Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Տրանսպորտային «երգ երգոց» (Տվեք իմ «գժի թուղթը»)

Տրանսպորտային «երգ երգոց» (Տվեք իմ «գժի թուղթը»)
11.05.2012 | 00:00

«Կապիկն ընդօրինակեց բոլոր կենդանիների հատկությունները և դրանք համադրելով դարձավ մարդ բանական»։


Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Զրկանքները»

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(նախավարժանք)

Եվ ահա, կրկին ի հայտ գալով հանրային շահի պաշտպանության դիրքերում, նամակ եմ հղում պատկան ատյաններին ղշի թևով, ստանում պատասխան բայղուշի թոթովանքով:

«Քաղ. Վ. Առաքելյանին.

ՀՀ նախագահին հասցեագրված Ձեր դիմումը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ուղարկվել է Երևանի քաղաքապետարան քննարկման համար:

Հայտնում եմ, որ արդեն ավարտվել են Երևանի ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի մշակման աշխատանքները, որոնց ընթացքում քննարկվել են նաև Աջափնյակ վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման հարցերը:

Արդյունքում գտնվել է նպատակահարմար գործող միկրոավտոբուսային թիվ 46 երթուղին թողնել որպես միկրոավտոբուսային, իսկ Աջափնյակ վարչական շրջանի տարածքով անցնող և մայրաքաղաքի կենտրոնի և տարբեր թաղամասերի հետ կապն ապահովող մի շարք միկրոավտոբուսային երթուղիներ (թթ. 18, 52, 62, 87, 114) փոխարինել ավտոբուսային երթուղիներով, ինչպես նաև կազմակերպել նոր թիվ 55 ավտոբուսային երթուղի (Հայ-բելառուսական Ա/Կ,16-րդ թաղամաս):

Նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում կկազմակերպվի վերը նշված երթուղիների աշխատանքը, ինչի արդյունքում զգալիորեն կբարելավվի Աջափնյակի բնակչության տրանսպորտային սպասարկման վիճակը»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ

Հ. Նավասարդյան, 24.02.2012 թ.


«Գտնվել է նպատակահարմար»։ Այո՜։

Սույն պատասխանն ստանալուն պես սուրացի բուժզննման: Եղա հոգեբույժի մոտ: Այցելեցի գուշակին: Երեք օր (ու չորս գիշեր) ապաշխարեցի գազանանոցի կապիկների տարածաշրջանում: Վերընթերցեցի «Վարպետն ու Մարգարիտան»:

Սակայն, երբ հոգեբույժը, գուշակն ու կապիկների կոհորտան համոզեցին, որ լիարժեք առողջ եմ, և միակ խնդիրը հանրային բոցավառ զգացողությունս է, պարզորոշվեց, որ, այո՛, Երևանի քաղաքապետարանում ափեափ են զարկվում հանրային կարծիքը գլխիվայր շրջելու, 21-րդ դարի երևանաբնակ աննկուն ուղևորին էլ քթից բռնած զբոսանքի դուրս բերելու վերջնագրային խաղադրույքները:

Սակայն ամեն բանի մասին ըստ էության անզուսպ երգիծանքի շփոթում: ¥Չշփոթվեք, խոր շունչ քաշեք և պատկերացրեք, որ մայրաքաղաքի մետրոպոլիտենը միմյանց է կապել Երևանի հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը: Շփոթվեցի՞ք: Բնական է: Զի ավելի շուտ օլիգոպոլիկը կանդամագրվի կոմկուսին, քան Երևանում տրանսպորտային մենաշնորհատեր կդառնա մետրոպոլիտենը: Միով բանիվ, խոր շունչ քաշեք և մտորեք` արժե՞ արտաշնչել):

Ի դեպ, վերոնշյալ թնջուկի վերաբերյալ մեկ ամիս առաջ մեկ անգամ էլ «թմբուկ զարկեցի»` էլ ավելի «դարդիման» նամակ հղելով քաղաքապետին: Նամակս պատվիրված էր: Ցասումս` իր հանրային կիզակետում, դիմելաձևս, այնուամենայնիվ, բարյացակամ և հուսալիցք: Իսկ քաղաքապետի պատասխանը մինչ օրս` չի՛ք:


ԿԱՊԻԿՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ` ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

Ամենայն հավանականությամբ, թիվ 46 միկրոավտոբուսային երթուղին հեռահար ռազմավարական նպատակներ է հետապնդում:

Այն, մեկնարկից անմիջապես հետո, լցոնվում է ու նմանվում փնթի տանտիկնոջ բռնած թթվին, ուր մեկմեկու շալակն են ելել դդմիկն ու լոլիկը, սխտորն ու ձմերուկը: Այո, թիվ 46-ը լցոնված է հատկապես ուսանողներով, ովքեր շուրջ 40 րոպե, կիսապառկած, լավագույն դեպքում` համակուրսեցու ուսերին թառած, ուսումնական հաստատություն հասնելով, կոփվում են թե՛ մարմնապես, թե՛ հոգեպես: Եվ արդեն նրանց համար որևէ բարդույթ չի ներկայացնում կաշառասուն դասախոսը կամ հոգեորս դեկանը: Այս երթուղին, առհասարակ, գործում է «լավատեսական ողբերգության» սկզբունքով: Լքում ես այն, և իրականության բոլոր ստվերային կողմերը արևադարձային փայլ ու բույր են ստանում, կառավարությունը դառնում է հարազատ և սիրելի, Ազգային ժողովը` սրտամոտ և պաշտելի: Այսինքն, համակվում ես սոցիալական թունդ ամնեզիայով:

Այսպիսով, կա՛մ ես, որպես հանրային շահերի պաշտպան, պետք է համապատասխան բուժհաստատությունում հայտնվեմ (այսինքն` գժանոցում կամ որևէ սերիալում, որ նույնն է), կա՛մ բարոյահոգեբանական «տեխզննման» կանգնեն երթուղային բազարչիները: Լրջմիտ ընթերցողներիս հիշեցնում եմ, որ մարտի եմ ելել անհավասար պայմաններում։ Ես հանրային շահին թիկունք եմ կանգնում վասն հայրենյաց, ասել է թե` անշահախնդիր, տրանսպորտի վարչությունը ոտնահարում է հանրային շահը` պետական գանձարանից աշխատավարձ, պարգևավճար և այլն ստանալով:

Միով բանիվ, փորձենք լուծել սույն թնջուկը քայլ առ քայլ: Երթուղային միկրոավտոբուսների քանակով Երևանը տարիներ առաջ գերազանցում էր Թբիլիսիին և հավասարվում Մոսկվային։ Այսինքն` դեռ էն գլխից սա գերշահավետ բիզնես էր: ՈՒ սկսվեց մայրաքաղաքի «մեծ կքանստման, լայնաթափ գրկախառնման» դարաշրջանը: Սակայն եկավ այս խայտառակությանը վերջ տալու ժամանակը, ու պարզվեց, որ երևանցիների հույսերը` օղակաձև մետրոպոլիտեն ունենալու, համազոր են քսան տարում կոմունիզմ կառուցելու Նիկիտա Խրուշչովի երազանքին: Նիկիտուշկան, ինչպես պատմությունն է փաստում, երազախաբ եղավ: Մենք` նույնպես: Զի մետրոպոլիտենի կառուցման առաջին փուլի վերջն ազդարարող «Աջափնյակ» կայարանի վայրում կառուցվել է առանձնատների մի շենշող թաղամաս, բայց, չգիտես ինչու, «M» տարբերանշանը շարունակում է փայլատակել մայրաքաղաքի քարտեզներում:

Թող փայլատակի, իսկ մենք վերադառնանք ելման կետ: Այսինքն, քողազերծենք տրանսպորտային այս դիվախաղը: Այսպիսով, տիար Նավասարդյանն անվրդով պատասխանում է, որ մի շարք միկրոավտոբուսային երթուղիներ (թիվ 18, 52, 62, 87, 114) կփոխարինվեն ավտոբուսայինով: Սա` չորս ամիս առաջ։

Այ, հենց էստեղ է դռները կրնկակոխ բացում տրագիֆարսի սույն թատրոնը:

Սույն տրագիֆարսում նոր ու թարմ շարժակազմեր են երթևեկում թթ. 18-ում, 52-ում, 62-ում, 87-ում, 114-ում, թիվ 46-ում` խարխուլ հնոտիներ:

Այսպիսով, ո՞ր միկրոավտոբուսային երթուղին պիտի փոխարինվեր ավտոբուսայինով: Հասկացանք, անշուշտ, թիվ 46-ը: (Ի դեպ, ունկնդրեք ուշի ուշով, թիվ 18-ը նույնական է թիվ 46-ի հետ, ասել է թե` նրա մրցակիցն է, ինչպես նաև մրցակից է թիվ 19 ավտոբուսային երթուղին)։

Ինչո՞ւ է խնդիրը մնում ձայն բարբառո քաղաքապետարանի, որոտաձայն թնդում է ուղևորական բողոքի իններորդ ալիքը: Շատ պարզ. թիվ 18-ը քաղաքապետարանի հսկողության տակ է, թիվ 46-ը` ծանրաքաշ երթուղային գծատերերից մեկի:

Իր հերթին «Բոգդան» թիվ 19-ը ևս ուսանողական բնույթ ունի և ուղեգծում է միայն ուղևորափոխադրումային «պիկ» ժամերին, այսինքն` 7:30-ից 10:30-ը և 16:00-ից 18:00: Օրվա միջնամասում թիվ 19-ին սպասելը նույնն է, թե սպասել ձյունախառն անձրևի` ամռան տապին: Նույնն է շաբաթ և կիրակի օրերին, նույնն է ձմեռային և ամառային հանգստի պահերին և այլն:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, չինական ավտոբուսների բարիգալստյան հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետը վստահեցրեց, որ քաղաքացիների բողոքների և առաջարկությունների հիման վրա միկրոավտոբուսային երթուղագծերը կփոխարինվեն ավտոբուսայինով։

Արգո քաղաքապետ, ընդունեք վերոնշյալը որպես քաղաքացու բողոք, հրապարակագրի առաջարկություն, և պաղատում եմ` հապշտապ կարգավորեք խնդիրը:

Հակառակ դեպքում` տվեք իմ «գժի թուղթը»: Վավերացված մայրաքաղաքի ավագանու ձեռամբ: Ես դադար կառնեմ և անխռով կերթևեկեմ վիրտուալ հարթակներում: Այսինքն, ինձ այսուհետ կթվա, որ թիվ 46 միկրոավտոբուսը մետրոպոլիտենի լուսաշող վագոնն է, վրաս կքած ցենտանոց տերյանական փերի և այլն։

Ո՛ղջ լերուք:

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ