Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ՄՈՏԱՎՈՐԱԿԱՆԻՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ (տնտեսե՛ք օճառը, առջևում ընտրություններ են)

ՄՈՏԱՎՈՐԱԿԱՆԻՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ   (տնտեսե՛ք օճառը, առջևում ընտրություններ են)
20.01.2012 | 00:00

«Քեզ կախեն պիտի, թե՞ խփեն...
Ես կարծում եմ - լավ է կախեն
Իհարկե, օդում դու մի քիչ
Ոտներով պիտի խարխափես...»։

Եղիշե ՉԱՐԵՆՑ,
«Օ, լսիր, կրքերի ժանտախտը», Կիսլովոդսկ, 1929 թ.

ՄՈՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
(նախավարժանք` մարդասիրական ենթատեքստով)

Նախ Մոտավոր հովվի վարքը քննենք։ Հոտը մակաղել է սարի լանջին։ Հովիվը, այնինչ, մոտավոր պատկերացում ունի իր պարտականությունների մասին։ Կթում է գյուղի աջթևային ոչխարներին ու կաթը թարմ-թարմ վաճառում է սարալանջով անցնող և սուր զգացողություններ փնտրող զբոսաշրջիկների խմբին։ Ձևավորված, ի դեպ, Հյուսիսային Աֆրիկայի երկնագույն-թխամորթներից և Հարավային Ամերիկայի կարմրամաշկ-մորմոններից։ Հայտնի է, թե ինչ է կատարվում նրանց հետ տասը րոպե անց։ Չմանրամասնենք։ Հետո մոտավոր հովիվը խիստ մոտավոր հաշվարկներ կատարելով, այսուհանդերձ, վրիպում է։ Փորձում է ոչխարախոյական կտտորը ևս իրացնել։ Դրանից հուլունք է հավաքում և մատուցում խոր Եվրոպայի մի անասելի խուլ գյուղի գյուղապետին, ով փորձի փոխանակման կարգով փորձում էր կարգավորել աչքի տեսածը։ Այսինքն, այդ ինչպե՛ս է, որ Մոտավորի հայրենի համայնք Ղազլուխակերտում ոռոգման ջուրը մնում է կես ճամփին, ներծծվելով կավահողի մեջ, գյուղի ջահելությունը բախտ է փնտրում օտար ամայի աշխարհամասերում, դպրոցի միակ ուսուցիչը հաշմանդամ պահակ, համատեղության կարգով գյուղապետարանի ցրիչ Սահակն է, տարրական կրթությամբ, բայց արի ու տես, որ գյուղապետ Ղազարապետի կացարանը երկհարկանի է։
Առհասարակ հնարագետ է Մոտավորը։ Հետաքրքիր պատմություններ գիտի և ուշագրավ եղելություններ։ Սափրվում է ամեն օր։ Գուլպաները փոխում օր ու մեջ։ Գիտե մի երեք-չորս հայեցի նախադասություն։ Ամենակարևորը` գիտե դրանք երբ և ինչպես (նաև` ում մոտ) կիրառելու խորհուրդը։ Ղազլուխակերտի գովազդային վահանակն է Ղազարապետի շունչն ու ապավենը։
Մոտավորը` բազմաշնորհ իր ձեռամբ, բազմանիստ է յուր ներաշխարհում։ Մարդը 57 տարեկան է, բայց պատերազմի վետերան է ճանաչվում։ Արցախի և Երկրորդ աշխարհամարտի։ Նաև Առաջինի։ Հոտը` հանձնված նրան ի տնօրինում, բավականին բազմադեմ է։ Կան ձախակողմյան մայողներ, կան աջ-արմատական բառաչողներ։ Կան նաև կենտրոնամետ կտտորողներ։ Սակայն բոլորն անխտիր ղազլուխակերտամետ են։
Միայն տեղազննենք Մոտավոր հովվի մախա՜ղը (իմա` խուրջինը). քաղմարմինների երեք տասնյակ քաղտոմսեր, երկու բաղարջ, Ղազարապետի դեմ քառասուն կոմպրոմատ։ Տեղական արտադրության հալվա, որով պատժում է կարգազանց խոյերին, հալվան լուծելով ներկրված կոլայի մեջ և պարգևատրման կարգով հրամցնելով նրանց։ Ի դեպ, կարգազանցության լուսաբանման զարմանալի ձևաչափ է մշակվել։ Օրինակ, եթե կաթի յուղայնությունը նվազում է, աջ-արմատական բառաչողը փոխատեղվում է հոտի կենտրոնական հատված։ Եվ հակառակը, եթե գունաթափվում է հոտի կտտորը։ Մի խոսքով քիչ աշխուժացրեք Ձեր պատվարժան երևակայությունը և ինքներդ կերպավորեք Մոտավոր չինովնիկին, երթուղային գծատերին, կրթօջախի տնօրենին և, ինչու չէ, պատգամավորին։

«ԼԼ»-ում համերաշխության դաշնագիր է ստորագրվել։ Այսուհետ, յուրաքանչյուր եռամսյակ, կհռչակվեն հանրապետության գերակա դոդոշակերպերը և գերագույն կարմրախայտաբղետները, համաձայն յուրյանց եռամսյա գործունեության, վարք ու բարքի և այլն։ Համաձայն դաշնագրի ժամանակացույցի` հավանական թեկնածուները պարբերաբար կներկայացվեն ձեր խոհեմավսեմ ուշադրությանը։
Այս պարագայում Դոդոշակերպի թեկնածուներն են Աջափնյակ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում վերգետնյա անցումներ կառուցած և անցումները ներքին հարդարման պլպլան սալիկներով սահադաշտի վերածած շինընկերության ճարտարագետը (ընկերության և ճարտարագետի անվանում-անունն առաջիկայում կհրապարակվի) և չինական արտադրության ավտոբուսները, որոնք հարբել ու Հայաստան հասնելու փոխարեն մոլորվել են եվրասիական ճանապարհներին։ Կարմրախայտաբղետների թեկնածուներ` առայժմ չիք։
Հ. Գ. -2012-ի 12-րդ ամսի վերջին Դոդոշակերպի մրցանակակիրները կհրավիրվեն Նուբարաշենի համաերևանյան-մերձարտաշատյան աղբանոց։ Կարմրախայտաբղետները, ի դեպ, կպարգևատրվեն մշտադալար դափնեպսակով և 2013-ին անվճար կերթևեկեն չինական ավտոբուսներով։

ՄՏԱՏԱՆՋԱՆՔՆԵՐ
(վարժանքներ` մարդաբանական տողատակով)

Մոտավոր-մտավորը։ Նորանկախության մեր կրթյալ սափրագլուխը։ Մեր մշակութային մանրավաճառն ու գրական մարմնավաճառը։ Մեր գիտական պատկառակերպ «այրն իմաստուն», որ անընդմեջ դասընթացներ կարող է կազմակերպել և հանդես գալ որպես փայլուն դասուսույց` երկրիս ու քաղաքիս տնաբույս կավատների առջև։
Սա մարդաբանական խեղաթյուրանք է։ Բարոյականությունը նրա համար փետրավոր բարձ է, որ տեղադրում է համապատասխան վայրում` համապատասխան մարդասիրական գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու նպատակով։
Բանականությունն էլ աջ ցուցամատի սնուցիչ-կողմնորոշիչն է։ Եվ ցուցանում-կողմնորոշում է միշտ դեպի բարեբեր քամիները։ Քամիները կուսակցականապետական, օլիգարխիկ, վերնակույտային-վարչական և, անկասկած` դրամաշնորհային։ Դե, մարդաբանական տեսանկյունից Մոտավորն այս նաև կենսաբանական կատարելություն է։ Ողնաշարի յուրաքանչյուր ողը համակցվում է գանգուղեղին և սպասում է անհրաժեշտ հրահանգի, համրանում է մի պահ և անցնում խոյահարման։ Կամ` խոնարհման։ Ըստ հրահանգի` հրակայունության (նյութա-ֆինանսական հեռանկարով)։

Հիշենք նրանց անուն առ անուն։ Առանց անվանակոչության։ Հանրությունը, անշուշտ, պիտի ճանաչի յուր հերոսներին։ Սակայն կռահման մակարդակում։ Զի շուն-գել, մոտավորներն ունեն յուրյանց համեստ (երբեմն էլ անհամեստ) լուման ազգային-համապետական մշակույթն ու արվեստը ծաղկեցնելիս։ Բացի նշյալից, մեր տարաբախտ հանրությունը խենթության աստիճանի ներողամիտ է և պատրաստ է ներելու սիրելիի (նշանավոր Մոտավորի) յուրաքանչյուր զանցանք (եթե անգամ այն հանցանք է)։ Կարևորն այլ է։ Չէ՞ որ մարդը (Մոտավորը) փայլուն մի երգ է երկնել կամ պոեմ թխել։ Անշուշտ, հայրենաբաղձական շորշոփներով համեմված և հագեցած։

Ահա նրանք` Մոտավոր արձակագիրն ու դրամատուրգը։ Խալավոր քաղկավատի շեփորած «պերեստրոյկան» ափեափ էր զարնվում։ Հայաստանում, այնուամենայնիվ, գտնվեց մեկը, ով, ձեռնոց նետեց հայկական միջավայրի կաշառասուն նեխվածությանն ու սնամեջ բարգավաճմանը։ Եվ ասպարեզ իջան պահի մոտավորներն ու, կուսակցապետական համաժողովում, մոլեռանդ երեսպաշտության մեջ գերազանցելով իրենք իրենց, շեփորեցին, թե վիրավորված են մինչև հոգու խորքերը, զի Հայաստանն առաջինն է որդեգրել Խալակրի գաղափարները և այստեղ առաջինն են ողջ կայսրությունում պերեստրոյկան ընկալել, ողջունել (շրջանցելով Խալակրին), մարսել են և մարմանդ ընթանում են դեպի վերջին հանգրվանը։ (Ասել է թե` կայսրության փլուզումը, Սումգայիթն ու օլիգոպոլիայի սաղմնավորումը)։ Եվ ի՞նչ. խորհրդային վերջալույսի գրական-մշակութային աշխարհում սույն Մոտավորը գնահատվե՞ց արժանվույնս։ Բնավ։ Փսփսացին, զարմացան, հայհոյեցին կիսաձայն և ողբացին բարձրաձայն։ Սրճարանում և խոհանոցում։ Արտաքնոցում ու ամառանոցում։ Բայց և ոչ մի հրապարակային անդրադարձ։ ՈՒ ոչ մի շառաչուն ապտակ։

Այո՜, այո, սա էր նախահիմքն ու շարժառիթը, զորավոր և անվրեպ։ Անկախացմամբ սկսվեց ազգային մշակույթի ապիկարացման քարի դարը։
ՈՒ զարմանանք, թե զայրանանք, երբ Մոտավորականը մերձենում է վերնակույտի այս կամ այն անդամին, շողում ժպիտով և քծնաբեղուն շոշափուկների անդիմադրելի հմայքով շորշոփահար է անում։
Կամ մորուքով պճնազարդ այն մեկը։ Դեռ շքախումբը դեպքի վայր չհասած` նա տեղում է։ Եվ պեղում է մայրենիի պահոցներն ու շոյիչ-գուրգուրիչ բառահեղեղով շանթահարում շրջապատը։ Զորօրինակ, այն դեպքում, երբ մեծ ուշացումով շքախմբի այս կամ այն անդամը կատարում է այն, ինչն ի պաշտոնե պիտի արած լիներ շատ վաղուց։ Ասենք` նորոգում է մանկատան արտաքնոցը։ Կամ երկու շվի ու մեկ դհոլ նվիրաբերում (հո բառ չէ, բալասան է) երաժշտական կրթօջախին։ Կամ... և այսպես շարունակ։ Կամ անմորուս այս խաթաբալան։ Քսակապետերի հարսանիքներում ու քելեխներում փնտրված թամադա է։ Յուրաքանչյուր նման ցատկռտուք բավարար գնահատվում է։ Ասենք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Բայց խաթաբալան հույժ շուկայագետ է։ Այս և այն հեռուստանախագծում պետք է շորորալ ու շարմաղ ժպիտնե՞ր շաղ տալ։ Խնդրեմ։ Բավ է, պայմանավորվենք գումարի չափի շուրջ։ Մի՞թե շուկայական հարաբերություններ չեն շուրջբոլորը։ ՈՒ մի՞թե ներելի է բախտին աքացի տալը։ (Օր ծերության ով է հիշելու այս ամենը)։ ՈՒ թե հարկ լինի, խաթաբալան դելֆինների հետ էլ նազ-պար կբռնի։ Եվ ուշագրավ է, որ խաթաբալային զորակցում է քաղաքում հարգանք վայելող այս ու այն մեկը։ ՈՒ շախ են տալիս ռաբիս Դզոյին կամ Իզոյին։ Որպեսզի վերջիններս առավել լիաթոք կլանեն անգամ անկլանելին։ Դե, գիտեք էլի, մի բան է, երբ պանդոկի տավարի ցավ կլկլացնողներն են բաժակդ ծաղկեցնում, բոլորովին այլ բան, երբ անուն, կոչում ու ճանաչում ունեցողներն են սեղանիդ շուլալվում։

Ինչն է տարակուսելի, զարհուրելի և տարանցիկ։ Մինչև կեսօր Մոտավորը մամլո սրահներում կամ այլուր լալահառաչ բողոքում է, բորբոքվում և մորմոքվում։ Հե՜յ գիտի, հասեք ու փրկեք, ազգային մշակույթը անդնդի եզրին է, արվեստը` վաղուց անդնդի հատակում, չարագույժ արևմտյան խորշակները խաչակրաց արշավանք են սանձազերծել հանդեպ հինգհազարամյա ինքնությանը մեր, հանդեպ Մաշտոցի, Կոմիտասի ու հայրենների։ Մինչդեռ Բայրոնն ասել է, Գյոթեն հավաստել, Բիտովը` հիացել։
Լացակումածության աստիճանի հուզված լրատվամիջոցները հուզախռով հարգանքով նույն օրվա երեկոյան հեռարձակում են Մոտավորի հրեղեն բառահեղեղը։
Սա, հասկանալի է, լրատվության ամենաթունդ հատվածում։ Ավարտվեց լրատվությունը։ Գովազդային հերթական արշավանքն է։ Եվ հերթական սերիալը։ Կամ քլաբը։ ՈՒ ի՞նչ։ Մոտավորը սերիալում քարոզում է ստորադաս կրքեր ու բարքեր, քլաբում էլ հիացմունքից գալարվում է, և ահա վախը սրտումդ մտածում ես, թե մի բան չպատահի տարիքն առած սույն սուբյեկտին։ Չէ՞ որ վստահաբար` խրխնջում է պարտադրաբար։ Իսկ պարտադրված խրխինջը, համաձայն «ԼԼ» գլխավոր ֆելդշեր դոդոշ Դավոյի, չափազանց վտանգավոր է առողջության համար։ Ինչպես, օրինակ, Արմավիրի քաղաքապետը` Արմավիր քաղաքի շարքային քաղաքացիների։ Կամ նվազագույն զամբյուղը։

ՍՐՏԱՏՐՈՓ ՎԵՐՋԱԲԱՆ
(մոտավոր մտորումներ)

Այո, մոտավոր տիարք և պարոնայք, տնտեսեք օճառը, առջևում խորհրդարանական, հետո էլ նախագահական ընտրություններն են։ Քա՜վ լիցի, անցել են ստալինյան օրերը դաժան, և դուք այսուհետ պիտի խարխափեք հայրենի հողի և ասֆալտի վրա։ Խարխափեք` վասն օվալաձև դահլիճում շեղանկյուն շնթռկելու... Խարխափեք, խոտորվեք և խրխնջացեք լիարյուն։ Ոգու սովը էապես նպաստում է ստամոքսահյութի կենարար առաջընթացին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Այսպիսով, քեզ կախե՞ն պիտի, թե՞ խփեն։ Ես կարծում եմ, ավելի լավ է խփեն։ Բայց լա՜վ խփեն։ Ամորձիներին։ Բոխախին։ Վզակոթին։ Իսկ մինչ այդ մեծաքսակավորին շուլալվելուց առաջ, կանգ առեք մի պահ, խոր շնչեք ու ծռեք ձեր ճամփան։ Դեպի գրադարան։ Եվ ուշի ուշով վերընթերցեք «ԼԼ» երեք գերակայությունները.
ա) «Կիկոսի մահը»,
բ) «Մահվան տեսիլը»
գ) «Տերը»։

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ