Այս իշխանությունը նախ և առաջ բարոյապես իրավունք չունի քաղաքացուց պահանջելու դիմակ դնել և հետևել սահմանված կանոններին այն պարզ պատճառով, որ հակառակ օրինակն է ծառայում։ Իշխանության ներկայացուցիչներն են անձամբ խախտում բոլոր կանոնները, սակայն տուգանվում է դիմակը կես սանտիմետր քթից ներքև դրած կամ դիմակ դրած, բայց անձնագիր չունեցող (սա պարզապես աբսուրդ է) շարքային քաղաքացին։ Նիկոլ Փաշինյանը թույլ ու անկարող է և որպես իշխող մեծամասնության ղեկավար, և որպես վարչապետ, որովհետև նրա ամենօրյա կոչերին չեն հետևում և իր ուժի պատգամավորները, և սեփական կառավարության անդամները։ Իսկ եթե նրա կառավարության սահմանած կանոններն այնքան անհեթեթ ու անտեղի են, որ սեփական թիմակիցներն անգամ բանի տեղ չեն դնում, ուրեմն ինչու՞ են դրանք միայն շարքային քաղաքացիների վզին փաթաթում։ Եթե 40 աստիճանի տակ իշխանավորը գերադասում է առանց դիմակ «փարթի» անել Սևանա լճի ափին, ինչու՞ պիտի Երևանում աշխատանքի շտապող քաղաքացին տապին փողոցում դիմակը դրած քայլի։ Ո՞ր տրամաբանությամբ։ Ինչպե՞ս է ստացվում, որ 4 մարդ իրար հետ հավաքված կորոնավիրուսի տարածման համար մեծ վտանգ են ներկայացնում, իսկ իշխանության անդամի խնջույքին մասնակցելը խիստ նորմալ է։ Ամենևին նպատակ չունենք այս կամ այն «փարթիասեր», խնջույքների սիրահար իշխանավորներին դատելու, պարզապես հարց է առաջանում՝ ինչու՞ իշխանության ներկայացուցիչների համար այդ ամենը նորմալ է դիտվում, իսկ շարքային քաղաքացու դեպքում «մահացու» մեղք է։ Թե՞ իշխանության ներկայացուցիչներն ուրախանալ, հանգստանալ գիտեն, իսկ շարքային քաղաքացին՝ ոչ, նա միայն «տուգանքի մատերիալ» է։
Այս ամենից կարելի է նաև եզրահանգել, եթե Նիկոլ Փաշինյանը չի կարող իր թիմին գոնե 3-4 ամիս վերահսկել, հասկացնել, որ առաջին հերթին իրենք պիտի հանրությանը օրինակ ծառայեն, ինչպե՞ս կարող է մի ողջ ժողովրդի հեռու պահել վտանգներից ու երես ունենալ նրանց կշտամբելու, վիրուսի տարածման մեղքը նրանց վրա բարդելու։ ՈՒ հենց այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը պիտի իր հարցի՝ «որտե՞ղ ենք մենք սխալվել» պատասխանը ստանա։ Մարդիկ չեն հավատում ձեր ասածներին ու քայլերին այն պատճառով, որ դուք ևս դրանց չեք հավատում, դուք էլ վստահ չեք, որ ճիշտ եք պայքարում վիրուսի դեմ և ընդհանրապես համոզված չեք, որ բոլոր խնդիրների լուծումներն ի վիճակի եք գտնելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ