38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վերհիշենք 30 տարի մեզ կառավարողների էությունը

Վերհիշենք 30 տարի մեզ կառավարողների էությունը
27.07.2018 | 03:00

(Նախորդ մասը)

«ԱՌԱՎՈՏ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ ՏԱՍԸ ՍԻԿՏԻՐՆԵՐԴ ՔԱՇԵՔ, ԹԵ ՉԷ ՀԱՍԱ ԷԴՏԵՂ ԿԳՅՈՒԼԼԵՄ»


1992 թվականի աշնանը դատախազության աշխատակից Հրաչիկ Հովհաննիսյանի հետ գործուղվել էինք Մեղրի` ստուգումների: Տեղացիները անանուն դիմում էին գրել և հայտնել, որ մի ամբողջ գնացք` մոտ 24 վագոն, բեռնավորված բենզինով, դիզվառելիքով և այլ ապրանքներով թալանվել է տեղի ՀՀՇ-ականների միջոցով, որի պարագլուխը հայտնի ագարակցի Ղևոնդն էր: Ստուգումներից հետո օրվա վերջում, գիշերում էինք Ագարակում, դատավոր Անահիտի սկեսրոջ տանը: Գիշերվա ժամը երկուսն էր, երբ բարեհամբույր տանտիրուհին ասաց.
-Սոկրատ, քեզ հեռախոսի մոտ են կանչում:
Անակնկալի եկա մի պահ, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որտեղ ենք գիշերում: Երբ վերցրի խոսափողը, մեկը կոպիտ տոնով հարցրեց.
-ՈՒ՞մ հետ եմ խոսում:
Չկորցնելով ինձ, շատ հանգիստ պատասխանեցի.
-ՀՀ դատախազության քննչական վարչության դատախազ Սոկրատ Հովսեփյանի հետ:- Նա փորձեց շարունակել խոսքը, ես ընդհատեցի.
-Կներեք, իսկ ե՞ս ում հետ եմ խոսում:
-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Անդրանիկ Քոչարյանի,- եղավ պատասխանը։
-Լսում եմ Ձեզ,- ասացի ես:
-ՈՒրիշ ո՞վ կա հետդ:
Տվեցի Հրաչիկ Հովհաննիսյանի անունը: Նա մեզ մայր հայհոյեց և սպառնալով ասաց.
-Առավոտ մինչև ժամը տասը սիկտիրներդ քաշեք, թե չէ հասա էդտեղ կգյուլլեմ:
Հազիվ տիրապետելով ինձ` պատասխանեցի.
-Կողքիս հիմա կին կա, քեզ պես լկտի չեմ կարող լինել, ինչ վերաբերում է մեզ գյուլլելուն` սրտատրոփ սպասում եմ քեզ,- և անջատեցի հեռախոսը:
Առավոտյան ժամը իննին գլխավորի առաջին տեղակալ Միշա Գրիգորյանը կարգադրեց չշարունակել ստուգումները և շտապ վերադառնալ Երևան: Փորձեցի առարկել, բայց նա ասաց.
-Խնդրում եմ, շտապ վերադարձեք:
Վերադառնալու հաջորդ օրը «Երկիր» թերթում հոդված տպագրվեց «Փոխնախարարը սպառնում է»: Պատգամավոր Կիմ Բալայանը այդ մասին խոսեց Գերագույն խորհրդի նիստի ժամանակ, նույնիսկ առաջարկեց քրեական գործ հարուցել իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս սպառնալիք տալու համար: Բայց ո՜վ կարող էր սանձել օր օրի հզորացող հրեշին:


Այս էլ արձանագրեմ. երբ Ագարակում տեսա Պարսկաստան մուտք գործելու համար տարբեր տրամաչափի խողովակներով, հաստոցներով, դազգահներով, արմատուրաներով, տարբեր չափի մետաղյա շշերով բարձված հարյուրավոր «Կամազներ», և այն դեպքում, երբ որևէ վարորդ չուներ ապրանքաբեռնագիր, զանգահարեցի դատախազի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին և տեղեկացրի այդ մասին։ Նրա պատասխանը ոչ թե զարմանալի էր, այլ անտարբեր.
-Ջհանդամը, թե չեն տանում, ի՞նձ ի՜նչ:

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍՈՎԻ, ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ԷՐ, ՄԻՍԸ ԷԺԱՆ ԳՆԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ ԷՐ ԹՈՒՐՔԻԱ»


Ասեմ, որ Խորհրդային Միությունում ցանկացած գործարան պետական ստանդարտներով նախատեսած ուներ վեց ամսվա նորմատիվային մնացորդ, այսինքն, եթե պատերազմի կամ այլ արտակարգ իրավիճակի պայմաններում գործարանը զրկվեր մատակարարումից, նրա ունեցած հումքը բավարար էր վեց ամիս աշխատելու համար: Ավելին ասեմ` քանի որ մենք հայեր ենք, այդ մնացորդը մեզ մոտ ավելին էր, մոտ մեկ տարվա:


1992 թվականի ձմռանը Մաշտոցի շրջանի դատախազի օգնական Գեղամ (Թարչի) Սարգսյանը ինձ հրավիրեց իրենց տուն խաշի: Մեծ սիրով գնացի հյուրասիրության, որովհետև շատ մոտ էի նրա բժիշկ տղայի՝ Սամվելի հետ: Խաշին հրավիրված էր նաև նրա խնամի, երբեմնի պարտկոնտրոլի պետի տեղակալ Մելիքյանը: Նա պատմեց, որ Խորհրդային Միության փլուզումից առաջ «Հրազդանմաշում», որը միութենական նշանակության խոշոր գործարան էր, կար 11 հատ գերժամանակակից հաստոց, յուրաքանչյուրը մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժեքով: Այդ հաստոցները Թելման Պետրոսյանը ապամոնտաժեց և ծախեց պարսիկներին:
-Չեմ զարմանում,- ասացի,- որովհետև Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկայում կար շվեյցարական գերժամանակակից տրիկոտաժի 5 գիծ, յուրաքանչյուրի արժեքը` 1,2 միլիոն ԱՄՆ դոլար:


Այդ հաստոցները Արտաշատի տերերը ապամոնտաժեցին և 300 հազար ԱՄՆ դոլարով վաճառեցին թուրքերին: Վերին Արտաշատի մի քանի միլիոն դոլար արժողությամբ գինու գործարանը շան մսի գնով՝ ընդամենը վեց հազար ԱՄՆ դոլարով, Արտաշատի էդ նույն լավ տղերքը վաճառեցին շրջանի դատախազ Հրաչիկ Բադալյանին, այսինքն՝ գնեցին այն և սկսեցին ավերման հետագա իրենց գործը: Նույն վիճակն էր Գորիսում, Սիսիանում, Կապանում: Երկաթգծի վագոնները ապամոնտաժում և որպես մետաղաջարդոն ծախում էին Պարսկաստանին: Կապանի, Կամոյի մսի կոմբինատները հիմնովին ավերվեցին: Նշեմ նաև, որ մինչև փլուզումը, Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի տարածքում կուտակվել էր մոտ մեկ միլիոն տոննա հանքանյութ: Մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն խորհրդային ռուբլի կառավարությունը հատկացրեց Գորիս-Տաթև-Կապան ճանապարհի կառուցման համար, քանի որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը փակել էին ադրբեջանցիները: Երբ բացվեց փակված հատվածը, ճանապարհի շինարարությունը դադարեցվեց և փողերն էլ մսխվեցին: Քանի որ պատերազմի տարիներին գործի բերումով շատ էի լինում Սյունիքում, տեսանելի էր բերված ռազմավարը: Կոպիտ հաշվումներով առնվազն 6 միլիարդի ռազմավար է բերվել, և այդ բոլորը տնօրինել են ժամանակի տերերն իրենց համախոհներով:


Միայն մեկ օրինակ. Քելբաջարի ազատագրումն այնքան արագ է եղել, որ տեղացիները չեն հասցրել ոչինչ տանել: Ըստ խորհրդային վիճակագրության այնտեղ կար 100 հազար խոշոր և 400 հազար մանր եղջերավոր անասուն:
Ժողովուրդը սովի, խավարի մեջ էր, միսը էժան գներով արտահանվում էր Թուրքիա: Կարելի է հազարավոր օրինակներ բերել, թե ինչպես էին ավերվում և փոշիանում Խորհրդային Հայաստանի հզոր արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:
Հիշեմ գանգրահեր վարչապետին, որը հիմա ամենուրեք հայրենասիրության դասեր է տալիս, ինչպես էր քանդում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Հիշում եմ նրա խոսքերը՝ ում են պետք այն էլեկտրալամպերի գործարանը, նրա արտադրած լամպերը, որոնք ավելի շատ ջերմություն են տալիս, քան լույս: Նա գործնականում իրականացնում էր մինչ այդ Լևոնի ասածը` մեր արտադրանքը մրցունակ չէ: 800 գործարանների արտադրանքը մրցունակ չէր, յոթ հարյուրը քանդեիք, հարյուրի արժեքը լափեիք, մնացած գումարով արդիականացնեիք հարյուրը և արտադրած ապրանքը դարձնեիք մրցունակ։ Բայց ինչպե՞ս կարող էին այդպես վարվել, երբ տերերի պատվերն էր` ոչնչացնել Հայաստանի արդյունաբերությունը:


Հիշյալ գանգրահերը, որ չէր տարբերում եզը կովից (հիշում եք նրա խորհուրդը գյուղացուն` որձ կովերով վար անելու մասին) հայտարարում էր, թե` ինձ խաղող պետք չէ, ես էժան սպիրտը Պարսկաստանից կբերեմ: Բադրիջանի չափը ցույց տալու համար աջ ձեռքը դնում էր ձախ արմունկից քիչ ներքև և ասում՝ ավելի էժան դրսից կբերեմ: Նրա օրոք, կարելի է ասել, Հայաստանում հիմնովին ոչնչացվեց այգեգործությունը: Սովից չմեռնելու համար գյուղացին ցորեն էր ցանում:
Հնարավոր չէ հիշել Լևոնի ողջ արածը, բայց էս մեկը պիտի անպայման նշեմ: Ինչպես վկայում էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Խորհրդային Հայաստանի տնտեսությունը հինգ մատի պես իմացող Ալեքսեյ Կիրակոսյանը, երկրի փլուզման ժամանակ Երևանի կոնյակի գործարանում կար երկու միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք կոնյակի հումք: Ի՞նչ եղավ այդ հումքը... Հարցրեք դիրեկտոր Հարոյանին, ինչու՞ չէ, նաև Բագրատյանին: Երևի հումքի քանակի բացակայությունն էր պատճառը, որ գործարանը վաճառվեց մի քանի միլիոն դոլարով: Շան մսի գնով վաճառվեց հեռախոսակապը: Այդ երկու գործերով էլ հարուցված քրեական գործերը Քոչարյանի ցուցումով կարճվեցին: Քոչարյանի մասին առանձին կխոսենք, երբ կվերջացնենք Լևոնի թեման, թեպետ հանուն ճշմարտության ասեմ, որ այդ թեման բազմաժանր է, բազմեզր, այն երբեք սպառել չի լինի: ՈՒստի այդ էջը (տնտեսական) շրջեմ և անցնեմ նրա՝ որպես քաղաքական գործչի բնութագրին:

«ԵԹԵ ՊԵՏՔ ԼԻՆԵՐ, ՄԻ 500 ՄԱՐԴ ԷԼ ԿԿՈԽԵԻՆՔ ՏԱՆԿԵՐԻ ՏԱԿ»


Որպես հռետոր` Լևոն Տեր-Պետրոսյանը կարողանում էր ազդել ունկնդրի վրա: Իր ողջ քաղաքական կարիերայում նա երբեք ազնիվ չի եղել, ավելին` ցինիկ էր և լկտի: Հիշենք նրա լկտի խոսքերից մի քանիսը. «Ես հիմար կոմունիստ չեմ, որ ձրի գազ տամ», «Եղունգ ունես, գլուխդ քորի»: Այդ նա է, որ շամպայնի լի բաժակով կշնորհավորի ինքն իրեն, իր թիմին, թե` հաղթել ենք եվրոպական չափանիշներով` 51 %: Քաղաքական ինչպիսի՜ լկտիություն: Մինչ այդ Լևոնի հանդեպ եղած ժողովրդական ատելությունը մեկեն հրապարակ հանեց հանրությանը: Ժողովրդին չհաջողվեց գրավել «Բաստիլը», որովհետև հեղափոխության «առաջնորդը» նրանցից էր, նա չէր կարող դանակահարել իր նախկին ընկերներին, որովհետև նա էլ նրանցից մեկն էր:


Հիշենք, թե ինչ կատարվեց անհաջող գրոհից հետո: Գերագույն խորհրդի նիստում ՀՀ գլխավոր դատախազը ստոիկյան հանգստությամբ մեկ-մեկ կարդում էր այն պատգամավորների անուն-ազգանունները, որոնց պետք է զրկեին անձեռնմխելիությունից, քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Պատկառելի տարիքի մարդը կույր և խուլ էր, նա չէր տեսնում, թե «իզգոյներին» ինչպես էին ծեծում և հայհոյում Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում: Նա դատախազ էր ոչ թե օրենքի շահը պաշտպանելու, այլ իշխանավորների պատվերը կատարելու: Նույնիսկ Վազգեն Սարգսյանի հայտարարությունը, թե` ընդդիմության 100 % հաղթանակի դեպքում մենք իշխանությունը չէինք տա, լսելի չէր ո՛չ գլխավոր դատախազին, ո՛չ էլ նրա կողքին նստած ՆԳ նախարար Վանոյին։ Եվ նրանք բացահայտ բռնություններից հետո իրենց հաճույքը պիտի անցկացնեին Արշալույս գյուղում կայացած փակ խնջույքում, որը հետագայում ինչ-որ մեկի գաղտնի նկարահանման շնորհիվ «Արշալույս-Գեյթ» անվանմամբ հայտնի դարձավ հանրությանը: Այդտեղ է, որ գինովցած Վանոն կհայտարարի` եթե պետք լիներ, մի 500 մարդ էլ կկոխեինք տանկերի տակ:
Սա էր Լևոնի շրջապատը:

(շարունակելի)


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 8779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ