Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Կորուստների հարյուրամյակներ և հաղթանակների ներկա

Կորուստների հարյուրամյակներ  և հաղթանակների ներկա
08.05.2012 | 00:00

«ԹՈՒՅԼԵՐԸ ԲԱՐԵԿԱՄ ՉՈՒՆԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Զարմանալի զուգադիպությամբ մեր ազգային խոշոր իրադարձություններից մի քանիսը` շատ նկատելիները, տեղի են ունեցել մայիսին: 451 թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, 1918 թ. մայիսի 22-28-ին` Սարդարապատի հերոսամարտը, 1992-ի մայիսին ազատագրվեց Շուշին:

Շուշին մեր ոգու և զենքի մեծագույն հաղթանակը եղավ, հաղթանակների բարձրակետը` փառավոր մի իրողություն, որի թնդյունների մեջ Տիգրան Մեծի ժամանակների ու Սարդարապատի հնչեղ արձագանքները կան: Եվ այդ արձագանքների մեջ է հնչում մեր ժողովրդին` Հայաստան և ի սփյուռս, ուղղված ժամանակի հրամայականը` պահն է համախմբման, պահն է միակամության ու միատեղության: Շուշին տվեց այդ հնարավորությունը` հետայդու պահպանելու մեր ազգային վերազարթոնքի ոգևորությունը, ուժերը միատեղելու, կոփելու մեր կամքն ու ժամանակների մարտահրավերներին դիմակայելու զորությունը: Նաև Գարեգին Նժդեհի կանչն էր պատգամի պես հնչում. «Քանի դեռ սուրն է կառավարում աշխարհը, ձիթենու ճյուղով զինված լինելը ծիծաղելի է և անմտություն: ՈՒժն է ծնում իրավունք: ՈՒժեղինն է Աշխարհը, Հայրենիքը, Ազատությունը, ամեն ինչ։ ՈՒզում ես փրկել՝ եղիր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում: Իսկ ուժիդ ազատություն տալու համար ցույց տուր երկու բան. առաջինը՝ որ գիտես մեռնել գիտակցված, իմաստալից մահով, երկրորդ՝ որ գիտես մեռցնել»:

Անցյալ հարյուրամյակներում, հազար ու մի պատճառներով, հազար ու մի հանգամանքների թելադրանքով և, ավաղ, նաև բոլոր ժամանակների հզորներին վստահելու, նրանց գութը շարժելու մեր դյուրահավատության պատճառով, մենք շարունակ կորցրել ենք տարածք, վստահություն, երբեմն անգամ հավատը մեր ուժերի հանդեպ: Արցախյան ազատագրական շարժումը ֆիդայական, հայդուկյան հուժկու պոռթկում էր, որը բարեփոխեց շարունակ կորուստներ կրածի, պարտությունների մեջ բարոյական հաղթանակներ փնտրողի մեր հոգեբանությունը, մեր բնույթը և մեզ տրամադրեց ազատվելու պարտվողականի` հարյուրամյակներով մեր ուսերը ճնշող ծանրությունից: Արցախյան գոյամարտը մեր ազգային պատերազմն էր: Հարյուրամյակներ անց ի վերջո պիտի հորդար ազգային ազատագրական պայքարի պրկված զսպումը, և ազերիների կողմից մեզ պարտադրված սահմանային կռիվների կորուստներին ընտելացած ազգի համար դառնար անկասելի հաղթական երթ: Հաղթանակի երթ, որի պսակը Շուշիի ազատագրումն էր: Շուշին դարձավ մեր զորության զարթոնքի, մեր ըղձանքների փայփայման ու մեր թաքնված կամային դրսևորումների բացահայտման խորհրդանիշը:

ՈՒ հիմա «Շուշի» խորագրվող մեր տարեգրության էջը բացվում է ազգային ազատագրական սրբազան պատերազմով, որը դարերով հետաձգել ու բերել-հասցրել էինք 21-րդ դարի շեմին: Այդ էջին մեր հզոր դիմակայությունն է մոջահեդներով շաղախուն ադրբեջանական բանակին և մեր փառավոր հաղթանակների վավերագրերը:


ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Զենքի հաղթանակը ոգու զորությունը պահպանելու, նաև բարոյական հաղթանակի զուգահեռման հրամայականն ունի: Շուշին վստահություն բերեց և մեր հայացքներն ավելի որոշակի ուղղեց դեպի գալիք: Շուշին նաև մեր ժողովրդի` աշխարհագրական իմաստով տարանջատված բևեռներն իրար բերելու, միակամելու թելադրանք է պարտադրում: Սփյուռքը Շուշիի ազատագրումը ողջունեց որպես հայրենիքի հզորության փայլուն գրավական և որ արդեն հենարան ունի` հզորության մակդիրով օծուն Հայրենիքը: Համախմբում` առաջին հերթին ժամանակին Արցախից հեռացողների համար: Արցախի պարագայում նման վերաբերմունքը յուրաքանչյուր հայի համար պիտի զուգահեռվի պարտքի խոր գիտակցումին և այն նվիրումին, որ հարյուրամյակների կորուստներից հետո մեր վերազարթոնքն ու մեր հաղթանակները եկան Արցախի ազատագրական պայքարի ոգեշնչումով: Հիմա պահպանելու խնդիրն է, ազգովին պահպանելու, գումարյալ ջանքերով դիվանագիտական խորաթափանցությամբ քաղաքական դաշտում հաղթանակն ամրապնդելու խնդիրը: Գարեգին Նժդեհի պատգամը` «Թույլերը բարեկամ չունեն աշխարհում», սերտելի դաս պիտի մնա մեզ համար, որ մեր ճշմարիտ վերաբերմունքը, մեր մոտեցումը, մեր նվիրումը առ Արցախ աշխարհ կարողանանք պահել:


ՇՈՒՇԻԻ ԿԱՆՉԸ

Շուշին Արցախը Հայաստանին կապող ռազմավարական նշանակության բնակավայր է, մշակութային պատմական կենտրոն և վերաշինման, վերածաղկման մեծ կարիքներ ունի: Հրաշալի է, որ Հայաստանի, սփյուռքի ուշադրությունը մեծ է` համընդգրկուն խնդիրների լուծման ճանապարհով պատմական ու մշակութային մեծ արժեքներ կրող Շուշին զուգելու, հագցնելու իրեն բնորոշ վերնազգեստը` թևերի տակ հավաքելու իր զավակներին, որոնք ժամանակի ընթացքում հեռացել են քաղաքից` ամենատարբեր հարկադրական պատճառներով:

Շուշին հիմա շատ կարիք ունի ամենակարևոր բանի` ստվար բնակչության: Թվում է, թե հիմա աշխարհով մեկ ցրված շուշեցիները պիտի աճապարեն իրենց սիրելի քաղաք, ուր բազմաթիվ շենքեր պարզապես դատարկ են ու բնակվողի կարոտ ունեն: Հիմա ես կրկին ու կրկին վերընթերցում եմ Արցախի գրողների դիմումը մարզից դուրս ապրող բոլոր արցախցիներին, որը տարիներ առաջ տեղեկատվության լայն միջոցներով, ինտերնետային կապով տարածվեց. «Մենք հավատում ենք հայրենի լեռնաշխարհի նկատմամբ յուրաքանչյուր արցախցու մեջ ապրող մեծ, անսահման սիրո զորությանը և դրա համար էլ այսօր դիմում ենք ձեզ, ձեր սրտին ու խղճին, ձեր հայրենասիրական անհաղթ ոգուն... Արցախը հավերժ է արցախյան հողի վրա ապրող արցախցու կառուցած տներով, նրա ձեռքով տնկած ծառերով, ծնվող մանկանց ճիչով ու ճապկեպինդ օրորոցների վրա կախվող արցախական երազ-աստղերի ուլունքաշարով: Վերադարձե՛ք»: Զգացական մի նամակ է սա, որը երկու տեքստային էջի վրա նկարագրում է իր զավակների հոգածության կարիքն ունեցող ազատ Արցախի ներկա վիճակը, վիճակ, որը կարող է բարելավվել պապենական արմատների կանչն ունեցող զավակների տունդարձով:

Պահն է, որ նախկին շուշեցիներն անսան իրենց հարազատ քաղաքի կանչին և պապենական ոստան իրենց վերադարձով արժևորեն այդ մեծ հաղթանակն ու տրվեն քաղաքի շենացման գործին: Դա անչափ կարևորվում է այսօր: Զարմանք բան է, որ օտարներից Ջեյմս Օլդրիջի նման անհատն էլ ժամանակին իր վերաբերմունքն է հայտնել հայերի` հայրենիք վերադառնալու կանչի վերաբերյալ. «Եթե ես հայ լինեի, ինձ երջանիկ չէի համարի մինչև այն պահը, քանի դեռ ազգիս թափառական քարավանները չեն հավաքվել իրենց պապենական հողի վրա»:

ԽՆԿԱՐԿՈՒՄ

Մայիսի 9-ին մենք ազգովին կտոնենք մեր մեծ հաղթանակը: Այդ հաղթանակը ձեռք բերվեց մարդկային մեծ կորուստներով, և յուրաքանչյուրիս պարտքն է նահատակների հանդեպ մեր մեջ ունենալ հիշատակի պահպանման ապրումը, հիշատակը խնկարկելու զգացումը: Սա նրա՛նց պետք չէ. սա մե՛զ է պետք: Նրանք իրենց ճակատագրի տերն էին և կամովին ելան իրենց Գողգոթան: Նման առաքելության կոչվածները` կամովի՛ն կոչվածները, հայրենիքի զգացողությամբ ու խաչուսյալի հավատքով են գնացել` ներքին զգացողությունների մեջ մի հրամայական ունենալով. «Հեքիաթային ու բարձր մեծագործության ճանապարհը մարդավայել անցնել»: Սա նրանցից եկող դաս է, սա նրանց հորդորն է, նրանց խրատն է սերունդներին: Վերջիններս, վայելելով նրանց ջանքերով բերված ազատությունն ու խաղաղությունը` միշտ պիտի իմանան, որ պահը թե եկավ, ազատության համար զոհվածների վարքի հանգույն խաչուսյալի կերպի մեջ կարողանան մտնել: Խոսքը ոգու զորության և հավատքի մասին է: Այն զորության ու հավատքի, որ Սոսեի մեջ էր, իր Կիկոյին ֆիդայի տեսնել փափագող գեղջկուհու և բոլոր նրանց նմանների մեջ: Այս հաղթանակներից հետո ուրիշ զգացողություն անհարիր պիտի թվա մեր ժամանակին ու մեր վիճակին: Մեր ժամանակի գանգատը չունենանք մեզ վրա, նաև օտարացումի, չճանաչվելու տագնապը չունենանք մեր մեջ, ինչպես Նարեկացին Տիրոջը դիմեց. «Վա՜յ, երբ երկնավոր Արքայի վճռով «Քեզ չեմ ճանաչում» խոսքը լսեմ», ինչպես զորավար Անդրանիկը` իր զինվորներին. «Ձեր հարազատ ցեղին մէկ մասը չճանչցաւ ու չյարգեց ինձ»: Եվ վերջապես Խորենացին էր հորդորում, որ «արդարության ճանապարհով գնան»: Ասել է, թե ազգի օրհասական պահերին ազգի նվիրյալները նույն մտածումն ունեն, նույն մտահոգությունն են ապրում և տագնապներն էլ գումարյալ մտածումի, գումարյալ ջանքերի արդյունքում են կարողանում վանել:


ԱՐՄԱՏ ԵՎ ԸՆՁՅՈՒՂ

Խոսելով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ազատագրած տարածքների մասին, ադրբեջանական կողմը, իր, այսպես ասած, տարածքային ամբողջականության խնդրի հետ, չգիտես ինչու, կապում է նաև Շուշին: Այսօր այդ հարցի մեջ խորանալու խնդրով զբաղվողները, անշուշտ, ունեն իրենց պատասխանը: Սակայն ես ընթերցողի ուշադրությունն եմ ուզում հրավիրել Շուշիի ամուր արմատների վրա: 19-րդ դարի կեսին Շուշին իր բնակչությամբ (12 հազար 774) Անդրկովկասում զբաղեցնում էր չորրորդ տեղը` Թիֆլիսից, Շամխորից, Նուխիից հետո: Այդ շրջանում Երևանի բնակչությունը կազմել է 12 հազար 603, Բաքվինը` 7 հազար 431 մարդ: Շուշիում դեռ 1828-ին հիմնվել է տպարան, և տպագրվել մեսրոպատառ «Պատմութիւն Սուրբ Գրոց» գիրքը: Շուշիի դպրոցում դասավանդել են Պ. Պռոշյանը, Մ. Աբեղյանը, Լ. Մանվելյանը, Վրթ. Փափազյանը, Հր. Աճառյանը, Ն. Աղբալյանը, Սպիր. Մելիքյանը և շատ այլ հայտնի հայ մտավորականներ:


Եվ վերջում, Հաղթանակի օրվա առթիվ ողջունելով մեզ բոլորիս, ողջունելով բոլոր շուշեցիներին, վկայեմ ևս մեկ փաստ. «Արցախյան շարժման նախօրյակին Արցախի սահմաններից դուրս ապրում էր ավելի քան 400 հազար արցախահայ՝ Ղարաբաղում մնացած հայ բնակչության թվից կրկնակի ավելի»:

Շնորհավոր քո եռատոնը, հայ ժողովուրդ` ի Հայաստան, ի Արցախ և ի սփյուռս աշխարհի: Շնորհավոր` այսուհետ միայն հաղթանակների ոգեկոչմամբ ու բարեմաղթանքներով:

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Լուսանկարը`

Լուկա ԿԱԼՈՅԻ (Իտալիա)

Դիտվել է՝ 2024

Մեկնաբանություններ