«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հիշեցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին

Հիշեցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին
02.10.2018 | 00:34

Մոտ երկու ամիս առաջ «Իրատես» թերթը Ձորաղբյուրի ամառանոցավանի մի խումբ բնակիչների անունից դիմել էր Ձեզ՝ խնդրելով ուսումնասիրել բնակավայրը խմելու ջրով ապահովելու հարցը: Առայժմ պատասխան չենք ստացել: Ինքնին հասկանալի է, որ բնակիչները իրենք էլ քաջ գիտեն՝ նման մասշտաբի խնդրի իրագործումը դյուրին բան չէ, պահանջում է վարչական ու ֆինանսական զգալի միջոցներ ու ջանքեր: Բնակիչներից շարունակում ենք տեղեկություններ ստանալ, որ ավելի ու ավելի շատ սփյուռքահայեր են ուզում տուն գնել կամ կառուցել հենց այս ավանում, սակայն խմելու ջրի բացակայությունը թևաթափ է անում նրանց: Ամերիկահայի համար, ասենք, դժվար կլինի բնավորվել «ջրազուրկ» տանը: Նամակագիրներից մեկը մեզ իրազեկեց, որ ստիպված երկու խորքային հոր է փորել, ծախսելով հազարավոր դոլարներ, սակայն արդյունքը նույնքան անմխիթար է:
Ի դեպ, կարելի է գործն սկսել փուլ առ փուլ՝ առանձին թաղամասերից: Կարող եք չկասկածել, բնակիչներն իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն կենսական նախաձեռնությանը: Իսկ գուցե դրվի հսկա ամառանոցավանը Երևանի վարչական արվարձան դարձնելու հա՞րցը: Նորից ենք հավաստում՝ շատ երևանցիներ կգերադասեն ապրել ոչ թե մայրաքաղաքում, այլ նրա հարևանությամբ՝ սեփական տանը՝ այգի-բոստանով:
Ավանի բնակիչները խնդրեցին նաև տեղյակ պահել, որ էլեկտրականության կայուն մատակարարման առումով նույնպես իրավիճակը բարվոք չէ: Հաճախակի են խափանումները, հատկապես ամառվա սեզոնին ժամերով կարող ես մնալ առանց էլեկտրաէներգիայի: Ինչպես ասում են, կյանքը կանգ է առնում:


Հարգելի պարոն մարզպետ: Մեզ հայտնի է, որ Դուք կոնկրետ անձանց հանձնարարել եք ուսումնասիրել խմելու ջրի հետ կապված իրավիճակը: «Իրատեսի» խմբագրությունը հույս է հայտնում, որ մենք կիրազեկվենք արդյունքների մասին:
ՈՒշադիր լինենք քաղաքացիների խնդրանքների ու պահանջների հարցում:

Ձորաղբյուրի մի խումբ բնակիչներ

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ