Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԱՆԱՐԺԱՆ ՄԱՐԴՈՒ ՄԵԾԱՐՈՒՄԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ

ԱՆԱՐԺԱՆ ՄԱՐԴՈՒ ՄԵԾԱՐՈՒՄԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ
23.03.2012 | 00:00

Վերջին տարիներին Դանուշ Շահվերդյանի ազգակից Գ. Շահվերդյանը, անձնական շահագրգռվածությամբ թյուրիմացության մեջ գցելով որոշ անտեղյակների, իր ազգակից Դանուշ Շահվերդյանին ներկայացնում է որպես «պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, անսահման հզոր հայրենասեր», և նրա ձերբակալությունը կապում Կոմիտասի աճյունը Փարիզից Երևան տեղափոխելու գործունեության հետ։ Իրականում մեծն Կոմիտասի աճյունը Երևան տեղափոխելու գործը կազմակերպել են Արտաշես Չոպանյանն ու Վահե Թեքեյանը. աճյունը ֆրանսահայ հայրենադարձներն են Երևան հասցրել։ Դանուշ Շահվերդյանն այդ գործին չի մասնակցել և այդ նավում չի գտնվել։ Կոմիտասի աճյունի տեղափոխման վերաբերյալ ոչինչ չի գրում իր կենսագրականում Դ. Շահվերդյանը (Կուս. պահոց.-ֆոնդ 66.1793471)։ Այդ մասին ոչինչ չկա նաև «Հայկական հանրագիտարանում», նաև «Համառոտ հայկական հանրագիտարանում»։ Կոմիտասի աճյունի տեղափոխումը կազմակերպելու և Երևան տեղափոխելու մասին ոչինչ չի ասում ինքը` Շահվերդյանը, երկարատև հարցաքննությունների ընթացքում։ Դանուշ (Դանիել) Շահվերդյանին ՆԳԺԿ հատուկ քննչական մարմինը ձերբակալել է աջ-տրոցկիստական, հակապետական գաղտնի խմբին անդամակցելու պատճառով։ Առաջին իսկ հարցաքննության ժամանակ (ՊԱԿ-ֆոնդ 4033, ցուցակ 22, գործ 1016, անձնական գործ 312 էջ 33) Շահվերդյանը, կեղծելով իրականությունը, հայտարարում է, որ աջ տրոցկիստական, հակապետական գաղտնի խմբի անդամներ են նաև Ս. Վարդանյանը (ղեկավար), Ար. Երզնկյանը, Ե. Չուբարը, Ս. Գյուզելյանը, Գ. Տեր-Սիմոնյանը, Պ. Մակինցյանը, ապա հաջորդ հարցաքննության ժամանակ ավելացնում է նաև Աղասի Խանջյանի և Տեր-Գաբրիելյանի անունները։ Նրա այդ ստոր, դավաճանական քայլը պատճառ եղավ, որ մեր ժողովրդի այդ ազնիվ զավակները հատուցեն իրենց կյանքով։ 1924-ին նա իր կնոջը` Ելիզավետա Շահվերդյան-Ղալումյանին, ՀՀԴ անձնագրով Փարիզից ուղարկում է ԱՄՆ (վերջինս նախօրոք հրաժարվել էր ԽՍՀՄ (ՀՀ) քաղաքացիությունից)։ Շահվերդյանը, լինելով Լոնդոնում, 2 անգամ հանդիպում է անգլիական գաղտնի գործակալության` «Ինտելիջենս սերվիսի» հայտնի գործակալ Սաֆրաստյանի հետ և նրան Հայաստանի, Անդրկովկասի քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակի մասին տեղեկություններ հայտնում։ Ավելին, նա խոստովանում է, որ ինքը ևս այդ գործակալության լրտես է (13.10.1937 թ. էջ 215)։ Դանուշ Շահվերդյանը 1902 թ. անդամագրվել է ՌՍԴԲ (բոլշևիկյան) կուսակցությանը։ 1920-1921 թթ. եղել է Վրաստանում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ, 1921-1922 թվերին էլ` ընդամենը 14 ամիս ՀԽՍՀ գլխավոր դատախազ, հետագայում` պետառի ներկայացուցիչ Կ. Պոլսում։ Այստեղ, բամբակի մթերման գործը ձախողելու համար, նրան ազատում են աշխատանքից (վերադաս Սուխովի գրության համաձայն) և նշանակում պետառի Հայաստանի ներկայացուցիչ։ Հետագայում եղել է բռնագաղթած հայերի հայրենադարձության ներկայացուցիչ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում։ Ազատվելով այդ պաշտոնից` նա նշանակվում է Կարմիր խաչի ներկայացուցիչ Գերմանիայում, Բելգիայում։ Կարճ ժամանակ աշխատում է «Հայպետհրատի» դիրեկտոր։ Նրան չեն ընտրում անգամ ՀՀԿ կենտրոնական կոմիտեի անդամ։ Ինչպես տեսնում ենք, նա պետական, քաղաքական, դիվանագիտական ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, ճիշտ հակառակը, ոչ միայն ոչինչ չի արել ազգի համար, այլև նրա լավագույն զավակներին հանձնել է թշնամուն, որոնք էլ հոշոտել են նրանց։ 1961-ին Շահվերդյանի որդին դիմում է Հայկոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանին` խնդրելով հավերժացնել հոր` «հին բոլշևիկի» հիշատակը։ Ծննդավայր Այգեհատ գյուղը, որն ուներ 80 ընտանիք, թերի միջնակարգ դպրոց, և որը հետագայում միացվում է Օձունի տնտեսությանը, վերանվանվում է Դանուշավան, իսկ Երևանի Չարբախ թաղամասում էլ փողոց է անվանակոչվում նրա անունով։
Անկախություն հռչակած Հայաստանում հնարավոր է դառնում Դանուշավան գյուղի համայնքի պահանջով գյուղին վերադարձնել նախկին` Այգեհատ անունը, իսկ Չարբախում էլ փողոցը վերանվանել Շարուրի փողոց։ Այն, որ նրա ազգակից Գ. Շահվերդյանը կարողանում է վերջին տարիներին Դ. Շահվերդյանի ծննդյան օրը նշել Կոմիտասի գերեզմանի մոտ` սրբապղծություն է մեծն Կոմիտասի հիշատակին, իսկ նրա կազմակերպիչն արժանի է պարսավանքի։ Ասենք նաև, որ Դանուշ Շահվերդյանը չի արդարացվել, ինչպես ամենուր հայտարարում է Գ. Շահվերդյանը։ 1954 թ. ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի 04.25 որոշմամբ` նրա հանդեպ 1939 թ. 25.09 և 1940 թ. 29.04 դատավճիռը կասեցվել է, գործի հետաքննությունը` դադարեցվել, իսկ «արդարացում» բառը բացակայում է։
Կարծում ենք` վերջ պետք է տրվի կեղծիքին, քանզի անարժան մարդու մեծարումը որևէ մեկին պատիվ չի բերում։
Սերգեյ ԱՎԱԳՅԱՆ
«Շարուր» ՀՄ հիմնադիր, պատվավոր նախագահ

Դիտվել է՝ 2217

Մեկնաբանություններ