Վիրտուալ կառավարվող երկիր
08.10.2019 | 00:46
Այսօր իրադարձություններն այնքան արագ են հաջորդում իրար, որ հասարակությունը, դեռ մեկը չմարսած, մյուսի քննարկման ծիրում է հայտնվում։ Սա է պատճառը, որ մենք հետևողական չենք նաև այն հայտարարությունների հանդեպ, որոնք ամեն օր մեզ մատուցում է երկրի ղեկավարությունը։ Այս շրջապտույտում հասարակությանը հեշտ է նաև կարևոր թեմաներից շեղել՝ աղմկահարույց հայտարարություններ անելով, ինչը քաղաքական օրակարգի հետ ընդհանրապես կապ չունի։ Ողջ համացանցը կարող է օրերով քննարկել Անդրանիկ Քոչարյան-Արփինե Հովհաննիսյան հեռակա բանավեճը, Բելա Քոչարյանի հանդիպումը ՌԴ ղեկավարի հետ, լուտանքներ տեղալ աջուձախ, բայց, օրինակ, քննարկման հարց չի դառնում, թե ՌԴ-Հայաստան հարաբերություններում առկա կնճիռներն ինչու՞ չեն հարթվում, գազի գնի հարցը ինչու՞ ամիսներ շարունակ վերջնական լուծում չի ստանում և, ի վերջո, ղարաբաղյան հակամարտության գործընթացն ինչու՞ է արգելակվել, ու՞մ մեղքով։ Սրանք ընդամենը վերջին իրադարձություններն են, իսկ քանի-քանի հայտարարություններ, խոստումներ են հնչել այս 1,5 տարվա ընթացքում, որոնք մենք անգամ չենք էլ հիշում՝ կախարդական փայտիկից սկսած մինչև 500 միլիոն դոլարի ներդրումային նախագծեր, հարյուրավոր աշխատատեղեր և 2050-ին` դրախտային երկիր։ Այս խոստումները «նստվածք» չեն թողնում, չեն հիշվում, որովհետև դրանց անմիջապես հաջորդում են ոչ պակաս աղմկոտ քայլեր ու հայտարարություններ։ Օրինակ, «800 հազար անբաններ նստած են 350 հազար աշխատողների վզին», «աղքատությունը մարդկանց ուղեղում է», «80 հազար դրամով մի աշխատեք, ոչխար պահեք», էլ չենք խոսում «պատերին ծեփելու», «վզից բռնելու, ասֆալտին փռելու» օպերացիաների մասին։ Իսկ երբ հայտարարությունների դոզան շատ մեծ է լինում, դրանք իսպառ չեզոքանում են դատարաններ շրջափակելով, դատավորների հանդեպ ճնշումներ գործադրելով, ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագիծ մշակելով։ Բայց կա բոլոր հայտարարությունները մոռացության մատնելու լավագույն խաղաքարտը. երբ բոլոր մեքենայությունները սպառված են, գործի է դրվում ամենակարող ԱԱԾ-ն, որը միշտ մի քրեական գործ ունի պահած «սև օրվա» համար։
ՈՒ այսպես ամեն օր մեր կյանքի, վիրտուալ իրականության, որում ապրում են մեր բոլոր իշխանավորները՝ շարքային չինովնիկից մինչև բարձրաստիճան պաշտոնյա, անբաժան մաս են կազմում քաղաքական գզվռտոցները, սև-սպիտակ խաղերը, անմտությունները, չմտածված քայլերը։ Չկա քաղաքական օրակարգ, ապագայի մշակված ու իրատեսական սցենար, գործողությունների հստակ ծրագիր։ Հայտարարություններով երկիր ենք զարգացնում, ստատուսներով հարաբերություններ կարգավորում, լայվերով հաթաթաներ տալիս, իսկ իրականություն այդպես էլ չենք ուզում վերադառնալ։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ