Կանաչ տարածքների պաշտպանության համար պայքարող քաղաքացիական նախաձեռնության խումբն այգու տարածքում սահմանել է շուրջօրյա հսկողություն և հանդես է գալիս կրպակների վերջնական ապամոնտաժման պահանջով:
«Այգին Երևանի գլխավոր հատակագծում ներկայացված է որպես հանրային կանաչ գոտի, և այդ տարածքում նախատեսված չեն կրպակներ,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ, իրավաբան ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:- Կառուցապատումը տեղի է ունենում քաղաքաշինության մասին օրենքի խախտմամբ: Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները «տեղափոխվում» են Մաշտոցի այգի»:
Բնապահպանի տեղեկացմամբ` իրենք շինարարներից պահանջել են շինթույլտվության փաստաթղթեր, փորձել են պարզել` ովքեր են կառուցապատման ղեկավարները, և չեն ստացել ոչ մի պատասխան: Երեք անգամ զգուշացնելուց հետո պահանջել են դադարեցնել ապօրինի շինարարությունը և սահմանել են շուրջօրյա հսկողություն:
Նրա խոսքով` նստացույցն անցնում է առանց լուրջ միջադեպերի, բախումներ չեն եղել, ոստիկանները փորձել են թույլ չտալ արգելել շինարարների աշխատանքը, սակայն, բնապահպանների ներկայացրած բացատրությունից հետո հեռացել են:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ իրենք չեն հավատում այն պնդումներին, թե կրպակները ժամանակավորապես են տեղադրվել այգում: «Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանը ոչ մի օրինական հիմք չի ներկայացրել: Ի՞նչ է նշանակում բետոնապատել, կրպակներ կառուցել, հետո քանդել: Մենք շարունակելու ենք պայքարը մինչև այգու վերջնական ազատումը»,- ասաց նա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ