38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կարևորն այն է, որ մարդկանց օգտակար լինես, բարություն անես, մի օր մի տեղից հետ կգա, չգա էլ, դու ողջ լինես»

«Կարևորն այն է, որ մարդկանց օգտակար լինես, բարություն անես, մի օր մի տեղից հետ կգա, չգա էլ, դու ողջ լինես»
04.06.2019 | 02:45

Քաղաքը միայն շենքերն ու փողոցները չեն կամ սրճարաններն ու այգիները, քաղաքի շունչն ու հոգին նրանում ապրող մարդիկ են, ամեն մեկն իր ճակատագրով, բնավորությամբ ու երազանքներով: Ոմանք ապրում են աննկատ, մյուսները սիրում են կարևորել սեփական անձը, մեկը կառուցում է, մյուսը քանդում, մեկը ինքն իրենով գունազարդում է քաղաքի կյանքը: Մեկի համար քաղաքը տրանզիտ է հիշեցնում. մտնում-դուրս է գալիս առանց նկատելու նրանում ապրող մարդկանց ու կատարված փոփոխությունները, մեկ ուրիշը կարոտում է «Կազիրոկ»-ում հազար անգամ խմած սրճին, ու բան է, թե երկար ժամանակ բացակայում է քաղաքից, կարոտում է անգամ քաղաքի թափառաշրջիկներին ու շներին:
Քաղաքի թոհուբոհի մեջ ապրում են մարդիկ, ովքեր մեկուսի, գլուխը կախ իրենց գործով զբաղված, կարծես չեն խառնվում ընդհանուր եռուզեռին, սակայն նկատում ու հասկանում են ավելին, քան նա, ով իրեն համարում է ժամանակի շունչն ու ժամանակի խոսափողը:
Երևանցին քաջածանոթ է «Ֆիրդուսնոցին»: Եթե առաջանաս տոնավաճառի նեղ փողոցով, ամենավերջում կհանդիպես ավտոտնակների, որոնցից մեկում 20 տարուց ավելի է, ինչ իր համեստ արհեստանոցն է հիմնել կողպեք, բանալի, հովանոց ու այլ կենցաղային իրեր նորոգող 66-ամյա ԺՈՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Ծնվել-մեծացել է Դուշանբեում, ընդունվել է տեխնիկում, հետո ինստիտուտ, բայց երկուսն էլ անավարտ է թողել: Այնտեղի կյանքից դժգոհ չէ, բայց ցանկացավ գալ Հայաստան, ցեղի ձայնը կանչեց:


-Դուշանբեում էլ նույն արհեստով էի զբաղվում, անսարք գործիքներ, առարկաներ, մի խոսքով ինչ ասես ռեստավրացիա էի անում, ձեռքիցս գալիս է: Բայց մի բան ասեմ, չնեղանաս. ուրիշ ժամանակ տաջիկներին ծաղրում են, բայց գիտե՞ս ինչ մաքրասեր ու բնություն սիրող ժողովուրդ է: Տեսնել էր պետք, թե ոնց են ծաղկեցնում ու մաքրում իրենց տան շրջապատը, փողոցը, քաղաքը, ամեն տեղ վարդեր են աճեցնում: Մեզ մոտ նայում ես, հրեն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարող այգու վիճակն էն ի՞նչ է: Տարածքը կա, դժվա՞ր է ծառ տնկել, վաղը-մյուս օրը էլի բնակիչներին է պետք գալու,- ասում է Ժորան:

Կար ժամանակ, երբ ապրում էր Երևանում, հետո Առինջում, սակայն հանգամանքների բերումով տեղափոխվեց Արտաշատ ու ամեն առավոտ ավտոբուսով գալիս է Երևան աշխատանքի, երեկոյան վերադառնում տուն: Եվ այդպես, երկու տասնամյակ շարունակ, ու չի հոգնում ամեն օր գնալ-գալուց: Միջավայրն ու տարածքը հոգեհրազատ են դարձել, արհեստանոցի դուռը հազվադեպ է փակ եղել, մենակ ապրող մարդ է, տանը մնա, ի՞նչ անի: Ավտոտնակի տիրոջ հետ տարիներ առաջ մաքրեց դիմացի աղբանոցի վերածված հողատարածքը, մրգատու ծառեր տնկեցին, ծաղիկներ, ու հիմա ամեն օր խնամում ու մաքրում են կանաչ «օազիսը»: Վարպետ Ժորայի արհեստանոցի շուրջբոլորը մաքուր է, մի անկյունում իր կատվի համար նախատեսված ջրամանն անգամ մաքուր է:
-Կանաչը լավ բան է, կանաչը կյանք է, ես չեմ սիրում կեղտոտություն: Մոշ եմ աճեցրել, բալի, խնձորի ու էլի ուրիշ ծառեր, բարիքն էլի մարդկանց համար է, համ էլ աչք է շոյում, արհեստանոցից աչքս ամեն անգամ ընկնում է ծիլ տված բողբոջին,- ասում է Ժորան ու անցնում քաղաքի ու երկրի վիճակին,- Ես ուզում եմ, որ մեր կյանքը լավանա, ամեն ինչ ժողովրդից է կախված, փոխվեն, ավելի կուլտուրական դառնան, զիբիլ չգցեն, իրար հետ կուլտուրական խոսեն, շնորհքով լինեն, ուզում եմ , որ աշխատանք լինի, որ Հայաստանը ավելի լավ երկիր դառնա, որ պակաս չլինի մյուս երկրներից: Քաղաքում շատ տեղեր կան, օրինակ գետնանցումները, շատ անգամ անցորդներն աղտոտում են գցում են բոմժերի վրա, հավաքարարները լավ չեն աշխատում, գլուխ են պահում, մարդիկ պետք է հասկանան, որ սիգարետը գետնին չի կարելի գցել, տրանսպորտի վիճակն էլ մի բան չի: Պարադոքս է. ասում են, չէ՞, մեր երկիրը այնքան էլ մեծ երկիր չի, փոքր է, դե ուրեմն հեշտ է մաքրել, քան մեծը, չէ՞, բոլորը հողերն են ուզում Թուրքիայից, բայց էս փոքրը կարգավորենք, նոր մեծի ու շատի մասին մտածենք: Արտաշատում, որտեղ ապրում եմ, մի փողոց կա, արդեն հիսուն տարի ասֆալտի երես չի տեսել, մեքենա է անցնում թե չէ, մի սար փոշի է կապում, որ ավտոբուսի դուռը բացվում է, էնքան փոշի է լցվում ներս: Ախր քաղաքն էլ է մեր տունը:


Վարպետ Ժորան ուզում է, որ աշխատող ժողովուրդը մարդավայել ապրի, թոշակառուն կարգին թոշակ ստանա, որ մենակյաց թոշակառուն ամսվա կեսին մոլոր չմնա: Աշխատավայրը վարպետին մագնիսի նման ձգում է, սովորել է միջավայրին, շրջապատի մարդկանց, գալիս նստում ու զրուցում-քննարկում են աշխարհի ու մեր երկրի անցուդարձը, օր են մթնեցնում: Վարպետ Ժորայի համոզմամբ` կարևորն այն է, որ մարդկանց օգտակար լինես, բարություն անես, մի օր մի տեղից հետ կգա, չգա էլ, դու ողջ լինես:
Հարցնում եմ` վարպետ, կյանքում ի՞նչն է կարևոր:
-Ճիշտը որ ասեմ, կյանքիցս բան չհասկացա, կյանքը համ մեղրոտ է, համ լեղի: Բայց ես ինձ ջահել եմ զգում, ինձ քսան տարեկան եմ զգում, լուրջ եմ ասում: Որ ասեմ, մի մեծ գումար չեմ վաստակում, հավատա, բայց էլի ուրախ եմ, որ մարդկանց օգնում եմ: Այ, տեսեք, սա զոնտիկ է, չէ ՞, եթե մարդը զոնտիկ չունենա, դա էլ խնդիր է: Որ զոնտիկ չունեցավ, դուրս եկավ անձրևի տակ, կթրջվի, կմրսի, կհիվանդանա, աշխատանքի չի գնա, օր կորցրե՞ց, բա ի՞նչ արեց, բյուլետեն վերցնի, աշխատավարձը կպակասի, դեղի փողն էլ հետը, դեռ չեմ ասում, որ պետությանը պակաս հարկ կվճարի, տեսեք, էս ամենը մի զոնտիկի պատճառով: Դե, ոնց որ ասում են, ամեն մեկն իր պատուհանից նայելով է դատում աշխարհի մասին: Կոշկակարն էլ իրենը կպնդի, բա, կյանքն էսպես է,- ասաց վարպետ Ժորան:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ