Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
20.03.2012 | 00:00

Կայքէջերից մեկը 2010-ին հրապարակեց ԲԵՆԻԿ վարդապետի 1924 թ. գրած «Կուսակրոնությունը անառակություն է» հոդվածը, որին արձագանքեց ՄԻ եպիսկոպոս` «բրիշակի» վերածելով վարդապետին...
Առաջինը, ի շարս այլոց, ցանկանալով հանիրավի փնովել Սբ. Էջմիածինը` վարդապետի մեծածավալ գրավոր ժառանգության համատեքստից առանձնացրեց մեկ հոդված ու հրապարակեց։
Սակայն առավել ցավալի էր սրբազանի վարմունքը. հարգարժան եպիսկոպոսն իր պատասխանում, նախ, վարդապետին անվանում է Եղիազարյան, ինչն արդեն վկայում էր տարրական տեղեկությունների չտիրապետելու մասին։ Երկրորդ, հիշեցնում է, որ 1945-ին Բենիկը դիմել է միաբանություն վերադառնալու խնդրանքով, բայց Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսը մերժել է։ Հարց է ծագում` մերժեցին 81 տարեկան ծերունուն, հապա ո՞ւր մնաց մեր եկեղեցու ծով համբերությունը, օվկիան հանդուրժողականությունը, քրիստոնյա եղբայրությունը։
Բենիկ վարդապետը (Ստեփան Տեր-Ղևոնդի Տեր-Դանիելյան, 1864, Ապարանի Արագածոտն գյուղ - 1952, թաղված է նույն գյուղի գերեզմանատանը) բարձրագույն կրթությամբ այն սակավաթիվ հոգևորականներից էր, որ 20-րդ դարասկզբին հսկայական հեղինակություն էր վայելում թիֆլիսահայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային կյանքում։ Գրեթե միշտ հակընդդեմ լինելով Սբ. Էջմիածնի ղեկավարությանը, միաբանությունում տիրող բարքերին, նա երբեք ու երբևէ կծու խոսք չի ասել մեր ազգային եկեղեցու ու քրիստոնեական հավատքի հասցեին, անգամ 33-տարվա վարդապետությունից հետո կարգալույծ հռչակվելով, անգամ խորհրդային իշխանության տարիներին։ Իր հարյուրավոր հոդվածներից մեկում նա գրում է. «Եկեղեցին ազգի համար վնասակար հռչակող թեթևամիտները կարծեցին, թե մենք էլ իրենց հետ համաձայն ենք, երբ համարձակ լեզվով դատափետում ենք եկեղեցականության աչքի ընկնող թերությունները, եկեղեցականներն էլ ատելությամբ լցվեցին` մեզ իրենց թշնամի կարծելով։ Մեր անձնական բարեկամներն էլ` կամենալով խնայել մեզ, զգուշացրին հոգևոր բարձր իշխանությունից, ասելով. «Ախր քեզ կհալածեն, եպիսկոպոս չեն դարձնի» և այլն։
Այս կարծիքները մոլորություններ են։ Ճշմարտությունն այս է. մենք հոգու խորությամբ, զգացմունքների թափով սիրում ենք հայոց ազգային եկեղեցին, որպես քրիստոնեական վսեմագույն գաղափարների վարդապետարան, որպես հայ ազգի պատմական անցյալից մնացած միակ պատկառելի հաստատություն։ Մենք համոզված ենք, որ առանց քրիստոնեական գաղափարների և առանց ազգային եկեղեցու հայ ազգը ո՛չ հոգեկան և ո՛չ ազգային մխիթարություն չունի։ ՈՒստի այն ամենը, ինչ եկեղեցու վարկը կարող է նսեմացնել, կսկծագին ցավ է պատճառում մեր սրտին, մենք այդ ցավից աղաղակում ենք։ Ահա թե ինչ աղբյուրից են սկիզբ առնում մեր հոդվածները»։
Բոլշևիկյան-կոմունիստական վարչակարգը հրաշալի օգտագործեց նրա հեղինակությունը` աթեիզմ հաստատելով և նրան իսկ հեղինակազրկելով։ Վարդապետն ուշ հասկացավ այդ ամենը, և դա մարդկային անամոք ողբերգություն էր։ Դիմեց միաբանություն վերադառնալու խնդրանքով, բայց...
Բենիկ վարդապետի գրավոր ժառանգությունից այսուհետ կհրապարակենք նրա այն հոդվածները, որոնք այժմեական են և, կարծես, գրված այսօր։
Համոզված ենք` ընթերցողին սպասում է մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի բացահայտում։
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Անշարժ վեմը
Մարդկային կյանքը կարգապահության զորեղ պահանջ ունի. անհատական, թե ընտանեկան, համայնական, թե ազգային կյանքերը` բոլորն անխտիր կարգապահությամբ են միայն կանգուն։
Ճիշտ է, մտքի աստիճանական զարգացման, տնտեսական վիճակի փոփոխությունների հետ մեկտեղ կարգապահությունն էլ է փոխվում, բայց նրա կարիքը նույնքան հին է, որքան և մարդը, և այն կմնա, քանի դեռ աշխարհում մարդ կա։
Գործելու և հանգստանալու, հոգու և մարմնի պահանջները բավարար չափով չհագեցնելու կարգապահությունը անհատի կյանքը պահպանելու գրավականն է։ Առանց այդ կարգապահության անհատը կհյուծվի հոգով ու մարմնով ու կոչնչանա։
Ընտանիքն էլ իր կարգապահությունն ունի. ընտանեկան կյանքի կարգապահությունը տան անդամների հոգեկան ու մարմնական փոխադարձ շահերի վրա է հիմնված։ Դա պարտավորությունների և իրավունքների մի շարք է, որ դրվում է հարազատների վրա` ըստ յուրաքանչյուրի հնարավորության ու կարողության։ Պարտավորությունների ընդվզումը, իրավունքների սահմանի խախտումը խախտում են տան կարգապահությունը, որի մեջ է այդ երկրավոր դրախտի քաղցրությունը։
Ընտանեկան կարգապահության անկումը տան անխուսափելի անկումն ու ավերն է։
Հասարակական կամ ազգային կյանքն էլ մի մեծ, բարդ ընտանիք է։ Այստեղ անհատի և ազգի բարոյական, մտավոր ու նյութական շահերի վրա հիմնվում է պարտքի և իրավունքի կամ ուրիշ խոսքով` կոչման խնդիրը, բաշխումը, որ կարգապահությունն է։ Ընտանեկան և ազգային կարգապահության զանազանությունն էապես սրանում է միայն, երբ սկզբում որոշ պարտականություն կատարողն ու որոշ իրավունքներ վայելողը մի անհատ է, մինչդեռ վերջում որոշ պարտականություններ և իրավունքներ վայելողը մի դասակարգ, մի բազմություն է, որը, իբրև մի մարմին, բարդ անհատ է հանդիսանում։
Այդպիսի ամփոփ դասակարգը, որին ազգը հատուկ պարտքեր և իրավունքներ է հանձնում, հանդես է գալիս իր կազմակերպվածությամբ և կոչվում է հաստատություն։
Վարժարանը` իր աշակերտներով, ուսուցիչներով, պարտավորությունների և իրավունքների նախագծված կանոններով, հաստատություն է։
Ազգի քաղաքական իշխանությունը` իր օրենքներով և այդ օրենքները գործադրող բոլոր մարմիններով, հաստատություն է։
Եկեղեցին` իր նվիրապետությամբ, իր կոչումն արձանացնող օրենսդրությամբ ու պահպանությամբ, հաստատություն է։ Եվ այլն...
Այս և սրանց նման հաստատություններից և ոչ մեկը կանգուն մնալ կամ ուժ ունենալ չի կարող առանց կարգապահության։ Այդպիսին դատապարտված է լուծարման և անկման։
Հաստատություններն անուժ են դառնում, ընկնում են հիմնականում հետևյալ ճանապարհով։
Նախ, երբ հաստատության գլուխը կամ գլուխները մտքով տկար են, տգետ և իրենց մտավոր կուրությամբ անզոր` դեպի լույս առաջնորդելու այլոց, խախտում են կարգապահությունը, խախտում են կոչման սրբությունը` հաչս հետևողների։
Երկրորդ, երբ նույն գլուխների մեջ անձնական բարեկեցության, փառասիրության միտքն է զորանում, որ հաճախ բռնության կերպարանք է ստանում։ Այս դեպքում ընդհանուր շահերը զոհ են բերվում եսական զգացմունքին, արդարությունը եղծվում է, կոչումը` նսեմանում։ Իսկ հաստատության մեջ երբ վերջանում է արդարությունը, այսինքն` խախտվում է պարտքի և իրավունքի հավասարակշռությունը, սկսվում է անկարգություն և անկում։
Երրորդ, երբ նոր-նոր մտքերը նոր իդեալների, նոր աստվածների հետևից ընկնելով, կյանքի նոր պահանջներով առաջ են վազում, իրենց հետևում թողնելով հաստատության հնացած կարգ ու սարքը, դեպի որոնք հավատը կորել է, իսկ հաստատության գլուխները շնորհք չեն ունեցել հաստատության կարգապահությունը նոր կարիքներով ու գաղափարներով թարմացնելու, զարդարելու և հրապուրիչ դարձնելու, անկումն անխուսափելի է։ Այս դեպքում կարգապահությունն ընկնում է, հաստատությունը` խորտակվում։
Հաստատության անկման օրինակներում ևս հանցանքը, ինչպես նկատում է ընթերցողը, միշտ գլուխների կամ առաջնորդողների վրա են բարդում։
Չեմ զարմանա, եթե մեկն ապացուցի, թե կարգապահության կամ հաստատության անկումը ներքևից էլ կլինի։ Ես գոնե չգիտեմ մի պետություն, մի եկեղեցի, մի հաստատություն, մի տուն, որի ավերը ստորին խավերից սկսվեր։ Խոսքիս ապացույցն է հայ ժողովրդի իմաստալի ասացվածքը, թե` «ձուկը գլխից է հոտում»։
Եվ, հիրավի, ինչպե՞ս կարող է, դիցուք, ոչխարի հոտը հանգիստ ու խաղաղ չարածել ջրարբի դալար արոտներում, եթե հովիվը իր կոչման ըմբռնումով նրան դեպի այդպիսի արոտն առաջնորդի։ Բայց երբ հովիվն իր հոտը քար ու քոս է տանում, ապա հոտից իսկույն ջոկվում են, նախ, ըմբոստ այծերը, թռչում քարաժայռերի գլուխը, վազում հեռուն և իրենց հետևից սպառնական հևոցով վազեցնում հովվին, որի բացակայությունից հոտը ցրվում է և շատ անգամ գայլերին կերակուր դառնում։
Հռոմի քաղաքական ու բարոյական անկումը վերջին կայսրերի պալատից սկսվեց, Ֆրանսիայի միապետության անկումը` Լյուդովիկոս ԺԴ-ի պալատից, Ներոնի տան անկումը` ընտանիքի մայր Ագրիպինայից, կաթոլիկ եկեղեցունը ԺԶ դարում` Վատիկանից։ Եվ, ընդհակառակը, նոր եկեղեցու գլուխ Լյութերը մի նոր թարմ եկեղեցու հիմքը դրեց, իսկ Իգնատիոս Լոյոլան, ընկած եկեղեցին վերականգնելու գլուխ հանդիսանալով, վերածնեց կաթոլիկ եկեղեցին։
Հաստատության անկմանը նպաստող գլխավորները իրենց ոտքի տակից հանել էին կոչմանը հավատարիմ մնալու հողը, որ կարգապահությամբ է հանդես գալիս, այնինչ հաստատությունների վերականգնմանը նպաստող գլուխները, հավատարիմ մնալով իրենց կոչմանը, կանգնել էին կարգապահության անսասան ժայռի վրա։
Կարգապահությունը այն մի հատիկ անշարժ վեմն է, որի վրա հաստատուն է հաստատությունը։
Շատանանք այս ընդհանուր տեսությամբ, որով փորձեցինք ցույց տալ, թե ամեն հաստատություն իր կարգապահությամբ է կանգուն և անկարգությամբ` նկուն, թե հաստատության անկման մեղքն ու կանգնման փառքը նրա բարձունքում կանգնած գլուխներին է պատկանում։
1906 թ.

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ