Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՃՈՒՅՔԸ ՍՏԱՑԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒՑ»

«ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՃՈՒՅՔԸ ՍՏԱՑԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒՑ»
20.09.2011 | 00:00

Նախարարներ, ՀՀ-ում արտերկրի դեսպաններ, գործարարներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ, մի խոսքով, երկու հազարից ավելի հյուրեր սպասում էին կարմիր ժապավենը կտրելուն։ Անցած ուրբաթը` տնտեսության և զբոսաշրջության ոլորտում կարևորվեց «Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքի բացմամբ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և «Արմենիա» միջազգային ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանն ազդարարեցին նոր շենքի շինարարության ավարտը։
«Աղվոր շենք մը նե»,- անմիջապես նկատեցին օտարերկրյա մեր հայրենակիցները։ «Օ քեյ, կառույցն իր ձևով չի զիջում եվրոպական օդանավակայաններին»,- նշում էին օտարերկրյա դեսպանները։ Մի խոսքով, հինգհարկանի շինությունը զարմացրել և հիացրել էր հյուրերին։ Հատկապես զմայլված էին Մինասի որմնանկարով, որն առանձնակի շքեղություն էր հաղորդում շինությանը։ Միակ խնդիրը, կարծում ենք, այն էր, որ ներքին հարդարանքը հրապուրիչ չէր, գուցե դա պայմանավորված էր նրանով, որ աշխատանքները դեռևս ամբողջությամբ ավարտված չէին։ Համենայն դեպս, հույս ունենք, որ այդ բացը կլրացվի, քանի որ ներքին հարդարանքը, դիզայնը կարևոր բաղադրիչ են ուղևորի հարմարավետության ապահովման համար։
Միջազգային չափանիշներին համապատասխան, նոր շենքի կառուցումը երեք տարի է տևել, և մեծածավալ ներդրում է կատարվել` 84 մլն դոլար։ Օդանավակայանի հանրային գոտում կառուցված նոր համալիրը զբաղեցնում է 34 հազար քմ տարածք, լուսավոր, լայնարձակ սրահներից ու ավտոկայաններից բացի, կառույցը հագեցած է բարձրակարգ տեխնիկայով, մասնավորապես, տեղադրված են անվտանգության ապահովման անհրաժեշտ սարքավորումներ, ռենտգեն ճառագայթներով ստուգման համակարգ և այլն։ Հարակից կառուցվել է 20 հազար քմ տարածքով երկհարկանի ավտոկանգառ, կառավարական և գործառնական VIP սրահներ։ Հետաքրքրական լուծումներով առանձնացված են մեկնող և ժամանող հոսքերի սրահները։ Հինգհարկանի այս կառույցի առաջին և երկրորդ հարկերը նախատեսված են ուղևորահոսքերի սպասարկման, մյուս հարկերը` բեռների ստուգման և անվտանգության համակարգերի կառավարման համար։
Հարկ է նկատել, որ նոր օդանավակայանի շինարարությունը, բացի ռազմավարական նշանակությունից, աշխատանքների ընթացքում լուծեց նաև սոցիալական խնդիր։ Շինարարական աշխատանքներում ներգրավված են եղել 50 տարբեր ընկերություններ և 1500-ից ավելի աշխատող։ Իսկ անցած տասը տարիներին օդանավակայանի ենթակառուցվածքների, ինչպես նաև վազքուղու վերանորոգման, բեռնային, հարակից սառնարանային համալիրի կառուցման և այլ աշխատանքների համար ընդհանուր առմամբ ներդրվել է 320 մլն դոլար։ Ըստ ամենայնի, Էդուարդո Էռնեկյանը չի պատրաստվում այսքանով սահմանափակվել, և չի բացառվում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը ՀՀ-ում։ Մեր այս ենթադրության հիմքում նրա խոսքն է. «Ամենաշատ հաճույքը ստացել եմ Հայաստանում աշխատելուց»։ Ի դեպ, աշխատանքներից, երևի թե, հաճույք էր ստացել նաև ՀՀ նախագահը։ Թեև նա ելույթ չունեցավ, սակայն դեմքն անթաքույց գոհունակություն էր արտահայտում։ Մնում է, որ ժողովուրդը գոհ լինի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ