Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ՄԻ՞ԹԵ ԱՅԴՊԵՍ ԵՆ ՀԱՐԳՈՒՄ ԲԱՐԵՐԱՐ ԵՎ ԹԻՖԼԻՍԻՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՕԳՈՒՏՆԵՐ ՏՎԱԾ ՄԱՐԴՈՒՆ

ՄԻ՞ԹԵ ԱՅԴՊԵՍ ԵՆ ՀԱՐԳՈՒՄ ԲԱՐԵՐԱՐ ԵՎ ԹԻՖԼԻՍԻՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՕԳՈՒՏՆԵՐ ՏՎԱԾ ՄԱՐԴՈՒՆ
23.12.2011 | 00:00

Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է իսկական հայորդի և անվանի թիֆլիսեցի: Նա 15 տարի Թիֆլիսի քաղաքային դումայի անդամ էր (ձայնավոր), Թիֆլիսի հայկական բարեգործական ընկերության պատվավոր անդամ և քաղաքի պատվավոր քաղաքացի:
Մանթաշյանցը տաղանդավոր գործարար էր, առևտրական և արդյունաբերող, կարողանում էր մեծ հաջողությամբ մրցակցել իր ահեղ մրցակիցների հետ: Պարզապես ֆենոմենալ և արտասովոր են նրա ձիրքերն ու շնորհները:
Մեծ և հյուրընկալ անհատականության ընտանիքի պատվավոր հյուրերն են եղել Ամենայն հայոց կաթողիկոսներ Խրիմյան Հայրիկը, Մատթեոս Իզմիրլյանը և Գևորգ Սուրենյանցը (Տփղիսեցին): Նա իր խրախճանքներին և ուրախություններին պարբերաբար հրավիրել է հայ գրողներին, նկարիչներին, դերասաններին ու երաժիշտներին:
Իսկ Մանթաշյանցի բարերարությունները և նյութական օգնությունները նրա բարեպաշտ ու պարկեշտ կենսակերպի դրսևորումներն էին, որոնք առասպելական երանգավորում էին ստանում: Նա իր դրամագլխից որոշակի գումարներ էր տրամադրում հայկական ազգային հաստատություններին (եկեղեցի, դպրոց, հիվանդանոց և այլն) և հայ երևելիներին (Հ. Թումանյան, Ա. Շիրվանզադե, Կոմիտաս և այլք):
Մի ուշագրավ հանգամանք ևս: Մանթաշյանցի` հայկական վարքուբարքով ապրող ընտանիքի խոսակցական լեզուն մշտապես աստվածային հայերենն է եղել, չնայած բոլորն էլ գերազանց տիրապետել են վրացերենին և ռուսերենին:
Բարձր նկարագրի տեր անձը շատ վաղուց մեզ հետ չէ, բայց նրա վաստակը և հետքերն ամենուր են: Հատկապես Թիֆլիսում առկա են նրա միջոցներով կառուցված հոյակերտ բազմաթիվ շենքեր, ինչպես նաև իր սեփական տները: Անգամ Մանթաշյանցի ձիաբուծարանի շինությունն ունի ճարտարապետական որոշակի արժեք:
Հենց վերջերս Թիֆլիսի Սբ. Էջմիածնեցոց եկեղեցու բակում կանգնեցվեց նրա կիսանդրին` որպես հարգանքի և երախտիքի հավաստիք: Բայց այս ամենով հանդերձ կա նաև վայրենաբարո մոտեցումը և հիվանդագին խանդը նրա շքեղ գործունեության նկատմամբ:
Բանն այն է, որ օրերս սադրիչ և մաղձոտ մի հոդված տպագրվեց վրացական թերթերից մեկում: Հաղորդվում է այն մասին, որ իբր թե թիֆլիսահայերը ցանկություն ունեն Ա. Մանթաշյանցի` ժամանակին կառուցած ձիաբուծարանի շենքը վերակառուցելու... եկեղեցու: Դրան հետևեց շատ բնական արձագանքը. «հայրենասեր» վրացի ընթերցողները և ազգայնամոլ շրջանները դրսևորեցին իրենց ատելությունը և որոշեցին շտապ կարգով ոչնչացնել շինությունը` տեղում կառուցելով «Օրիոն պալաս» հյուրանոցը: Նրանք նշում էին. «Այդ էր պակաս, որ Մանթաշևի շենք լինի»: Ի դեպ, շատերը, հավանաբար, չգիտեին այդ կառույցի մասին, կամ գուցե դա համարում էին գերմանացիների սարքած ինչ-որ շենք:
Ասենք, որ շինությունը գտնվում է Դիդուբե թաղամասում: Այն այժմ ցանկապատված է, և տեղադրված է կառուցվելիք հյուրանոցի որմազդը (պլակատը): Թերևս, շենքն ապրում է իր վերջին օրերը և կանհետանա հայերիս լուռ ու անտարբեր հայացքի առջև: Մի՞թե սա արժանի է մեծ Մանթաշյանցի վաստակին և նվիրումին: Ինչպիսի՜ երախտամոռություն և վայրենաբարո մոտեցում: Մի՞թե այդպես են հարգում բարերար և Թիֆլիսին հսկայական օգուտներ տված մարդուն:
Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ