«Մոլորակափրկիչ» նոր առաջարկ Եվրոպայում
01.10.2019 | 00:20
Ռուսաստանյան հասարակության ու հատկապես նրա ռուսական հատվածի գլխավոր մտահոգություններից մեկը, անշուշտ, երկրի ժողովրդագրական իրավիճակն է: Բնակչության աճ չկա, ընդարձակ տարածություններ պարզապես անմարդաբնակ են, և լավատեսություն չի նկատվում: Խնդիրն իհարկե այնքան աղետալի չէ, որքան Հայաստանում: Թեև հուսադրող է, որ մեր երկրում խրոնիկ անտարբերությունը տեղիք է տվել, և պատասխանատու մարդիկ սկսել են մտածել բնակչության քանակի ավելացման մասին:
Մինչդեռ բնակչության աճը մոլորակի մասշտաբով բնավ էլ չի դիտվում որպես դրական երևույթ: Հակառակը: Բազմաթիվ հետազոտություններ բերում են այն հետևության, որ այդ աճը պոտենցիալ սպառնալիք է ողջ մարդկության համար: Երկիր մոլորակի բնակչությունն այսօր 7,7 միլիարդ մարդ է։ 2100 թվականին այդ թիվը կհասնի 11 միլիարդի: Մարդկանց թվաքանակի նման մասշտաբային ավելացումը կհանգեցնի շրջակա միջավայրի աննախադեպ աղտոտման, կպահանջի բազմապատկել սննդամթերքների բարդություններ հարուցող արտադրությունը, այդ թվում նաև փոփոխվող բնակլիմայական պայմաններում, կավելանա կոնֆլիկտներից ու սովից մահացողների քանակը և այլն:
Մեր նպատակը չէ խորությամբ վերծանել բնակչության ավելացման հետ կապված բազմաբարդ հանգույցները: Սեպտեմբերի վերջին համաշխարհային առաջնորդները հավաքվեցին Նյու Յորքում և ՄԱԿ-ի օրակարգն ընդգրկած հարցերի թվում քննարկվեցին նաև «բնակչության աճի նվազեցման» խնդիրը:
ՈՒրիշ հարց է, և դրա վրա են ուշադրություն հրավիրում ռուսաստանյան ԶԼՄ-ները, որ քրիստոնեական ու մուսուլմանական հանտինգտոնյան քաղաքակրթական բախման ընթացքում քրիստոնյաները արդեն տանուլ են տվել հակադրությունը քանակական առումով, և բնակչության աճի կանխման նոր միտումների պայմաններում այդ պայքարը կավարտվի Քրիստոսի հետևորդների կատարյալ պարտությամբ: Այդ նույն Ռուսաստանում եթե ոչինչ չփոխվի, ապա դարամիջին տեղացի մուսուլմանները կկազմեն բնակչության կեսը:
Ցավոք, երկրագնդի բնակչության քանակի կրճատման մաքառումների սկզբնավորողն ու իրականացնողը եղել ու մնում են քրիստոնեական աշխարհի երկրները: Մուսուլմանական հայրիշխան բազմանդամ ընտանիքը մնում է անխոցելի: Իսկ թե ինչ է կատարվում, ասենք, «քրիստոնեական» եվրոպական մայրցամաքում, բոլորի աչքի առաջ է: Մարդկանց թվաքանակի նվազեցման, մոլորակին սպառնացող վտանգի կանխման դրոշի ներքո ծավալվել է ընտանիք հաստատության աննախադեպ քայքայում բարոյական ու սեռական անհավատալի այլասերվածությունների միջոցով: Եվ արդյունքը բացահայտ է՝ եվրոպական ոչ մի քրիստոնեական ազգ այսօր բնակչության աճ չունի: Ինչպես ասում են, եվրոպական աշխարհամասը հանուն «երկրագնդի բարեկեցության» բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը:
Վերցնենք ամերիկյան իրականությունը: 1954 թվականին ԱՄՆ-ում հրապարակվեց պամֆլետ «Բնակչության ռումբը» վերտառությամբ, որտեղ ուռճացված էր բնակչության աճի բարձր տեմպերի սպառնալիքը, և հայտարարվում էր այն վերահսկելու հրամայական անհրաժեշտությունը: 1959 թվականին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նշյալ սրընթաց աճը համարեց արդեն սպառնալիք միջազգային կայունության համար: Իսկ 1969 թվականին Կոնգրեսին հղած իր դիմումի մեջ նախագահ Նիքսոնը այն համարեց ամենալուրջ խնդիրներից մեկը մարդկության ճակատագրի համար և կոչ արեց անհապաղ միջոցներ ձեռնարկել դրա դեմ: Ծնելիության սահմանափակման քրիստոնյա ջատագովները սկսեցին լայնորեն տարածել սեռական բարքերի փոփոխության, դրանց ոչ բնական ձևերի խրախուսման գաղափարներ և այլն:
Որոշ մուսուլմանական երկրներում էլ է նկատվել բնակչության աճի` եթե ոչ նվազեցման, ապա գոնե կանգնեցման երկչոտ քարոզչություն: Միանգամայն ապարդյուն: Ընդ որում, մուսուլմաններին, ի տարբերություն քրիստոնյաների, բնավ էլ չի մտահոգում մոլորակի բախտը: Ապրելն է դառնում անհնարին: Շարմ էլ Շեյխում հանգստանալիս էքսկուրսավարը պատմում էր, որ երկրի ղեկավորությունը փորձում է հասկացնել բնակչությանը, որ Նեղոսի ափերը չեն կարող բավարարել 100 միլիոնը գերազանցած քանակությանը, անիմաստ է հույսը դնել անապատի վրա, սովամահությունը կարող է առօրյա դառնալ: Բայց ոչինչ չի օգնում՝ ծնել են ու պիտի ծնեն: ՈՒ՞ր էր ունենային քրիստոնյաների «իմաստնությունն» ու մոլորակասիրությունը:
Սակայն նորեն դառնանք մեր անզուգական Եվրոպային: Պարզվում է՝ քրիստոնեությունը մոռացող եվրոպացիները այնքա՜ն են անհանգստացած մոլորակի բնակլիմայական բացասական փոփոխություններով՝ որպես հետևանք մարդկանց նաև գյուղատնտեսական-անասնապահական գործունեությամբ, որ սկսել են առաջարկել փրկության ծայրահեղ «դեղատոմսեր»: Շվեդ գիտնական Մանգուս Սյոդերլունդը օրերս շվեդական հեռուստաալիքներից մեկում ոչ ավել, ոչ պակաս, առաջարկեց ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու նպատակով սննդամթերք դարձնել... մարդու միսը: Այո՛, այո՛, հենց մարդկային միսը: Դե՛, ոչ իհարկե կենդանի մարդու, դա գերանմարդկային կլիներ, այլ ընդամենը դիակի: Սահմռկում ես այս «գիտնականի» մտքերի ընթացքից: Ինչու թաղել դիակը, երբ այն կարելի է մշակել և ուտել: Ոչ մի ծախս չի պահանջվում, և բնությունն էլ չի տուժում: Սյոդերլունգը իր այս ելույթից հետո այնքան է հանրաճանաչ դարձել, որ որոշել է հատուկ սեմինարներ անցկացնել «գալիք սննդամթերքի» մասին: Կատարյալ կանիբալիզմ՝ մարդակերություն:
Ռուսական լրատվամիջոցները անկասելի սարկազմով բառացիորեն ջախջախեցին եվրոպացի «ինտելեկտուալի» այս «տեսությունը»: Հեռուստաէկրանին վեր հառնեցին աֆրիկացի մարդակեր բռնապետները` Բոկասայի և Իդի Ամինի կենդանի կերպարները, երբ առաջինը դժգոհություն էր հայտնում, թե մարդու միսը մի քիչ... աղի է:
Եվ կարծում եք` շվեդը էկզոտիկա՞ է իր անմարդկային նորարարությամբ: Բնավ, քրիստոնեական Արևմուտքում վաղուց են «գիտական հետազոտություններ» անցկացվում կանիբալիզմի օգտակարության մասին: Հանուն բնապահպանության, բնակչության կրճատման քաղաքականությունը հիրավի դառնում է մարդակերական: Ասես մոլորակի բախտով տառապում են միայն քրիստոնյաները: Խնդիրը պարբերաբար քննության են առնում նաև գլոբալիստական կազմակերպությունները, որոնց մեջ առանձնանում է Հռոմի ակումբը: Ստացվում է, որ Թոմաս Մալթուսի հայտնի տեսությունը, որի համաձայն բնակչության անվերահսկելի աճը կհանգեցնի մոլորակային ցեղասպանության, շարունակում է ապրել, սակայն իրոք գերազանցապես քրիստոնեական աշխարհում, մեր օրերում արդեն, ինչպես ռուսներն են ասում, որպես ժողովրդագրական ֆաշիզմ:
Մի բան ակնհայտ է. եթե Հայաստանում ոչ թե լրջորեն զբաղվեն բնակչության աճի խնդրով, այլ հրապուրվեն զանազան «եվրոպական արժեքներով», էլ չենք ասում, մեղա քեզ, Տեր Աստված, տուրք տան մարդակերության քարոզչությանը, ապա 5 միլիոնի սահմանագիծն էլ պատրանք կդառնա: Մենք էլ եվրոպացիների պես կթևակոխենք բնակչության ինքնաոչնչացման ուղին:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ