Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ՀԱՄՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (երգիծանքի մեկնարկը արևելյան ծովախորշից. դոդոշամերձ տիկնայք և տիարք, գուրգուրեք ձեր ամրագոտիները)

ՀԱՄՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  (երգիծանքի մեկնարկը արևելյան ծովախորշից. դոդոշամերձ տիկնայք և տիարք, գուրգուրեք ձեր ամրագոտիները)
13.01.2012 | 00:00

«ՈՒ այնքանով, որ մենք ծնվում, ապրում և մեռնում ենք մեր կամքից անկախ, մարդուս ամենամեծ առաքինությունն է բարիք անելը, դրա համար քաղաքականությամբ զբաղվողը պետք է լինի ամենաբարեգործ մարդը…»:
«Փշրանքներ», Երվանդ ՔՈՉԱՐ

ԻՆՉ ԿԼԻՆԻ 2012-ԻՆ, ԵԹԵ...
(ֆելիետոնային ներշնչանք)

Պատկերացնենք, որ մի հրաշքով անձեռակերտ (աջ ձեռքը բարեշնորհ պիտի որ անտեղյակ լինի, թե ինչ է ցփնում ձախը, աջը գողոնն է թաքցնում, ձախն էլ սափրում է հետքերը) Հայոց պետական տունը անկելանոցից վերափոխվում է կոմբինատի: Ինչ բերկրալի օրեր ու ժամեր կապրի Երկիր Նաիրին: Անկելանոց-համրապետությունը ազդարարում է իր վախճանը: Համրապետության գոլ ճահճուտից հառնում է բրոնզե հանրապետությունը: Անկելանոցի «բորոտներն» ու «խեղճերը» այսուհետ հաստոցի և դազգահի առջև խարտում են ու կերտում: Առավել եռանդունները` կեսմիլիոնանոց մի զորաբանակ, յուրյանց սեփական գործատունն ունեն: Մյուս ջանասերները հանրապետությունն են ապահովում կենսական անհրաժեշտության բնամթերքով: Ասենք կարագով և ձիթայուղով, շաքարով և հավկիթով, դեղորայքով ու խաղալիքով: Խաղք ու խայտառակություն է: Հօդս ցնդեցին մենաշնորհատերերն ու նրանց դղյակները, նրանց լճերն ու լեռնաշղթաները: (Խորհրդարանը ոտն ի գլուխ մականունազերծված է):
Պետական տունը թե՛ ներկրում է գազ ու շաքարավազ, թե՛ լեռնաշխարհի ջուրն անվճար մատուցում գյուղաբնակին: Մինչև որ վերջինս հաղթասիրտ պետական տանն է թիկունք կանգնում: (Թիկնազորային արդի թափթփուկը թևաթափ թրև է գալիս թփուտներում):
Վարկային կազմակերպությունները վառվռուն վնգստոցով վերադարձել են ելման կետ:
Վարչական ապարատը ճանաչվել է անհայտ-բացակայող: Հանրապետության կառավարումն արդեն իրականացվում է ինքնաբերաբար: Հընթացս կառավարական տան ժամացույցի։
Կարող էր այսպես լինել «Էն գլխեմեն»:
Անվերապահորեն:
Հնարավոր չէ՞ միթե իրական շուկայական հարաբերություններ հաստատել Արարատյան հովիտներում։ Այսինքն` քաղաքակիրթ աշխարհի վարքականոնը ամրապնդել գերբևեռացված, նաև չորքոտանի որոշ իշխանիկներով գերբնակեցված համրապետությունում: Վստահաբար հնարավոր է:
Միայն թե նախ թոթափենք 1991-ից մեր շլինքը շինիչորեն շուլալած շղթաները: (Ինչ խելահաս ու դիվոտ է համրապետության և արժութային տարասեռ հիմնադրամների դաշինքը):
ՈՒ ահա ինչ իրողության առջև է հանրապետությունը ծնկել: Համաձայն պաշտոնական տեղեկատվության` 1 միլիարդ դոլար է համրապետություն ներհոսում Հայաստանը կամա-ակամա լքած շնորհառատ գործավորների կողմից: Սա մեկ տարվա կտրվածքով: Հաջորդ միլիարդը հայոց շուկա է ներխուժում տարասեռ քայքայիչ աղանդների ձեռամբ: Դարձի բերելու «մոլորյալներին»: Եվ ահա այսպես ապահովում ենք մեր «նամուս-թասիբով» գոյավիճակը: Այսինքն` կայուն-սպառողական խավ ենք հանդիսանում համրապետության տնտեսությունը ոտն ի գլուխ մենաշնորհած տնտեսավարողների («ԼԼ» ստուգաբանական բառարանը փաստում-հաստատում է` տնտեսավարող-նորհայկական նշանակում է հանրապետության ազգային-պետական տնտեսությունը վարի տվող, վրաերթի ենթարկող, մեր հոգիներում էլ վաչկավրանային հնազանդություն սերմանող և այլն) եղծված ապրանքատեսականին յուրացնելու իմաստով:

Բայց կարո՞ղ էր արդյոք Հայաստանը լինել գիտամշակութային Իսրայել, Ճապոնիա, Ինդոնեզիա: Վստահաբար` այո: Եթե միայն շինիչ շղթաների փոխարեն Նժդեհի ու Մյասնիկյանի դավանանքով ճանապարհ ելնեինք:
Բայց գուցե ճշմարիտ է պոետը` Հովհաննես Գրիգորյանը, ով շղթայման օրերին գրեց «Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ անհրաժեշտ հետևություններով»… բանաստեղծությունը, որում, ի դեպ, ասվում է.
«Իսկ հետո դռները տարան`
ծխնիներից տեղահան անելով
և ամոթով տվեցին և ասացին.
- Ձեր ունեցվածքը
փակի տակ եք դրել, դիտավորյալ, որպեսզի
մութ բնազդներ արթնացնեք ձեր
պարզհոգի հարևանների մեջ,
ստիպելով նրանց`
վտանգի ենթարկվելով, լուսամուտից
տանել այն, ինչը կարելի էր շատ հանգիստ
անցկացնել լայն բացված դռնով…»։
Որպեսզի, քանզի, վասնզի: Պարզհոգի հարևանները, այնինչ, մեր շրջակա միջավայրում էին, մեր արյունակիցն ու բախտակիցը, լուռ էին ու մունջ, ազնիվ փերեզակներ էին և անապակ գրբացներ, գրպանահատներ ու գրամոլներ, քանի դեռ չէր հնչել ազատ տնտեսավարման համրապետական երկրակործան բառաչը:
Այսպիսով, ի՞նչ կլինի 2012-ին, եթե…

ԵԹԵ ՄԻԱՅՆ, ԱՐԴՅՈ՞Ք ՄԻԹԵ
(խումարաշող պամֆլետ` ուղղված արդի հայ գլխադասին)

Եթե միայն համրապետությունը տնվորից դառնա տնատեր, հացուփոր ռանչպարը` հողատեր։ Այնինչ աշխարհիս տիրակալները վաղուց կարգավորել են խնդիրը, և պետության մասնաբաժինը զգալի, տեսանելի, շոշափելի է ամենուր: Ի մասնավորի պետական մենաշնորհ են երկաթուղին (ու դրա կառավարումը), հանքարդյունաբերությունը (և վերջինիս շահագործումը), ներկրումների մի ստվար մասնաբաժինը (նաև, այսպիսով, մասնավորի անմասնակի հավակնությունների զսպումը): Եվ այսպես շարունակ: Եվ ահա ձևակերտվել է հասարակական միջին խավը, ուր իրավաբանն է և աստղագետը, ուսուցիչն է ու նկարիչը: Նաև շնորհաշատ ֆերմերը, մարզիկն ու արտիստը: Ովքե՞ր են այսօր ձևավորում ՀՀ միջին խավը: Սերիալային բոմժապատման մեջ ամրագրված դերասան-դերասանուհիները: Դատավորները, դատախազները, առհասարակ, դատաքննիչ-վերաքննիչ ատյանների ատենապետերը: Հետո։
Լուսաբացից կեսգիշեր, կեսգիշերից էլ արևածագ մղկտացնող երգիչ-երգչուհիները մուղամաշունչ իրենց սեթևեթանքով նախ բավարարում են նորանկախ վերին ու միջին դասերի ախորժակը (դե, ինչ համ ու հոտ կունենա վարազի պլոճիկի մարինադը, եթե այն չվայելես, օրինակ, ԱՄՆ-ում տեսագրված, «Վալլա, վալլա, վալլա, աման էս ինչ բալայա» սելջուկահամ զկռտոց-դայլայլի ուղեկցությամբ), այնուհետև կապիտալ կուտակում և գնում պանդոկ ու կղզյակ, դղյակ և կոչում: Նաև հումորասպաններն ու երգիծասպառները: Դարձյալ հավաստի տվյալներին ապավինելով` հիշենք. այս քլաբական և սերիալային դիվահարներին ֆինանսավորում են համաշխարհային աղանդավորական կենտրոնները: (ՈՒ մի՞թե չամայացավ միջին խավի հրափեշ մարմնավաճառուհի Մարոյի բանջարանոցը):
2012-ն ընտրությունների տարի է: ՈՒ բան է, թե ԱԺ-ն ականազերծվի նախ մենաշնորհատերերից և հետո քաղաքական աղանդավորներից և լիանա ու հիանա «վասն հայրենյացի» երազով խորհրդարան մուտքագրվող այն քաղաքացու տեսակով, որն այսօր աղքատության շեմին է, և նրա ամսական զամբյուղը իր լիությամբ համազոր է քլաբական շեյթանի շնիկի շաբաթական զամբյուղիկի պարունակությանը, բայց և այնպես նա տոկում է ու սպասում գուցե թե, իսկապես, համրապետությունը շտկի ուսերն ու դադարի հիշեցնելուց բոստանի խրտվիլակի ուշ աշնանը` կամ ձնեմարդու` անձյուն բակում:

ՄԻՋԱՆԿՅԱԼ-ՀԵՏԱՄԱՆՈՐՅԱՆ ՀԱՐԲՈՒԽԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
«Լճիցլճերում» ձևավորվում է քաղաքական անհնազանդության փոթորիկը: Ի նշան փրփրացող բողոքի` կարմրախայտերը հացադուլ են հայտարարել, լճերի ողջ կենդանական, բուսական և բնապահպանական սնունդը (սննդապարունակությունը` քաղաքական կոալիցիայի և ընդդիմության մի փունջ չիրականացված խոստում, 0,5 կգ հայաստանյան արտադրության շաքար և դեղին մամուլի ուլտրազուռնաչիների ստահոդ ապաշխարանքը) այսուհետ դոդոշների տրամադրության ներքո է: «Թող զխկտվեն անկուշտները», գուցե թե դարձի գան, այս է կարմրախայտային անհնազանդության նշանաբանը:

ՆՈՐՀԱՅԿԱԿԱՆ ՋԵՐՄԱԽՏ
(շարունակում ենք զվարճանալ)

Համրապետությունում այսօր հաշվառված է (համաձայն արևմտյան «ուղեղային կենտրոնների» և բազմակուսակցական ջեբկիր Վզգոյի տվյալների) շուրջ 32 հազար դղյակ, ռեստորանային համալիր, խաղատուն, գիշերային քլաբ և այլն: Յուրաքանչյուրն առնվազն 1 մլն դոլար արժողությամբ:
Մի՞թե սա հարստություն չէ: Զի այս ցուցանիշով մենք անվիճելի առաջատար ենք տարածաշրջանում` Էլբրուսից Այա-Սոֆիայի տաճար: Նաև Բենիլյուքսում: Նմանապես Կենտրոնական Եվրոպայում, Հարավային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում:
Միաժամանակ շուրջ 500 հազար ՀՀ քաղաքացի այսօր գտնվում է աղքատության շեմից անդին: Այսինքն` գիքորակյանքով է օրը մթնեցնում:
Հակադրության նման եռքը գողունի հուշում է. իսկ այդ ինչո՞ւ մեր երկրում ատոմային հողմաղացներ կամ ջրածնային ջրաղացներ չեն կառուցվում: Միամիտնե՜ր: Եթե մեր գիտամշակութային ներուժը դառնա պետության շարժիչ ուժը, եթե ներկրումներն ու տոնավաճառները դառնան ազգային-պետական սեփականություն և պետբյուջեն «թրփոշանա» հազարապատիկ, եթե լուսահիշատակ Պարիս Հերունու (նաև, ինչու չէ, այլոց) դարակազմիկ հայտնագործությունները համրապետության անկյունաքարերը դառնան, եթե, եթե, եթե: Էս պարագայում բարոյահոգեբանական ինչ պայմաններում կհայտնվի երկիրը վիճակախաղի պտտաթմբուկի վերածած վերնակույտը: Դե, եկեք պատկերացնենք հանրածանոթ քսակատերերին, ովքեր պետության փոխարեն ներկրում և ահռելի շահույթների շահութաբեր սերուցքը ներդնում են հայրենիքում (սրանց համար ավելի հարազատ է, թերևս, «վայրենիքը»)` շոգեբաղնիքային համալիրներ և քաղաքական համբակների հավաքածուներ ձեռք բերելով, իսկ թերմացքով բարեգործական հանդիսախաղեր և բարեշինական պորտապար են «երկնում» օրն ի բուն, զանցառելով, որ ձախդ պիտի չիմանա, թե ինչ է նվիրաբերում աջդ: Այս տեսակի համար բարեգործությունը աջ ու ձախ թաթերի (նաև ոտնաթաթերի) միջև անազնիվ մրցակցություն է: Աջդ ահա գանձագողությամբ է զբաղվում, ձախդ, ահավասիկ, խաչհամբույր է ցփնում: Եվ ահա սրանք զրկվել են ներկրումների ոսկեբեր հեղեղից:
Ըստ «ԼԼ» վերլուծաբանների, նրանք հաջորդ օրն իսկ կճղեն սահմանը և հեռակա կարգով «Հայաստանի մայրիկը կլացացնեն» իրենց պահուստային տարածքներում: Զորօրինակ, Ամազոնի ափամերձ ջունգլիներում: Կամ Ռուբլյովկայում։ (Խիստ ցանկալի է նաև Նուբարաշենում և Կոշում)։
Իսկ ի՞նչ զբաղմունք կգտնեն էստրադայի մեր աստղ-աստղուհիները անգործ մնալով: Կդասավանդեն կոնսերվատորիայո՞ւմ: Կզբաղվեն ադիբուդիի արտադրությա՞մբ: Բնավ: Ճանապարհ կընկնեն քսակատերերի հետքերով: Դե, նրանց զվարճացնել, թեկուզ օտար երկնքի տակ, անհրաժեշտ է: Թե չէ մարդիկ հնարավոր է ազգափոխվեն ու համալրեն տեղական խաժամուժի գլխաքանակը:

ՍԱՐԿԱՍՏԻԿ ՎԵՐՋԱԲԱՆ
(ինչ անել ZET-ին)

Եվ ահա մեր հրապարակմանն ընդառաջ ոսկյա հնգյակը (իմա` բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը) տեղազննում է համրապետության 500-ականների Ոսկե հորդան։ Թե վիրավորական է` 2012 ներողագիր մի ումպով։ Ո՛չ Ոսկե հորդան։ Մատյան գունդը։
Մի քիչ երևակայենք։ Զորօրինակ, նախարար ZET-ը հայտարարագրում է, թե ունեցածը երեքսենյականոց բնակարանն է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, զոքանչի կտակած ամառանոցը Արմավիրում և իր ու տիկնոջ միացյալ աշխատավարձը` 999 դոլար։
Սակայն ZET-ը փաստացի յուրաքանչյուր չորեքշաբթի շոգեբաղնիքում է, ուրբաթ` խաղատանը, կիրակի էլ, հասկանալի է, Ծաղկաձորում։
ZET-ի տիկին NET-ը ամիսը մեկ թարմացնում է հագուկապը 7 հազար եվրոյի սահմաններում։
Որդին` Բաղդիկը, շաբաթական 1500 դոլարի թեթև վրաերթ է կատարում ու 1700-ի էլ բուժման գումար վճարում համակուրսեցիներին` իր խածած ականջների ու ջարդած քթերի դիմաց։ Սա ինչպե՞ս և ո՞ր սանդղակում հայտարարագրել։ Առավել ևս, որ ZET-ի իսկական բնակարանը Վահագնիում է, ամառանոցը` Բաթումում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ