Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին աշխարհի միակ եկեղեցին է, որտեղ ամեն քարից ու ամեն քայլից քեզ է նայում քո հաղթանակը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ  եկեղեցին աշխարհի միակ  եկեղեցին է, որտեղ ամեն քարից ու ամեն քայլից քեզ է նայում  քո հաղթանակը
08.05.2012 | 00:00

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցին չէ, ոչ էլ ամենամեծը, ոչ էլ ամենահինը, ոչ էլ ամենաշքեղը, ու այս «ոչ»-երի շարքը կարելի է երկար շարունակել: Բայց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին աշխարհի միակ եկեղեցին է, որտեղ ամեն քարից ու ամեն քայլից քեզ է նայում քո հաղթանակը:

Դու դուրս ես գալիս եկեղեցուց, հեռանում ես այնքան, որ նույնիսկ չի երևում, բայց քո մեջ մնում է ձայնը` քո հաղթանակի ձայնը, որովհետև այս ամենը, ու դեռ այնքան «ամեն», չէր լինելու առանց քո հաղթանակի:

ՈՒ դու, որ մի քանի հարյուրամյակ հետ էիր սովորել քո հաղթանակներից, դու, որ հաղթում էիր, որ չմեռնես պարզապես, դու հաղթել ես, որ ապրես:

Բայց քո պատերազմը դեռ չի ավարտվել:

Գրեցի ու հասկացա, որ պատերազմները երբեք չեն ավարտվում, ու ոչ մի խաղաղություն հավիտենական չէ, պարադոքսի բանալին ժամանակն է: Հավիտենական ու ամբողջական ժամանակը, որ մաս-մաս է լինում պատերազմի համար, խաղաղության համար, ապրելու համար, մեռնելու համար: Իսկ ժամանակի պարադոքսի բանալին մենք ենք, որ նույնպես մաս-մաս ենք լինում, ու մեր մասնատված գոյությունը պարտությունների միջով տանում ենք դեպի հաղթանակի ժամանակը: Մենք, որ մասն ենք մարդկության:

Հիմա քո պատերազմը դեռ չի ավարտվել: Հիմա դու ապրում ես պատերազմի ու խաղաղության միջակայքում և քո կյանքի ժամանակը սա է` հանուն հաղթանակի անհետացած սերնդի քո ճակատագրով:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ծանր մի թեթևություն է քեզ համակում, դառը մի քաղցրություն, որ խառնում է անցյալն ու ներկան, ու դու ուզում ես քո բոլոր մոմերը վառել ապագայի առաջ:

Հետո՞:

Հետո գալիս են նրանք, ովքեր իրենց կոչված են համարում պատմություն գրելու համար, ու նրանք գրում են իրենց պատմությունները ճշմարտության ու ճշմարտանմանության հասցեները խառնած, որովհետև երբ իրական գործն արված է, հայտնվում է քաղաքականությունը` իր պտուղները քաղելու ու ամեն ինչ իր գույնով ներկելու: Այդպես եղել է միշտ, ու այդպես է` որովհետև այդպես է հնարավոր կառավարել: Քաղաքականությունը բոլորին դասդասում է իրենց դարակներում ու ապահովության համար երբեմն նաև զմռսում է, բայց դեռ երբեք ու ոչ մեկին չի հաջողվել զմռսել ժամանակը:

ՈՒ պատմություն գրողներից հետո գալիս է պատմությունը կարդացողների ժամանակը: Ավելի ճիշտ` պատմության աչքերին նայողների ու նրանց, ովքեր պարզապես գիտեն «ոչ» ասել ու գիտեն «այո» ասել: Գալիս է պատմության տողատակերը կարդացողների ժամանակը, ովքեր գիտեն, որ ճշմարտությունն ամենից հաճախ ապրում է տողատակերում, որովհետև ճշմարտանմանությունը սիրում է սպիտակ էջերը սևացնել իրենով:

ՈՒ նրանք, ովքեր գիտեն «ոչ» ասել, պարզապես այդ էջերը մի կողմ են դնում ու նոր տողից են սկսում իրենց գիրը, նոր էջի նոր տողից, նոր գրքի նոր էջի նոր տողից: Եվ նրանց թողածը դառնում է տարեգրություն, և նրանք ունենում են ձեռագիր, որ նույնն է` բնագիր:

Մեր բոլոր հաղթանակները մեզ նվիրել են նրանք, ովքեր կարողացել են «ոչ» ասել, ովքեր «ոչի» մեջ մի այնպիսի «այո» են դրել, որ նրանց առաջ ժամանակն է խոնարհվել: Այսպես մեզ վերադարձավ Շուշին, որ միայն օտարների համար է բնակավայր, տարածք, տեղանք, կամ այդ ամենի մի քանի տոկոսը` 0-20, գուցե ավելի: Իսկ դու արթնացիր առավոտյան վաղ, լուսաբացի մեջ, ոտքդ դիր խոնավ հողին, և քո գլխավերևում լողացող ամպերի մեջ կունենաս քո բոլոր հարցերի պատասխանը` ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ո՞ւր ես գնում: Իսկ եթե չհասկանաս, ոչինչ, քո հաջորդները կգան վերադարձնելու քո կորուստները, կորցնելով իրենց պատմական պահը: Կարևորը, որ ամեն սերունդ նախորդների ու հաջորդների միջակայքում ապրի իր հաղթանակը, այլապես ճշմարտանմանությունը նմանվում է ճշմարտության, և անկասելի նվազում են մարդիկ, ովքեր տաբուներ ունեն, ուրեմն հաղթել գիտեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ