Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ

ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ
24.06.2011 | 00:00

(ԷՍՍԵ)

«Ո՛չ մի ամբոխ ոչի՛նչ կյանքում չի փոխի,
Նա դիմակ է, որ իր դերն է միշտ կարդում`
Եթե մարդը խամաճիկն է ամբոխի,
Եվ ամբոխը խամաճիկն է մի մարդու»։

Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ, «Խամաճիկ»

ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ ՕՏԱՐԱԿԱՆ
(լավատեսական տրագիֆարս)

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ- Երրորդ հանրապետության դիմակայության պայծառ դեմքերից մեկը, գաղափարական մարտիկ, ով զենքը ձեռքին պաշտպանեց ազգային-պետական հզոր միավոր ստեղծելու իր տեսլականը, իր Երկիր Նաիրին։ Սակայն երրորդ հանրապետությունը, երկրապահպան գլխավոր խնդիրը` Արցախի ազատագրումն իրականացնելով, առանց վարանելու ձեռքն առավ երկրի թլպատման գործը։ Երրորդ հանրապետությո՜ւնը... Ասել է` Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկապետերի ձևակերտած պետական տունը, այսպիսով, քավարան էր ազգի նվիրյալների համար։
Ազգի նվիրյալնե՜ր... Նրանք, ովքեր հաղթանակը պատերազմում համարում էին նախադրյալ, ապավեն և հենք` ազգային-պետական հայոց տունը կերտելու երրորդ հանրապետությունում։ Սակայն Արշակավանն ընդամենը հեքիաթային հուշապատում է։ Եվ ո՞վ է ասել, թե, առհասարակ, եղել է այն։ Զի, եթե եղել-գոյություն են ունեցել, ապա հայոց հոգեմտակերպում ինչ-ինչ բողբոջներ պիտի ծլարձակեին։
Հոգեմտակերպը խառնակվել է, հայ տեսակի կենարար շունչը Երկիր մոլորակի տեղատվություններում և մակընթացություններում երկու «ծովածոց է մասնավորեցրել»` մշակութայինն ու մարմնակրթականը։
Արշակավա՜ն... Բերդաքաղաքն ու բերդաքաղաքի բնակիչ-ազատաշունչները, ըմբոստ ու ոխազուրկ 1991-ի արժանահիշատակ ձմռանից ի վեր գոտեպինդ ու զինավառ սպասում են։ Արշակավանը կա։ Արշակն է մոլորվել։
Արշակավանի գոտեպինդ բնակչին մի մխիթարություն է մնում` փորձել հինգհազարամյա (գուցե յոթ, գուցե հարյուր յոթ, ո՞վ գիտե) հայ տեսակի ներաշխարհի մոլախոտերը հայտնաբերել։ Հետո էլ, գուցե, քաղհանել։ Բայց մի գերակա պայմանով, անպատճառ քաղհանի եռահատոր ձեռնարկը ձեռքն առնելով։
Հատոր I -Հովհաննես Թումանյան, «Կիկոսի մահը»
Հատոր II - Եղիշե Չարենց, «Մահվան տեսիլ»
Հատոր III - Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր»
Ոխազուրկ զինական մեկ-երկուսի հանդեպ, հավանաբար, տասը-տասներկու ոխաքեն զինադավ ենք ունեցել, որոնք էլ մեր էության ներաշխարհներում մշտադալար մոլախոտերի անտառներ են տնկել։
Մի Արտաշես աշխարհակալ, Պապ թագավոր, Արշակ II և կիլիկյան թագավորներ, որ ոգու ու բազկի թռիչքով կայսր ու արքայից արքա էին (նաև Դավիթ Բեկ, Նժդեհ ու Աշոտ Ողորմած)։ Սակայն քանի՞ Դրաստամատ շենացրեց նրանց գահաթոռը։
Բայց պատմության ոսկեծիրան մատյանում նրանց (և այլոց) անունն ու գործն են մեզ պատգամ, ապավեն, դասագիրք։
Ազգային-պետական փայլուն դրսևորույթները դիպված են երրորդ հանրապետության տեղատվություններում։ Ընդամենը, ոչ ավելի։ Բայց ոչ էլ պակաս։
Դև` ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ, ազգային արժանապատվության գոյամարտի հրկիզող մի հարված։ Եվ ընդամենը պարզ մի հիշատակում հազարավորների շարակարգում։
Զի Ոխակալ-քենը «ազգային-պետական» գերակայությունների շղթայող ու կապանքող օղակն է։
Եվ ահա օրեր առաջ Դևի զինղեկ և հոգեհայր զորահրամանատար Լեոնիդ Ազգալդյանի եղերական վախճանի 19-րդ տարելիցն էր։ Ընդամենը։
Եվ արժե՞, որ Սէֆիլյանը հանրապետության քաղաքացիություն ստանա։ Նա, ով երկրի քաղաքացին է։

«ՀԱՆՐԱՅԻՆ» ԵՐԱԶԱԽԱԲԿԱՆՔ
(տրագիֆարսի տողադարձը)

«Հանրային» նշանակում է հակահանրային` ոտն ի գլուխ, նշանակում է` քինոտ հիշոցներ այն ամենի նկատմամբ, որ քիչ թե շատ ազգային-հանրային արժեհամակարգ է պահպանում այս շուկայաբորբ ու հեղհեղուկ օրերում։
Հանրային հեռուստաընկերության հերթական գլխավոր լրատվական ժամն է։ Եթերաժամի հարվածային րոպեն նվիրված էր խիստ շահեկան մի խնդրի. ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մեղմ ասած, ոչ պարկեշտ ու քաղաքակիրթ վերաբերմունք է հանդես բերում հայկական խաչքարի հանդեպ, այն գրանցելով որպես նյութական արժեքների հայկական ծանրակշիռ ներդրում համաշխարհային քաղաքակրթության խնջույքասեղաններին։
Սակայն այստեղ էլ Ոխակալ-քենն իր ամենահաս շոշափուկներն է տարածում, և խաչքարերի տակ չկան նրանց ծննդյան վկայագրերը։ Դժվար չէ կռահել Ոխակալ-քենի միջազգային խաղադրույքի սակրավորներին։
Իհարկե, «հայկական կողմը», դեսպան և այլք, հավուր պատշաճի աղմուկ-աղաղակով զայրույթ ու վրդովմունք հայտնեցին, նաև զարմանք և զարհուրանք։
Իզո՜ւր։ Քանզի լրատվականի հաջորդ թողարկումն էր, այսուհանդերձ, հարվածային-բարձրավոլտ շահառուն։
Ճիշտ հինգ րոպե հաղորդավարուհին կարկաչուն նվագով պատմում է Լոռվա բնաշխարհի ծնունդ երիտասարդի անուրանալի ձիրքի, անհավանական նվիրումի, անբնական «հոգեդարձության» մասին։ Պարզվում է, սույն ջահելը մանկության տարիներին անկարգ է եղել բավականին։ Հետո տարվել է մանրակերտեր պատրաստելով (իհարկե, պատահաբար) և դարձել օրինավոր զավակ ու նախանձելի դասընկեր։ Եվ տեսանելի ապագայում նա է, որ պիտի Հայաստանը ներկայացնի, հայ ոգին ու քանքարը։ Ներկայացնի, հասկանալի է, ոչ Մալաթիայի տոնավաճառում։ Աշխարհին պիտի ներկայացնի, ի հեճուկս ՅՈՒՆԵՍԿՕ-ի։ Ենթատեքստը ցնցող-հուսադրող էր. նման մարդիկ պիտի որ միջազգային Ոխակալ-քենի ամորձիները շաղկապեն։ Իրենց մշակութային հայտնությամբ։ Այսպես կամ մոտավորապես այսպես։ Ինչևէ, այսպես թե այնպես պրկվում-գունդուկծիկ են դառնում մկանունքդ, նյարդերդ և փորոտիքդ, գալիք հանճարի հայտնությունն է... Ճիշտ է, օձաճտի դյուրությամբ մի սառցասառն ենթադրություն է գալարվում մկանունքիցդ նյարդային համակարգ և դավադիր լռությամբ հանգրվանում է փորոտիքիդ ներքնահարկում... Հանկարծ Վալմար-ահաբեկիչը չլինի։
Ակնթարթ անց դարի հայտնության ղողանջները հաղորդավարուհու շուրթերից վեր ու վեր են սլանում և մեղմիկ գորովանքով վայրէջք կատարում ներքնահարկում։ Վալմարը չէ։ Ոչ էլ Թոքմաջյան Լ.-ն։
Լոռվա կանաչաշուք բնաշխարհի ծնունդ երիտասարդն է։ Համաձայն լրատվության տեքստային գրոհի, ենթադրաբար մի նոր Ռոսլին կամ մի նոր Քոչար։ Դզե՜ց...
Դե, բնական է, համակ ուշադրությամբ սևեռվում ես մանրակերտերին, մի կերպ մարսելով հաղորդավարուհու դայլայլուն բառահեղեղը։ Ավա՜ղ, դարակազմիկ հանճար` չի՛ք, կա՛ ոչ, նի՛խտ։ Պարզունակ-արհեստավորական արտադրանք է, որի նմանակները հազարավոր օրինակներով լցոնել են դպրոցական խմբակները, ավելի հանդուգնները ճանապարհ բռնել դեպի արհեստագործական Վերնիսաժ։ Այսպիսի բաներ։
Հ. Գ. -Միջանկյալ։ Մի՞թե խորհրդավոր մի ընդհանրություն չկա այս կատաղի սիրողականության, «Հ1»-յան անպարկեշտ թմբկահարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «խաչքարային մերժողականության» միջև։

ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐԸ
(տրագիֆարսը շարունակվում է)

Ցնծացե՜ք և փողփողացեք, երրորդ հանրապետության դրոշներ, հովանիներ ու հովանավորներ։
Թնդա, որոտաձայն բարեգործական շարժում։
Զարկի՛ր ափեափ, հերկի՛ր մայթեմայթ քաղաքաշեն շենություն։
Այսուհետև բնակչության 15, առևտրաֆինանսական շրջանառության 30, վարչաքաղաքական ներկայացուցչության (լեզուս փաթ ընկավ, սրանցից ոչ մի խեր չկա) 45 տոկոսն աղանդի արտացոլանքն են։ Եվ ինչու պիտի արտացոլանքն արտացոլվի այսպես խավարուն, ինչպես ժամանակավրեպ խավիծ։
Ո՞Ւր է հայ ցեղատեսակին բնորոշ այլասիրությունը, նրա ինտերնացիոնալ ոգու պոռթկումը։
Այլասերվում ենք այսպիսով, դավելով մեր իսկ ինքնությանը։ ՈՒ, կներեք, այդ երբ էր, որ Հայկազյան տոհմի շառավիղներն անհյուրընկալորեն գոցում էին երկրի դարպասները նվիրական հյուրերի առջև։
Այսպիսով, փողփողացե՜ք այսուհետ, Աղանդի դրոշներ, և ձեր անվեհեր ներկայությամբ ամբողջացրեք նորանկախ Հայաստանի նկարագիրը։
Այսուհետ երկրի հավաքական կապուղին ի գործածում է հանձնվում համերկրային աղանդին, անվանումը` «... ընդ Եհովա-Մորմոն քոմփնի» (ինչ թռնել կթռնի ալիքի վարկանիշը)։
Բարեգործական զուգարանակոնք տեղադրելն ու երեսսրբիչ կախելը պետականաշեն գործընթաց է, և հարկ է, որ բարեգործի ապրանքանշանը համալրվի աղանդի տարբերանշանով։
Միաժամանակ քաղաքամայր Երևանը խորհրդային-թամանյանական թմբիրից ազատագրած մականունակիր քաղաքագլուխների մականուններով վերանվանակոչում ենք նրանց սխրանքի առհավատչյաները. բակերում` բարձրահարկերը, մայթերն ու պուրակները տնտեսական տվայտանքներից ձերբազատած բենզալցակայանները և հրապարակները հրապուրիչ հրայրքներով պատած հյուրանոցները։

ՀՆԱԶԱՆԴ ՀԼՈՒՆԵՐԻ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
(սարկազմ)

Մտավոր անձը պե՞տք է լինի խոհեմ, աչալուրջ և շրջահայաց։
Մտավորականն արդյոք երկրաշինության անկյունաքարը չէ՞։ Անշո՛ւշտ։
Իսկ ճարտարապե՞տը։
Բառն ինքնին վեհաշունչ է, բազմախորհուրդ, կառուցաշեն։
Ճարտարություն և պետություն։ Այսինքն` բյուր ճարտարներ և ճարտարագույնը միայն նրանց Պետ։
Պետը` պետականության խորհուրդ։
ՀՀ նորանկախի ճարտարապետները` գյուղական հեռավոր բնակավայրում տանուտերի մարագը, մարզային բերքանուշ մի կենտրոնում տեղական բդեշխի ու ցեղական բդեշխիկների պապենական դամբարանն ու ամրոցը, մայր ոստանում էլ` հյուրանոց-փողոց-հնոց (իմա` քաղաքաշինական մղկտոց) կերտելիս ապավինում են պետականաշինության խորհրդին... նախագծերը ճշտագույնս հարմարեցնելով տանուտերի, բդեշխի, իշխանիկի քիմքին, վայելքին, ճարտարապետական վարժանքին։ Զի բդեշխն ու տանուտերն են, որ Երկիր Նաիրին քաջահմուտ բազկով և մտասևեռ մտքով քաղաքաշինական-եվրառեմոնտային «լիկբեզի» են ենթարկում` վերին օթյակներից իջնող պատվիրաններին հլու-հնազանդ, համերաշխ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ