ՆԱԽԵՐԳ
Կարմիր և կանաչ, կապույտ ու շեկ ամառ է։ Արձակուրդներ են։ Դեռ վաղ մանկուց խենթացել եմ գյուղում անցկացրած հանգստից, կարմրակատար աքաղաղի լուսաբացյան գույնզգույն ծուղրուղուն, դեպի արոտավայր ընթացող ոչխարահոտի զմայլուն բեեե՜-ն և թոնրից քուլայվող հեթանոսական ծխի բույրը անջնջելի են հիշողությանս մեջ։ Ի դեպ, շատ էի տխրում պիոներական ճամբարում, խարույկի շուրջը նստած երիտկոմական երգ մրմնջալիս և անհամ ճամբարական վռիկը կուլ տալիս։
Ավանդույթը չխախտելով արևահարվում եմ տանիքում, նախ սուզվելով լոգարանի ջրում։ Կասկած չունեմ, որ պատվարժան ընթերցողներիս մի մասը նախընտրում է «տանիքային» հանգիստը։ Ի՜նչ կարող ենք անել, սա է նորանկախ հայրենիքի զավակներիս ճակատի գիրը։
Հանրապետության տնտեսաքաղաքական վերնակույտը մեկնում է հանգստի տագնապը հոգում, վախն էլ սրտում։ Նրանք այսօր համեստորեն գորտալող են տալիս Զանգվի կիրճում։ Իսկ երազում ԱԱԾ-ն են տեսնում։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ են տեսնում երազում ԱԱԾ-ի մարտիկները։
ԳԼԽԱՎՈՐ ՉԱՐԻՔԸ` ՕՐԵՆՔԻ ԳՐԿՈՒՄ
Այսուհանդերձ շոգ է։ Զովանանք ըստ ճաշակի։ Ինքս նախընտրում եմ պաղ մածնաթանը` համեմված սև պղպեղով և կանաչ սամիթով։ Զովանանք և ունկնդրենք խիստ շնորհաշատ պոետ Աշոտին Ավդալյան.
Կորստյան մոխիր,
տուր հիշատակի փոքրիկ
զարդատուփ,
որ ես ճյուղերից հորինեմ մահվան
երաժշտախումբ...
«Խմբերգ»
Ահա թե ինչ կոչով է վերջերս դիմել հայ հանրությանն ու համայն հայությանը «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, պահեստազորի մարտական գնդապետ, նախկին ԱՄԿ-ական և ՀՀԿ-ական, արժանապատիվ մարտական այր տիար ՀԱՅԿԸ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ. «Հարգելի հայրենակիցներ, սիրելի քույրեր և եղբայրներ։ Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ»։ Սակայն ի՞նչ է պատահել։ Առանձնապես ոչինչ։ Պարզապես ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածում, ըստ որի քրեորեն պետք է պատժվեն այլ սեռական կողմնորոշում ունեցողների (այն է` ԼԳԲՏ-ականների) հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերող ֆիզիկական և պաշտոնատար անձինք։ Նրանք 2 տարով կազատազրկվեն։ Միաժամանակ ոմանց ազատությունը կսահմանափակվի 3 տարով։
Օ՜, ոգեշնչված իմ եղբայրներ և քույրեր, ինչու՞ լռեցիք, երբ ուրբաթօրյա հողմաղացն առաջարկում էր սփյուռքահայ նշանավոր մշակութային գործիչներին հայտարարել persona non grata, առհասարակ նրանց ճանաչել հայ ինքնության թշնամիներ։ Հիշու՞մ եք, թե ինչպես էին Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Նենսի Ագաբյանը, Քրիս Բոհջալյանը, Էլսայեդը Դահիլա և այլք մատ թափ տալիս Երկիր Նաիրիի հոգեզավակ 3-րդ հանրապետության և նրա քաղաքացիների ուղղությամբ և պահանջում չթիրախավորել և չպիտակավորել «ԼԳԲՏ իրենց բարեկամներին»։
Այո՛, ԼԳԲՏ-ն Հայաստան ներխուժեց քրեաքաղաքական նախորդ տիրակալության օրոք։ Այո՛, ԼԳԲՏ-ն վերջնական գրոհի է անցնում այսօր, սիրո և համերաշխության հեղափոխության հաղթանակից երկու ամիս անց։ ՀՀ արդարադատության նախարարը տիար Զեյնալյանն է, նախկին նվիրյալ ազատամարտիկը։ Իսկ ՀՀ 4-րդ նախագահ և ԼԳԲՏ համաշխարհային դրոշակակիր Էլթոն Ջոնի մեծ բարեկամ Արմեն Սարգսյանը յուր ծննդյան 65-րդ հոբելյանաշուք տարեդարձը նշեց Լոնդոնում, մասնակցությամբ բրիտանական արքունիքի անդամների։ Այստեղ անբնական մի հիշեցում` Անգլիո թագավորական ընտանիքում, թագուհու և անգլիական եկեղեցու օրհնությամբ վերջերս ամուսնական առագաստ մտան արքունի ընտանիքի մի երիտասարդ և նրա զուգընկեր տղան։
Էլթոն Ջոնը, նկատի ունենանք, սիրո և համերաշխության հեղափոխության 7-րդ օրը ժամանեց ՀՀ, պատվոճաշի արժանացավ ՀՀ նորընտիր նախագահի և նորանշանակ վարչապետի կողմից և անթաքույց հայտարարեց, որ յուր տոնական այցելության բուն նպատակը ԼԳԲՏ խմբի պաշտպանությունն է և օժանդակությունը հայկական իրականությունում։ Էլթոն Ջոնը Հայաստանում էր յուր... ամուսնու հետ։ Չկասկածեք, որ եթե կարմիր լույս չվառվի ԼԳԲՏ-ականության առջև, ապա տեսանելի ապագայում ԼԳԲՏ մեկ այլ սատանայակերպի, որը ՀՀ է ժամանելու սեփական ամուսնու ուղեկցությամբ, դիմավորի ՀՀ վարչապետը... X-ը դարձյալ յուր ամուսնու ուղեկցությամբ։ Ամեն բան այսօր տանում է դեպի սույն սոդոմգոմորյան խառնակության հաստատումը։
«Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը տեղակայված է Թումանյան փողոցի վերջում, Հովհաննես Թումանյանի թանգարանի հարևանությամբ։ «Նոր սերունդը» անթաքույց հովանավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը` զանազան դրամաշնորհներով։
«Նոր սերունդը», համաձայն տիար Նահապետյանի ահազանգի, գալիք աշնանը պատրաստվում է Հայաստանում կազմակերպելու, ուշադիր եղեք, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում։ Չկասկածեք, որ կկազմակերպի։ Եվ դեռ հարցնում եք, թե ինչու։ Պատասխանում եմ` կկազմակերպի, զի մեր համահայկական-հակալգբտական ընդվզումը չափազանց ալեկոծուն և համակարգված էր` ընդամենը 1 ձու նետվեց Էլթոն Ջոնի ուղղությամբ։ ՈՒրիշ ոչինչ։
Սոդոմգոմորյան ազատականության հաղթանակը 7 սարի հետևում չէ։ Մի երկու երկնագույն օրենքի վավերացում, և հեռու չէ աղետաբեր այն օրը, երբ ավանդական հայ ընտանիքում գիտակից մանուկը հանկարծ որոշի իր սեռը` սեփական ցանկությամբ։ Հեռու չէ այն որոմալից դատաստանը, երբ ավանդական հայ ընտանիքում ամուսնացող զավակը ծնողներին կներկայացնի արու զուգընկերոջը... հարսի քողի տակ։ Հեռու չեն չարագույժ օրերն այն, երբ ՀՀ օրենքների օրհնությամբ երկրի ամենատարբեր բնակավայրերում կկազմակերպվեն գեյ-շքերթներ...
Մի՛ զարմացեք, հանրապետությունում և արտերկրներում կգտնվեն բավարար քանակությամբ պոռնկաուղեղ էակներ, որոնք հանուն մոլեմսխուն կապիտալի օրնիբուն կպաշտպանեն ԼԳԲՏ շահերը փողոցում և դպրոցում, ծննդատանն ու դատական ատյաններում։
Եվ բնավ անապատում մշուշից հառնող տեսլապատկերներ չէ այս զարհուրանքային եղելությունը, հայկական հեռուստաէկրանները մեկը մյուսին շրջանցելով բազմասերիալ ֆիլմաշարեր կներկայացնեն հայ հանրությանը` քարոզելով ԼԳԲՏ-ականություն, որպես ճշմարիտ կեցության և քաղաքակիրթ զարգացման միակ գրավական։ Իսկ հետո՞... Հետո էլ միասեռական զույգը կկամենա պսակադրվել Հայ առաքելական եկեղեցում։
ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ` անհրաժեշտ է, որ ՀՀԿ-ն իր խոսքն ասի, անցնի քավարանով, չեղարկելով ԼԳԲՏ-ի գործունեությանը սատարող օրենքները։ (Սա է գալիք խորհրդարանում որպես ճնշված փոքրամասնություն ի հայտ գալու հանրապետականների ճշմարիտ ճանապարհը)։
Նախ և հետո` արցախյան ազատամարտի վետերանները պետք է պահանջեն (գրավոր ձևով և հանրահավաք հրավիրելով), որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կամ ԼԳԲՏ գործունեությունը արգելափակող օրենքի նախագիծ պատրաստի, կամ իր հրաժարականը ներկայացնի։
Եվ վերջապես` ներկա կառավարությունը նշյալ խնդրի վերաբերյալ պետք է ներկայացնի գերհստակ դիրքորոշում` արդյո՞ք կողմ է, որ ԼԳԲՏ-ն այլասերի հայ ընտանիքն ու խարխլի պետության հիմքերը։
Կամ էլ հայտարարի, որ ԼԳԲՏ-ն ՀՀ-ում առաջընթացային առաքելություն ունի և Էլթոն Ջոնին ներկայացնի ՀՀ ազգային հերոսի կոչման։
Կարմիր և կանաչ, կապույտ ու շեկ ամառ է։ Արձակուրդներ են։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ