Իշխանությանը տիրացածներից շատերը հայրենիք չունեն, եթե ունենային, հայրենիքի, նրա ժողովրդի, այդ ժողովրդի լեզվի, կրոնի, պատմության ու մշակույթի, ազգային արժեհամակարգի նկատմամբ չէին վարվի այնպես, ինչպես վարվում են, դրանց դեմ չէին պատերազմի (պատերազմը լինում է նաև չհայտարարված):
Նրանք ազգային գենային հիմքից զուրկ, արարչական ու բնական օրենքներին դեմ իշխանազավթներ են, որոնք այժմ քաղաքական նկատառումներով մեկը մյուսի հետևից քրեական և այլ բնույթի հաշվեհարդարներ են սկսել իրենց ընդդիմադիրների, քաղաքական հակառակորդների և նրանց հանդեպ, ումից վտանգ են զգում, իսկ վաղն իրենց լիարժեքորեն դրսևորելու են որպես բռնապետներ և երկիրը վերածելու են բռնապետության, եթե մինչ այդ կամ այդ ընթացքում չտապալվեն։ Նույնիսկ պողոսների համար վերջին շրջանի իրադարձությունները բացահայտեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածներից այլոց հակահայկական ու հակաքրիստոնեական քաղաքականությունն ու բնույթը: Իհարկե, խոսքը զուտ նրանց մասին է, ովքեր հետևում են իրենց երկրի անցուդարձին ու զոհը չեն իշխանական և արևմտյան ֆինանսավորմամբ ԶԼՄ-ների այս առումով միակողմանի տեղեկատվության:
Ընդգծենք, որ ՀՀ այսօրվա իշխանությունները և նրանց շրջապատը կազմող մի շարք անձինք գրեթե բոլոր առումներով` թե՛ ԼԳԲՏ անձանց և այլասերման քարոզչության «իրավունքը» պաշտպանելով, թե՛ քրիստոնեության, մեր եկեղեցու, մեր հոգևորականների դեմ գործելով, թե՛ հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը դեմ լինելով և նախատեսելով այդ առարկայի վերացում, թե՛ այլասերվածներին և քայքայիչ աղանդների ներկայացուցիչներին էլ ավելի լկտիացնելով, թե՛ մեր ազգային արժեհամակարգի դեմ չհայտարարված պատերազմով, թե՛ Արցախյան ազատամարտում և ապրիլյան քառօրյայում անուրանալի ավանդ ունեցած, թշնամուն հաղթած մեր հերոսների ու բարձրաստիճան զինվորականների նկատմամբ իրենց հայտնի վերաբերմունքով, թե՛ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջարկած և նույնասեռականների կողմից երեխա որդեգրելն արգելող օրենքի նախագիծը մերժելով, թե՛ այլ առումներով կատարում են այն, ինչ ցանկանում է Արևմուտքը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով Գիտությունների ազգային ակադեմիան, որպես պետական հաստատություն, վերանում է, բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզվի», «Հայ գրականության» և «Հայոց պատմության» պարտադիր դասընթացներն էլ հանվում են, դրանով ստեղծվում է ապազգային միջավայր: «Արմնյուզ» հեռուստաընկերության «ՕրաԽնդիր» հաղորդման ընթացքում այս մասին ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Այո, հե՛նց այդպես, բա ապազգայիններից ի՞նչ պետք էր սպասել` ազգային միջավա՞յր… Հայ ուսանողության պայքարին միացած քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վերջերս միանգամայն ճիշտ բնորոշեց Հայաստանի այժմյան ղեկավարությանը, ՀՀ ներկայիս գործադիր և օրենսդիր իշխանությունների մեծամասնությունը կազմողներին` հայտարարելով, որ դուխով լոզունգների տակ իրականում իշխանության են եկել երրորդ սեռի քարոզիչներ, եկեղեցի ոտնահարողներ, գրականություն, հայոց լեզու, պատմություն ճնշողներ: Քաղաքագետի համար նույնպես պարզ է, որ այս ամենի թիկունքում Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ևս անհրաժեշտ է համարում վարչապետի հրաժարականը պահանջելը:
Պատասխանելով հարցին, թե զարգացած աշխարհի մաս կազմելու համար արդյոք չարժե՞ ընդունել երրորդ սեռի գաղափարը, հինգ երեխայի հայր Հրանտ Մելիք- Շահնազարյանն ասել է. «Զարգացման նշանը երրորդ սեռին ընդունելու մեջ չէ, դա զարգացած երկրների բացասական կողմն է…»: «Սեռափոխված կնոջն իր պաշտպանության տակ առնելու մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը իրավիճակ է փոխում,- նոյեմբերի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրեց քաղաքագետը:- Դրա հետ կապված կարևոր բան ունեմ ասելու, բայց մինչ այդ մի քանի դիտարկում ու հարցադրում ունեմ, որոնք ուզում եմ անպայման հնչեցնել։ Նախ, այդ ու՞մ է կաշառակեր ու լափամանից զրկված կոչում ՀՀ վարչապետը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողների՞ն։ ՈՒրեմն ասեմ, թող բոլորն ականջին օղ անեն։ Լափամանից սնված, լափ կերած ու հիմա էլ պետական ռեսուրսներ լափողը հենց ինքը՝ Փաշինյանն է։ Էն էլ ոնց է լափում։ Մարդիկ ամեն օր ուղիղ եթերներով տեսնում, աչքներին չեն հավատում… ՈՒ թող ոչ ոք չփորձի մյուս անգամ այդ տոնով խոսել մեր ուսանողների հետ։ Այնպիսի շան լափ թափենք գլխներիդ, զարմանաք։ Երկրորդ, հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են ու հիմա էլ անձամբ ինքն է, որ սեռափոխված Մելինե Դալուզյանին դարձրել են հասարակական քննարկման թեմա։ Իրենք ու իրենց նմաններն են հերոսացրել Մելինեին, ի դեպ՝ ոչ իբրև չեմպիոնի, այլ հենց սեռափոխված մեկի։ ՈՒ հիմա էլ իրենք են շարունակում նրան որպես զոհ մատուցել՝ տասնյակ միլիոններ տրամադրելով այդ գործին մեր բյուջեից։
Այդ ու՞մ էր հետաքրքիր սեռափոխված ծանրամարտիկի՝ մեզ ներկայացվող իբրև թե ողբերգությունը, եթե հենց ինքը՝ Մելինեն, չցանկանար դա հանրային քննարկման թեմա դարձնել՝ անգամ համաձայնելով իր մասին ֆիլմ պատրաստելուն։ Եվ ուրեմն թող Փաշինյանը կամ Ատելության կուսակցության որևէ այլ ներկայացուցիչ չփորձի բարոյականության դասեր տալ այդ գովազդին դեմ դուրս եկող մարդկանց։ Դուք չունեք դրա իրավունքը, որովհետև ստում եք, ու ձեր բարոյապաշտությունն էլ կեղծ է։ Հաջորդը, մարդ որքա՞ն տհաս պետք է լինի, որ սեռը փոխելու վիրահատությունը համեմատի մարդկանց բնածին արատի կամ սրտի ու լյարդի վիրահատության հետ։ Ժողովուրդ, այս ու՞մ ենք վստահել մեր երկրի ղեկը։ Որքա՞ն ենք հանդուրժելու այս տգիտությունը։ Եվ վերջապես հետևյալը՝ դասադուլ ու նստացույց անող ուսանողներն իրենց մայրենի լեզուն են վերցրել անձնական պաշտպանության տակ։ Լեզուն, գրականությունն ու պատմությունը։
Իսկ դու՞, պարոն Փաշինյան… Հիմա հասկացա՞ր՝ ով ես դու, և ով՝ նրանք։ Այ այդպես, չմոռանաս երբեք։ Այս ամենն ինձ այսքան չէր զայրացնի, եթե չհասկանայի մի պարզ բան։ Այն, որ Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը երկրում արժեհամակարգ են փոխում։ Խարխլում են բոլոր այն հիմքերը, որոնցով ուժեղ է Հայաստանը։ Եվ դրա մասին չխոսել այլևս չի կարելի։ Ավելին՝ աղաղակել է պետք դրա մասին։ Երբ գրառման սկզբում նշեցի, որ Փաշինյանի ելույթն իրավիճակ է փոխում, հենց դա նկատի ունեի։ Արայիկը կլինի Հարությունյան, Արևիկը Անափիոսյան թե Հովհաննեսը Հովհաննիսյան… կամ էլ, թե Ատելության կուսակցության ցանկացած այլ անդամ, նրանց նպատակներն ու ծրագրերը վաղուց արդեն պարզ են։ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ թե գործիք է նրանց ձեռքում, այլ ոգևորողն ու առաջամարտիկը։ Հետևաբար կոչս կլինի հետևյալը՝ Նիկո՛լ, հեռացի՛ր:
Շնորհիվ ԼԳԲՏ անձանց ու նրանց «իրավունքների» պաշտպաններին հրապարակայնորեն հովանավորած Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցներից ոմանց, Հայաստանում տրանսվեստիտներն այնքան են լկտիացել, որ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում նույնիսկ հավաքվել են իրար գլխի և ֆորում անցկացրել, որը հանդգնել է կազմակերպել ԼԳԲՏ անձանց «իրավունքների» պաշտպանությամբ զբաղվող «Փինկ Արմենիա» հասարակական կազմակերպությունը: Politik.am-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ ս. թ. նոյեմբերի 9-ից 10-ը գրեթե ողջ հյուրանոցը զբաղեցրել են տրանսվեստիտներ՝ «ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանից ընդունելության արժանացած հանրահայտ Կարաբինայի գլխավորությամբ: Տրանսվեստիտները ողջ օրը աղմկել են ու զանազան միջոցառումներ իրականացրել, իսկ սրահի մուտքը, որտեղ նրանք հավաքվել են, հսկվել է թիկնապահների կողմից»: Հայ մարդը չի ցանկանում, որ իր երեխաները դաստիարակվեն փաշինյանական իշխանության քարոզած արժեհամակարգով, միանշանակ դեմ է դրան, սակայն իշխանություններն արհամարհում են հայի կամքն ու զայրույթը, գուցե չհասկանալով կամ Հայաստանի բնակչությանն ամլացած մի զանգված համարելով, կրակի հետ են խաղում: Փաստերը վկայում են, որ Հայաստանում իշխանությանը տիրել է հակահայկական ու հակաքրիստոնեական ուժը, ինչին անխուսափելիորեն հաջորդելու է ազգային-ազատագրական ու սրբազան պայքարը: «Հենց այդ «Մելը», «ՀուԶանք ու Զանգը» մեր ժողովրդին ի՞նչ են տալու». օրերս Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայաստանյան վերջին շրջանի իրադարձություններին, այս հռետորական հարցով է հանդես եկել կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Նրա կարծիքով, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի ոլորտը կարող ենք հանձնել երթուղայինների վարորդներին. այսօր նրանք ավելի շատ են ազդում ժողովրդի վրա` իրենց տարածած անորակ երաժշտությամբ, խոսելաձևով, քան ԿԳՄՍ-ն` իր կատարած զրո աշխատանքով:
«Հեղափոխություն են արել, բայց մշակույթը միայն դեպի վատն է գնում»,- ասել է կոմիտասագետը և հավելել, որ նախարարությունը ֆինանսավորելով «Մելը» «ՀուԶանք ու Զանգը», մերժել է «Սասունցի Դավիթ» էպոսի բեմադրության ֆինանսավորումը: Ինչպես արդեն հայտնի է, «ՀուԶանք ու Զանգ» խեղկատակությանը հարկատուներիս հաշվից հատկացվել է 2,7 մլն դրամ, իսկ դոպինգ-սկանդալի արդյունքում Հայաստանը խայտառակած, սեռափոխված Մելինե Ղալուզյանի մասին «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ պետբյուջեից հատկացումը կազմում է շուրջ 20 մլն դրամ: ««Ակունք» անսամբլը ներկայացրել է «Սասունցի Դավիթ» էպոսի` Կոմիտասի ավանդական գրառած եղանակներով, հին էպոսի մեղեդիներով բեմադրության ծրագիր, բայց նախարարությունը մերժել է»,- ասել է Շահնազարյանը և ավելացրել, որ «ՀուԶանք ու Զանգ»-ի ու «Մել»-ի դեպքում նախարարությունը նշում է, որ ֆինանսավորման որոշումը կայացրել է մասնագիտական հանձնաժողովը, բայց պատասխանատվությունը նախարարությանն է:
«Այդ հանձնաժողովում կիսագրագետ մարդիկ են,- ասել է կոմիտասագետը:- Նախարարության մեղքով է, որ հանձնաժողովն այդպիսին է: Արդարացման տեղ չեն կարող ունենալ, և դա անգամ քննարկման ենթակա չէ»: Եվ իսկապես` հե՛նց նախարարության մեղքով է, որ հանձնաժողովն այդպիսին է: Ո՞վ է այդ հանձնաժողովի անդամներին ու նախագահին նշանակել, կամ ովքե՞ր են ընտրել նրանց: Պարզ է, չէ՞, որ, ասենք, էկոնոմիկայի կամ արտակարգ իրավիճակների նախարարը չի նշանակել նրանց կամ հաստատել հանձնաժողովի կազմը: Երբ բռնկվեց «ՀուԶԱՆՔ ու Զանգ»-ի հետ կապված սկանդալը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում ի պատասխան լրագրողների հարցումների, նոյեմբերի 3-ին հայտնեց, որ «2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր…»: Նախարարության պատասխանում հասկանալի պատճառով չի նշված, որ վերոնշյալ հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարությունն է ստեղծել, և որ այն նախարարությանը ենթակա մարմին է: Դրա փոխարեն, հերթական անգամ դրսևորվել է ԿԳՄՍ նախարարության ցինիզմը. «Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը»:
Ընդունենք, թե 0,3%-ն է կազմում, բայց մամուլում բազմիցս գրվեց, թե 2,7 մլն դրամով ինչեր-ինչեր կարելի էր անել, և հետո պարզ չէ՞, որ եթե նախարարությանը ենթակա այդ հանձնաժողովը իրեն թույլ է տվել թեկուզ 2,7 մլն դրամի վատնում, ապա շատ հնարավոր է, որ դրամաշնորհների համար հատկացված կամ առանձնացված մնացած շուրջ 900 մլն դրամից էլ այլ մսխումներ թույլ տված լինի: ՀՀ քրեական օրենսգրքում նշված հափշտակությունը միայն յուրացման միջոցով չի լինում, լինում է նաև վատնման միջոցով: Միամտություն կլինի, սակայն, կարծելը, թե իրավապահ մարմինները հիմա կզբաղվեն այն խնդրով, թե ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհների համար հատկացված տարեկան շուրջ մեկ միլիարդ դրամի հասնող բյուջեից գումարներն ու՞մ, ո՞ր կազմակերպություններին, ինչպե՞ս, ի՞նչ չափորոշիչներով և ինչու՞ են հատկացվել: Դրանով իրավապահները կզբաղվեն Փաշինյանի իշխանության տապալումից հետո, այն էլ ինչպե՜ս կզբաղվեն… Հետաքրքիր է` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատկերացնու՞մ է դա, տեսնու՞մ է այդ օրը, թե իրեն թվում է, որ ինքն ու Փաշինյանը հավերժ են իշխելու:
Նախարարության` կես էջից էլ պակաս վերոնշյալ պատասխանում ցինիզմի մյուս «փայլատակումն» էլ վերջում է. «Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումներ»: Եվ սա` թույլ տրված, մեղմ ասած, սխալի համար հանրությունից ներողություն խնդրելու փոխարեն: «ՀուԶԱՆՔ ու Զանգ» խեղկատակության ֆինանսավորման համար նույնիսկ պողոսներից մեկն այնքան էր զայրացած, որ իմանալով այս մասին, ասաց` թքել եմ, թե նախարարությունն ինչ կդիտարկի: Արթուր Շահնազարյանն անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին, նույն զրույցում ասել է, թե բողոքի միջոցառման մասնակիցները պնդում են միայն, որ մշակույթի ոլորտում կատարվողը հայ ազգին հարիր չէ, թե պետության կողմից «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ու «Մել» ֆիլմի ֆինանսավորումներն անընդունելի են, մինչդեռ մեկ ուրիշ և ավելի կարևոր հարց կա. «Հրաժարականի պահանջը ներկայացնողները չեն ասում, որ ԿԳՄՍ-ն լինելով պետական կառույց, օրենքով էլ իրավունք չունի կատարել նշված ֆիլմի ու ներկայացման ֆինանսավորումները: Պետական կառույցի քաղաքականությունն ուղղված է ժողովրդին դաստիարակելուն, մշակութային ճաշակ բարձրացնելուն, ազգային ու համամարդկային արժեքներ սերմանելուն:
Նախարարության իրականացրած ծրագրերը ոչ մի կապ չունեն դրանց հետ»: «Ոչ մի կապ չունեն»-ը մեղմ է ասված, փաստն այն է, որ ԿԳՄՍ նախարարության որոշ ծրագրեր նույնիսկ հակադաստիարակչական են, ուղղված են ժողովրդի մշակութային ճաշակն իջեցնելուն, ազգային ու համամարդկային արժեքների դեմ են: Կոմիտասագետն ընդգծել է, որ ԿԳՄՍ-ն (մասնավորապես` մշակութային ոլորտի մասով) բանակից հետո պետության երկրորդ կառույցն է, իր խոսքը եզրափակել Վահան Տերյանից մեջբերմամբ. «Ինչպես Վահան Տերյանն էր ասում, երկու հայրենիք ունենք` հոգևոր-մշակութային և ֆիզիկական: Եթե հանձնենք մեր հոգևոր հայրենիքը, կհանձնենք նաև մեր ֆիզիկական հայրենիքը: Ինձ պետք չէ այնպիսի հայրենիք, որում չկա հոգևոր-մշակութայինը, ազգայինը»: Միանշանակ է, որ որևէ հայի այդպիսի հայրենիք պետք չէ, և, ուրեմն, առավել քան արդիական է հարցը` այս ո՞ւմ և ինչո՞ւ է վստահվել մեր պետության` բանակից հետո երկրորդ կառույցը… Վերջում ուզում էի ԱԱԾ-ից պահանջել, որ վերը շարադրվածի համատեքստում քննի, պարզի` այս ամենում չկա՞, արդյոք, պետական դավաճանության հանցակազմ, բայց հիշեցի, որ հիմա Նիկոլի թիվն է և անիմաստ է նման որևէ պահանջ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ