Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Նոր կյանք «Շիկահողին»

Նոր կյանք «Շիկահողին»
08.05.2012 | 00:00

ՏՆԿՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 500 ՆՈՐԵՐԸ, ԵՎՍ 1000 ՏՆԿԻՆԵՐՈՎ ԷԼ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ԱՆՏԱՌԱՏԱՐԱԾՔ

«Շիկահող» պետարգելոցի սոսիների պուրակում ապրիլի կեսերից սկսվել և շարունակվում են անտառվերականգնման, անտառկուլտուրաների լրացման, սանիտարական մաքրման և վնասատուների դեմ պայքարի, ներտարածքային ճանապարհների բարեկարգման և ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքները:

Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու ԱՐԱՄ ԱՂԱՍՅԱՆԸ, սոսիների պուրակում չորացած ծառերի փոխարեն արդեն իսկ տնկվել են շուրջ 500 նորերը, ևս 1000 տնկիներով էլ ստեղծվել է նոր անտառատարածք: Ծառատնկման աշխատանքներ են իրականացվել նաև Շիկահող-Սրաշեն ճանապարհի երկայնքով:

Ըստ Ա. Աղասյանի՝ ծառատնկման համար օգտագործվել են 2-հեկտարանոց տնկարանային տնտեսությունում (ունի շուրջ 10 հազար տնկի) աճեցված հունական ընկուզենու և սոսենու՝ հանրապետության նաև այլ մարզերում մեծ պահանջարկ ունեցող ծառերը: «Այս տարի միայն 4 հազար 500 սոսու 3 մ երկարությամբ տնկիներ են բերվել նաև մայրաքաղաք` կենտրոնական փողոցների ծառազուրկ տարածքները լրացնելու նպատակով», - նշեց Ա. Աղասյանը:

Ըստ նրա, վերոհիշյալ շարունակական բնույթի աշխատանքների հետ, ծառատեսակների որակը պահպանելու նպատակով տնկարանի նոր ածուների մեջ 3 հազարից ավելի 30 սմ-ոց շիվեր են դրվել: Պատրաստվել են նաև մարգեր` 600 քառակուսի մետր տարածքում, որտեղ սածիլներ ստանալու նպատակով տնկվել են հունական ընկուզենու և արևելյան սոսենու սերմեր:


ՍՈՍԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՆԱԵՎ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԹԻՎԸ

Կատարված գարնանային ամենամյա ստուգումների միջոցով, ինչը մի փոքր բարդ է աշնանայինից, պարզվել է, որ ձմեռվա ընթացքում սոսիների պուրակում ապօրինի ծառահատման, ինչպես նաև որսագողության դեպքեր չեն արձանագրվել: Ստուգումներից պարզվել է նաև, որ «Շիկահող» պետարգելոցի սոսիների պուրակում նկատելիորեն ավելացել է վայրի կենդանիների թիվը: Հաշվառման հիմք են հանդիսացել ֆոտոբռնիչների միջոցով ստացված նկարները:

«Համայնքներին հարող տարածքներում նկարահանվել են բեզոարյան այծ, մուֆլոն, վայրի խոզ, տարբեր տեսակի այծյամներ, երկու տեսակի վայրի կատու, լուսան, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Դեռևս հովազի լուսանկարներ չկան, բայց հույս ունենք, որ եղանակների տաքացման հետ դրանք բարձրադիր վայրերից կիջնեն արգելոց», - մեր թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Աղասյանը: Նրա խոսքով, բացի նշվածներից, մյուս կենդանիների (նապաստակ, փորսուղ) քանակն էլ է ավելացել: Արգելոցի աշխատակիցները շրջայցի ժամանակ հանդիպել են միանգամից 14 մուֆլոնի և 18 բեզոարյան այծի: Կենդանիների ու թռչունների անկման դեպքեր ձմեռվա ընթացքում, բարեբախտաբար, նույնպես չեն գրանցվել:

«Հատկանշական է նաև այն, որ վերջին տարիներին արգելոցի կենդանիները ձմեռում են Զանգեզուրի տարածաշրջանում` Գեղիին և Քաջարանին հարող հատվածներում` այլևս չանցնելով հարևան Նախիջևանի տարածք: Պատճառը սահմանային զորաքանակի ավելացումն է», - ասաց Ա. Աղասյանը:

ԲՆԱԿԱՆ ՍՈՍԻՆԵՐԻ ՄԻԱԿ ԵՎ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱՆՏԱՌԸ՝ ԿՈՎԿԱՍՈՒՄ

«Պետարգելոցի սոսիների պուրակն իր ուրույն տեղն ունի Զանգեզուրի Ծավ և Շիկահող գետերի հովտում ընկած միջազգային նշանակության, լանդշաֆտային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող էկոհամակարգերում»,- մեր թղթակցի հետ զրույցում նշեց Արամ Աղասյանը: Նրա խոսքերով, այն նաև Կովկասում բնական սոսիների միակ և ամենախոշոր (100-150 մ լայնությամբ, 7 կմ երկարությամբ) անտառն է: Այնտեղ աճող 1000-ից ավելի կաղնիներից և 250-300 տարեկան 30-35 մ բարձրությամբ սոսիներից բացի, աճում են նաև հունական ընկուզենի, կովկասյան փռշնի, սև մորմ, սզնի, հիբրիդային բարդի ու անտառային խաղող, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Ա. Աղասյանի խոսքերով, վերջին 12 տարում կատարված ապօրինի ծառահատումների և Ներքին Հանդ համայնքի բնակիչների գյուղատնտեսական գործունեության և կենդանիների գերարածեցման պատճառով վերոնշյալ բույսերի սերմարտադրությունը դադարել էր, իսկ նոսրացած անտառը կանգնել ոչնչացման վտանգի առջև: Վերջին երկու տարում նշված միջոցառումների իրականացման հետ, զուգահեռաբար, բարձրացել է բնապահպանական աշխատանքների արդյունավետությունը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ