Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
30.03.2012 | 00:00

Հունիսին կմեկնարկեն միասնական քննությունները։ Այս տարի քննությունների անցկացման կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, ընդ որում՝ հօգուտ դիմորդի։ Ըստ էության, ամեն ինչ արվում է դիմորդների ընդունելությունը հեշտացնելու և քննությունների կարգը պարզեցնելու համար։
ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի մշակումների և կազմակերպական բաժնի պետ ԿԱՐՈ ՆԱՍԻԲՅԱՆԸ տեղեկացրեց, որ փոփոխությունները ներկայացված են, և կառավարությունն առաջիկայում կհաստատի դրանք։ Ըստ պարոն Նասիբյանի` քննական գործընթացների կազմակերպման ժամանակ որոշակի թերություններ, խանգարող հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք ընթացքում պետք է շտկվեն։ Քննական գործընթացն անընդհատ կատարելագործման կարիք ունի։ «Մենք 1995-96 թթ. շրջանավարտների վերաբերյալ որոշակի սահմանափակումներ էինք ժառանգություն ստացել, ինչը պարզեցնելու փորձ է կատարվել։ Եթե դիմորդն ատեստատում որևէ առարկայից չունի ավարտական քննության գնահատական, ընդունելության ժամանակ հիմք է ընդունվում տարեկան գնահատականը։ Դա օգնում է ոչ միայն նախկին շրջանավարտներին, որոնք տարիներ անց ցանկանում են երկրորդ մասնագիտությունը ստանալ, այլև այն շրջանավարտ-դիմորդներին, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակելու ագրարային, ճարտարագիտական կամ այլ համալսարաններում, որտեղ երկու աստղանիշով առարկաներ են նշված»,- ասաց Կարո Նասիբյանը։ Փոփոխությունը ենթադրում է, որ երկու աստղանիշով մասնագիտությունների դեպքում տվյալ առարկայից կարող է հիմք ընդունվել նաև տարեկան գնահատականը։
Եվս մեկ փոփոխություն, որ արդեն կատարվել է. կառավարության հաստատած քննությունների ցանկում օտար լեզուների թվում ավելացել է ռուսերենը: Եթե նախկինում շրջանավարտը որպես օտար լեզու հանձնում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և այլն, ապա այս տարվանից կարող է հանձնել նաև ռուսերեն։ Այս փոփոխությունից հետո մոտ 200-ով ավելացել է ռուսերեն քննություն հանձնել ցանկացողների թիվը։
Նշենք, որ բանակից զորացրվածներին հնարավորություն էր տրվում առանձին մրցույթով մասնակցելու ընդունելությանը, և դա տևում էր անվերջ, այժմ ԿԳ նախարարությունն առաջարկել է 3 տարվա ժամկետ սահմանել։ Այսինքն, եթե երիտասարդը վերադարձել է ծառայությունից, երեք տարվա ընթացքում կարող է բանակից զորացրվածների հետ առանձին մրցույթով մասնակցել հիմնական մրցույթին։ Երեք տարի անց բանակից զորացրվածը մասնակցում է միայն ընդհանուր մրցույթին։
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ 8 և ավելի տարիներ սահմանամերձ, բարձրլեռնային բնակավայրերում ապրող դիմորդը բուհերի ընդունելությանն առանձին մրցույթով է մասնակցում և, դրական գնահատական ստանալու դեպքում, ընդգրկվում անվճար ուսուցման համակարգում։
Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, անցկացվելու է նաև լրացուցիչ մրցույթ։ Ընդունված դիմորդների ցուցակները փակցվելուց հետո հաճախ որոշ մասնագիտությունների գծով առաջանում են թափուր տեղեր։ Այն շրջանավարտները, ովքեր դրական միավոր են ստացել, հնարավորություն կունենան իրենց դրական միավորներով մասնակցելու թափուր տեղի մրցույթին։
Նշենք, որ գնահատման և թեստավորման կենտրոնը մարտի 15-ին ավարտել է միասնական և կենտրոնացված քննությունների հայտագրման գործընթացը, և այժմ ընթանում է տվյալների բազավորման և ճշգրտման փուլը։ Դիմորդներն իրենց հայտերում կարող են փոփոխությունները կատարել մինչև ապրիլի 10-ը։ Կարո Նասիբյանը փոխանցեց որոշ նախնական տվյալներ դիմում-հայտերի վերաբերյալ. 2010-ի համեմատ՝ այս տարի մոտ 600-ով ավելացել է շրջանավարտ-դիմորդների թիվը։ Նշենք, որ 2010-ին ունեինք մոտ 17500 դիմորդ, այս տարի այդ թիվը շուրջ 18100 է։ Ավելի շատ դիմորդ ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ավելացել է դիմորդների թիվը Տավուշում, Սյունիքում։ Այս տարի փոքր-ինչ ավելացել են քիմիա, կենսաբանություն հանձնող դիմորդները, փոխարենը նվազել է ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն հանձնողների թիվը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ