«Ո՞Ւմ դիմենք, ո՞ւմ, երբ քաղաքապետը մեզ չի լսում, արհամարհում է։ Կառավարության նիստերին գողեգող է գալիս, շենք է մտնում Մելիք-Ադամյանի մուտքով և նույն կերպ դուրս գալիս»,- միաձայն ասացին կառավարության շենքը պաշարած արդեն նախկին կրպակատերերն ու նրանց վաղվա բախտակիցները, երբ փորձեցինք հասկանալ, թե ինչու են կրպակների ապամոնտաժման խնդրով «կալմեջ արել» ոստիկանապետին։ Ժողովրդի լեզվով ասած` քաղաքապետ Կարեն Կարապետյանը «քարը գցել է հորը», իսկ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը փորձում էր «հանել»` մարդկանց հետ մարդավարի զրուցելով։ Սակայն ի՞նչ կփոխվի դրանից։ «Մեր հացի խնդիրը կներկայացնի քաղաքապետին»,- հուսով էին հավաքվածները։ Գուցե սա պայմանավորված է նրանով, որ Ալիկ Սարգսյանը չի խորշում մարդկանց հետ հանդիպելուց։ Համենայն դեպս, այն, որ այդ զրույցների արդյունքում կանխվում է մարդկանց զայրույթի պոռթկումը, փաստ է։ Սակայն քաղաքապետարանը, կարծես, փորձում է չարություն սերմանել ոստիկանության հանդեպ։ Մեր այս ենթադրության հիմքում բողոքողների հարցադրումներն էին. «Քաղաքապետարանից մեզ սպառնում են կարմիր բերետավորներով, նշելով, որ նրանք կգան ու կապամոնտաժեն մեր կրպակները»,- բողոքում էին նրանք ոստիկանապետին, ընդգծելով, որ իրենք ոչ մեկից չեն վախենում։ «Ճիշտ եք անում, ձեր իրավունքները պետք է լավ իմանաք։ Ինձնից էլ չպետք է վախենաք, մենք հավասար մարդիկ ենք։ Եթե ես սխալ թույլ տամ որևէ մեկի նկատմամբ, կպատժվեմ բոլորի պես, հնարավոր է, որ ավելին կորցնեմ, քան մյուսները»,- ասաց ոստիկանապետը և կատակեց. «Ի՞նչ անեմ, բերետի կարմիր գույնը փոխե՞մ»։ Ինչ վերաբերում է կարմիր բերետավորների ներկայությանը կրպակների ապամոնտաժման գործընթացում, նա պարզաբանեց. «Ոստիկանը կրպակ ապամոնտաժող չէ, ոչ էլ իրավունք ունի բահ վերցնելու։ Ոստիկանն այդ գործընթացում ներկա է կարգուկանոն ապահովելու համար։ Կարող է միջամտել միայն, երբ կողմերն անցնում են բռունցքների, հայհոյանքների»։ Թեև այս անգամ հավաքվածները ցրվեցին, խնդիրը մնաց։ Դժվար է մարդկանցից հանդարտություն և ընկալում պահանջել, երբ նրանցից խլում են իրենց իսկ տված «հացը» և նորը չեն տալիս։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ