38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ավելի լավ է նպաստառուների համար նախատեսված գումարներն ուղղել աշխատատեղերի ստեղծմանը, քան մարդկանց ընտելացնել ծուլությանն ու չաշխատելուն»

«Ավելի լավ է նպաստառուների համար նախատեսված գումարներն ուղղել աշխատատեղերի ստեղծմանը, քան մարդկանց ընտելացնել ծուլությանն ու չաշխատելուն»
25.09.2018 | 00:58

Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի նախաձեռնած լրագրողական այցի շրջանակում «Իրատեսը» Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում էր:
Համայնքների խոշորացման ծրագրով պայմանավորված՝ 2017 թվականին Շիրակի մարզում ձևավորվեց երեք փունջ՝ Ախուրյան, Մարմաշեն և Անի: Մարմաշեն փնջի մեջ միավորվեց 15 համայնք՝ Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն:
Մարմաշեն համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրն ընտրվեց Մայիսյան բնակավայրը:


ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԴԺԳՈՀ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ


Արտագաղթը Մայիսյան համայնքը չի շրջանցել, բնակիչների մեծ մասը դրսում է: Տարեցներից մեկն արդեն ճամպրուկները հավաքել է: Ամբողջ ընտանիքը Հոլանդիայում է, գնում է միանալու նրանց: Թե նոր իշխանությունների ժամանակ երկրում դրական փոփոխություններ եղան՝ լավ, ընտանիքը կվերադառնա. «Մնամ ի՞նչ անեմ: Հավաքվելու, նարդի խաղալու մի տեղ ունեինք, էն էլ ձեռքներիցս վերցրին, կուլտուրայի սիրուն, վերանորոգված շենք էր, ինչ է թե Մարմաշենում գյուղապետարանի շենք չկար, խոշորացված համայնքի ղեկավարը եկել վերցրել ա մեր կուլտուրայի շենքն ու իրենով արել, չենք կարողանում ներս մտնել, ու չենք էլ իմանում, թե ներսում ինչով են զբաղվում: Պատրաստի գյուղի վրա եկել նստել ա»:
Մեկ ուրիշը դժգոհեց համայնքի ճանապարհներից, լուսավորության բացակայությունից. «Նախկին գյուղապետ Աշոտ Եղոյանի ժամանակ գիշերով որ դուրս էիր գալիս փողոց, էնքան լուսավոր էր, ոնց որ ցերեկ լիներ: Նախկինը գյուղի տղա էր, մեր ցավ ու դարդին տեղյակ, ամեն ինչով կօգներ: Կուլտուրայի շենքը սարքեց, հավաքվում, նարդի էինք խաղում, զրուցում: Շենքում էսօր ավագանու սենյակ կա, խոհանոց, սիրուն դահլիճ, բայց մերոնցից հեչ մարդ չի մտնում էդ շենքը»:
«Մենք չէինք ուզում, որ համայնքները միանան, ուզում ենք առանձին ապրել, հիմա նոր գյուղապետը 15 համայնք ո՞նց ա կառավարելու: Հետո էլ, իրա ինչի՞ն էր պետք համայնքապետի պաշտոնը, լավ էլ բիզնես ուներ»,- ասում է երրորդ զրուցակիցը:

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է


Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական գործարար Կարեն Արշակյանը ¥նա հայտնի է «Վեգայի Կարեն» անունով. «Վեգան» տեխնիկայի խանութների ցանց է¤ մեզ հետ զրույցում նշեց, որ Մարմաշենը չուներ համայնքապետարանի շենք, և հետո աշխարհագրական դիրքով ավելի հարմար էր Մայիսյանը, քանի որ մայրուղու վրա է և կապ ունի մյուս համայնքների հետ:
«Նախկինում նմանատիպ կառույցներում եղել եմ ավագանու անդամ: Աշխատանքի ընթացքում համոզվեցի, որ գյուղին հատկացված գումարներն իրենց նպատակին չեն ծառայում, հրաժարվեցի ավագանու անդամի պարտականություններից, իսկ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում առաջադրվել և ընտրվել եմ խոշորացված Մարմաշեն համայնքի ղեկավար: Թեև նախկինում ունեցել եմ բիզնես, զբաղվել եմ նաև ադամանդագործությամբ, ունեցել եմ ազնվամորու դաշտեր, սակայն այդ ոլորտում ինձ փոխարինող կա, և ես այսօր հիմնովին զբաղվում եմ համայնքների կառավարմամբ»,- ասում է Կարեն Արշակյանը:


Նրա համոզմամբ՝ համայնքի բյուջեն ավելի արդյունավետ է օգտագործվում, տնտեսված միջոցներով կարողանում են տարբեր հարցեր լուծել: Սակայն այդ ամենը չի գոհացնում Մայիսյան համայնքի բնակչությանը, նրանք շարունակ «բոյկոտում» են համայնքապետի կազմակերպած միջոցառումները: Համայնքապետի խոսքով՝ օգոստոսին Մայիսյան համայնքում կազմակերպված Սբ. Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին, համայնքի բնակիչներից միայն հինգն էին ներկա, իսկ ազգագրական երգի փառատոնին ներկա էին միայն միջոցառմանը մասնակցող երեխաների ծնողները, այն էլ՝ նվերների համար.
«Գյուղատնտեսական ծրագրով նախատեսված էր տնտեսության զարգացման նպատակով շուրջ 60 նպաստառու ընտանիքի աջակցել ընտանի կենդանիներով, տնկիներով: Նպաստառուների ցուցակն անձամբ եմ ստուգել, որպեսզի համոզվեմ, թե ցուցակագրվածները որքանով են համապատասխանում նպաստառուի կարգավիճակին: Պատահել է, որ մտել ենք մեկի տունը, որն ամեն ինչ ունեցել է, բայց նպաստառու է: Իմ կարծիքով, ավելի լավ է նպաստառուների համար նախատեսված գումարներն ուղղել աշխատատեղերի ստեղծմանը, քան մարդկանց ընտելացնել ծուլությանն ու չաշխատելուն: Ցանկացած մեկին եթե 80 հազար դրամով աշխատանք առաջարկես, կգերադասի նպաստ ստանալ, քան աշխատել: Չեն ցանկանում օրինական գրանցված աշխատող համարվել: «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության համար բոլոր համայնքներից անհրաժեշտ աշխատուժի՝ վարորդների, մեխանիզատորների հաշվառում եմ արել, ցուցակ եմ կազմել, բոլորին տեղեկացրել եմ: Տեսնեմ՝ կհամաձայնե՞ն աշխատելու»:

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՆՍՊԱՌ ԵՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՐԵԼ ՄԻՆՉ ԱՅԴ, ՉԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ


Մարմաշեն համայնքի ամենացավոտ խնդիրներից են հակակարկտային կայաններն ու խմելու ջուրը: Ունեցած 14 հակակարկտային կայանները բավարար չեն Թուրքիայի կողմից Շիրակի դաշտավայր շարժվող ամպերը ցրելու համար, դաշտերի բերքի 90 տոկոսը վնասվում է: Հունիսի կեսին Մարմաշեն խոշորացված համայնքի գյուղերի մեծ մասում 30 րոպե տեղացած կարկուտը հողին հավասարեցրեց ամեն ինչ: Վնասը վերականգնել հնարավոր չէր, քանի որ սածիլներն ու կարտոֆիլի տնկիներն արմատախիլ էին եղել, ծառերից պտուղները թափվել էին: Հիմնական վնասը կրեց Հովունի գյուղը, հետո Մայիսյանը՝ Հացիկ հասնող հատվածում: Մեծապես վնասվեցին նաև Սարիարի ու Կրաշենի ցանքատարածությունները:
Վերոհիշյալ գյուղերի ցանքատարածությունների պաշտպանությունն ապահովելու համար 16 հակակարկտային կայանք է տեղադրված, սակայն դա քիչ է: Կայանքների դասավորությունն այնպիսին է, որ բաց ճակատով է մնացել Կարմրաքար-Լեռնուտ-Սարիար հատվածը, որտեղից էլ գալիս են կարկտաբեր ամպերը: Համայնքը գումար չունի նոր կայանքներ տեղադրելու համար:


13 հազար բնակիչ ունեցող խոշորացված համայնքի տղամարդկանց 90 տոկոսը դրսում է՝ արտագնա աշխատանքի: «Նարդի խաղացող չկա անգամ, միանգամից 5-6 տղամարդ հավաքելը դժվար է»,- ասում է համայնքապետը: Համայնքների ճանապարհները խճապատելու, անհրաժեշտ ճանապարհաշինական մեքենաների, լուսավորության անցկացման համար ավտովերելակների, աղբահանության և ձյուն մաքրող մեքենաների խնդրանքով դիմել է նախկին կառավարությանը, սակայն ոչ մի օգնություն չի ստացել:
Խմելու ջրի համայնքային ներքին ցանցի առանձին հատվածներ վնասված են, որոնք վերականգնվել են համայնքային միջոցներով: Հայկական «Կարիտասի» աջակցությամբ համայնքի ընդհանուր ջրագիծը կմիանա Ղազանչիի կողմից եկող մայր ջրագծին: Ոռոգման համար օգտագործվում է Կապս լճի ջուրը:


Համայանքապետ Կարեն Արշակյանը համոզված է, որ ոչ միայն իր ղեկավարած 15 համայնքների, այլև տարածաշրջանի սոցիալական խնդիրների լուծման տարբերակ է շաքարի գործարանի գործարկումը:
«Տարածաշրջանը, ինչպես խորհրդային տարիներին, շաքարի ճակնդեղի լավ բերք ստանալու հնարավորություն ունի: Իրացման դեպքում գյուղացու սոցիալական վիճակը կբարելավվի»,- ասում է համայնքի ղեկավարը:


ԹԵՄԱՅԻՑ ԹԵՄԱ Է ԲԱՑՎՈՒՄ


Հասնել Մարմաշեն ու չայցելել Մարմաշենի հայտնի վանք, անհնար է: Ցավոք, ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ այցելել վանք, սակայն նրա մասին հակասական տեղեկությունները համայնքապետի հետ ճշտելու առիթը բաց չթողեցի:
Մարմաշենի վանքը բաղկացած է մեծ և փոքր հուշարձանախմբերից: Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին 988-1029-ին կառուցել է հայոց սպարապետ Վահրամ Պահլավունին: Ենթադրվում է, որ հեղինակը Տրդատ ճարտարապետն է: Մարմաշենի վանքը եղել է Պահլավունիների տոհմական տապանատունը: 1045-ին Դվինի մոտ ճակատամարտում զոհված Վահրամ Պահլավունուն թաղել են Մարմաշենի վանքի Կաթողիկե եկեղեցու գավթում:
Ախուրյանի ջրամբարի կառուցումից հետո պատերն օր օրի խարխլվում են, հիմքը խոնավանում է: Երկար տարիներ տարածքն ունեցել է գրունտային ջրերի հեռացման խնդիր: Մարմաշենի վանքի վերանորոգման և ջրահեռացման համակարգի կառուցման համար տարիներ առաջ Իտալիայից ժամանած ճարտարապետ Գայանե Կազնատին երկու անգամ 100000 դոլարի չափով ներդրում է կատարել: Իր ներդրումն է ունեցել նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն ինքնակամ, առանց որևէ մեկին տեղյակ պահելու Մարմաշենի վանքի գմբեթին դրել է եվրապատուհաններ։


«Եվրապատուհաններ կան, բայց դրանք փոքր են, վանքին չեն վնասում: Հիմա վա՞տ է, որ մարդը լավություն է արել: «Հեղնար աղբյուրի» բացումից հետո տուրիստների թիվը տասն անգամ ավելացել է: Աղբյուրը նույն ձևով սարքել ենք, ինչպես նախկինում կար, բնակչությունը ուխտատեղի է դարձրել, հարսանիքներ են լինում,- ասում է Կարեն Արշակյանը:
Մինչդեռ, մասնագետների վկայությամբ եվրապատուհաններն իրենց հերթին նպաստում են խոնավության կուտակմանը: Խոնավությունը հիմնականում վերևի մասում է, հերմետիկ լուսամուտներն իբր արվել են աղավնիների չմտնելու համար, բայց դրանք օդափոխություն չեն ապահովում, և ամբողջ խոնավությունը կուտակվում է ներսում։
Մարմաշենի վանքը գտնվում է մշակույթի նախարարության ենթակայության տակ, այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, սակայն նախարարությունը երբևէ չի հետաքրքրվել համալիրի ճակատագրով: Գերխոնավացման վտանգի առաջ հայտնված պատմաճարտարապետական այս կոթողը շարունակում է ինքնափլուզվել: Լավ, մինչև ե՞րբ:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ