38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՍ ՀԱՐԵՎԱՆ ՈՒՆԵՆՔ»

«ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՍ ՀԱՐԵՎԱՆ ՈՒՆԵՆՔ»
23.07.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ ԳՐԵՏԱ ՄԻՐԶՈՅԱՆԸ:
«ԿՇՏԱՆԱԼ ՉՈՒՆԵՆ ԱՅԴ ԱՆԱՍՏՎԱԾՆԵՐԸ»
-Տիկին Միրզոյան, Ձեր կազմակերպության անցկացրած վերջին մոնիթորինգի արդյունքում պարզվեց, որ զինակոչիկների զգալի մասը հիվանդ է: Մի՞թե այդքան լուրջ է նրանց առողջական վիճակը, ինչի՞ հետևանք է դա:
-Նրանց առողջական վիճակն իսկապես բավականին լուրջ է: Բանակ են զորակոչվել 1991 թվականին ծնված տղաները, որոնց մանկությունն անցել է առանց լույսի, ջեռուցման, երեխաների համար անհրաժեշտ պայմանների: Ես ինձ կիրթ, ինտելիգենտ կին եմ համարում, բայց այնքան եմ ուզում անկիրթ խոսքերով վատաբանել այն մարդկանց, ովքեր 90-ականներին մեզ զրկեցին լույսից ու գազից, ուստի այդ տարիներին ծնված երեխաների զգալի մասը հիվանդ է: Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար: Մի՞թե վայ-ղեկավարները չէին մտածում, որ այդ սերունդը մի օր բանակ պիտի գնա: Սկսած 90-ականներից` մենք առողջ երեխա չունենք:
-Իսկ ծառայությունից ազատվելու հնարավորություն կա՞ գոնե։
-Եթե մեր երեխաների 100 տոկոսը հիվանդ է, ինչպե՞ս ազատվեն, կամ որ ազատվեն, բա սահմանը ո՞վ պիտի պահի: Մի օր լրագրողներդ զորակոչի ժամանակ գնացեք-նստեք զինկոմիսարիատում և տեսեք` ի՜նչ է կատարվում… Զինվոր չկա, որ հիվանդություն չունենա, նույնիսկ այն տղան, որ ասում է` ես առողջ եմ, էլի ինչ-որ բան գտնում են մոտը։ Իհարկե, հիվանդությունները տարբեր են, տարբեր խորությունների։ Այս վիճակը, ըստ երևույթին, կնորմալանա այն ժամանակ, երբ 99-ին ծնված տղաները գնան բանակ, մենք 6 տարի ունենք դեռ, պետք է դիմանանք մինչև այդ թիվը:
-Արձանագրվե՞լ են քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքեր: «Զինվորի մայր» ՀԿ-ն ինչպե՞ս է պայքարում դրա դեմ: Ի՞նչ միջոցներ եք կիրառում:
-2009-ի գարնանային և աշնանային զորակոչի շրջանակներում անցկացրած մոնիթորինգի արդյունքում արձանագրվեցին քաղաքացիների իրավունքների ոտնահարման բազմաթիվ խախտումներ` սկսած դատական պաշտպանություն ստանալու իրավունքից, մինչև առողջության պահպանության և կրթության իրավունքը: Առավել զանգվածային բնույթ են կրել բժշկական հետազոտության ընթացքում քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը: Մի խոսքով` այս ոլորտում բացթողումները շատ են: Սկսենք զինկոմիսարիատներից, որոնք լավ իրազեկում չեն տալիս մեր ծնողներին և նախազինակոչային տղաներին: Նրանք, կարծես, գաղտնի են պահում որոշ բաներ, որ վերջիններս չիմանան: Մենք դրա դեմ ենք և ուզում ենք, որ ամեն ինչ լինի բացահայտ, առանց գաղտնիության, և բոլորն ամեն ինչ իմանան: Վերջերս մի կին եկավ, ասաց, որ տղային բուժման համար տարկետում են տվել, բայց չի գնացել, քանի որ գումար չունի: Ես զինկոմին հարցնում եմ. «Դուք, որ տարկետումը տվել եք, տարվա մեջ մեկ անգամ հետաքրքրվե՞լ եք` ինչ եղավ, չէ՞ որ Դուք պետք է ֆինանսավորեիք այդ տղայի բուժումը, ո՞ւր է Ձեր օգնությունը»: Կամ, ասենք, տղային ուղարկում են զինվորական ծառայության ծանուցագիրը: Ներկայանալու օրը նա, ենթադրենք, ծանր հիվանդ է և գտնվում է հիվանդանոցում: Առանց ճշտելու` ճիշտ է դա, թե սխալ, գնում են նրանց տուն և պատերազմ սկսում այդ ընտանիքի անդամների հետ։ Անտարբերությունը շատ է, չկա սրտացավ վերաբերմունք: Մյուս կողմից էլ` այդ ոլորտում տիրող կոռուպցիան. փող են հավաքում, շա՜տ են հավաքում, կշտանալ չունեն այդ անաստվածները։ Էդքան շորթե՞լ կլինի...
«Ի ՍԿԶԲԱՆԵ ՁՈՒԿ ՉԵՆՔ ԲԱԺԱՆԵԼ, ԲՌՆԵԼ ԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ»
-Դուք հայկական բանակի խնդիրների մեջ ներգրավված եք 1988 թվականից: Ո՞րն է Ձեր գլխավոր առաքելությունն այդ դաշտում:
-Մեկ նախադասությամբ` զինվորի և նրա ընտանիքի իրավունքների պաշտպանությունը: Ավելի հանգամանորեն` դա մի հսկայածավալ աշխատանք է, որում շոշափվում և վեր են հանվում տարաբնույթ խնդիրներ: Հիմնականում զբաղվում ենք սոցիալական հարցերով, բայց ոչ գումար բաժանելով: Մեր կազմակերպությունը երբեք գումարով չի աշխատել, որովհետև այն դաշտը, որում աշխատում ենք, այլ կերպ է գործում: Շուրջ տասնվեց տարի է` զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաների համար անվճար ֆակուլտետ ենք պահում Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում և այդ տարիների ընթացքում տվել ենք 500-ից ավելի շրջանավարտ: Այսինքն, մենք մեզ վրա վերցրել ենք այն գործը, որը պետք է աներ պետությունը, մի բան, որը պետության պարտականությունն է: Ես կարծում եմ, որ դա սոցիալական մեծ օգնություն է, քանի որ այդ ընտանիքների երեխաները մասնավոր կրկնուսույցների մոտ պարապելու հնարավորություն չունեն, իսկ մենք նրանց օգնում ենք այդ հարցում: Ամեն տարի նոր խումբ է գալիս: Այս տարի սպասում ենք ավելի մեծ խմբի, որովհետև ընդունվելու են նաև սովորական զինծառայողների անապահով ընտանիքների երեխաները: Դա անում ենք ինքնակամ, պետությունն այստեղ ոչ մի դեր չունի, նրանից ոչինչ չենք ստանում, մեզ սատարողը ԱՄՆ-ում գտնվող մեր բարերարն է: Բացի այդ, մի քանի տարի է, ինչ մանկավարժական ինստիտուտում, մեր կազմակերպության առաջարկով, բացվել է նոր` «Զինվորական հոգեբանություն» ֆակուլտետը: Հոգեբանության ուսուցումը կարևոր է բոլորիս համար: Այսօր, երբ բանակում անկարգություններ են տիրում (տղաները ծեծում են իրար և այլն), հենց այդ մասնագիտության պակասից է: Բժշկական առումով մեր զինծառայողների ընտանիքները լիովին բավարարված են, անբավարարվածությունը կապված է սոցմուծումների հետ` լույս, գազ, կենցաղային այլ ծախսեր, ինչով մենք չենք կարող օգնել նրանց (թեև հաճախ ենք զանգեր, դիմումներ ստանում): Մեր նպատակը մեզ խնդրողներին օգնելն է, որ ինքնուրույն ոտքի կանգնեն: Ի սկզբանե մենք ձուկ չենք բաժանել, բռնել ենք սովորեցրել:
-Ի՞նչ խնդիրներ ունեն զինծառայողների ընտանիքները:
-Զիծառայողների ընտանիքների ամենացավոտ խնդիրը աշխատանք չունենալն է, ինչը նաև կազմակերպության գլխավոր հոգսերից մեկն է: Հաճախ է պատահում, երբ երեխայի բանակում գտնվելու ժամանակ ծնողին ազատում են աշխատանքից: Իհարկե, մենք ամեն ինչ անում ենք, մտնում այդ կռվի մեջ, շատ հաճախ վերականգնում ենք, հաճախ` դատարան դիմում, բայց օրենք չկա, օրենքի պակասությունը շատ է խեղճացնում։ Իսկ հիմնախնդիրները բազմաթիվ են:
-Ի՞նչ բնույթի են դրանք:
-Հիմնախնդիրներից ամենամտահոգիչը զորակոչի ժամանակ զինակոչիկների մոտ հայտնաբերված հիվանդություններն են, որոնք մեծ թիվ են կազմում: Վերջին մոնիթորինգի արդյունքներով` զինակոչիկների մոտ առաջին տեղում ողնաշարային հիվանդություններն են, այնուհետև աչքի, սրտի, արյան հետ կապված հիվանդությունները: Մեզ շատ հաճախ դիմում են այն հիվանդ տղաների ծնողները, որոնց երեխաներն իրականում պետք է ազատված լինեին զինվորական ծառայությունից: Նրանք խնդրում են մեզ միջամտել այդ հարցում, երբեմն մեզ հաջողվում է, երբեմն` ոչ, քանի որ, եթե բոլորին ազատեն, ո՞վ պետք է ծառայի հայրենիքին, իսկ բանակին զինվոր է հարկավոր: Բայց ուզում եմ նաև նշել, որ հիվանդ զինակոչիկների մեծ մասը զինվորական ծառայությունից տարկետում է ստացել` 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով, մի մասն էլ ուղարկվել է հիվանդանոցներ, որտեղ անվճար բուժում է ստացել:
«ՄԱՄԱՅԻ ԵՓԱԾԻՆ ՉԻ ՀԱՍՆԻ»
-Ի՞նչ վիճակում է այսօր բանակը` Ձեր գնահատմամբ:
-Բանակն այսօր ոչ մի բանի պահանջ չունի, ամեն ինչ կա` սնունդ, հագուստ, այլ բան է, որ ճաշերի մակարդակը «մամայի եփածին» չի հասնի, և շատ տղաներ չեն կարողանում ուտել այն, ինչ տալիս են: Օրինակ, վերջերս գնացել էի Տավուշ, տղաներին հարցնում եմ` համե՞ղ ճաշեր են պատրաստում, նրանցից մեկն ասաց, թե չի կարողանում ուտել, մյուսը թե` «շատ համեղ են», այսինքն, նայած` ով ինչ տնից է եկել: Ես կարծում եմ, որ հայոց բանակն այսօր կայացած է, քանի որ փոխվել է նաև սպայական կազմը (ի տարբերություն 90-ականների, երբ բանակում հիմնականում աշխատում էին ղարաբաղյան պատերազմին մասնակցած մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ կրթություն չունեին):
-Կա «լավ» և «վատ» զորամաս հասկացությունը: Ինչո՞վ է դա պամանավորված:
-Լավ զորամաս նշանակում է լավ հրամանատար: Մենք ունենք լավ հրամանատարներ, հիանալի տղաներ, նվիրված, պատերազմ անցած: Հրամանատար ունենք (չեմ ուզում անունը նշել), որի շնորհիվ զորամասը փայլում է: Ինչո՞վ: Նախ և առաջ կարգապահությամբ: Տղաներն այդ մարդուն պաշտում են: Շատ կարևոր է, որ բանակում գտնվող զինվորը չզգա ընտանիքի, ծնողի կարոտը: Այս հրամանատարը դա թույլ չի տալիս: Ցավոք, կան նաև այնպիսիք, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչու են եկել բանակ, շատ կոպիտ են բնավորությամբ, ներվային: Այդպիսիներն իրավունք չունեն բանակում գտնվելու, առավել ևս, լինելու հրամանատար: Իհարկե, խստությունը պետք է, որ յուրաքանչյուրն իմանա իր իրավունքները, իր տեղը: Կան հրամանատարներ, որոնց բանակի ներսում «շեֆ» են ասում, դա սոսկալի է: Այն հրամանատարների հետ, որոնք իրենց սխալ են պահում, ես առանձին, երկար զրույց եմ վարում, բացատրում, խորհուրդներ տալիս, բայց երբեք որևէ զինվորի ներկայությամբ նրանց նկատողություն չեմ անում կամ չեմ գնում նախարարի մոտ բողոքելու. չի կարելի, նրանք էլ են մեր երեխաները, բաներ կան, որ չհասկանալով են անում: Գիտե՞ք որն է բանակի թերությունը. այն, որ մեր տղաները, որոնք զորակոչվում են, մի քիչ անպատրաստ են, նրանք չեն ենթարկվում, ըմբոստ են, նյարդային: Դա էլ է այդ տարիներից գալիս: Օրինակ, եթե նրանց նկատողություն են անում, նրանք միանգամից նեղանում են և փորձում անպայման վրեժ լուծել։ Բայց, ամեն դեպքում, մենք մեր բանակը փնովելու իրավունք չունենք:
-Հայտնի է, որ բանակը կրթելու գործում էլ Դուք որոշ դերակատարություն ունեք:
-Անհամեստ թող չլինի, բայց այդպես է: Մեծ թվով գրքեր ենք հրատարակել, բաժանել զինվորներին, նրանց ծնողներին, սպայական կազմին և այլն: Այդ գրքերը կարևոր նշանակություն ունեն հատկապես այն տղաների համար, ովքեր առաջին անգամ են մտնում զորամաս: Նրանք գրքի միջոցով ծանոթանում են իրենց իրավունքներին, պարտականություններին: Սա շատ կարևոր է, քանզի զինծառայողների մեծ մասը կիսագրագետ է և սովորելու կարիք ունի: Այժմ ռազմական ինստիտուտի շրջանավարտների շրջանում մոնիթորինգ ենք անցկացնում, ուզում ենք տեսնել` որքանով են նրանց գիտելիքներն ու մակարդակը համապատասխանում այսօրվա բանակի պահանջներին: Արդեն սկսել ենք: Այն կտևի 2-3 տարի:
-Այնուամենայնիվ, բանակում բարեփոխումների կարիք կա՞:
-Բարեփոխումներ հնարավոր են, որովհետև ունենք նոր, շատ խելացի սպայական կազմ: Երկրորդ` մեր բանակն արդեն սպառազինված է, մենք սպառազինման հարց համարյա չունենք, կարող ենք հանգիստ լինել։ Բանակում մեր բարեփոխումները պետք է լինեն կատարյալ: Այն զինվորը, ով ծառայության ընթացքում տիրապետում էր ինչ-որ գործի, տուն գնալուց հետո էլ այդ ամենն այնքան լավ պետք է հիշի, որ պատերազմ լինելու դեպքում կարողանա գերազանց կատարել: Դրա համար երկու տարին մեկ նրանք պետք է վերապատրաստվեն: Ի վերջո, մենք դեռ պատերազմը չենք ավարտել: Եթե նույնիսկ Ղարաբաղի հարցն էլ լուծենք, Ադրբեջանի հետ փոքրիշատե կարգավորենք մեր հարաբերությունները, չպետք է մոռանանք, որ Թուրքիայի պես հարևան ունենք: Պետք է մտածել այդ մասին:
-Ինչպե՞ս եք պատկերացնում հայ զինվորի վաղվա օրը:
-Եթե պատերազմ չլինի, եթե հաջողությամբ կարողանանք անցնել այս փուլը, և Ղարաբաղի հարցը փակվի, մեր բանակը լինելու է ամենափայլուն բանակը Եվրոպայում և Ասիայում:
Հարցազրույցը վարեց Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ