«Իրատեսի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակից, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա, լեյտենանտ ՀՈՒՆԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ։
-Մեր զրույցը սկսենք ներկայացնելով փրկարարների աշխատանքը մինչ պատերազմը և պատերազմի ժամանակ:
-Սովորական օրերին Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը աշխատում էր արտակարգ ռեժիմով: Այս օրերին՝ ավելի ուժեղացված: Առանց վարանելու և խուճապի մատնվելու ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանը կոնկրետ հրամաններ ու հանձնարարություններ է տվել փրկարարական ջոկատներին, և հենց առաջին օրից կազմակերպված սկսվել է փրկարարի առաքելությունը: Ստեփանակերտը խլացնում էր տագնապի ազդանշանն ու այստեղ տարածվել էր վառոդի հոտը:
-Ինչպես գիտենք, Ստեփանակերտում հիմնականում քաղաքացիական օբյեկտներն են թիրախավորվում:
-Այո, մայրաքաղաքում թիրախավորվում են հիմնականում քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Բազմաթիվ փլատակված շենք-շինություններ, վիրավորներ ու զոհեր էլ կային: ՈՒզում եմ անպայման նշել, որ հերոսական աշխատանք են կատարել փրկարարները: Անգամ կրակոցների տակ նրանք սնունդ ու անհրաժեշտ պարեն, դեղորայք ու այլ պարագաներ են մատակարարում ապաստարաններ: Հրշեջ փրկարարական խմբերը հազիվ էին հասցնում մեկուսացնել հրթիռներից այրվող բնակարանները: ՃԿԿ-ում գրանցվում էին նոր կանչեր: Արագ արձագանքման ստորաբաժանումները փլատակներից հանում և բուժհաստատություններ էին տեղափոխում վիրավորներին, շատ դեպքում ցուցաբերելով առաջին օգնություն:
-Ի՞նչ կորուստներ եղան, երբ ռմբակոծվեց ԱԻ ծառայության շենքը:
-Հոկտեմբերի 2-ին մասամբ ռմբակոծվեց ԱԻ ծառայության շենքը: Ցավոք մեկ զոհ ու վիրավորներ ունեցանք: Դա չխանգարեց մեր աշխատանքին: Կարեն Սարգսյանը վերամոբիլիզացրեց ուժերը, բաշխվեցինք թիմերի և շարունակեցինք ծառայությունը: Պատերազմն ավարտվի, ավերվածը կկառուցվի: Միշտ այսպես է ասում տնօրենը:
-Ի՞նչ նոր մարտահրավերներ կան:
-Հիմա Արցախի փրկարարները կանգնած են նոր մարտահրավերի առաջ. քաղաքում և շրջաններում հայտնվել են թշնամու արձակած, դեռևս չպայթած հարվածային, հրթիռային և կասետային ռումբեր: Սակրավորական խմբերն այժմ զենք-զինամթերքի հայտնաբերման ու դրանց ոչնչացման ուղղությամբ են աշխատում:
Արցախի փրկարարներին հումանիտար աջակցություն բերեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պատերազմի հաջորդ օրը նախարար Ֆելիքս Ցոլակյանն էր Արցախում: Հետո եկան փրկարար ջոկատները, որոնք արցախցիների հետ կողք կողքի անցնում են պատերազմական այս ծանր ու դժվար փորձությունը: ՈՒշադրությունը միշտ կարևոր գործոն ու երևույթ է եղել մեզանում:
-Տագնապի ազդանշանն ավարտվելուց հետո կյանքն ինչպե՞ս է ընթանում մայրաքաղաքում:
-Երբ կտրվում է տագնապի ազդանշանի ձայնը, միանգամից կարելի է տեսնել քաղաքի ծաղիկները ջրող, խնամող տղամարդկանց, փողոցները օրվա փոշուց մաքրող կանանց ու նրանց օգնող երիտասարդների: Մեր բոլորի ցանկությունն է, որ օր առաջ ավարտվի պատերազմը, և ունենանք արժանապատիվ խաղաղություն: Մենք թանկ կյանքեր դրեցինք այս պատերազմի զոհասեղանին:
Զրույցը՝ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
Արցախ