Այն, որ ծխելը վնասակար է առողջությանը, ընդունում է ողջ աշխարհը, որ ներկա պահին գրեթե ամենուր պայքարում են ծխելու դեմ, նույնպես փաստ է, այնուամենայնիվ, ծխողների թիվը ներկա պահին գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև մեր երկրում դեռևս բարձր է։ Դա ընկալվում է որպես չարիք մարդու առողջության դեմ, և այդ չարիքն անհանգստացնող է, իսկ պայքարն այդ չարիքի դեմ բարձր մակարդակի վրա չէ։ Ճիշտ է, ներկա պահին սինթեզվել և արտադրվում են որոշ դեղամիջոցներ, որոնք ազդում են ծխախոտում պարունակվող հիմնական նյութի` նիկոտինի վրա, բայց արդյո՞ք այդ դեղամիջոցները կապահովեն սպասելիք արդյունքը` առանց ապահովելու նաև այլ միջոցառումներ։ Լճաշենի ԱԱՊԿ-ում փորձեցինք մեկ-երկու դեղամիջոցների շնորհիվ պակասեցնել ծխողների թիվը։ Միջոցառումն իրականացվեց 2006-2007 թ. ընթացքում։ Նախօրոք բնակչությանը իրազեկվեց այդ մասին հայտարարությունների միջոցով, հրավիրեցինք կամավոր սկզբունքով ցուցակագրվելու, անվճար դեղորայք ստացան 170 հոգի, որոնցից 140-ը` «Տաբեքս», 30-ը` «Նիկոռորտե» և, ինչպես ասում են, անցանք գործի։ Պարբերաբար հանդիպում և զրուցում էինք դեղորայք ընդունողների հետ, հարցնում ինքնազգացողության մասին, ի՞նչ կողմնակի երևույթներ են գրանցել, արդյո՞ք զզվանք ունեն ծխախոտի նկատմամբ, կարո՞ղ են արդյոք հրաժարվել ծխելուց և այլն։ Պատասխանները նույնպես տարբեր էին. «չգիտեմ ինչ կլինի», «հա՛մ ծխում եմ, հա՛մ էլ դեղ եմ խմում». «չի ստացվում կանոնավոր ղեկորայք ընդունել», «տո դե ստից բան» է, և այլն։ Հետևում էին նաև բուժքույրերը։ Երբ արդեն անցել էր 6-8 ամիս, և բաժանված էր ողջ դեղորայքը, ունեցանք այսպիսի արդյունք. հրաժարվողները տասից մեկն էին, իսկ չհրաժարվողների թիվը բավական մեծ էր։ Ծխելուց չհրաժարվեցին նաև նրանք, ովքեր, դրամ չունենալու պատճառով տնից վերցնում էին մի քանի ձու և վազում մոտակա կրպակ` ծխախոտով փոխանակելու։
Ծխելուց չհրաժարվողները տարբեր պատճառներ են մատնանշում. «Արդեն սովորել եմ», «Տո դե սաղ էլ ծխում են», «Տղամարդը պիտի ծխի», «Ծխելու մեջ ի՞նչ վատ բան կա» և այլն, սակայն բոլոր պատճառաբանությունների մեջ կարմիր թելի նման մի բան էր անցնում. «Բա ի՞նչ անես, որ չծխես, ո՛չ գործ կա, ո՛չ փող, չգիտես ի՞նչ անես, ստիպված ձեռքդ ես առնում ծխախոտի տուփը` օրը մթնեցնելու համար»։ Այսինքն, առօրյա հոգսերը և «չիբուխին զոռ տալը» մի օղակի մեջ են։ Եվ իսկապես, այսօր միջին տարիքի տղամարդը իրեն մենակ է զգում, հաճախ դեսուդեն է ընկնում զբաղմունք գտնելու, փող աշխատելու հույսով։
Ստացվում է` ծխելը խիստ կապված է մարդու սոցիալական վիճակի հետ։ Եվ իսկապես, ինչքան անհատն ապահովված է, այնքան ազատ է առօրյա հոգսերից, այնքան հեռու է ծխելուց, քանզի անլուծելի հարց չունի։ Նրանցից շատերը կամ չեն ծխում, կամ ծխում են շատ թանկ ծխախոտ, որի մեջ նիկոտինը, մյուս թունավոր նյութերը քիչ են։ Երբ արդեն պարզվեց, որ քչերն էին լրիվ հրաժարվել ծխելուց, հիմնական մասը նորից վերադարձել էր ծխելուն։ Երբ ինձ հրավիրեցին այդ գործընթացի մասին զեկուցելու, նշեցի, որ ծխելուց չհրաժարվելու հիմնական պատճառը սոցիալական հոգսերն են, փող և աշխատանք չունենալը, ինչն ընդունելի էր շատերի համար։ Այնուամենայնիվ, թեկուզ մի քանի մարդկանց ծխելուց հրաժարվելը պետք է ողջունել և խրախուսել։
Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ընտանեկան բժիշկ,
Լճաշեն