«Ամենից ժողովրդավարական» Հայաստանում, «ամենից ժողովրդավար» իշխանության կողմից, հենց հիմա ԱԺ դարպասներին, պարիսպներին փշալարեր են անցկացվում։
Ըստ երևույթին, Փաշինյանը պատրաստվում է միանձնյա ստորագրել 2-րդ և վերջնական կապիտուլյացիայի թուղթը, որը հետո, ըստ Սահմանադրության, պարտավոր կլինի տանել ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանելիությունը հաստատելու։
Իսկ դրանից հետո «սև թուղթը» պետք է տանի ԱԺ՝ վավերացման։ Որ իրեն հլու-հնազանդ ծառայող խմբակցությունը «պիոների» պես կհաստատի այն, ոչ մեկը չի կասկածում․ ինքը վախենում է ժողովրդի ցասումից, վախենում է Սեպտեմբերի 13-ի ինքնաբուխ հավաքի կրկնությունից, 20 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո քաոսի կրկնությունից, դրան է պատրաստվում։
Բայց այդ թուղթը նախ պետք է անցնի Սահմանադրական դատարանով։ Հիմա ի՞նչ, այդ շենքի հետ ինչ պետք է անի, 10 մետրանոց պարի՞սպ սարքել տա։
Դուրս է գալիս, որ կապիտուլյացիայի «սև թուղթը» կստորագրի դրսում՝ հայ ժողովրդից հեռու, իսկ ԱԺ-ում էլ վավերացումը կկազմակերպի ժողովրդից պաշտպանող փշալարերով․ մնաց ՍԴ-ն, դա էլ մի բան կանի։ Այլ հարց է, որ այդ փաստաթուղթը, սկսած ստորագրումից, վերջացրած իր «պիոներների վավերացումով», բառիս բուն իմաստով հակաժողովրդական է և որևէ կերպ չի արտացոլի հայ ժողովրդի կամքը։
Հ․Գ․ ՈՒ թող ոչ մեկը չհիշեցնի 21 թվի ընտրությունների արդյունքները․ նախընտրական քարոզարշավի ժամանակ նոր թղթի ստորագրման մասին խոսք չի եղել, ժողովուրդը իրեն երբևէ այդ մանդատը չի տվել։
Հ․Գ․-2. Պատմություն կարդացեք, երբևէ ոչ մի հակաժողովրդական իշխանությանը չի փրկել ո՛չ փշալարը, ո՛չ պարիսպը, ո՛չ էլ որևէ գույնի բերետավորները։ Դրանք բոլորը միշտ վատ վերջ են ունեցել։