38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԳՐԱՆԴ ՓՂԻԿԻՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾԻ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ»

ԳՐԱՆԴ ՓՂԻԿԻՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾԻ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ»
12.10.2010 | 00:00

Երևանի կենդանաբանական այգին շուտով կհամալրվի նոր կենդանատեսակներով: Մինչև հոկտեմբերի վերջ ՈՒկրաինայի Նիկոլաևի կենդանաբանական այգուց Երևան կփոխադրվի վեց տեսակի կենդանի: «Մենք համաձայնագիր ենք ստորագրել այդ կենդանաբանական այգու հետ, որի շրջանակում Հայաստան կբերվեն երկու տեսակի կապիկ, Դավիդի եղջերու, այծեղջյուր, կենգուրու և եգիպտական թռչող շնիկներ: Դրա դիմաց Նիկոլաևի այգուն կտանք վայրի, գիշատիչ թռչուններ, ինչով հարուստ ենք: Փոխանակման փաստաթղթերի ձևակերպումն արդեն ավարտված է, մնում է տեղափոխման խնդիրը»,- «Իրատես de facto»-ին տեղեկացրեց այգու տնօրեն Սահակ Աբովյանը: Նա նշեց, որ «իրենց կենդանիների տեղափոխման ծախսերն իրենք են հոգալու, մեր թռչուններինը` մենք»:
Կենդանիների փոխանակումը լավ է, բայց այն, որ վերջիններս պետք է բնակվեն նախկին, ոչ հարմարավետ կացարաններում` վատ: Դրան գումարած` որոշ ազատավանդակներից էլ տհաճ հոտ է գալիս. պատճառը վանդակների բետոնե ծածկն է: Պարոն Աբովյանը հայտնեց, որ 2011 թվականի սկզբից իրականացվելու են այգու բարեկարգման, վերանորոգման աշխատանքներ, կկառուցվեն նաև նոր ազատավանդակներ: «Ներկայիս ազատավանդակները չեն համապատասխանում ժամանակակից միջազգային նորմերին: Նրանք շատ փոքր են և անհարմար: Բացի դա, անդուր հոտն էլ մի այլ գլխացավանք է: Դրա հետ կապված, իհարկե, բողոքներ էլ են լինում այցելուներից (չգիտե՞ք, մարդկանց էլ առիթ է պետք, որ բողոքեն)… Թեև դա (հոտը) ես բնական եմ համարում, մի տեղ եթե կենդանիներ են բնակվում, այդպես էլ պետք է լինի… բայց, միևնույն է, ես չէի ասի, որ հոտն այնքան ուժեղ է, որի համար արժե «աղմուկ» բարձրացնել»: Իսկ թե ովքեր են աղմկողները` տեղացի՞ են, թե՞ դրսից, պարոն Աբովյանն անթաքույց վրդովմունքով պատասխանեց. «Բանն էլ հենց այն է, որ տեղացի են, որոնց վրայից, շատ ներողություն, ավելի վատ հոտեր են գալիս, քան կենդանիների»: Հոտի առնչությամբ վերջինս ունի իր բացատրությունը. «Որոշ կենդանիներ բետոնի վրա են միզում, դրա համար էլ տհաճ հոտ է բուրում: Այ, եթե բետոնը հողով ծածկված լիներ, ինչպես, ասենք, առյուծների կացարանները, նման հոտ չէր գա: Շոգն էլ իր հերթին էր սրում այն... ինչքան էլ լվանում-մաքրում ենք, միևնույն է, չի անցնում»: Այդ առումով նախատեսվո՞ւմ են բարեփոխումներ: «Դրանց վերակառուցումը պետք է իրականացվեր երկու տարի առաջ, բայց ճգնաժամի պատճառով կասեցվեց: Ամեն ինչ ուժի մեջ է, հունվարին աշխատանքները կսկսվեն»,- ասաց Ս. Աբովյանը:
2011-ին կնշվի կենդանաբանական այգու 70-ամյակը: Դա է գլխավոր պատճառը, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ տնկվել է մի քանի տասնյակ ծառ: Շուտով կթարմացվի և կնորացվի նաև այգու շրջակայքը: Փակցվել են նախազգուշացնող և կենդանիների մասին պատմող ցուցանակներ: Թեև դա էլ չի խանգարում «հասկացողությունից զուրկ» որոշ մարդկանց` անելու այն, ինչ սրտներն ուզում է: Օրինակ, մի քանի ամիս առաջ գայլը վնասել էր մեկի ձեռքը, երբ վերջինս ցանկացել էր ձեռքը վանդակից ներս տանել: Տնօրենի համար ամենակարևորը այգու մաքրությունն է, ինչը շատ հաճախ «ապականում են» «կուլտուրայից զուրկ» մարդիկ։ «Տեղադրվել են նոր աղբամաններ, բայց, ցավոք, մեր հայրենակիցները շարունակում են աղբը շաղ տալ այգով մեկ, անհանգստացնել կենդանիներին և կերակրել նրանց ինչով պատահի, չնայած բոլոր վանդակների վերևում փակցված է նախազգուշական ցուցանակ, որ չի կարելի»: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի առաջարկով կկառուցվի վայրի բնության ուսումնասիրման քոլեջ: Այգու կարիքները հոգալու համար նախատեսվել է 100 մլն դրամ, որը հիմնականում կուղղվի մեծ կատուների համար նոր վանդակների կառուցմանը: Գրանդ փղիկին ընկերուհի գտնելու հարցն էլ խոստացել է լուծել «Գրանդ Քենդին», որը պատրաստ է ֆինանսավորելու գործարքը, բայց դեռ ժամանակ է պետք դրա լուծման համար:
Կենդանաբանական այգին տարեկան 150-160 հազար այցելու է ունենում (այգին ամենաշատ այցելու` շուրջ 70 տոկոս, ունենում է մայիս-հունիս ամիսներին), սակայն այս տարի նրանց թիվը համեմատաբար նվազել է կապված անձրևների և հատկապես ամառվա շոգ եղանակի հետ: Բացի շոգերից, լուրջ պատճառ դարձան Մյասնիկյան պողոտայում ընթացող վերանորոգման աշխատանքները, ինչի հետևանքով մեծ խցանումներ էին առաջանում: Նվազել է նաև զբոսաշրջիկների թիվը, որոնց, ճիշտ է, զարմացնելն այնքան էլ հեշտ չէ, բայց, ինչպես պարոն Աբովյանը հավաստեց, հիմնականում գոհ են հեռանում:
Այգուն տրամադրվող տարեկան դոտացիան 187 մլն դրամ է: Գումարի հիմնական մասը` շուրջ 124 մլն-ը, ծախսվում է կենդանիների սննդի վրա: Չնայած տիրող ճգնաժամին, բոլորովին չի կրճատվել կենդանիների կերաբաժինը: Այգու հոգատար աշխատակիցները նրանց կերակրում են օրը երկու անգամ: Տարածքը նույնպես մաքրվում է օրական երկու անգամ: Լավ է, որ մեզ մոտ ձմեռը խստաշունչ չէ: Մինչդեռ կան կենդանիներ, որոնք բավարար չափով ջերմություն և հարմարավետություն են պահանջում, իսկ համապատասխան ջեռուցում ապահովելը, ըստ տնօրենի, շատ թանկ է, բայց մի կերպ ապահովում են:
Ներկայումս կենդանաբանական այգում կա 215 կենդանատեսակ` 2300-ից ավելի գլխաքանակով: Ի դեպ, այգու բնակիչներն իրենց շատ լավ են զգում, նույնիսկ հերոսաբար են հաղթահարել ամառվա շոգերը. կորուստներ էլ չեն ունեցել: Վերջին տարիներին կենդանիները սատկել են իրենց բնական մահով, և ցրտի կամ շոգերի պատճառով լուրջ դեպքեր չեն արձանագրվել:
Նշենք նաև, որ կենդանաբանական այգու տոմսի գներում փոփոխություններ չկան և չեն նախատեսվում. մինչև 6 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է, 6 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար` 300 դրամ: «Ոչ մի երկրում նման գներ գոյություն չունեն, ի տարբերություն Հայաստանի, ամեն տեղ կենդանական այգու տոմսերը շատ թանկ արժեն»,- հերթական դժգոհությունն արտահայտեց Սահակ Աբովյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1850

Մեկնաբանություններ