որ դա այդպես չէ»։ Քանի որ իսկապես հարցն ուսումնասիրության կարիք ունի, այն ճշտեցինք փորձագետների միջոցով. «Ճարտարապետությունն անհատի ստեղծագործական արդյունք է, և այսօր շատ շնորհալի ճարտարապետներ կան Հայաստանում, որոնց նախագծերով իրականացվում են պետական նշանակության ծրագրեր։ Ասել, որ այս ոլորտում մենաշնորհ կա, ճիշտ չէ։ Խնդիրն այն է, որ մարդն ինքն ազատ է ճարտարապետ ընտրելու հարցում։ Դրա արդյունքում հաճախ մի ճարտարապետ ավելի շատ է պատվերներ ստանում, քան մյուսները։ Դա բնական գործընթաց է»։ Անդրադառնալով թմբուկի հարցին` գլխավոր ճարտարապետն ասաց. «Եթե աշխարհը քաղաքաշինական ծրագրերն իրականություն դարձներ, հաշվի առնելով հանրային կարծիքը, ապա չէին կառուցվի Էյֆելյան աշտարակը, Երևանի օպերային թատրոնը...»։ Նարեկ Սարգսյանի թվարկումը երկար էր։
Ըստ սոցիոլոգ-հոգեբանների, ընդհանրապես, վառ անհատականությունները, որքան էլ ճիշտ լինեն, «դժվարամարս» են հասարակության համար։ Այն պարզ պատճառով, որ նրանց մտածողությունը ժամանակից առաջ է անցնում։ Գուցե սա է պատճառը, որ Նարեկ Սարգսյանը պարբերաբար քննադատության թիրախ է դառնում։ Այլ կերպ ինչպես բացատրել այն, որ երբ նա չէր գլխավոր ճարտարապետը, երկար տարիներ հանրությունը և լրատվամիջոցները, ինչպես նաև այսօր նրան քննադատող գործընկերները լուռ էին մայրաքաղաքում կառուցվող այլանդակ կառույցների հարցում, որոնց հեղինակը, ի դեպ, Նարեկ Սարգսյանը չէր։ Իսկ եթե առիթ էր լինում խոսելու, անտեսելով ներկան, կրկին անդրադառնում էին իրենց հին ու սիրած երգին։ Ինչո՞ւ, գուցե խնդիրն իսկապե՞ս անձնավորված է, ինչպես ասուլիսում նշեց գլխավոր ճարտարապետը. «Կա անձնական խնդիր»։ Սակայն կա նաև այլ բան. մենք` հայերս, պարադոքսալ ժողովուրդ ենք։ Եթե մինչ օրս քննադատում էինք, որ Հյուսիսային պողոտան զուրկ է կանաչապատումից, ապա, երբ գլխավոր ճարտարապետն անցած շաբաթ նշեց պողոտայի կանաչապատման մասին, սկսեցին քննադատել, թե «իր մեղքերն է քավում»։ Տեղեկացնենք, որ Հյուսիսային պողոտայի կանաչապատումը երեկ չէ, որ ծագեց, այն ենթադրվում էր։ Եթե անգամ ընդունենք, որ նոր է որոշվել, ապա ի՞նչ վատ բան կա դրանում։ Այսինքն, ստացվում է` ցանկացած դեպքում քննադատությունն ինքնանպատակ է դառնում։ Այս պարագայում իսկապես հարց է առաջանում` ո՞ւմ է դա պետք։ Ի դեպ, երբ խոսում են Հյուսիսային պողոտայի, այգիները սրճարանների վերածելու խնդրից, ապա երևի թե շատերը մոռացել են կամ էլ ձեռնտու է մոռանալ, թե ովքեր են այդ կառույցների սեփականատերերը, և մեծ հաշվարկով, ՀՀ-ում ով է նման տիպի հարցերը որոշում և ինչու։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ