38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լրագրողական կազմակերպությունները՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դատական գործընթացի մասին

Լրագրողական կազմակերպությունները՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դատական գործընթացի մասին
13.05.2023 | 08:11

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով հայցի ապահովում կիրառելու դատարանի որոշման կապակցությամբ․

Մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 9 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Հայցի առիթը փետրվարի 25-ին «168․am» կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութն է՝ «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով, որի հեղինակը՝ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետին, մասնավորապես, ներկայացնում է որպես «անսահմանափակ վարչական ռեսուրսի տիրապետող» պաշտոնյա, որի ընտանիքը «անշեղորեն հարստանում է»։

Մայիսի 2-ին դատարանը վարույթ է ընդունել դատական գործն ու բավարարել է հայցվորի միջնորդությունը հայցի ապահովում կիրառելու մասին, այն է՝ 9 միլիոն դրամի չափով կալանք դնել լրագրողին և լրատվամիջոցին պատկանող գույքի և բանկային հաշիվների վրա։ Ըստ պատախանողների՝ այդ որոշումը կայացնելուց առաջ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, ավելին՝ իրենք չեն տեղեկացվել միջնորդության մասին և հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց առարկությունները:

Եթե այս տեղեկությունները հաստատվեն, վերադաս դատական ատյաններն ուղղակի պարտավոր են լինելու գնահատական տալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այս գործելակերպին։

Դատական ընթացակարգի առերևույթ խախտումներից զատ, այս գործում խիստ մտահոգիչ են հետևյալ փաստերը․ 1) լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ Տիգրան Ավինյանը փորձ չի կատարել խնդիրը լուծել արտադատական կարգով, այդ թվում չի դիմել խմբագրությանը՝ հերքում հրապարակելու պահանջով, 2) գնալով դատարան՝ նա ներկայացրել է գումարային առավելագույն փոխհատուցման պահանջ, 3) չբավարարվելով դրանով՝ Ավինյանը նաև այդ ահռելի գումարի չափով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը նախադեպը չունի ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի մեր բազմամյա մշտադիտարկումների ընթացքում, և 4) դատարանը անշեղորեն բավարարել է այդ պահանջը։

Առայժմ ձեռնպահ մնալով վիճարկվող նյութը գնահատելուց, դրանում վիրավորանքի և զրպարտության առկայությունը կամ բացակայությունը որոշելուց (այս փուլում դա դատարանի գործն է)՝ մենք հայտարարում ենք, որ վերոհիշյալ փաստերը հստակ վկայում են, որ Տիգրան Ավինյանը նպատակ է հետապնդել ոչ այնքան ճշտում կատարել, հերքել կամ պատասխանել հրապարակմանը, այլ պատժել, ճնշում գործադրել լրագրողի և լրատվամիջոցի վրա։ Իսկ դատավորը փաստորեն նպաստել է Ավինյանի այդ մտադրություններին։ Սա անթույլատրելի է, և համոզված ենք, որ այս աղաղակող փաստերը չեն վրիպի նաև միջազգային կազմակերպությունների ու փորձագետների աչքերից, քանի որ հակասում են Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին։ Մասնավորապես, հայցի ապահովում կիրառելիս պետք է մանրամասն պատճառաբանվի դրա անհրաժեշտությունը՝ թե՛ հայցվորի, թե՛ դատարանի կողմից։ Մինչդեռ այս գործով հասկանալի չէ, թե ինչու է հայցվորը կարծել, իսկ դատարանը հաստատել նրա մոտեցումը, որ եթե պատասխանողի գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք չդրվի, դատական

ակտը չի կարող կատարվել: Էլ չենք ասում, որ դատարանները պարտավոր են վիրավորանքի և զրպարտության գործերով հայցի ապահովում կիրառելիս պահպանել դրա համաչափությունը, հաշվի առնել լրատվամիջոցի կանոնավոր գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու հանգամանքը, ինչը տվյալ դեպքում բացակայում է:

Համոզված ենք, որ այս դատական գործընթացի անընդունելի դրսևորումների մի մասը ուղիղ կապ ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 2021 թվականի մարտի 24-ին իրականացված փոփոխությունների հետ, ըստ որոնց՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման վերին շեմերը եռապատկվեցին՝ դառնալով համապատասխանաբար 3 միլիոն և 6 միլիոն դրամ։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտելով մեր խորը մտահոգությունը Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դատական գործընթացի առնչությամբ՝ պահանջում ենք․

– Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ չեղարկել վերոհիշյալ գործով հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, հանել արգելանքը պատասխանողների գույքի և բանկային հաշիվների վրայից և անցնել բուն վեճի քննությանը,

– Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, ցուցաբերել առավել հանդուրժողականություն, դրսևորել զբաղեցրած դիրքին առավել հարիր վարքագիծ և դատական գործում կենտրոնանալ իր մասին հրապարակման ճշգրտման ու, եթե հիմքեր կան, հերքման վրա, կամ, ինչը գերադասելի է, հետ վերցնել հայցը և խնդիրը լուծել արտադատական կարգով՝ դիմելով Տեղեկատվական վեճերի խորհուրդ կամ ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Դիտվել է՝ 6073

Մեկնաբանություններ