Մեր քաղաքի լրջագույն հիմնախնդիրներից է տրանսպորտի առկա վիճակը: ՈՒ դա որևէ մեկի համար նորություն չէ:
Մայրաքաղաքի բնակչության մոտ 70 տոկոսն օգտվում է տրանսպորտից: Անընդունելի է, որ 21-րդ դարում փոխադրամիջոցում չլինեն հարմարավետ, մաքուր նստատեղեր:
Իշխանությունները բազմիցս հայտարարում են, որ պետք է համակարգը բարձր մակարդակի հասցնել, քաղաքացիներին էլ հորդորում են մի քիչ համբերություն ունենալ: Օրեցօր համոզվում ենք, որ դրանք զուր խոսքեր են: Ասվածի վառ ապացույցը նյարդայնացնող ռաբիս երաժշտությունն է, վարորդների անվերջանալի հեռախոսակռիվները, ծխախոտի գործածումը (այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցներում խստիվ արգելվում է ծխելը), թափթփված տեսքն ու «մունաթ» պահվածքը:
Սպասարկման պայմանները երևանցիների ու Երևանի հյուրերի համար իսկապես անընդունելի են: Այնինչ, ակնհայտ է, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են մի շարք նպատակային քայլեր և քաղաքակիրթ լուծումներ:
Սպասվում են փոփոխություններ: Այս մասին հայտնեցին անցյալ տարվա վերջերին:
Միջազգային WYG խորհրդատու ընկերությունը, որը մայրաքաղաքի համար նախագծել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան տրանսպորտային մոդել, առաջարկում է մոտ 4 անգամ կրճատել երթուղիների թիվը. ներկայումս գործող 115-ի փոխարեն շահագործել ընդամենը 42 երթուղի։ Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի խոսքով՝ նոր մոդելը բացառելու է «Գազել»-ների օգտագործումը, շահագործվելու են միայն մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներ։ Նիկոյանը նաև հայտնել է, որ օրվա ծանրաբեռնված ժամերին տրանսպորտը կաշխատի 5 րոպեն մեկ հաճախականությամբ:
Արդյոք կպահպանվի՞ 100 դրամ ուղեվարձը, թե՞ ոչ․ «Չենք կարող բարեփոխումները սկսել սակագնից, քանի որ դա վերջնական արդյունքն է… Այս պահին հաշվարկները չունենք... Չունենք, որովհետև այդ ներդրումների վրա կարող են ազդել այն չափորոշիչները, որոնք մենք միասին կսահմանենք, որից հետո հնարավոր կլինի հաշվել»,- ասել է փոխքաղաքապետը:
Փոփոխություններին, քաղաքապետի խոսքով, պետք է սպասել 2018 -ի վերջին:
Սպասենք:
Լիանա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ