Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տեղը նշող սյունը տարածքում տեղադրված կրպակների հետևում է մնացել: Թե որտեղ է գտնվում մեծ դասականի տուն-թանգարանը, շատ հաճախ հուշում են դարձյալ խնդրո առարկա դարձած տուն-թանգարանի լուսամուտների առջև տեղակայված աղբամանները: Ստեղծված իրավիճակի մասին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ բազմիցս բարձրաձայնել է մամուլում, դիմել պատկան մարմիններին` չստանալով ոչ մի սպառիչ, խելամիտ պատասխան:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ խնդրի հետ կապված վերջին գրությունը հուլիսի 22-ին հղել են Երևանի քաղաքապետին` Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տեղը ուղենշող հուշասյունը շրջափակած կրպակներից մեկի տիրոջ ստորագրությամբ` խնդրելով թույլատրել հուշասյունը տեղափոխել Աբովյան փողոցի մայթի կենտրոն, որպեսզի, ի վերջո, ապահովվի տեսանելիությունը: Քաղաքապետարանի ծանուցագրի համաձայն` գրության պատասխանը տրվելու էր երեսուն աշխատանքային օրվա ընթացքում:
«Պատասխանը նշված ժամանակահատվածում չստացանք, այդ ընթացքում հուշասյան կողքի կրպակներից մեկն ապամոնտաժվեց, մյուսն այդպես էլ մնում է անձեռնմխելի,- ասաց Կարինե Ռաֆայելյանը:- Կրպակատերը չի շտապում կատարել իր խոստումը` հուշասյունը տեղափոխել մայթի կենտրոն, քանի որ, շենքի բնակիչների տեղեկացմամբ, պատճառաբանել է, թե նման հրահանգ չի ստացել: Ինչևէ: Քաղաքապետարանի ծանուցման թերթիկի վրա նշված է հաղորդագրության հասցե. 1006 կարճ համարին SMS ուղարկելով` կարելի է խնդրի առնչությամբ ստանալ ավտոմատ պատասխան: Մենք ստացել ենք այսպիսի պատասխան. «Տվյալ փաստաթղթի համար բոլոր տրված հանձնարարականները կատարված են, բայց պատասխանի մասին ինֆորմացիան բացակայում է»: Եթե որևէ մեկը հասկանում է ինչ-որ բան այս պատասխանից, կխնդրեի հասկացներ նաև անհասկացողիս»:
Անհեթեթ, ոչինչ չասող այս հաղորդագրությունից հետո տուն-թանգարանի վարիչը փորձել է կապվել քաղաքապետարանի աշխատակիցների հետ: «Դեռևս մեկ շաբաթ առաջ` սեպտեմբերի 23-ին, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի համապատասխան պաշտոնյան` Սամվել Գյուլնազարյանը, ում, համառ ու երկարատև ջանքերիցս հետո առաջարկեց դիմել հեռախոսազանգիս պատասխանած քաղաքապետարանի ներկայացուցիչը, խոստացավ, որ գրության պատասխանը կգտնի և կկապվի մեզ հետ,- ասաց նա:- Մինչ օրս զանգի կամ որևէ պատասխանի չեմ արժանացել: Լռելը խնդրի շուրջ անտրամաբանական է, խոսելը` նույնքան, քանի որ` «ձայն բարբառո հանապատի»:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ելույթներից մեկում նշել է, որ մշակութային օջախների ղեկավարները որևէ խնդրի մասին խոսելիս պետք է ցույց տան նաև տվյալ խնդրի լուծման ուղիները: Կարինե Ռաֆայելյանը մի քանի անգամ առաջարկել է հուշասյան խնդիրը լուծել` այն ընդարձակ մայթի կենտրոն տեղափոխելով: Տասնամյակների պատմություն ունեցող աղբամաններն էլ կարելի է տեղափոխել հարևան բակ կամ Աբովյան փողոցի մայթեզր, ինչպես Բաղրամյան, Կիևյան, Տիգրան Մեծ, Խանջյան և շատ այլ փողոցներում է: «Սա իմ ու նաև Աբովյան փողոցի 29, 31 շենքերի բնակիչների առաջարկն է: Դե՞մ եք, ուրիշ կերպ լուծեք այս խնդիրները: Բայց լուծե՛ք: Եվ վերջապես, որևէ կառուցողական քայլ կատարեք բարձրացված խնդիրների ուղղությամբ»,- իր խոսքը եզրափակեց Կարինե Ռաֆայելյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ