38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կարմիր չորեքշաբթի»

«Կարմիր չորեքշաբթի»
16.04.2019 | 00:05

Չարշամա Սարե Սալե, Չարշամա Սոր, Այդա Տաուսի Մալակ անուններով հայտնի այս տոնը եզդիները նշում են ապրիլ ամսվա առաջին չորեքշաբթի օրը` հին տոմարով, որպես Նոր տարի:


Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդների, այնպես էլ եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը դարձել են տոներ և տոնակատարություններ: Այդպիսի տոներից է Չարշամա Սորը` «Կարմիր չորեքշաբթին», որը, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը, ամուր թելի նման կապել և կապում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Սա շատ հին տոն է, որը եզդիները տոնում են իրենց հազարամյա պատմության ընթացքում: Սոր` «կարմիր» բառը միաժամանակ նշանակում է տոն: Եզդիական ցանկացած տոնից առաջ սկսում են նախապատրաստվել: Բոլորը պարտադիր պետք է զբաղվեն իրենց և տան մաքրությամբ: Հնարավորություն ունեցողները մատաղի պատրաստություն են տեսնում, գունազարդում են տունը, պատրաստում են ազգային տարբեր ճաշատեսակներ: Պատրաստված սեղանը, որպես կանոն, մինչև երեկո չի հավաքվում: Ազգականները, բարեկամները, համագյուղացիները, միմյանց շնորհավորելուց հետո, գնում են գերեզմանատուն` իրենց հետ տանելով մրգեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ: Ինչպես մյուս տոները, այնպես էլ Նոր տարին առիթ է, որ խռովածները հաշտվեն, ցանկանում են, որ տարբեր հիվանդությունները, աղքատությունը և փորձությունները մնան հին տարում և Նոր տարին սկսեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ:
Եզդիները այս տոնը տոնում են գարնանը, համարելով, որ Աստծո կամոք Մալակե Տաուսը ստեղծել է երկիրն ու կյանքը, գարնանը ամենուր կյանքը նորանում է: Եզդիները, ավանդույթի համաձայն ապրիլ ամիսը դիտում են նորահարսի «Բուկա Սալե» ամիս, դրա համար էլ ապրիլ ամսին, որպես կանոն, հարսանիքներ չեն անում:


Այս տոնի ժամանակ եզդիների հոգևոր առաջնորդարանում` Լալշա Նուրանիում կատարվում են տարբեր ծեսեր, որոնք ուղեկցվում են աղոթքներով, իսկ երեկոյան վառում են ձեթե լամպեր: Մարդիկ հավատում են, որ Լալշա Նուրանին, նրա դրախտ աղբյուրները իրենց կպաշտպանեն չար ոգիներից, տարբեր հիվանդություններից, և աշխարհում կհաստատվի խաղաղություն ու համերաշխություն: Ինչպես միշտ, այս տարի նույնպես հայաստանաբնակ եզդիները տոնակատարությունները անցկացնում են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում` բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով կառուցված եզդիների Զիարատում` Սրբատեղիում:
Ցավոք, 2014 թ. օգոստոսի 3-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի ստրկավաճառները հասցրին մինչև Աֆղանստան: Ահավոր ցավով և թափված արցունքներով մենք սպասում էինք, որ կդադարեցվի եզդիների ցեղասպանությունը և վերջնականապես կազատագրվի Շանգալը: Մենք սպասում էինք ճշմարտության ձայնին և արդարության հաղթանակին: Փառք Աստծո, ազատագրվեց մեր բնօրրանը: Աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում ենք նրանց թափած արյան համար:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում և փախստականների վրաններում գտնվող եզդիներին Նոր տարվա, Այդա Տաուսի Մալակ տոնի առթիվ: Ցանկանում ենք բոլորին առողջություն, ազատություն, հաջողություն, բարեկեցիկ և խաղաղ կյանք: Թող իրականանան մեր բոլորի երազանքները, եզդիները այլևս երբեք ցեղասպանություն չապրեն իրենց բնօրրանում, ապրեն ազատ և անկախ: Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար: Իսկ բոլոր տոներն անցնեն խաղաղության, համերաշխության և ուրախության պայմաններում:
Աստված ապավեն։

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ